Քիմ Քաշքաշյան

Armenian
Intro: 
Ամերիկահայերի ընտանիքում ծնված Քիմ Քաշքաշյանը, որպես աշխարհի առաջատար երաժիշտ, համաշխարհային համբավ ունի. շատերը նրան արդարացիորեն համարում են երկրագնդի ամենաշնորհալի ալտահար։ 2013թ. նա արժանացավ Գրեմմի մրցանակի՝ «Լավագույն դասական գործիքային մենանվագ» անվանակարգում՝ իր «Կուրթագ եւ Լիգետի. երաժշտություն ալտի համար» ձայնագրության համար: Սա նրա առաջին կամ միակ հաղթանակը չէ, նրա բազմաթիվ հաջողություններից է նաեւ 2001թ. Կանի դասական երաժշտության մրցանակը՝ «Մենակատարը նվագախմբի հետ» ձայնագրության պրեմիերայի համար։
Weight: 
-166
Related content: 
Story elements: 
Text: 
Ամերիկահայերի ընտանիքում ծնված Քիմ Քաշքաշյանը, որպես աշխարհի առաջատար երաժիշտ, համաշխարհային համբավ ունի. շատերը նրան արդարացիորեն համարում են երկրագնդի ամենաշնորհալի ալտահար։ 2013թ. նա արժանացավ Գրեմմի մրցանակի՝ «Լավագույն դասական գործիքային մենանվագ» անվանակարգում՝ իր «Կուրթագ եւ Լիգետի. երաժշտություն ալտի համար» ձայնագրության համար: Սա նրա առաջին կամ միակ հաղթանակը չէ, նրա բազմաթիվ հաջողություններից է նաեւ 2001թ. Կանի դասական երաժշտության մրցանակը՝ «Մենակատարը նվագախմբի հետ» ձայնագրության պրեմիերայի համար։
Text: 

Քիմը հաճախել է Ինտերլոքենի հայտնի Գեղարվեստի ակադեմիան եւ ավարտել է Փիբոդի երաժշտական կոնսերվատորիան ու Ֆիլադելֆիայի Երաժշտական Նոր դպրոցը։ Փոքր ժամանակ Քիմն  ուզել է կլարնետ նվագել, սակայն նոր գործիք ձեռք բերելը չափազանց թանկ կլիներ իր ընտանիքի համար։ Նա վերցնում է ընտանիքի մեկ այլ անդամի կողմից լքված մի ջութակ, եւ այդ օրվանից նրա աշխարհն ավելի է հարստանում։ Հաճախ երաժշտագետների զավակներն են դառնում հայտնի երաժիշտներ, սակայն Քիմի պարագայում այդպես չէ։ Չնայած նա հիշում է իր հորաքրոջն ու հորը՝ տանն ու եկեղեցում երգելիս, այնուամենայնիվ, Քիմն իր ընտանիքի առաջին արհեստավարժ երաժիշտն է։ «Ինչ-որ կետից պետք է սկսես», - ուսերն է թոթվում նա։ 

Քաշքաշյանը գովասանքի է արժանացել իսպանական եւ արգենտինական հայտնի երգերի իր նուրբ եւ յուրօրինակ կատարումների համար, այդ թվում՝ Մանուել դե Ֆալլայի «Աստուրիանայի» (ձայնագրությունը՝ ECM Records, 2006թ., դաշնակահար՝ Ռոբերտ Լեւին), ինչպես նաեւ ժամանակակից  կոմպոզիտորների գործերը լավագույնս ներկայացնելու համար՝ Փարթ, Շնիտկե, Կուրթագ, Լիգետի, Պենդերեցկի եւ Մանսուրյան։ Քաշքաշյանը ձայնագրել է շուրջ 30 ալբոմ, շատերը՝ ECM ու այլ շատ հայտնի ապրանքանիշերի հետ համագործակցությամբ։ 

«Առաջին բանը, որ իր անունը լսելիս մտաբերում եմ, ալտը չէ, այլ՝ քնարերգությունը, երաժշտության այն որակը, որը նման է երգի ու տրամադրությանդ համահունչ է հոսում»,- գրում է քննադատ Թոմ Մանոֆը NPR-ի (Ազգային հանրային ռադիո) համար։ Իսկապես, Քիմի յուրօրինակ ոճը պարբերաբար ուղեկցել է աշխարհի մեծագույն նվագախմբերին (Բեռլինի, Նյու Յորքի, Տոկիոյի) ու քառյակներին (Գվարնիերիի, Տոկիոյի), եւ նա նվագել է հռչակավոր գործընկերների հետ՝ Յո Յո Մա եւ Գիդոն Կրեմեր։ 

 

     Քիմ Քաշքաշյանը եւ Ռոբերտ Լեւինը կատարում են կոմպոզիտոր Մանուել դե Ֆալլայի «Աստուրիանան»

Աշխարհի առաջատար երաժշտական փառատոնների մշտական մասնակից Քիմը նաեւ դասավանդել է Ինդիանայի Բլումինգթոն համալսարանում եւ Ֆրայբուրգի ու Բեռլինի կոնսերվատորիաներում։ 2000թ.-ից նա ալտ ու կամերային երաժշտություն է դասավանդում Նյու Ինգլանդի կոնսերվատորիայում։ 
 

Հերոս Անաստաս էֆենդին 

Քաշքաշյանների ընտանիքը, շատ այլ հայերի նման, վերապրել է ցեղասպանությունը՝ մասամբ հարեւանների ու ծանոթների բարի կամքով։ Երբեմն կառավարությունում ծանոթ ունեցող ազդեցիկ ընկերը կարող էր կյանքի ու մահվան միջնորդ դառնալ՝ արեւմուտք փախուստի կամ դաժան ճակատագրի քմահաճույքին մնալու եզրագծին։

Քիմի հայրական տատն ու պապը ծնունդով Յոզգաթ նահանգի Սորգունից են։ Նրա հայրական պապ Տիգրան Հուշհուշյանը կրթված ու բավականին լավ կապեր ունեցող մարդ էր։ Նա ամուսնացել էր Ռաքել Քյուրքչյանի (օրիորդական ազգանունը՝ Ասլանյան)՝ Գուրունից մի օրիորդի հետ եւ ուներ երկու զավակ՝ Արտավազդն ու Մերին։ Տիգրանի ծանոթների մեջ մի կարեւոր հույն վաճառական կար՝ Անաստաս էֆենդին. հարգված մարդկանց այսպես էին դիմում Օսմանյան կայսրությունում։ Այս մարդը կարեւոր դեր ունեցավ ընտանիքի փրկության հարցում։ 

 

Image: 
Text: 

                   Քյուրքչյան-Ասլանյան ընտանիքը. Ռաքելը՝ մոր գրկին (կենտրոնում)

Երբ սկսվեցին տեղահանությունները, Անաստաս էֆենդին կարողացավ հետաձգել Հուշհուշյանների տեղահանման օրը. նրանք մի քանի ամիս թաքնված էին ֆերմաներից մեկի անասնագոմում։ Ի վերջո, Անաստաս էֆենդին Թուրքիայի կառավարությունում լավ պաշտոններ զբաղեցնող ընկերների աջակցությամբ Ռաքելին ու Մերիին օգնում է երկրից դուրս գնալ։ Ռաքելն ու Մերին կարողացան մաքսանենգ ճանապարհով Արտավազդին դուրս բերել Յոզգաթից՝ վերջինիս հագցնելով ու ներկայացնելով որպես մահմեդական տղա, բայց Տիգրանն սպանվեց 1915-1916թթ.: Այդ տարիներին կորել են Ռաքելի երեք քույրերը։ Ի վերջո, Ռաքելն իր երկու երեխաների հետ հասնում է Էլիս կղզի ու շարունակում իրենց ճանապարհը դեպի Բոստոն, որտեղ էլ իրենց գոյությունը կարողացան պահպանել ուլունքագործությամբ ու կարի ֆաբրիկայում աշխատելով։ 

Image: 
Text: 

                            Ռաքել Քաշքաշյանը (ձախից)՝ իր բարեկամուհիների հետ

Քիմի ընտանիքի մայրական կողմը ծնունդով Գուրունից էր ու Ամերիկա էր տեղափոխվել ցեղասպանությունից առաջ։ Նրա նախապապն ու նախատատը՝ Խաչատուրն ու Հաննա Քամյանները Մարիամ անունով դուստր են ունենում եւ երեք որդի՝ Մանուել, Հարրի եւ Բենջամին։ Կան գրավոր վկայություններ, որ Խաչատուրն ու Մանուելը 1906թ. Սուրբ Լոուրենս նավով հասել են Էլիս կղզի։ Երիտասարդ Մանուելին  հետ են ուղարկում ընտանիքի մնացած անդամներին գտնելու նպատակով։ Մարիամ Քամյանն ամուսնանում է Ջոն Հեքիմյանի հետ, իսկ 1947թ. իրենց դուստր Փերլը (Էլմասը) ամուսնանում է Արտավազդ Քաշքաշյանի հետ։ 

Արտավազդն ու Փերլը Ռաքելի եւ Մերիի հետ տեղափոխվում են Դետրոյթ՝ «հնարավորությունների քաղաք», որտեղ դասավանդում են, եւ որտեղ էլ ծնվում են նրանց երկու երեխաները՝ Քիմ եւ Տիգրան Քաշքաշյանները։ 

«Երաժշտությունը սննդի համար»
 

Երբ Քիմը համերգներով հանդես չի գալիս կամ չի դասավանդում, իր համայնքին աջակցում «Երաժշտությունը սննդի համար» կազմակերպության (Music For Food (MFF)) շնորհիվ, որտեղ նա հանդես է գալիս՝ որպես գեղարվեստական ղեկավար։ Այս նորարարական, շահույթ չհետապնդող կազմակերպությունն օգնում է երաժիշտներին իրենց համայնքներում պայքարել սովի դեմ՝ գումար հավաքելով կարիքավորներին կերակրելու համար: Համերգների ընթացքում արված նվիրատվություններով պատրաստվել է 200.000-ից ավելի կերակուր սովի դեմ պայքարող տասնյակից ավելի կազմակերպությունների կողմից։ Մինչ օրս 100-ից ավելի միջազգային արտիստներ ողջ երկրով մեկ մասնակցում են «Երաժշտությունը սննդի համար» բարեգործական համերգներին։  

«MFF-ը երաժիշտների համար իրենց երաժշտությամբ ինչ-որ կոնկրետ մի բան անելու, ինչպես նաեւ արտիստների ու լսարանի միջեւ քաղաքացիական պատասխանատվության մթնոլորտ ստեղծելու մի մեխանիզմ է», - ասում է Քիմը։  

Նյու Յորքում, Բոստոնում, Քլիվլենդում, Չինչինատիում, Լոս Անջելեսում եւ Չիկագոյում ունկնդիրներին խրախուսում են նվիրատվություն անել ու պատմում են, թե որքան կերակուրներ են նրանք ստեղծել իրենց նվիրատվություններով։ «Սա կարիքավորների հետ կապ հաստատելու մի ճանապարհ է», - բացատրում է Քիմը՝ նշելով, որ սովն Ամերիկայում այն մեծագույն խնդիրներից է, որի մասին լռում են։

 

 

Նույն կերպ Քաշքաշյանը կարողանում է դիտարկել իր ընտանիքի փորձը 1915թ. սարսափելի իրադարձությունների ժամանակվա տեսանկյունից. «Կարելի էր ցանկանալ, որ ամեն բան այլ կերպ դասավորվեր... ի վերջո, իմ տատիկը կորցրեց իր ամուսնուն։ Սակայն նրան հաջողվեց փրկել իր երեխաներին»։ Մի պահ դադարից հետո, նա ավելացնում է. «Երախտապարտ լինելու շատ առիթներ ունեմ»։

Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից:

 

Subtitle: 
«Երախտապարտ լինելու շատ առիթներ ունեմ»
Story number: 
230
Header image: