Մուրադ Փափազյան

Armenian
Intro: 
«Հայ լինելու հետ կապված երբեք որեւէ բարդույթ չեմ ունեցել։ Ես երբեւէ ինչ-որ ռազմավարություն չեմ ունեցել, թե ինչպես պետք է հավասարակշռություն գտնել իմ՝ ակտիվիստի հանձնառության, իմ մասնագիտական եւ անձնական կյանքի միջեւ։ Նվիրվածությունն արյանս մեջ է, եւ քանի դեռ պայքարի համար առիթներ կան, ես ակտիվիստ եմ լինելու»։
Weight: 
-122
Related content: 
Story elements: 
Text: 
«Հայ լինելու հետ կապված երբեք որեւէ բարդույթ չեմ ունեցել։ Ես երբեւէ ինչ-որ ռազմավարություն չեմ ունեցել, թե ինչպես պետք է հավասարակշռություն գտնել իմ՝ ակտիվիստի հանձնառության, իմ մասնագիտական եւ անձնական կյանքի միջեւ։ Նվիրվածությունն արյանս մեջ է, եւ քանի դեռ պայքարի համար առիթներ կան, ես ակտիվիստ եմ լինելու»։
Text: 

Հավակնոտ ձեռնարկատեր Մուրադ Ֆրանկ Փափազյանը ժամանակին աշխատում էր գովազդային ու հաղորդակցության ոլորտի՝ աշխարհի խոշորագույն գործակալություններից մեկում։ Նա շարունակեց` ստեղծելով լրատվամիջոցների ներկայացուցիչների վերապատրաստման արագ ընդլայնվող ու հաջողակ խումբ, որն աշխատում է Եվրոպայի ողջ տարածքով եւ ներկայում մտադիր է մուտք գործել նաեւ ասիական շուկա։

Իր հայրենի Ֆրանսիայում, այնուամենայնիվ, ֆրանսահայերի համար նա իրենց կարեւորագույն ներկայացուցիչներից մեկն է։ Որպես Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի  (կազմակերպություն, որը Եվրամիությունում միավորում է հայ համայնքի քաղաքական, մշակութային, կրոնական ու սոցիալական ճյուղերը) համանախագահ՝ Փափազյանը նվիրվել է Հայոց ցեղասպանության մեկդարյա ժխտողականությունն արմատախիլ անելու գործին։ Վերջին 15 տարվա ընթացքում ֆրանսահայերի այս երրորդ սերունդն անդադար պայքար է մղել, որ երկրի որոշում կայացնողների առջեւ պաշտպանի Հայկական հարցը։

Նրա այդ ավյունը ձեւավորվեց դեռ պատանեկության տարիներին, երբ 1970-80-ականներին նա երիտասարդ հայերի զինյալ պայքարի ականատեսը դարձավ։ «Երբ երեխա ես, չես ուզում թույլերի կողմից ներկայանալ,- ասում է նա,- իսկ այնտեղ տեսնում էիր հայերին՝ գլուխները բարձր ու պայքարի մղված, ինչը եւ՛ հպարտության, եւ՛ քննարկումների, հակասական գաղափարների ու հարցադրումների առիթ էր դարձել։ Այնտեղ կային գաղափարական քննարկումներ. սա այն ժամանակահատվածն էր, երբ Հայկական հարցն սկսում էր վերածնվել՝ շնորհիվ լրատվամիջոցների գլխավոր էջերում դրվող լուրերի։ Հայկական հարցն ասպարեզ եկավ հենց այդ ժամանակահատվածում»:

Ժառանգություն ստացած նվիրվածություն

Փարիզի ճիշտ հարավ-արեւելքում գտնվող Ալֆորվիլը որոշակիորեն հայտնի է որպես «Փոքրիկ Հայաստան»՝ շնորհիվ բոլորովին նոր դպրոցի, հայկական եկեղեցու զուսպ հմայքի ու համայնքային զանազան կենտրոնների։ Սակայն, թերեւս, «Այբ FM»-ը՝ Փարիզի շրջանում հեռարձակվող այդ հայկական ռադիոկայանն է, որ 1885թ. հիմնված այս համայնքն այդքան կարեւոր է դարձնում հայերի համար։ Դրա նվիրյալ տնօրենը՝ Մուրադի հայր Հենրի Փափազյանը, նույնչափ գնահատված է։   

«Սարսափելի տխրեցնող է, որ ոչ ես, ոչ էլ քույրերս ու եղբայրներս մեր հորը չենք ձայնագրել»,- ասում է Հենրին։

1899թ. Արճեշում՝ Վանա լճի հյուսիսային հատվածում ծնված Խորեն Շահնազարյանը՝ Հենրիի հայրը, ամուսնացյալ քահանայի որդի է եղել, որտեղից էլ ծագում է Փափազյան («քահանայի որդի») ազգանունը։

Խորենը դեռահաս էր, երբ հորը գլխատված տեսավ։ Ողջ ընտանիքից փրկվեցին միայն Խորենն ու նրա կրտսեր եղբայրը՝ Ավետիսը։

Փախչելով հետապնդումներից՝ նրանք թափառում էին մի մանկատնից մյուսը՝ հաջողելով ողջ մնալ ֆերմաներում աշխատելու շնորհիվ։ Պատերազմից հետո նրանք ժամանում են Իզմիթ՝ Անատոլիայի արեւմուտքում գտնվող ափամերձ մի քաղաք։ Այստեղից նրանք ծովով ճանապարհ են ընկնում դեպի Հունաստան՝ ժամանելով Կավալա՝ Էգեյան ծովի ափին, Արեւմտյան Տրակիայում գտնվող քաղաք, որտեղ փոքրիկ հայկական համայնք էր ձեւավորվում։

Խորենը ռեստորան է բացում, որտեղ ընկերանում է աքսորի մեջ գտնվող հայ քաղաքական մի քանի գործիչների հետ։ Կավալայում նա հանդիպեց նաեւ իր կնոջը՝ Արփինե Բաբիկյանին։ 

Image: 
Text: 

                        Կավալայում Խորեն Փափազյանի ռեստորանի ճաշացանկը

Զմյուռնիայի (ներկայում՝ Իզմիր, Արեւմտյան Թուրքիա) արվարձան Մանիսայում 1907թ. ծնված Արփինեն եւ նրա մայրը, եղբայրներ Գրիգորն ու Գեւորգը, քույր Սիրարփին 1922թ. փրկվում են Զմյուռնիայի մեծ հրդեհից։ Մուրադի պապիկն ու տատիկն ամուսնանում են Հունաստանում, այնուհետեւ նավով մեկնում այնտեղից։ «Նրանք մտադիր էին ուղեւորվել դեպի Արգենտինա, սակայն պատահականության շնորհիվ հայտնվում են Մարսելում»,- պատմում է Հենրին։

Չորս քույր-եղբայրներից ամենակրտսերը՝ Հենրին, ծնվել է Լիոնի մոտ գտնվող Դեսինում, որտեղ էլ մետաքսի գործարանում աշխատում էր նրա հայրը։ Ընտանիքն ապրում էր քաղաքի արդյունաբերական մասում եւ ներգրաված էր համայնքային կյանքում։ Պատերազմից հետո՝ 1947թ., նրանք բնակություն հաստատեցին Փարիզի Բանյո արվարձանում։ Հենրին Հայ Դատի աշխատանքներում ներգրավվեց շատ վաղ տարիքից՝ բարձրանալով Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) կամ ուղղակի Դաշնակցության աստիճանակարգով, միաժամանակ դառնալով նաեւ համակարգչային մեծ խմբի ղեկավար։

Նա ամուսնացավ Օդեթ Արեւյանի հետ՝ հայուհի, որի ընտանիքը ծագումով Նալլուխանից՝ Անկարայի արվարձանից էր։ Նրանք երկու զավակ ունեցան՝ Մարալ եւ Մուրադ։  

Image: 
Text: 

                                         Ձախից աջ՝ Մուրադ, Օդեթ, Մարալ եւ Հենրի 

Ակտիվիստի որդին

«Ես մեծացել եմ Դաշնակցության հետ,- խանդավառությամբ ասում է Մուրադը,- սակայն առաջին հերթին հորս օրինակն էր, որ ինձ ակտիվիստական հանձնառության մղեց։ Այդ ժամանակ ես շատ հետաքրքրասեր էի, ոգեւորությամբ էի հետեւում ընթացիկ իրադարձություններին ու կարդում էի ձեռքս ընկած բոլոր թերթերը, քնելուց առաջ ռադիո էի լսում, ականջ էի դնում մեծերի բոլոր խոսակցություններին... Ամեն բան կլանում էի»:  

Image: 
Text: 

                                             Մուրադն ուսանողական տարիներին

Ի թիվս իրեն ոգեշնչած տարբեր դաշնակցական առաջնորդների՝ նա հաճախ նշում է Հրայր Մարուխյանին՝ ՀՅԴ կուսակցության նախկին գլխավոր քարտուղարին, որին դեռ երիտասարդության տարիներից էր ճանաչում. «Նա իսկական անհատականություն էր, պետության ղեկավարի կեցվածքով, բառիս ամենավեհ իմաստով՝ քաղաքական գործիչ, իսկ ինձ համար նաեւ հոգեւոր հայր էր՝ ես իսկապես ձգտում էի նրա ներկայությանը: Իմ եւ՛ դեռահասության, եւ՛ երիտասարդության տարիներին մենք նրա հետ փոխհարաբերություններ էինք հաստատել՝ անձնական ու քաղաքական առումներով»:

Image: 
Text: 

                               Մուրադը տոնում է «Հայաստան» թերթի 40-ամյակը, 1986թ. 

Համառ երեխան

Երբ Փափազյանը հինգ տարեկան էր, նրա հետ լուրջ դժբախտ պատահար էր տեղի ունեցել։ Վայր ընկնելու հետեւանքով՝ նա կոմայի մեջ էր հայտնվել, եւ մեկ շաբաթ շարունակ փոքրիկ տղան ապրելու պայքար էր մղում։ Որոշ ժամանակ նրա աջ կողմն ամբողջությամբ կաթվածահար վիճակում էր, եւ դա խաթարել էր նրա ողջ կյանքը։ «Վերականգնողական կենտրոնում ինձ ասացին. «Դու չես կարողանա գրել քո աջ ձեռքով, ստիպված ես ձախ ձեռքով գրել»»,- պատմում է նա։

«Հիշում եմ, կարծես երեկ եղած լիներ, թե որքան հետեւողական էի նրանց չլսելու հարցում։ Կառչեցի իմ որոշումից. ես աջլիկ եմ ու այդպիսին էլ կմնամ»։

Մուրադն այդ հաստատակամությունն անձնական պայքարի վերածեց, կարծես՝ դա պետք է օգներ նրան իր այդ խեղումից ազատվել. «Շատ երկար ժամանակ ես չէի կարող ընդհանրապես շարժվել, երկու տարի դպրոց չեմ գնացել։ Կարող էի բարդույթներ ունենալ այդ պատճառով, բայց այդպես չեղավ։ Ես շատ պարտական եմ ծնողներիս, որոնք սովորականի պես էին ինձ հետ վարվում։ Այդ փորձությունն ստիպեց ինձ գերազանցել սեփական անձս. կյանք մտնել խեղումով եւ մի քանի տարի բաց թողնել, ստիպված լինել վերագտնել կորցրած ժամանակը, պայքարել՝ այս ամենը վճռորոշ ազդեցություն ունեցավ իմ հետագա կյանքի վրա»։

Փափազյանը հաճախ նշում է, որ իր մասնագիտական կյանքի մեկնարկի համար  մեծապես պարտական է «Նոր սերունդ» կազմակերպությունում անցկացրած տարիներին. հենց այնտեղ էլ սկսեց զբաղվել Հայկական հարցով։ «Այնտեղ բաներ էի անում, որոնք որեւէ այլ տեղ չէի անի՝ թերթ կազմելուց մինչեւ միջոցների հայթայթում»,- պատմում է նա՝ հավելելով, որ ՀՅԴ գաղափարների եւ սկզբունքների ընկալումը նպաստեց իր հասունացման գործընթացին։

25 տարեկանում Փափազյանն սկսեց աշխատել հաղորդակցության ոլորտի իր առաջին գործակալությունում. ոլորտ, որում ներգրավված է առայսօր։ 1988-1990 թվականներին նա մի գործակալությունից մյուսն էր գնում՝ աշխատելով «Mercure» հյուրանոցային ցանցի մարկետինգի ոլորտում։ Այնուհետեւ տարիներ շարունակ նա աշխատեց տարբեր գործակալությունների ու գովազդատուների համար, մինչեւ որ միացավ «Publicis»-ի թիմերին, որտեղ դարձավ հաճախորդների բազայի գծով տնօրեն՝ պատասխանատու  լինելով մեքենաների բյուջեների, տուրիզմի, բանկային ու նորաձեւության ոլորտների համար։ 1999թ. նա միացավ «RTL» խմբին՝ որպես գործընկերության եւ հատուկ գործողությունների գծով տնօրեն։ 2002թ. գնեց  հաղորդակցության եւ լրագրության «Iserp-Itaim» դպրոցը եւ ստանձնեց ղեկավարի պարտականությունները։ 2008թ. նա անվանափոխեց դպրոցը, որն այժմ կոչվում է ECS-IEJ (European Communication School – Institut Européen de Journalisme/ Հաղորդակցության եվրոպական դպրոց – Լրագրության եվրոպական ինստիտուտ)։  

ECS-ը մասնաճյուղեր ունի Փարիզում, Ստրասբուրգում, Թուլուզում, Բրյուսելում, Բարսելոնայում եւ Մադրիդում։ Վերջերս նա դպրոց է բացել Նիսում եւ նույնիսկ  հեռավոր արեւելքում՝ Շանհայում։ «Մենք 60 ուսանողից ենք սկսել, իսկ հիմա արդեն 2300 ուսանող ունենք,- հրճվում է Մուրադը,-այն փաստը, որ ես նվիրվեցի, օգնեց ինձ մասնագիտական առումով ինչ-որ բանի հասնել։ Ես որեւէ բան չեմ թաքցնում, եւ ինձ սատարում է իմ գործընկերների մեծամասնությունը, որոնք դարձել են հայերի նկատմամբ բարեկամաբար տրամադրված։ Նրանք հաճախ են ինձ հարցնում Հայկական հարցի մասին։ Շնորհիվ այս մասնագիտական ցանցի՝ մեր պայքարը լրատվության եւ հաղորդակցության աշխարհի բազմաթիվ ընկերներ է վաստակել»։ 

Image: 
Text: 

Մուրադ Փափազյանն ու Ֆրանսուա Օլանդը հանրահավաքում, որը կազմակերպված էր ի պաշտպանություն վերջինիս թեկնածությանը 2012թ. ընտրություններում 

Ասացիք՝ լոբբի՞

Փափազյանը հայ համայնքի այն բացառիկ ներկայացուցիչներից է, որ բավականին ամուր փոխհարաբերություններ ունի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Այնքան ամուր, որ վերջինիս  մտերմաբար «դու»-ով է դիմում, այլ ոչ թե պաշտոնական «Դուք»-ով։

Ինչպե՞ս է նրան հաջողվում հաշտեցնել քաղաքական ներգրավվածությունը եւ մասնագիտական էթիկան։ «Ես դրա հետ կապված բարդույթներ չունեմ այն լավ ու պարզ պատճառով, որ լոբբինգն առողջ ժողովրդավարության նշաններից մեկն է։ Առանց ժողովրդավարության չկա լոբբինգ։ Որոշ մարդիկ քննադատում են ընտրական քաղաքականությունը։ Ֆրանսիայում գրեթե ամեն տարի ընտրություններ են, եւ շատ ավելի լավ է, որ քաղաքացիներն իրենց ձայնն իրենց կառավարող մարդկանց հասցնելու ճանապարհներ ունեն։ Ի վերջո, մարդիկ են նրանց ընտրում։ Լոբբին, որը գաղափարներ է արտահայտում եւ պայքարում է հանուն իր շահերի պաշտպանության, կարող է գոյություն ունենալ միայն ժողովրդավարության պայմաններում»,- պնդում է Փափազյանը։ 

Նրա կարծիքով՝ Օլանդը բոլորից առաջ է անցել Հայկական հարցին նվիրվածությամբ. «Ֆրանսուա Օլանդը 15 տարի շարունակ մեր հիմնական զրուցակիցն ու գործընկերն է։ Նա շատ հետաքրքրված է Հայաստանով, որտեղ մենք նրան առաջին անգամ ուղեկցեցինք 2007թ.։ Մենք միասին պայքար ենք մղել, որոշ հարցերի շուրջ առանձնազրույցներ ենք ունեցել, եւ մեր միջեւ իրական մտերմություն կա։ Մենք նրան օգնեցինք թեկնածու դառնալ ու հաղթանակ տանել նախագահական ընտրությունների նախնական փուլում, իսկ հետո նաեւ՝ բուն նախագահական ընտրություններում։ Դրանք բաներ են, որ չեն մոռացվում։ Երբ նա դարձավ նախագահ, մեզ համար հիմնական նախարարությունների դռները բացեց, ինչը հնարավոր դարձրեց բազմաթիվ ոլորտներում մեր առաջխաղացումը»։  

Image: 
Text: 

                                       Մուրադ Փափազյանը Ղարաբաղում, 2015թ.

Մուրադը կարոտով է հիշում 2007թ. Ֆրանսիայի ապագա նախագահի հետ իր ուղեւորությունը. «Մեզ դեպի Հայաստան տանող ինքնաթիռում Ֆրանսուա Օլանդը հարցրեց ինձ. «Ինչու՞ է Ղարաբաղն այդքան կարեւոր ձեզ համար»։ Ես նրան բացատրեցի շարժման պատմությունը, ասացի, որ մեզ համար դա կենաց ու մահու խնդիր էր, որ հնարավոր չէ վերադառնալ նախկին ստատուս-քվոյին, եւ որ հայերը միջազգային հանրության աջակցության կարիքն ունեն։ Այդ ուղեւորությունը հետք թողեց նրա վրա։ Նա երբեք չվարանեց մեզ հետ միասին ներգրավված լինել. անգամ եթե դա իր վրա պարտավորություններ վերցնել էր ենթադրում, նա երբեք չի հրաժարվել, երբ մենք նրա օժանդակությունն ենք հայցել»։

Այդ ուղեւորության ընթացքում Մուրադն ու իր ընկերները Երեւանի Հանրապետության հրապարակում այն ժամանակ՝ Սոցիալիստական կուսակցության առաջին քարտուղար Օլանդի ընկերակցությամբ գարեջուր էին ըմպում։ Նրանք ասացին. «Ֆրանսուա, մեր կարծիքով, դու պետք է լինես Հանրապետության հաջորդ նախագահը»։ Նա պատասխանեց. «Ես մտածում եմ այդ մասին, եւ եթե մի օր դա իրականություն դառնա, խոստանում եմ, որ կվերադառնամ այստեղ նախագահի պաշտոնում, ու մենք կրկին հայկական գարեջուր կխմենք»։

Այդ խոստումն իրականացավ 2014 թ. մայիսի 12-ին։

«Ֆրանսիայի ղեկավարների համար մենք հայ ենք, որովհետեւ մենք այնքան խորամուխ ենք Հայկական հարցի պաշտպանության մեջ։ Միեւնույն ժամանակ, նրանք գիտեն, որ մենք Ֆրանսիայի լավ քաղաքացիներ ենք,- ժպտում է Մուրադը,-Ֆրանսուա Օլանդն ասել է. «Մենք երբեւէ այլ համայնքների հետ նմանատիպ հարաբերություններ չենք կառուցել»»:

Image: 
Text: 

 Ֆրանսուա Օլանդը՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահը, եւ Մուրադ Փափազյանը Փարիզում, ոգեկոչման արարողության ընթացքում, 2014թ. ապրիլի 24

Անարդարություն  չեն սիրում

Փափազյանը կարծում է, որ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի արդյունքները խիստ դրական են. «Մենք երբեք այսքան տեսանելի չենք եղել. հարյուրավոր հրապարակումներ, հոդվածներ, վավերագրական ֆիլմեր ու ռեպորտաժներ ռադիոյով ու հեռուստատեսությամբ, Էյֆելյան աշտարակի լույսերի անջատումը, Հանրապետության նախագահը՝ Երեւանում, վարչապետը՝ Փարիզում Կոմիտասի արձանի առջեւ... այդ ամենի համար մենք պարտական ենք մեր միասնականությանը, այն փաստին, որ դրական ճնշում ենք ունեցել ֆրանսիական հասարակության վրա»,- նշում է նա։ 

Փափազյանը հպարտությամբ է հետեւում այն համակրանքին, որը հայերը վայելում են, երբ խոսքը ֆրանսիացիների կարծիքի մասին է։ «Նրանք գիտակցում են, որ 100 տարի շարունակ Թուրքիան չի ընդունել Հայոց ցեղասպանությունը. սա անարդարության դրսեւորում է, իսկ ֆրանսիացիներն անարդարություն չեն սիրում»,- ասում է նա։

Իսկ հաշտությու՞նը։ Նա անձամբ պատրաստ է իր պայքարը տանել Թուրքիա՝ գիտակցելով, որ հաշտությունն առանց արդարության վերականգնման ու փոխհատուցման գործընթացի հնարավոր չի լինի։ 53 տարեկան, երկու զավակի հայրը ծանր ժառանգություն ունի հաջորդ սերնդին փոխանցելու։
 

Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից:

Subtitle: 
Ֆրանսիահայ ակտիվիստը՝ Հայկական հարցին ուղղված իր ջանքերի մասին
Story number: 
180
Header image: