Մաթիաս Փաթանյան
Վերջին 24 տարիներին Փաթանյանը եղել է գործարար Էդուրադո Էռնեկյանի գլխավորած եւ 33 օդանավակայան աշխատեցնող «Aeropuertos Argentina 2000» կոնսորցիումի գործադիր տնօրենը։ Երկու տարի առաջ նա դարձել է «Ռիվեր Պլատա» (Club Atlético River Plate) սպորտային ակումբի փոխնախագահը։ Ակումբը վերջին ինն ամիսներին միջազգային չորս մրցանակ է նվաճել՝ Հարավամերիկյան գավաթը (Copa Sudamericana), Հարավային Ամերիկայի Հաղթողների գավաթը (Recopa Sudamericana), Լիբերտադորեսի գավաթը (Copa Libertadores de América) եւ Սուրուգայի մրցաշարը (Suruga Bank Championship)։
Երկու ղեկավար դիրքում աշխատելը մարտահրավերի նման է, սակայն Մաթիասը կարողացել է գտնել դրանք համաշկռելու ճիշտ բանաձեւը. «Այս վերջին երկու տարին այնքան անհավատալի էին, որ ուզում ես անընդհատ այնտեղ լինել եւ ավելի շատ ժամանակ նվիրել դրան։ Մենք հրաշալի թիմ ենք ստեղծել, եւ այժմ ամեն ինչ սկսում է միս ու արյուն ստանալ»։
«Մոնումենտալի» հաղթանակները
«Ռիվեր Պլատա» ակումբը 59 տպավորիչ հաղթանակ է տարել հայտնի Մոնումենտալ ստադիոնում (Monumental Stadium), այդ թվում՝ Արգենտիայի առաջին դիվիզիոնի 36 չեմպիոնատներում (ռեկորդ) եւ միջազգային 15 պաշտոնական մրցաշարերում։ Մաթիասը հպարտությամբ է հիշում ամենավերջին հաղթանակներից մեկը, որը տոնեցին Բուենոս Այրեսի օգոստոսյան ցուրտ ու անձրեւոտ մի գիշեր, երբ ակումբը 3-0 հաշվով հաղթանակ տանելով մեքսիկական «Տիգրեսի» (Tigres UANL) նկատմամբ՝ մարզադաշտում բարձրացրեց Լիբերտադորեսի նվաճած գավաթը։ Ֆուտբոլային այս միջազգային «գանձը» երրորդ անգամ նվաճելով՝ ակումբը ձեռք բերեց Հարավային Ամերիկայի բոլոր չորս մրցաշարերի հաղթողի կոչում, մի բան, որը մինչ օրս ոչ մի ակումբի դեռ չէր հաջողվել։ «Իմ փոխնախագահության շրջանում այս գավաթի նվաճումն ու քեզ դրա մի մասնիկը զգալն աննկարագրելի զգացում էր։ Եզրափակիչից հետո տեղի ունեցած հարցազրույցին ես ասացի, որ սա իմ կյանքի մեծագույն ուրախությունն էր։ Սա նման էր երազանքի իրագործմանը, եւ ես հուսով եմ, որ դա կկրկնվի նորից ու նորից»,– հուզված պատմում է Մաթիասը։
Արգենտինայում «ֆուտբոլ» բառը շատ ավելի մեծ նշանակություն ունի, քան զուտ խաղը. այն սիրո եւ կրքի հոմանիշ է։ «Երբ գավաթն առաջին անգամ հայտնվեց իմ դիմաց, ես այնքան զգացված էի, որ վերցրի ու համբուրեցի դա։ Հետո, երբ վերադարձանք հանդերձարան, ես գրկեցի այն ու հետը նկարվեցի։ Ավելի ուշ պատվիրեցի դրա պատճենը, որը հիմա դրել եմ տանն ու ամեն օր նայում եմ»,– խոստովանում է Մաթիասը։
Քաղաքականությունը ֆուտբոլում
Մարզադաշտային կրքերը, սակայն, մարզադաշտից դուրս կարող են հանգեցնել բարդությունների։ Արգենտինական ֆուտբոլի պատմության մեջ մի դեպք է գրանցվել, 2014թ. նոյեմբերին, երբ Մաթիաս Լամմենսը՝ «Սան Լորենցո դե Ալմագրոյի» նախագահը («Ռիվեր Պլատայի» մրցակիցը) մերժել է Ադրբեջանի կողմից միլիոն դոլարի հովանավորության առաջարկը։ Նմանատիպ մի առաջարկ էլ մերժել է «Ռիվեր Պլատան»։ «Ադրբեջանը ցանկանում էր հովանավորել նաեւ «Ռիվեր Պլատային», բայց հետամուտ չեղավ, քանի որ փոխնախագահներից մեկի ազգանունը խնդիրներ հարուցեց։ «-Յան» վերջավորությունը նրանց վանեց,– ասում է Մաթիասը,- ես երջանիկ էի, որ հպարտությամբ միացա Մաթիաս Լամմենսին Արգենտինայի հայ համայնքի կողմից մեծարանքի արժանանալիս»։
Հարյուր տարի առաջ
1915-ը Օսմանյան կայսրությունում հայերի ծրագրված բնաջնջման սկիզբը դարձավ, եւ բյուրավոր մարդիկ քշվեցին սիրիական անապատներ։ Նրանց մեծն մասը կոտորվեց ճանապարհին՝ մահվան քարավաններում։ Քչերը կարողացան փրկվել ու ապաստան գտնել Հալեպում, Բեյրութում, Դամասկոսում եւ այլուր։
Էլիզա Հադիդյանը՝ Մաթիասի տատը, Այնթապից էր (ներկայիս Ղազիանթեփ)։ Նա 16 տարեկան էր, երբ հարեւաններից մի քանիսը թակեցին նրանց դուռը՝ ասելով, որ եթե չթողնեն ու հեռանան, կսպանվեն։ Զգուշացմանը հակառակ՝ ընտանիքը տեղահանության ենթարկվեց դեպի անապատ. նրանց ստիպեցին քայլել շիկացած ավազներով կիզիչ արեւի տակ։ «Նրանք նորմալ կյանք էին վարում մինչեւ այն պահը, երբ ստիպված եղան ամեն ինչ թողնել եւ քայլել դեպի անապատ։
Տատիս պատմած պատմությունները դեռ վառ են հիշողությանս մեջ։ Մենք դրանք լսում էինք քար լռությամբ։
Նա պատմում էր, թե ինչպես է ստիպված եղել ուտել իր կոշիկների ներբանները, թե ինչպես էին ուտում գետնից գտած ամեն ինչ»,– հիշում է Մաթիասը։
Երկար ու տառապալից ճանապարհի վերջում Հադիդյանները հասնում են Սիրիայի Դամասկոս քաղաքը, կարճ ժամանակով օթեւանում են այնտեղ, իսկ ապա՝ 1919-ին, մեկնում Հունաստան եւ բարձրանում Բուենոս Այրես տանող նավը՝ հետեւելով իրենց որոշ ազգականներին, որոնք եւս կոտորածներից փախչելով հասել էին Արգենտինա՝ խաղաղության ու բարօրության երկիր։
Մաթիասը տատի՝ Էլիզայի գրկում, կողքին՝ Մաթիասի պապը՝ Անտոնիո Փաթանյանը, եւ Մարիա Մարտա Զամբալիոնեն՝ Մաթիասի մայրը |
Փաթանյան ընտանիքը եւս ծագում է Այնթապից եւ անցել է ճիշտ նույն ուղին՝ Արգենտինա հասնելով երկու տարի ավելի վաղ։ 1917թ. նրանք օգնել են ստեղծել Բուենոս Այրեսի հայկական նոր համայնքը։ Թեպետ Էլիզան եւ Անտոնիոն մեծացել են նույն քաղաքում, նրանք դրանից առաջ երբեք չէին հանդիպել։ Սակայն ճակատագիրը նրանց հանդիպեցրեց, եւ նրանք սիրահարվեցին իրենց նոր տանը՝ Բուենոս Այրեսում։
Անտոնիո Փաթանյանը՝ Մաթիասի պապը, աշխատանքի անցավ միջազգային առեւտրի ոլորտում՝ դառնալով Արգենտինայի առաջին մաքսային բրոկերներից մեկը։ Նա, սակայն, վախճանվեց, երբ Մաթիասը դեռ ընդամենը երեք տարեկան էր։
Մածնապուրի ուժը
Էլիզա Հադիդյանը՝ Մաթիասի տատը, եղել է նրա կյանքի կարեւոր մարդկանցից մեկը։ Փոխանցված պատմություններն ու պատրաստած հայկական կերակուրները զորեղ կապ են ձեւավորել արմատների հետ, կապ, որով նա այժմ հպարտանում է։ «Ես իսկապես մեծ բավականություն էի ստանում տատիս հետ անցկացրած ժամանակից եւ լսում էի նրա բոլոր պատմությունները։ Հետագայում ես դրանք բոլորը գտա արտացոլված վավերագրություններում եւ ֆիլմերում, որոնց դիտումը երբեմն ստիպված էի դադարեցնել, քանի որ չափից ավելի էին հիշեցնում տատիս կյանքը։ Սարսափելի էր գիտակցել, որ նրանք անցել են այդ բոլոր արհավիրքներով»,– ասում է Մաթիասը։
Էլիզան հրաշալի խոհարար էր եւ անգամ Արգենտինայում շարունակեց պատրաստել հայկական ավանդական կերակուրներ։ «Իմ ամենասիրածը եղել ու մնում է «գնդիկներով ճաշը»՝ անանուխով եւ փոքրիկ մսագնդիկներով մածնապուրը։ Պաշտում եմ դա»,– ասում է նա։
Այսօր՝ 100 տարի անց, ընտանիքի հայկական ժառանգությունը դեռ մատուցվում է նրանց ընթրիքի սեղանին։ «Թոմասը՝ չորս տարեկան տղաս, եւս շատ է սիրում մածնապուր։ Երբ դա ասաց, ես անչափ հուզվեցի, քանի որ երեխաները սովորաբար ապուրներ չեն սիրում, հատկապես եթե դրանցում համեմունքների խառնուրդ կա։ Բայց ինձ համար պարզ էր, որ սա սերունդների վերադարձող մի կամուրջ էր»,– ժպտալով ասում է Մաթիասը։
Կերակուրը հայկական ինքնությունը փոխանցելու միջոցներից մեկն է միայն։ Իսկ հայկական ինքնությունն ազգանվան վերջին երեք տառից շատ ավելին է։ «Հաջորդ օրը ես Թոմասին ասացի, որ նա հայ է, ինչը նա սկսեց կրկնել մինչ օրս։ Սանտյագոն երկու տարեկան է, դեռ շատ փոքր է, բայց ինքն էլ կասի»,– հուսով ասում է Մաթիասը։
Փոքրիկ Մաթիասը ծնողների՝ Մարիա Մարտա Զամբալիոնեի եւ Ռոբերտո Փաթանյանի հետ |
Մեկ օր, տարբեր իմաստներ
1915թ. ապրիլի 24-ին օսմանյան բանակը մտավ Կոստանդնուպոլիս, եւ ձերբակալելով հայազգի բազմաթիվ հոգեւորական, քաղաքական եւ մտավորական գործիչների՝ աքսորեց նրանց համակենտրոնացման ճամբարներ, իսկ ապա՝ սպանեց։ Այս խորհրդանշական օրն աշխարհով մեկ նշվում է իբրեւ Հայոց ցեղասպանության հիշատակի օր։
Մաթիաս Փաթանյանը ծնվել է դրանից 54 տարի անց, 15.000 կմ հեռու։ «Տատս անչափ ցանկանում էր, որ ես ծնվեմ ապրիլի 24-ին. նրա համար դա կյանքի շարունակականության խորհրդանիշ էր»,– ասում է նա։
«Այդ օրը ծնված լինելն ինձ համար մեծ նշանակություն ունի։ Ես հասկանում եմ տատիս երջանկությունը»,-ասում է նա։
Մաթիաս Փաթանյանը ծնունդով Արգենտինայից է՝ այն երկրից, որն առաջինն է օրենքով ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ բանաձեւեր ընդունել։ «Ես հպարտ եմ, որ այստեղ եմ ծնվել. Արգենտինան այն երկրներից է, որն առանձնակի վերաբերմունք ունի այս հարցում։ Բացի այդ, «Aeropuertos Argentina 2000»-ում մենք աշխատել ենք Ռաֆայել Բիելսայի՝ ընկերության նախագահի հետ, ով եղել է այդ օրինագծի ջատագովներից ու պաշտպաններից մեկը։ Ես հպարտ եմ, որ ցեղասպանությանը վերաբերող առաջին դատավարությունն աշխարհում տեղի է ունեցել Արգենտինայում եւ դատարանի վճռի արժանացել»,– ասում է Մաթիասը։
Երբ Մաթիասն առաջին անգամ այցելեց Հայաստան, առասպելական Մասիսի տեսարանն ու բարդիները նրան անմիջապես հիշեցրին իր տատի մասին, որը հաճախ էր նրա հետ խոսում հայրենիքի մասին ու պատմում, որ այն հիշեցնում է Արգենտինայի հյուսիսային նահանգները։ «Առաջին անգամ, երբ գնացի Հայաստան, մի քանի փոքրիկ տոպրակ հող բերեցի եւ տվեցի հորաքույրներիս ու հորեղբայրներիս, որպեսզի նրանք եւս հիշատակ ունենան Հայաստանից,– ասում է նա ու ժպտում,-ես այդ հողից լցրեցի նաեւ Չակարիտա գերեզմանատանը, ուր հանգչում է իմ պապը։ Թող նա եւս իրեն ավելի մոտ զգա Հայաստանին»։
*Գլխավոր նկարում՝ Մաթիաս Փաթանյանը
Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից: