Արա Գյուլեր

Armenian
Intro: 
Հանդիպման վայրը միշտ նույնն է` Ստամբուլի սրտում գտնվող «Արա» սրճարան: Մինչ նա դանդաղ մոտենում է իր սեղանին, սրճարանի այցելուները, նույնիսկ ովքեր սովոր են նրա ներկայությանը, մի պահ լռում ու ակնածանքով հետեւում են լեգենդին: Նա XX դարի ամենահռչակավոր վավերագրողներից է, Թուրքիայի ֆոտոլրագրության հիմնադիրը, հայ ամենահայտնի լուսանկարիչը:
Weight: 
-142
Related content: 
Story elements: 
Text: 
Հանդիպման վայրը միշտ նույնն է` Ստամբուլի սրտում գտնվող «Արա» սրճարան: Մինչ նա դանդաղ մոտենում է իր սեղանին, սրճարանի այցելուները, նույնիսկ ովքեր սովոր են նրա ներկայությանը, մի պահ լռում ու ակնածանքով հետեւում են լեգենդին: Նա XX դարի ամենահռչակավոր վավերագրողներից է, Թուրքիայի ֆոտոլրագրության հիմնադիրը, հայ ամենահայտնի լուսանկարիչը:
Text: 

Աշխարհում շատերն առաջին անգամ Գյուլերի օբյեկտիվի միջոցով են տեսել, թե ինչպիսին են Ուինսթոն Չերչիլը, Մարիա Կալասը կամ Յասեր Արաֆաթը: ««Թայմի» մեջ Արաֆաթի առաջին պատկերն իմն է,- ասում է Գյուլերը,- ես բոլորի հետ ընկերանում էի, հետո նոր ռեպորտաժ էի անում: Եթե ուզեմ Ձեզ հետ ռեպորտաժ անել, չեմ ասի, բայց նախ կընկերանամ»: Նա նկարել է Պիկասոյին ու Դալիին, Ինդիրա Գանդիին ու Մարկ Շագալին, Ալֆրեդ Հիչքոքին ու Արամ Խաչատրյանին: Արա Գյուլերի լուսանկարչության գոհարը, սակայն, ստամբուլյան պատկերներն են: Պատահական չէ, որ տարածաշրջանի լուսանկարչության կնքահորն անվանում են «Ստամբուլի աչք»:

«Շատ լուսանկարիչներ տեսարանն են վերարտադրում, բայց պետք է շարժումը ցույց տալ, նրանց ապրելն է պետք»,- ասում է լուսանկարիչը:

Արա Գյուլերի լուսանկարչության առանցքում մարդն է ու նրա գործը: Սա հատկապես ցայտուն է նրա ստամբուլյան լուսանկարներում, որոնք պատկերում են Բոսֆորի ափերին ձգվող բազմազգ քաղաքի մարդկանց ամենօրյա կյանքը: Նա իր խցիկի միջոցով ցանկացել է ստանալ «Ստամբուլի իրական պատկերը»: 

                                            Ստամբուլյան պատկերներ՝ ըստ Արա Գյուլերի 
                                                    Լուսանկարները՝ araguler.com.tr-ի

 

«Ես Պոլիս ծնած եմ 1928-ի օգոստոս 16-ին` ցերեկը ժամը 4:30-ին: Լա՞վ»,- իր կյանքի պատմությունն է սկսում Արա Գյուլերը:

Նա արմատներով Շապին-Գարահիսարից է: Հայրը` 1896 թվականին ծնված Տաճատ Գյուլերը,  վեց տարեկանում գնացել է Ստամբուլ` կրթություն ստանալու Օրթագյուղի (Ստամբուլի Օրթաքյոյ թաղամաս) Թարգմանչաց դպրոցում: Սովորելուն զուգահեռ երգել է Կոմիտասի հիմնած «Գուսան» երգչախմբում: Տաճատի ընտանիքի ազգանունը Տերտերյան է եղել, սակայն 1934-ին՝ Թուրքիայում ազգանունների թուրքացման մասին օրենքի ընդունումից հետո, նրանք վերցրել են Գյուլեր ազգանունը: 1915 թվականին, երբ Տաճատը 19 տարեկան էր, Շապին-Գարահիսարում մնացած նրա ողջ ընտանիքը Հայոց ցեղասպանության զոհ է դառնում:

«Հորս կողմից մեկը չկա, ամենը կերթան, կսպանեն, կսպանեն, հասկանո՞ւմ ես»,- ասում է Գյուլերը:

Տաճատը շարունակում է կյանքը Ստամբուլում՝ դեղագործություն է սովորում եւ բացում իր սեփական դեղատունը:

Image: 
Text: 
                                         Տաճատ եւ Վերժին Գյուլերների հարսանեկան լուսանկարը
 

Արայի մայրը` 1903 թվականին ծնված տիկին Վերժինը,  եգիպտահայ մեծահարուստ Շահյան ընտանիքի դուստրն էր: Վերժինի հայրն Ստամբուլում ունեցել է նավերի վերանորոգման արտադրամաս: Նրանք ձմեռները Եգիպտոսում էին անցկացնում, ամառները՝ Պոլսում, որտեղ էլ Վերժինը հանդիպել է Արայի հորը՝ Տաճատին: Արան Վերժինի եւ Տաճատի միակ զավակն է: Նրա խնամքով զբաղվել է Աղավնի անունով դայակը:

«Հայրս մի օր ասաց. «Տղա ջան, ամբողջ աշխարհը պտտեցար, բայց մեր գյուղը չեկար»: Որոշեցինք գյուղ գնալ, ամբողջ տեղը պտտվեցինք, հայրս իրենց տունը փնտրեց, բայց չգտավ, որովհետեւ քանդել էին: Հետո գերեզմանատուն գնացինք, այնտեղ էլ էին քանդել»,- պատմում է Արա Գյուլերը:

Գյուղից վերադառնալիս Արայի հայրը հիշում է, որ մոռացել է ամենակարեւորը ` գյուղում աճող պտուղները: «Երկու հարյուր կիլոմետր անցել էինք, եթե հետ գնայինք, օրը կավարտվեր: Դրա համար ասացի` մի անգամ էլ հետո կգանք, կառնենք: Վերադարձանք Պոլիս»,- հիշում է լուսանկարիչը: 

Image: 
Text: 
                                                   Արա Գյուլերը դայակի` Աղավնիի հետ
 
 
Ամիսներ անց Տաճատ Գյուլերը հիվանդանում է եւ սրտի կաթվածից մահանում: Հուղարկավորությունից մի քանի ժամ առաջ դուռը թակում են: Շեմքին կանգնած երկու մարդ ասում են, որ Տաճատ Գյուլերին են փնտրում. «Ասացի՝ մեռել է, թաղմանն ենք գնում, դուք էլ եկեք: Մեկ էլ ասացին, որ Շապին-Գարահիսարից են, բան են բերել Տաճատի համար: Ի՞նչ պիտի լիներ` պտուղներն էին, գյուղի պտուղներն էին բերել արկղով: Պտուղները տոպրակների մեջ լցրեցի, գերեզմանատուն գնացինք: Արարողությունն ավարտելուց հետո վարդապետին պատմեցի, վարդապետն ասաց`պտուղները դրեք իր հետ: Պապաս իր գյուղի պտուղների հետ գնաց»:
 
 
«Ստամբուլի աչքը» 
 

Արա Գյուլերը սովորել է Պոլսի հայկական Մխիթարյան դպրոցում, այնուհետեւ ուսումը շարունակել Կեդրոնական վարժարանում: Այնտեղ ուսանելու տարիներին սկսել է հաճախել Մուհսին Էրթուղրուլի թատերական խմբակ. «Հայրս թատերական ու կինոաշխարհի բոլոր մարդկանց հետ ընկեր էր, թատրոնի մեջ եմ մեծացել: Սցենարիստ էի ուզում դառնալ: Եթե լինեի, հիմա այդպես էլ պիտի մնայի, բայց աշխարհի ամենահեղինակավոր լրագրողներից մեկը դարձա»,- գոհունակությամբ ասում է Գյուլերը:

Image: 
Text: 
                                            Արա Գյուլերը Սալվադոր Դալիի հետ
 

Վարժարանն ավարտելուց հետո հոր կամքով ընդունվում է Ստամբուլի համալսարանի տնտեսագիտության բաժին: «Հայրս մեծ դեղատուն ուներ՝ 15 հոգի մոտը կաշխատեին, կուզեր, որ իր համար աշխատեի»,- բացատրում է նա:

Ուսանողական տարիներին Գյուլերը տարվում է լուսանկարչությամբ: 1950 թվականից սկսում է աշխատել թուրքական «Յենի Իսթանբուլ» ամսագրի համար: 1958-ին, երբ ամերիկյան «Time-Life» հեղինակավոր հանդեսը մասնաճյուղ է բացում Թուրքիայում, Արա Գյուլերը դառնում է դրա առաջին թղթակիցը Մերձավոր Արեւելքում` միաժամանակ աշխատելով «Paris Match» եւ «Der Stern» ամսագրերի համար: 1953-ից նա միացել էր Փարիզի «Մագնում» ֆոտոգործակալությանը: 1961-ին բրիտանական Լուսանկարիչների ամենամյա անթոլոգիան նրան հռչակեց տարվա լավագույն յոթ լուսանկարիչներից մեկը, նույն տարում դարձավ Լուսանկարիչների ամերիկյան ընկերության անդամ: 

 


Նա շրջագայել ու աշխատել է աշխարհի բոլոր մայրցամաքներում: Որպես լրագրող լուսանկարել է Մինդանաոյի եւ Էրիթրեայի պատերազմները: Բազմիցս եղել է նաեւ Հայաստանում. «Սովետի ժամանակ էլ եմ եղել: Ես ժուռնալիստ եմ, ինձ ուր կուղարկեն, կերթամ ես: Հայաստանում ամբողջ եկեղեցիները նկարեցի, շատ կարեւոր է դա»: 

 

Image: 
Text: 
                                                   Արա Գյուլերը Ինդիրա Գանդիի հետ
 

Արա Գյուլերի լուսանկարները տպագրվել են տասնյակ հեղինակավոր ամսագրերում ու գրքերում, նրան շնորհվել են բազմաթիվ մրցանակներ, նրա լուսանկարների ցուցահանդեսները շրջել են աշխարհով մեկ: Գյուլերի տասնյակ գրքեր մինչ օրս վերահրատարակվում են.

«Եթե այդ նկարները չլինեին, Ստամբուլը չէին ճանաչի, ոչ մեկը չէր նկարել Ստամբուլը. երկու-երեք ֆրանսիացի, գերմանացի զինվորների կադրեր օկուպացման ժամանակ, բայց դրանք արժեքավոր չէին»:

Կյանքի իններորդ տասնամյակն ապրող Գյուլերը վստահ է, որ իսկական լրագրողները ֆոտոլրագրողներն են, իսկ հանրային պատկերասրահ չի հիմնել, որովհետեւ «լրագրողը դրա համար ժամանակ չունի»: «Ստամբուլի աչքը» մարդկությանը թողել է լուսանկարների երկու միլիոնանոց ժառանգություն, ասել է թե` երկու միլիոն մարդկային պատմություն՝ պատսպարված հայրական տան վերնահարկում: 

Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից:

Subtitle: 
XX դարի հռչակավոր վավերագրողը
Story number: 
212
Header image: