Անահիտ Բլբուլյան
Ընթերցողի պատմություն. Անահիտ Բլբուլյանը գրել է իրենց ընտանիքի պատմությունը
Ցեղասպանությունից փրկվել են մորս ծնողները: Մորս հայրական ընտանիքն ապրել է Իգդիրում, նրա տատիկին սպանել են թուրքերը, իսկ նրա տղային՝ Անդրանիկ Մուշեղյանին (մորական պապիկիս), խփել-վնասել են ու բազմաթիվ դիակների հետ գցել դարբնոցի ածուխի հորը: Գիշերը նրա հորեղբայրը՝ Թորգոմ Մարուխյանը, դիակների մեջ հարազատներ փնտրելիս պապիս ողջ է գտել, անասելի դժվարությամբ հասցրել է արդեն գաղթի ճանապարհը բռնած պապիս ընտանիքի մյուս անդամներին: Իսկ մորս մայրական ընտանիքին Բայազեթ քաղաքից դուրս են բերել հայ ֆիդայիները, նրանց օգնել են նաեւ թուրք հարեւանները:
Քանի որ մեր նախնիները մեծ դժվարությամբ էին խոսում իրենց կյանքի այդ շրջանի մասին, հատկապես՝ ջարդի, տեղեկություններս շատ կցկտուր են: Նրանք նաեւ ունեին սերունդներին շատ բան չպատմելու ներքին պայմանավորվածություն, որպեսզի սերունդը թույլ եւ խեղճ չմեծանա:
Նախնիներս բացառիկ դժվար պայմաններում մեծացրել եւ կրթել են երեխաներին, որոնք դարձել են իսկական հայ մարդիկ՝ լավ մասնագետներ, գիտնականներ, արվեստագետներ: Ծնողներս են սերմանել, որ հպարտ լինեմ իմ հայկական արմատներով, ինչն ինձ օգնել է հաղթահարել ցանկացած դժվարություն: Իմ մեծագույն նվաճումը նույնպես կիրթ երեխաներ մեծացնել ու դաստիարակելն է:
Իմ նախնիներին փրկողները ՍՐԲԵՐ են: Նրանք սերունդներ փրկեցին: Իմ ծնողների, իմ եւ իմ երեխաների կյանքը նրանց սխրանքի շնորհքն ու արդյունքն է: Նրանց հոգիները միշտ մեզ հետ են եւ մեր մեջ:
Իրենց ընտանիքի պատմությունը 100 LIVES-ին փոխանցել է Անահիտ Բլբուլյանը: