Եվա Հարութ

Armenian
Intro: 
Եվա Հարութն ապրում եւ աշխատում է Գերմանիայում։ Լինելով Գյումրիի «Գալա» հեռուստաընկերությանը թղթակցող լրագրող՝ Եվան հմուտ գրիչ ունի։ Տարիներ շարունակ հիշելով ցեղասպանության ընթացքում իր մեծ տատ Հռիփսիմեի փրկության պատմությունը՝ Եվան, ի նշանավորումն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի, վերջապես որոշեց թղթին հանձնել այդ հուշերն ու 2015-ի սեպտեմբերին հրատարակեց դրանց հիման վրա գրված «Մեկ շաբաթ գորգում» գիրքը։ Եվայի իրական կոչումը, սակայն, արվեստն է։
Weight: 
-155
Related content: 
Story elements: 
Text: 
Եվա Հարութն ապրում եւ աշխատում է Գերմանիայում։ Լինելով Գյումրիի «Գալա» հեռուստաընկերությանը թղթակցող լրագրող՝ Եվան հմուտ գրիչ ունի։ Տարիներ շարունակ հիշելով ցեղասպանության ընթացքում իր մեծ տատ Հռիփսիմեի փրկության պատմությունը՝ Եվան, ի նշանավորումն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի, վերջապես որոշեց թղթին հանձնել այդ հուշերն ու 2015-ի սեպտեմբերին հրատարակեց դրանց հիման վրա գրված «Մեկ շաբաթ գորգում» գիրքը։ Եվայի իրական կոչումը, սակայն, արվեստն է։
Text: 

Գերազանցությամբ ավարտելով Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիան՝ Եվա Հարութն այժմ ուսանում է Դրեզդենի գեղարվեստի ակադեմիայի մագիստրատուրայում, զուգահեռաբար դասավանդում եւ համատեղ նախագծեր կազմակերպում հայտնի արվեստագետների հետ։ Գերմանիա տեղափոխվելուց առաջ նա չորս տարի անցկացրել է Գյումրիի գեղարվեստի ակադեմիայում։ Այստեղ՝ հայրենի Գյումրիում էր, որ 2011-ին նա մտահղացավ իր առաջին խոշոր գեղարվեստական «Մետամորֆոզներ» նախագիծը։ «Գյումրիում կյանքը հեշտ չէ։ Շատերը, մասնավորապես՝ կանայք, բողոքում են իրենց դրությունից, սակայն կարծես անկարող են որեւէ բան անել դա փոխելու ուղղությամբ,- ասում է Եվան,- այս նախագծով ես փորձում եմ ցույց տալ, թե ինչպես են ուրիշ կանայք արմատապես փոխել իրենց կյանքը՝ հաղթահարելով դժվարություններն ու խոչընդոտները»։ Եվա Հարութն առաջին արվեստագետներից էր, որը բարձրացրեց հայ հասարակությունում կնոջ կարգավիճակի հարցը։

Եվայի մեկ այլ նախաձեռնություն է «La Realtà»-ն։ Դրա առանցքային ուղերձը շատ պարզ է՝ մեր իրականությունը մեր մտածելակերպի արդյունքն է։ Նախագիծն այնքան հաջողված էր, որ ցուցադրվեց Երեւանում, Մոսկվայում ու Դրեզդենում։

Image: 
Text: 

       Եվա Հարութի «La Realtà» ցուցահանդեսը Ժամանակակից արվեստի թանգարանում
                                                       Հոկտեմբեր 2014թ., Երեւան

Խորտակված երազներ

Եվայի մեծ տատ Հռիփսիմե Բեթնեսյանը Էրզրումից էր։ Մոտավորապես 1910-ին նա ամուսնանում է Լույս Պարոնյան անունով մի հայ սպայի հետ, որին մի քանի տարուց ուղարկում են պարսկական ճակատ։ Ամուսնուց ոչ մի լուր այլեւս չի ստանում։ «Նրանք երեք դուստր ունեին՝ եռամյա Վարսիկն ու վեց ամսական երկվորյակներ Աղավնին եւ Լուսաբերը։ 1914-ի վերջերին տատիս բոլոր յոթ եղբայրներին զորակոչում են բանակ։ Հռիփսիմեն մնում է տանը երեք երեխաների, քրոջ՝ Մարիամի ու ծնողների հետ»,- պատմում է Եվան։

«Ժամանակն անցնում էր, եւ մի օր թուրք հարեւաններից մեկը Հռիփսիմեին հորդորում է վերցնել երեխաներին ու հեռանալ երկրից՝ ասելով, թե հիմարություն է հավատալը, որ ամուսինը երբեւէ կվերադառնա։ Հռիփսիմեն, այդուհանդերձ, չի հետեւում այս հորդորին։ Նրա հորը՝ քաղաքում հայտնի գորգավաճառ Հովհաննես աղային, է՛լ ավելի անհավանական էր թվում, թե իր թուրք հաճախորդները երբեւէ ունակ կլինեն ոճիր ու բռնություն գործել հայ ժողովրդի դեմ»։

Սակայն երբ թուրք զինվորներն սկսեցին խուզարկել հայերի տներն ու արժեքավոր իրեր փնտրել, ընտանիքը վերջապես գիտակցեց իրադրության ողջ ծանրությունը։ «Նրանց առաջին արձագանքը ոսկին ու զարդեղենը տանը եւ բակում թաքցնելն էր, սակայն շուտով պարզ դարձավ, որ վտանգված էր ոչ թե իրենց կարողությունը, այլ հենց կյանքը»,- ասում է Եվան։ Հռիփսիմեն ու նրա մեծ ընտանիքի փոքրաթիվ անդամները փորձեցին անցնել Կարս, որտեղից կարող էին գնացքով Գյումրիով տեղափոխվել Ռուսաստան։

«Ճանապարհին, սակայն, նրանց արգելեցին անցնել Արաքս գետի կամուրջն ու ստիպեցին գետանցի համար այլ տեղ որոնել։ Այդ օրվա ողբերգական դեպքերի մասին պատմելիս պատմության հենց այս մասում տատիս աչքերը միշտ լցվում էին: Բոլոր հայերը ոտքով էին ու փորձում էին վազել ինչքան հնարավոր է արագ։ Նրանց մեծ մասը ոչ մի շանս չուներ իրենց առջեւ ծառացած թուրք հեծյալների դեմ, որոնք աջուձախ գլխատում էին իրենց ձեռքն ընկածներին՝ կին թե տղամարդ, ծեր թե երիտասարդ։ Երբ Հռիփսիմեն ուշքի է գալիս, հասկանում է, որ մի փոքր ու մութ սենյակում է. դա ամենն էր, ինչ հիշում էր։ Պարզվում է՝ իրենց թուրք հարեւանի մոտ էր, որին իր ընտանիքը փախնելուց առաջ ի պահ էր տվել իրենց տունը։ Կինն ամուսնացած էր սպայի հետ, որից էլ, հավանաբար, լսել էր հայերի՝ Արաքսով փախչելու փորձի մասին։ Նա գնացել էր տեսնելու՝ Հռիփսիմեն անցե՞լ է գետը, թե՞ ոչ, ու գտել էր նրան գետի ափին ուշագնաց, մորն ու երեխաներին՝ նրա մարմնի կողքին դառն արցունք թափելիս»,- պատմում է Եվան։

«Հենց որ թուրք հարեւանուհին կռանում է ստուգի՝ մեծ տատս ողջ է, թե ոչ, նրան մի թուրք զինվոր է մոտենում։ Կինը կարողանում է անմիջապես կազմակերպել ասելիքն ու զինվորին հաղորդում է, որ ընդամենն ուզում է դիակի վրայից հանել ոսկեղենը,- տատի հիշողություններն է փոխանցում Եվան, - բացատրությունը զինվորին լիովին բավարարում է։ Քանի որ լացող երկվորյակները չափազանց շատ ուշադրություն էին գրավում, կինը նրանց թաքցնում է թփերի հետեւում՝ թողնելով բախտի ողորմածությանը»։

Դրանից հետո թուրք կինն սպասում է մինչեւ մութն ընկնի ու Հռիփսիմեին, նրա մորն ու եռամյա Վարսիկին մի քրդից վերցրած՝ գորգերով բարձած սայլի վրա տանում է իր տուն։ Կասկածներից խուսափելու համար նա կանանց թաքցնում է սայլի վրայի փաթաթված գորգերից երկուսի մեջ, իսկ փոքրիկ աղջկան հագցնում է այնպես, որ կարծեն, թե իր սեփական երեխան է։

«Թեպետ այդ օրը մեծ տատս լիակատար անօգնական վիճակում էր եղել, նա այդպես էլ երբեք իրեն չներեց, որ չկարողացավ փրկել իր երկվորյակ մանուկներին՝ սգալով նրանց մինչեւ իր կյանքի վերջը»,- վերհիշում է Եվան։

Զինվորներն օրական երկու անգամ ստուգում էին կնոջ տունը՝ է՛լ ավելի վտանգավոր դարձնելով թաքցված ընկերներին նույնիսկ նվազագույն ուտելիք հասցնելու դժվարին գործը։ «Վտանգների պատճառով ամուսինը մի օր կարգադրում է դադարեցնել ամեն ինչ, սակայն կինը չէր ցանկանում նրանց մահվան մատնել, ուստի ընտանիքիս մոտ մնացած սակավաթիվ միջոցներով վճարում է մի քրդի, որն էլ մթության քողի տակ իր սայլով բոլորին հասցնում է Կարս»,- պատմում է Եվան։ Հռիփսիմեի հոր ու եղբայրների ճակատագիրն այդպես էլ անհայտ մնաց։ Ըստ ամենայնի՝ նրանց չի հաջողվել ողջ մնալ։

 

Image: 
Text: 
 «Ռուսաստան տանող գնացքը». Մարիաննա Սմիթի նկարազարդումը Եվա Հարութի «Մեկ շաբաթ գորգում» գրքի համար
 

Նոր սկիզբ՝ Ռուսաստանում

Ռուսաստան տանող գնացքը լի էր հայ գաղթականներով, որոնց մեծ մասը կանայք էին, ծերեր ու երեխաներ։ Հուսահատ, կնոջ ու եռամյա տղայի մասին մտքերից տառապող միայնակ մի տղամարդ կուչ էր եկել անկյունում։ Անունն Ահարոն Շիրոյան էր։ Մեկ շաբաթ տեւած ճանապարհորդությունը սարսափելի քանակությամբ կյանքեր խլեց. շատերը մահացան հյուծվածությունից եւ վարակիչ հիվանդություններից, որոնք արագորեն տարածվեցին ուղեւորների շրջանում։ Ամեն անգամ, երբ գնացքը կանգ էր առնում որեւէ տեղ, ավելի ու ավելի մեծ թվով դիակներ էին հանում վագոններից։ Երբ Վարսիկը հիվանդացավ, Ահարոնը սեփական երեխայի պես խնամում էր փոքրիկ աղջկան, մինչդեռ Հռիփսիմեն մահ էր տենչում։

«Կայարաններից մեկում վագոն մտավ մի ռուս սպա։ Նրա դեմքի ողջ երկայնքով սպի կար, որը դաջվել էր մեծ տատիս հիշողության մեջ։ Երբ սպայի հայացքը կանգ է առնում Հռիփսիմեի վրա, նա այս բարի խոսքերն է արտաբերում, որոնք սրտապնդում են մեծ տատիս.

«Ինչ որ կորավ՝ կորավ։ Հիմա արդեն պիտի առաջ նայես։ Եթե հաջողացրել ես բարձրանալ այս գնացքը, ուրեմն բավարար ուժ ունես, որ կարողանաս կյանքդ շարունակել»։

Տատս ասում էր, որ այս քաջալերանքն անչափ կարեւոր էր ու տեղին»,- պատմում է Եվան։

 

Image: 
Text: 
                           Ահարոն Շիրոյանը՝ Հռիփսիմեի երկրորդ ամուսինը, Գյումրի 
 

Կրասնոդար հասնելուն պես փոքրիկ Վարսիկին անմիջապես տեղափոխում են հիվանդանոց։ Պատերազմի բովում չափազանց դժվար էր հավելյալ սնունդ ու մահճակալ գտնելը, այնպես որ՝ դստեր կողքին լինելու համար Հռիփսիմեն քնում էր հատակին։ Մի քանի օր անց, երբ Վարսիկը բուժվում է, մայրը, դուստրը, տատը եւ գնացքից արդեն ծանոթ Ահարոնը տեղափոխվում են փախստականների համար նախատեսված փայտե տնակներից մեկը՝ չորսով ապրելով փոքրիկ սենյակում։ Հանդիպման օրից Ահարոնը Հռիփսիմեի կողքին էր եւ մեկ տարի անց նրան ամուսնության առաջարկություն է անում։ «Նրանց մտերմությունն առանձնահատուկ էր, քանի որ նրանք սկսել էին որպես լավագույն ընկերներ եւ հետո դարձել զույգ»,- վստահ է Եվան։ Ահարոնն ու Հռիփսիմեն երկու որդի ունեցան եւ Լյուսյա անունով մի դուստր՝ Եվայի տատը։ Հաշվապահի աշխատանք գտնելուց հետո Ահարոնն արդեն կարող էր հոգալ իր նոր ընտանիքի հոգսերը։

Image: 
Text: 
                                        Լյուսյան՝ Եվա Հարութի մորական տատը
 

Իրենց ընտանիքների ողջ մնացած անդամներին գտնելու հույսով հայ գաղթականները փոքրիկ թղթիկների վրա գրում էին իրենց հարազատների անուններն ու դրանք փոխանակում իրար միջեւ։ Այսպես Ահարոնը վերամիավորվեց իր մոր հետ, իսկ Հռիփսիմեն՝ իր քույր Մարիամի, որն արդեն ամուսնացել էր, երեխա ուներ եւ բնակվում էր Գյումրիում։ Հռիփսիմեի մայրն առաջինը փոխադրվեց այնտեղ եւ շուտով դստերը եւս խնդրեց ընտանիքով գալ Հայաստան։

«Ամեն անգամ, երբ Լյուսյա տատս պատմում էր մոր փրկության պատմությունը, արտասվում էր։ Նա խոսում էր թուրքերի մասին, որոնք խլեցին ամեն ինչ, բայց նաեւ գնահատանքով ու երախտագիտությամբ էր հիշում մորը փրկած թուրք հարեւանին»,- ասում է Եվան։

Գլխավորը նկարում՝ Եվա Հարութը, լուսանկարը՝ Սերգեյ Միլյուկովի

Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից:

Subtitle: 
Հիշելով թուրք հարեւանին
Story number: 
213
Header image: