Ստեֆանի Թոփալյան
Ճապոնահայ փոփ-աստղ եւ դերասանուհի Ստեֆանի Թոփալյանը ծնվել է Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում: Երիտասարդ կատարողը «Sony Music Entertainment» ընկերության հետ համագործակցության արդյունքում հանդիսատեսին է հանձնել երկու ալբոմ՝ իր անունը կրող «Stephanie»-ն՝ 2008 թ.-ին, եւ «Ձայնիս երանգները» (Colors of my Voice)՝ 2009թ.-ին: Նա նաեւ 2007 թվականին ճապոնական հեղինակավոր «Japan Record Awards» 49-րդ մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Լավագույն նորահայտ արտիստ» մրցանակին:
Նրա մի շարք երգեր հնչել են ճապոնական անիմեներում ու ֆիլմերում, բացի այդ, նա նկարահանվել է մի քանի ճապոնական ֆիլմում, այդ թվում՝ «Հպարտություն» (Pride) եւ «Տոկիոյի հանցախմբերը» (Tokyo Tribe): Նա նաեւ ընդգրկված էր հայկական Genealogy («Ծագումնաբանություն») գերխմբում, որը «Face the Shadow» (Առերեսվիր ստվերի հետ) ստեղծագործությամբ 2015թ. Հայաստանը ներկայացրեց «Եվրատեսիլ» երգի մրցույթում: Թեպետ Ստեֆանին Ճապոնիայում է բնակվում, սակայն ամուր կապված է իր հայկական ժառանգությանն ու հայկական մշակույթին, ինչը նրան փոխանցվել է տատիկից ու պապիկից:
Հայոց ցեղասպանություն. Ստեֆանիի ընտանեկան պատմության բաղկացուցիչ մաս
Ստեֆանին իր ընտանեկան պատմությունից շատ բան իմացել է հայրական կողմի իր տատիկից՝ Գոհարիկ Միքայելյան-Թոփալյանից, որի հայրը՝ Արթին Միքայելյանը, ապրում էր Օսմանյան կայսրության մաս կազմող Արեւմտյան Հայաստանում եւ ընդամենը յոթ տարեկան էր, երբ 1915 թվականին սկսվեց ցեղասպանությունը: Չնայած իր երիտասարդ տարիքին՝ նա անում է հնարավոր ամեն բան, որպեսզի հոգ տանի իր ընտանիքի մասին՝ իրադարձությունների ընթացքում եւ դրանցից հետո, սակայն ընտանիքի անդամների կյանքը փրկելու համար շատ քիչ բան կարող էր ձեռնարկել: Արթինի մայրը սովից մահանում է հենց նրա աչքի առաջ:
Ստեֆանին՝ իր նախապապ Արթին Միքայելյանի եւ եղբոր հետ |
Ավելի ուշ, երբ զանգվածային սպանությունների ու տեղահանությունների ալիքը հանդարտվում է, Արթինին ուղարկում են Ստամբուլի որբանոցներից մեկը: Այնտեղ նա մի քանի տարի հաճախում է հայկական դպրոց: Երբ Մերձավոր Արեւելքի օգնության կոմիտեն՝ ամերիկյան բարեգործական մի կազմակերպություն, որը հոգ էր տանում Օսմանյան կայսրությունում հայ որբերի ու փախստականների մասին, 1919-1922թթ. սկսեց հայ որբերին կայսրությունից տարհանել դեպի ավելի ապահով վայրեր, Արթինին տեղափոխեցին Դամասկոս՝ Սիրիա, որտեղ էլ նա շարունակեց ուսումնառությունը: Ինչպես շատ այլ որբերի, նրան հետագայում տեղափոխում են Բեյրութ՝ երրորդ որբանոց, որն այժմ հայտնի է «Թռչնոց բույն» անվամբ:
Մարիայի խնամքի տակ
Փաստացի, Թոփալյանի նախապապն ու նախատատը հայտնվում են «Թռչնոց բույն» որբանոցում, որը ղեկավարում էր Մարիա Յակոբսենը՝ դանիացի միսիոներ, որն իր կյանքը նվիրել էր Հայոց ցեղասպանության ժամանակ մարդասիրական աջակցությանը: 1915-ից մինչեւ 1919 թվականը նա օգնել է փրկել շուրջ 4000 որբացած հայ մանկան: Յակոբսենին հաջողվել է երեխաներին գաղտնի դուրս բերել Թուրքիայից եւ հասցնել Սիրիա, իսկ հետո՝ Լիբանան, որտեղ էլ նա հիմնում է «Թռչնոց բույնը»: Նա հոգ էր տանում երեխաների մասին, կերակրում նրանց ու մեծացնում՝ չխնայելով եւ ոչ մի ջանք: Մարիան շարունակեց իր առաքելությունն մինչեւ իր մահը Բեյրութում:
Ֆրանսիայից ու Լիբանանից՝ դեպի Վիսկոնսին ու Ճապոնիա
Երբ Ստեֆանիի նախապապ Արթինին Սիրիայից տեղափոխեցին Լիբանան, նա Բեյրութում ինչ-որ բարեկամներ գտավ, որոնց հետ կարող էր ապրել: Հենց այնտեղ էլ հանդիպեց իր ապագա կնոջը՝ Աղավնի Գիչանշայանին:
Ստեֆանիի նախատատն ու նախապապն իրենց իրական տարիքն այդպես էլ չիմացան, քանի որ նրանց ծննդյան վերաբերյալ որեւէ գրավոր փաստաթուղթ չի հայտնաբերվել: Նրանք ամուսնացան 1934թ. դեկտեմբերին Բեյրութի Սուրբ Մեսրոպ եկեղեցում:
Ստեֆանիի պապիկը՝ Պիեռ Թոփալյանը, որը ծնվել է Ֆրանսիայի Մարսել քաղաքում, եւ նրա տատիկը՝ Գոհարիկ Միքայելյանը՝ Լիբանանի Բեյրութ քաղաքից, հանդիպում են ընդհանուր ընկերների միջնորդությամբ: Թոփալյանն ուղեւորվում է Բեյրութ՝ իր ապագա հարսնացուի հետ ծանոթանալու, իսկ հարսանիքից հետո նրանք երկուսով տեղափոխվում են Միացյալ Նահանգներ՝ մեծ շուքով ժամանելով «Թագուհի Մերի» (Queen Mary) նավով: Նրանց վերջնական հանգրվանը Վիսկոնսինն էր՝ ցրտաշունչ հյուսիսային մի նահանգ, որը տարօրինակ ընտրություն էր Միջերկրական ծովի մերձակայքում ծնված երիտասարդ զույգի համար: Ստեֆանիի ո՛չ պապիկը, ո՛չ էլ տատիկն այն ժամանակ անգլերեն չէին հաղորդակցվում, այնպես որ՝ նոր միջավայրին հարմարվելն այդքան էլ դյուրին չէր. «Պապիկս ցերեկվա ժամերին ինչ-որ ընկերությունում էր աշխատում, իսկ տուն վերադառնալով շարունակում էր աշխատել որպես Ռասին համայնքի վարպետ դերձակ,- ասում է Ստեֆանին,- իսկ տատիկս որեւէ տեղ չէր աշխատում, նա իր ժամանակի մեծ մասը հատկացնում էր չորս զավակներին մեծացնելու ու նրանց մասին հոգալու գործին»:
Ձախից աջ. Ստեֆանիի նախապապն ու նախատատը՝ Արթին Միքայելյանն ու Աղավնի Գիչանշայանը, Ստեֆանիի տատիկը՝ Գոհարիկ Միքայելյանը՝ Ստեֆանիին գրկած, Ստեֆանիի պապիկը՝ Պիեռ Թոփալյանը |
Խաղաղության ուղերձ
Ստեֆանին կարծում է, որ թե՛ Հայաստանի, թե՛ Ճապոնիայի համար 2015 թվականը կարեւոր տարեթիվ է. այն նշանավորում է Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը եւ Ճապոնիայում պատերազմի ավարտի 70-ամյակը: Ստեֆանին այցելել է ե՛ւ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ե՛ւ Հիրոշիմայի խաղաղության հուշահամալիր, որը բավականին մոտ է գտնվում այն վայրին, որտեղ նրա մայրն է մեծացել: «Ես տեսել եմ, թե որքան այլանդակ կարող է լինել պատերազմը: Որեւէ անմեղ կյանք չպետք է խլվի ու մատնվի մոռացության: Համոզված եմ, որ կարեւոր է դեմքով դառնալ դեպի կատարվածն ու ճանաչել այն՝ բոլոր տեսանկյուններից, ու երկկողմանի առաջընթաց արձանագրել»,- ասում է նա:
Ստեֆանիի ընտանիքի հայկական կողմը. նրա տատիկն ու պապիկը, նրա հարազատները Լիբանանից, նրա մայրը, հայրն իր երեք կրտսեր եղբայրների հետ, փոքրիկ Ստեֆանին առաջին պլանում |