Նունե Պետրոսյան
Ընթերցողի պատմություն. Նունե Պետրոսյանը գրել է իրենց ընտանիքի պատմությունը |
Նախնիներս երեք ճյուղով Արեւմտյան Հայաստանից են: Մայրս՝ Լուիզան, մշեցիների եւ կարսեցիների ժառանգ է, որոնք դեռ 19-րդ դարում փախչելով թուրքական ագրեսիայից, եկել են Շիրակի մարզ՝ Գյումրի: Իսկ հորս՝ Ռոբերտ Պետրոսյանի մայրը, իմ սիրելի տատիկը՝ Մանիկ Միրզոյանը, հաճախ էր պատմում Կաղզվանից Գյումրի փախուստի մասին:
Նունե Պետրոսյանի նախատատն ու նախապապը՝ Եվգինե եւ Սեդրակ Միրզոյանները |
Իմ Մանիկ տատիկի մորը՝ Եվգինեին, Գյումրիից տանում են հարս՝ Կաղզվան քաղաք (Կարսի շրջանում գտնվող քաղաք), ուր նա դառնում է Սեդրակ Միրզոյանի կինը: Սեդրակը գործարար էր եւ ուներ լիմոնադի գործարան Կաղզվանում: Սեդրակը եւ Եվգինեն ունեցան չորս երեխա՝ Հաջիբապը, Մանիկը, Նունիկը եւ Հարությունը: Եվգինեն բարի եւ հոգատար կին էր: Նա հոգ էր տանում եւ խնամում նաեւ մի թուրք որբ տղայի: Երբ 1915թ. սկսվեց Թուրքական ջարդերի մղձավանջը, իմ տատիկի ընտանիքը դեռ Կաղզվանում էր եւ այնտեղ է եղել մինչեւ 1918թ. : Սեդրակ Միրզոյանին, ինչպես եւ շատ ուրիշներին գլխատեցին: Սակայն Եվգինեն՝ կինը, դեռ չգիտեր այդ մասին: Ահավոր լուրն իրենց բերեց փոքրիկ թուրք տղան՝ ժամանակին հայտնելով վտանգի մասին եւ շտապեցնելով նրան փախչել իր երեխաների հետ: Այս խիզախ կինը բեռնելով սայլերը տեղավորում է երեխաներին եւ իրենց հարեւանների հետ միասին անցնում է երկար ճանապարհ ու հասնում մոտակա կայարան: Ճանապարհին հարեւանները Եվգինեին ասում են, որ թողնի փոքր գրկի տղային, քանի որ դա կխոչընդոտի իրենց փախուստը: Ասում են, որ շատ դժվար կլինի փոքր երեխայի հետ փախչել եւ անցնել այդքան երկար ճանապարհ: Բայց Եվգինեն հրաժարվում է այդ խորհուրդից եւ հերոսաբար կտրում այդ երկար ճանապարհը՝ փրկելով իր բոլոր զավակներին: Գնացքները՝ լի մարդկանց խիտ բազմությամբ, շարժվում են դեպի Գյումրի: Այնտեղ կազմակերպված դիմավորում են փախստականներին:
Նունե Պետրոսյանի տատիկը՝ Մանիկ Միրզոյանը |
Գյումրիում կազմակերպված դիմավորում են փախստականներին: Տատիկս պատմում էր, որ իջնելիս չեն կարողացել իրենց բեռները վերցնել եւ երբ գնացքը շարժվել է, իրենց օգնության են հասել կարգ ու կանոն պահպանողները: Ես հիմա կանվանեմ անուններ, որ հաճախ լսում էինք անեկդոտներում՝ Պոլոզ Մուկուչ, Օնիկ եւ Ծիդրո: Ես միշտ ծիծաղում էի այս անունները լսելիս, սակայն այս մարդիկ անմիջապես կանգնեցրել են գնացքը եւ օգնել են վերցնել նրանց ճամպրուկների մի մասը: Այսպես Հակոբի դուստր Եվգինեն, որը Գյումրիից հարս էր գնացել Կաղզվան, վերադարձավ հայրական տուն՝ իր չորս բալիկների հետ: Կորցնելով ամուսնուն եւ ողջ հարստությունը, Եվգինեն աղքատության մեջ մեծ դժվարությամբ մեծացրեց երեխաներին: Իմ սիրելի տատիկը՝ Մանիկը ամուսնանում է 1935թ. եւ 1951թ. ընտանիքով տեղափոխվում է Երեւան:
Մանիկ Միրզոյանը՝ ամուսնու եւ երեխաների հետ |
Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մի թուրք որբ տղայի, նաեւ նրա սերունդներին ասել, որ իրենց պապը երախտապարտ էր ու օգնեց իմ մեծ տատիկին՝ Եվգինեին եւ փրկեց նրան ու նրա երեխաներին: Ես ուզում եմ, որ նրա ժառանգներն իմանան այս մասին, որ իրենց պապն օգնել է իմ տատիկին գաղթել եւ փրկել իր սերունդը: Ես ուզում եմ, որ մարդկանց սրտերում բարությունն ու սերն իշխի՝ անկախ նրանց ազգությունից, ուզում եմ բոլորը գնահատեն մարդկային կյանքի արժեքը:
Ջարդերից փրկվեցին մեծ տատս՝ Եվգինեն, իր զավակների՝ Հաջիբապի, Մանիկի (տատիկս), Նունիկի եւ Հարությունի հետ: Նրանց ժառանգն եմ, ու իմ արմատներն են ինձ տալիս անվտանգության եւ վստահության զգացողություն:
*Լուսանկարները տրամադրել է Նունե Պետրոսյանը
Իրենց ընտանիքի պատմությունը 100 LIVES-ին փոխանցել է Նունե Պետրոսյանը: