Նարե Կարոյան

Armenian
Intro: 
Դաշնակահարուհի Նարե Կարոյանը երախտապարտ է Պողոս Նուբար Փաշային. «Ինչպես կավագործն է ծեփում իր սափորը, այնպես էլ այս մարդը կերտել է իմ ընտանիքի պատմությունը։ Դա է պատճառը, որ իմ պատմությունն անվանում եմ «Նուբարաշեն (Նուբարի կերտած) ընտանիք»»։
Weight: 
-170
Related content: 
Story elements: 
Text: 
Դաշնակահարուհի Նարե Կարոյանը երախտապարտ է Պողոս Նուբար Փաշային. «Ինչպես կավագործն է ծեփում իր սափորը, այնպես էլ այս մարդը կերտել է իմ ընտանիքը։ Դա է պատճառը, որ իմ պատմությունն անվանել եմ «Նուբարաշեն (Նուբարի կերտած) ընտանիք»»։
Text: 

Իմ պապական տան նկուղային ննջասենյակի պատից կախված է մի սեւ-սպիտակ լուսանկար։ Իմ մեծ տատի ու պապի՝ Ալթուն Անթոյանի ու Նազարեթ Կարոյանի հարսանեկան նկարն է Ֆրանսիայի Վալանս քաղաքում։ Մոտավորապես 1927 թվականն է։ Նորապսակների լուրջ հայացքն ուղղված է դեպի ֆոտոխցիկը։ Ոչ շատ վաղ անցյալում նրանք կորցրել են իրենց ընտանիքի մեծ մասը։ Ի՞նչ տեսակ մարդիկ էին իմ նախնիները։ Չգիտեմ։ Ես նրանց երբեք չեմ հանդիպել։

Image: 
Text: 
                                                  Ալթուն եւ Նազարեթ Կարոյանները
 

Բայց գիտեմ, որ իմ ընտանիքի պատմությունն սկսվում է Հաբուսի գյուղում՝ Խարբերդ վիլայեթ։ Անթոյան եւ Կարոյան հարեւանները գյուղի ամենամեծ գերդաստաններից էին։ Ջարդերը խիստ նոսրացրին ընտանիքները։ Ալթունի եւ Նազարեթի ճակատագիրն ուրիշ էր։ Մահից մազապուրծ այս երեխաներին սկզբում փրկեցին քրդեր ու թուրքեր՝ թաքցնելով իրենց նկուղներում։

Իսկ հետագայի մասին ընտանեկան լեգենդը պատմում է մի մեծահարուստ հայի մասին, որը թուրքերից ու քրդերից գնում էր երեխաներին ու հանձնում որբանոցներ։ Այդ մարդու անունը Պողոս Նուբար Փաշա էր։ Հաջորդ մի քանի տարին Ալթունն ու Նազարեթն անցկացնում են տարբեր որբանոցներում․ սկզբում՝ Խարբերդի ամերիկյան հաստատությունում, հետո՝ Հալեպի ու Բեյրութի հայկական որբանոցներում։ Տարիներ անց խաղաղ ու ապահով կյանքի ձգտումը նրանց ստիպում է որոշումներ կայացնել։ Նորից ճակատագիրը կապվում է Պողոս Նուբարի հետ։ Ֆրանսիան վերջինիս երկրորդ հայրենիքն է։ Նախկին որբ երեխաները դեպի Մարսել ուղեւորվող նավն են նստում։ Արդյո՞ք դա Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմի նույն նավն էր, որով Զաքարյան ընտանիքը Մարսել էր տեղափոխվում. հնարավոր է:

Image: 
Text: 
                                                   Հաբուսի գյուղի քարտեզը
 

Կարոյան ընտանիքի կյանքի պատմությունը նաեւ նրանց հարեւանների կյանքի պատմությունն է։ Միասնական խաղաղ կյանք Հաբուսիում, հանդիպում փրկությունից հետո, համատեղ ճամփորդություն դեպի Ֆրանսիա, հարեւանային կյանք Վալանսում:

Ֆրանսիական այս փոքրիկ քաղաքն իմ Ժիրայր պապիկի եւ նրա եղբայր Գեւորգի ծննդավայրն է։ Բայց արդյո՞ք պետք է նրանք ֆրանսիացիներ դառնային։ Հնարավոր էր, սակայն նրանց ծնողները վաղուց փայփայած փափագ ունեին․․․մի hայրենիքի, որտեղ իրենք օտար չեն լինի, կկարողանան խոսել իրենց մայրենիով եւ դաստիարակել իրենց զավակներին՝ որպես հին քաղաքակրթության հպարտ ներկայացուցիչներ։

Սովետական Հայաստանը նրանց hայրենիքը չէր։ Բայց որոշումը կայացված էր. Հաբուսիի իրենց հարեւանների հետ կրկին երկարատեւ ճամփորդություն։

Նավի վրա շշուկներ են տարածվում, որ Կտակարան ունենալն արգելվում է, քանի որ Հայաստանը սոցիալիստական է։ Ընտանիքի Կտակարանը նետվում է ծովը։ Շուտով պարզվում է, որ դրա մեջ էին նաեւ ընտանեկան փաստաթղթերը։

Հայաստանում հասցեն հայտնի էր։ Ընտանիքը եւ հին հարեւանները միասին տեղափոխվում են Երեւանի արվարձաններից մեկը՝ Նուբարաշեն։ Սա մի թաղամաս է, որ Պողոս Նուբարն է կառուցել՝ հայրենադարձված ընտանիքների համար։ Սա իրենց «նորեկ» լինելու սկիզբն էր։ «Նոր գաղթածները» իրենց հետ բերում են անատոլիական սովորույթները, իրենց գունեղ խոհանոցը, ընտանեկան մեծ հավաքներն ու հնչեղ մի լեզվի հյուլեներ, որ շարունակում են օգտագործել առօրյայում։

Շատ չանցած սկսվում է Երկրորդ համաշխարհայինը, եւ Նազարեթին զորակոչում են։ Նա անհետ կորածների ցանկում է։

 

Image: 
Text: 
                                                              Նարե Կարոյանը
 

Ես հաճախ եմ կարդում կամ լսում վերապրածների լռության մասին։ Մեր ընտանիքում նույնպես անցյալի անցքերի մասին չի խոսվում։ Պատմությունները միայն առանձին մարդկանց ճակատագրերի մասին են։ Եթե կողմնակի մեկը պատահաբար լսի այդ խոսակցությունները, նրան կթվա, թե խոսքը ողջ մարդկանց մասին է։ Մինչդեռ այս մարդիկ վաղուց հեռացել են։

Այդ մարդկանցից մեկն էլ Պողոս Նուբարն է։ Այն իրողությունը, որ նա սկզբում փրկել, ու հետո նաեւ «նոր տուն» ու «նոր կյանք» է նվիրել մեր ընտանիքին, նրան դարձնում է ընտանիքի սուրբ ու պահապան հրեշտակ։ Նա մեկն է, որ իր արարքներով ոգեշնչում է մեզ։

Տարիներ առաջ ես մի փորձառություն ունեցա. որքան ես ֆիզիկապես իմ արմատներից հեռանում էի, այնքան հետաքրքրությունս նրանց հանդեպ մեծանում էր։ Որքան իմանում էի, այնքան ավելի էր սրվում հետաքրքրությունս։ Բայց քանի որ հեռվում էի ապրում (սովորում էի Գերմանիայում), տեղյակ չէի, որ հայրս էլ, իր  հերթին փորփրում էր ընտանեկան պատմությունն ու հիմնում «Պողոս Նուբար» ժամանակակից արվեստի կենտրոնը Նուբարաշենում։ 

Փիթեր Բալաքյանն իր գործերից մեկում հիշողությունը համեմատում է հին գորգի հետ, գորգ, որի մի հատվածի պատկերները պարզ են, մյուս հատվածում առանձին թելեր են հազիվ պահում, երրորդում՝ անցքեր են: Այս պատկերն ինձ համար ավելի հստակեցրեց, թե ինչքան կարեւոր է մեր հիշողությունների թելերն ու անցքերը պաշտպանելը։ Ներանձնային իմ մտորումը պետք է միաժամանակ թե՛ խոնարհում լիներ, թե՛ հայացք դեպի ապագան։ Խոնարհում՝ նախնիներիս ապրելու կամքի եւ բազմաթիվ մարդկանց անձնվեր աջակցության առջեւ, որոնց արարքնե՛րն են շատ հաճախ մեզ հայտնի, եւ ո՛չ անունները։ Միեւնույն ժամանակ իմ հայացքն ուղղված էր դեպի ապագան՝ որպես շնորհակալություն։
 

«Հիշողության հայացք»

Համերգային ծրագիրս, որ այս մտորումների արդյունք է, անվանեցի «Հիշողության հայացք»։ Այն հիշողություն է, որ նախնիներիս հարսանեկան լուսանկարի նման ուղիղ հայացքով նայում է ինձ։ Իմ հիշողության ճանապարհն ընտանիքիս պատմության ուղին է՝ Անատոլիայից դեպի Սիրիա ու Լիբանան, այնուհետեւ՝ Ֆրանսիա, եւ վերջապես՝ Սովետական Հայաստան։
 

 

 Կոմիտասի «Անտունին»՝ Վիլլի Սարգսյանի մշակմամբ, կենդանի ձայնագրություն Կատարողական արվեստների փառատոնից, Գաֆէսճեան Արվեստի Կենտրոն, 29.04.2015թ.
 

Մի քանի տարի առաջ Գերմանիայում ծանոթացա Զեյնեփ Գեդզլիօղլուի՝ թուրք կոմպոզիտորի հետ. կարճ ժամանակում մտերմացանք: Երբ Արեւմտյան Գերմանիայի Ռադիոկայանի կազմակերպած PEN-Exil միջոցառմանը մասնակցելու հրավեր ստացա, Զեյնեփն ինձ համար ստեղծագործություն գրեց, քանի որ թեման Թուրքիան էր: Այն ունի Denge (հավասարակշռություն) անունը. սիմվոլիկ հավասարակշռություն մեր երկու ժողովուրդների պատմությունների եւ ստեղծագործության երկու հիմնական նոտաների միջեւ: Denge-ն իր արեւելյան հնչողությամբ անմիջապես գերեց ինձ: 

Այն փաստի մասին, որ իմ հարազատները նաեւ Հալեպում եւ Լիբանանում են եղել, ես միայն անցյալ տարի իմացա: Այս տեղեկությունն ինձ հանգիստ չտվեց մինչեւ դաշնամուրային արեւելյան երաժշտություն գտա՝ իմ հիշողության հայացքն արեւելք ուղղելու համար: Շաբաթներ տեւող փնտրտուքների արդյունքում դիմեցի Ֆրանսիայում բնակվող լիբանանցի կոմպոզիտոր Քարիմ Հադդադին, որն ինձ «47 lat. Nord, 3 long. Ouest» վերնագրով մի փոքրիկ ստեղծագործություն ուղարկեց: Չնայած ժամանակակից կոմպոզիցիոն մոտեցմանը, այստեղ մենք լսում ենք հարվածային գործիքների ձայնը՝ արաբական մուղամի իմպրովիզացիոն խաղիկներով: Հադդադը բնակվում է Ֆրանսիայում եւ այս ստեղծագործության վերնագիրը ֆրանսիական մի կղզու աշխարհագրական կոորդինատներն են: Իմ զգացողությամբ, սա մի սիմվոլիկ կապ էր մեր ընտանիքի պատմության հետ:

Դաշնամուրի համար սիրիական արմատներով  ստեղծագործություն ունենալը բավականին բարդ գործ էր: Վերջին անհույս փորձս ամերիկաբնակ սիրիացի կոմպոզիտոր Քարիմ Ռուստոմին գրելն էր, չնայած նրա ստեղծագործություններում դաշնամուրային գործ չկար:

Նրա պատասխանը չուշացավ: Նա գրեց, որ դաշնամուրային ստեղծագործություն չունի, բայց շատ է ուզում իր ներդրումն ունենալ իմ աշխատանքում եւ անպայման մի բան կգրի ինձ համար: Բացի դրանից Ռուստոմը պատմեց իր մեծ տատիկի մասին, որը Հայոց ցեղասպանության տարիներին ամեն գիշեր տան դարպասների առջեւ ուտելիք էր դնում հայ փախստականների համար:

Այս ամենը շատ հուզիչ էր:

Մի քանի շաբաթ անց նամակով ստացա «Oh people, leave me to my sorrows»  ստեղծագործությունը: Այն իմպրովիզացիա է Սայեդ Դարվիշի մի երգի հիման վրա: Նորից մի կապ իմ ընտանիքի հետ: Եգիպտացի Դարվիշը Պողոս Նուբարի ժամանակակիցն էր:

Ընտանիքիս պատմության երաժշտական քարտեզագրումը շարունակեցի: Ֆրանսիան ներկայացավ Ֆրանսիս Պուլենկի «Suite  Française» շարքով՝ բաղկացած XVI դարի ազգային պարերից: Այս ստեղծագործությունն իր արեւմտյան անհոգությամբ եւ թեթեւությամբ յուրահատուկ տեղ ունի արեւելյան մելամաղձոտ եւ ծանր ծրագրում:

Եվ վերջապես Հայաստան: Հնարավո՞ր է հայկական երաժշտությունն առանց Կոմիտասի: Հազիվ թե: Երեւանյան՝ գրավիչ, Շուշիի՝ խրոխտ եւ առնական, Վաղարշապատի՝ մեղեդային պարերը. Վիլլի Սարգսյանի մշակմամբ՝ ջերմ եւ կարեկցանքով լի, կենդանի եւ թարմ: Երաժշտական այս ուղին ավարտել եմ Հարություն Դելալյանի «Նվիրում Կոմիտասին» ստեղծագործությամբ, որն ապացույցն է մեր՝ Կոմիտասի ոգին կրողը լինելու:

Սա  երաժշտական արտացոլանքն է այն անցած աշխարհի, որի ստվերները մինչ օրս մեզ են հասնում: Հայոց ցեղասպանությունից հարյուր տարի անց ե՛ս էլ ուզեցի քայլել ընտանիքիս անցած ճանապարհով՝ երաժշտությամբ։

«Հիշողության հայացք» համերգային ծրագիրը խոր երախտագիտության արտահայտություն է, եւ նվիրվում է Պողոս Նուբար Փաշայի անանց հիշատակին։

Հեղինակի մասին. Դաշնակահարուհի Նարե Կարոյանի ծննդավայրը Երեւանն է, որտեղ նա մեծացել է «դաշնամուրի, բազմաթիվ վինիլային ձայնապնակների եւ ժամանակակից արվեստի մթնոլորտում, որը մինչ օրս նրա համար էներգիայի աղբյուր է»:

Իր երաժշտական կարողություններն ընդլայնելու անվերջ փնտրտուքների ճանապարհին, Նարեն պատիվ է ունեցել աշխատել  հայտնի արվեստագետների հետ՝ Պասկալ Դեւուայոն, Պիեռ Լորան Էմաղը, Փեթեր Այխերը, Անթոնի Սպիրին, Ժերար Բյուկեն:

2015-16թթ. համերգային առավելապես նշանակալի ելույթներից են «Դադայիստական ծրագիրը»՝ թավջութակահար Իրա Գիվոլի հետ, «Շյոնբերգ եւ Կաֆկա»՝ դերասան Ուլրիխ Մարքսի մասնակցությամբ, եւ համերգային ճամփորդությունը Բրամսի գալարափողային տրիոյով՝ հանրահայտ Մարի Լուիզ Նոյնեքերի հետ: 

Գլխավոր լուսանկարում՝ Նարե Կարոյանը, լուսանկարը՝ Մարկուս Հոֆմանի

Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից:​

Subtitle: 
Դաշնակահարուհին՝ իր «Նուբարաշեն ընտանիքի» մասին
Story number: 
222
Header image: