Արման Ոսկերչյան

Armenian
Intro: 
Ռուսաստանցի գործարար Արման Ոսկերչյանը դպրոցից հետո ընտրել է ամենամարդասիրական ոլորտը՝ բժշկությունը, սակայն Երեւանի բժշկական ինստիտուտն ավարտելուց հետո մասնագիտությամբ երկար չի աշխատել։ Նրա երակներում հոսող՝ հնարագետ եւ տաղանդավոր կազմակերպիչների արյունը զգացնել է տվել։ Երիտասարդ բժիշկն սկսել է բիզնեսով զբաղվել եւ հիանալի կարիերա կառուցել միջազգային կորպորացիաներում։ Johnson & Johnson ընկերությունում զբաղվել է ռազմավարական պլանավորման հարցերով, իսկ Philips ընկերությունում հասել է Ռուսաստանում եւ ԱՊՀ երկրներում գլխավոր տնօրենի պաշտոնին։ «Նպատակասլացությունն ու համառությունը ժառանգել եմ իմ նախնիներից։ Դաժան ճակատագիրը զարգացրել է նրանց կամքը։ Նրանք ցեղասպանություն են վերապրել»,- ասում է Ոսկերչյանը։
Weight: 
-279
Related content: 
Story elements: 
Text: 
Ռուսաստանցի գործարար Արման Ոսկերչյանը դպրոցից հետո ընտրել է ամենամարդասիրական ոլորտը՝ բժշկությունը, սակայն Երեւանի բժշկական ինստիտուտն ավարտելուց հետո մասնագիտությամբ երկար չի աշխատել։ Նրա երակներում հոսող՝ հնարագետ եւ տաղանդավոր կազմակերպիչների արյունը զգացնել է տվել։ Երիտասարդ բժիշկն սկսել է բիզնեսով զբաղվել եւ հիանալի կարիերա կառուցել միջազգային կորպորացիաներում։ Johnson & Johnson ընկերությունում զբաղվել է ռազմավարական պլանավորման հարցերով, իսկ Philips ընկերությունում հասել է Ռուսաստանում եւ ԱՊՀ երկրներում գլխավոր տնօրենի պաշտոնին։ «Նպատակասլացությունն ու համառությունը ժառանգել եմ իմ նախնիներից։ Դաժան ճակատագիրը զարգացրել է նրանց կամքը։ Նրանք ցեղասպանություն են վերապրել»,- ասում է Ոսկերչյանը։
Text: 

Ոսկերչյանների տոհմը սերում է Սասուն գավառից, որի բնակիչները հայտնի էին քաջությամբ եւ ռազմական ոգով։ Երբ 1894-ին սկսվեցին հայերի առաջին ջարդերն Օսմանյան կայսրությունում, հենց Սասունն էր դարձել դիմակայության գլխավոր կենտրոնը։ Ապստամբների ջոկատներում էին նաեւ Արման Ոսկերչյանի նախնիները։

Նրա նախապապը՝ Տոնապետ Ոսկերչյանը, կիրթ եւ աշխարհիկ մարդ էր։ Նախորդ դարասկզբին աշխատում էր Գազո փոքրիկ քաղաքի գանձապետարանում։ 1915-ի մայիսին ծանոթ քրդերը նրան զգուշացրել են սպառնացող չարիքի մասին։ Ի տարբերություն բազմաթիվ հայրենակիցների՝ Տոնապետը լուրջ է ընդունում ահազանգը եւ ընտանիքն անհապաղ պատրաստում տեղափոխվելու։

Նրանք փախան՝ հասցնելով վերցնել միայն ամենաարժեքավոր իրերը։ Քաղաքը լքելուց մի քանի օր անց այնտեղ կոտորած սկսվեց։

Image: 
Text: 

                                 Արման Ոսկերչյանի պապիկը՝ Պողոս Ոսկերչյանը

Տոնապետը, նրա կինը, որդի Պողոսը եւ դուստր Ալիսը միացան այդ ժամանակ ռուսական զորքերի վերահսկողության տակ գտնվող Կարս ուղեւորվող քարավանին։ Ճանապարհին կինը ծանր հիվանդանում է։ Ընտանիքն ստիպված էր նրան թողնել հայկական եկեղեցիներից մեկում։ Տոնապետին այլեւս վիճակված չէր տեսնել կնոջը։ Հաջորդ օրը քարավան լուր է հասնում, որ թուրք հեծյալների ջոկատը ոչնչացրել է բոլոր նրանց, ովքեր ապաստան էին գտել եկեղեցում։ Հայերին փակել էին տաճարում ու վառել այն։ Երեխաներին Տոնապետը, բնականաբար, ոչինչ չի պատմում։ 

Քարավանում գտնվող մարդկանց թիվը շատ արագ նվազում էր։ Մարդիկ տասնյակներով մահանում էին հյուծվածությունից, սովից եւ հիվանդություններից։ Սեւ ծաղիկի համաճարակը բառի բուն իմաստով հնձում էր գաղթականներին: Երեխաների պարանոցին թելի վրա շարած սխտորի պճեղներ էին կախում, որպեսզի չվարակվեն, սակայն 8-ամյա Պողոսը, միեւնույն է, վարակվում է մահացու հիվանդությամբ:

Հիվանդ երեխան դժվարությամբ էր քայլում, իսկ քարավանը չէր կարող տեղում մնալ՝ շատ վտանգավոր էր: Բացի այդ, Պողոսը կարող էր վարակել մնացած երեխաներին: Հայրն ստիպված էր տղային թողնել ծառի տակ: Նա Պողոսին աղաչում էր տեղում մնալ, խոստանում էր անպայման վերադառնալ նրա հետեւից: Երբ քարավանը հասավ Արաքս գետի ափը եւ համեմատաբար անվտանգ հանգրվան գտավ, Տոնապետը բռնեց հետդարձի ճամփան, որը մի քանի օր տեւեց:

Տոնապետի երջանկությանը չափ ու սահման չկար, երբ նույն ծառի տակ գտավ որդուն՝ ծանր հիվանդ, բայց ողջ:

Image: 
Text: 

 Գաբրիել Աղայանը (Արման Ոսկերչյանի հորական կողմի նախապապը) կնոջ՝ Վարդուհու հետ՝ ընտանիքի անդամներով շրջապատված (ձախից երրորդը եւ չորրորդը վերեւի շարքում), կենտրոնում՝ Գաբրիելի հայրը՝ Մանուկ Աղայանը, կնոջ հետ

Հայրը երկար ժամանակ բուժում էր Պողոսին: Երկուսի կամքի ուժն օգնեց հաղթահարել հիվանդությունը: Տղան առողջացավ, սակայն սեւ ծաղիկի հետքերը մնացին մարմնի վրա ընդմիշտ: «Յոթ տարեկան էի, երբ հարցրեցի պապիկիս, թե ինչու է նրա դեմքը սպիներով պատված,- պատմում է Արման Ոսկերչյանը,- այդ ժամանակ պապս առաջին անգամ պատմեց իր փրկության սարսափելի պատմությունը: Դրանից հետո միայն սկսեցի պատկերացնել մեր ժողովրդի հետ տեղի ունեցած չարիքի աստիճանը»։

Տոնապետը երեխաների հետ հաստատվում է Հայաստանում՝ Աշտարակի շրջանի Ուջան գյուղում: Պողոսն ավարտում է տնտեսական տեխնիկումը, այնուհետեւ՝ Երեւանի պետական համալսարանը, ընդունվում ասպիրանտուրա եւ պաշտպանում թեկնածուական թեզը: Պրոֆեսոր Ոսկերչյանը դասախոսում էր համալսարանում, դարձել էր տնտեսագիտական ֆակուլտետի դեկան: Հետագայում գրել է դոկտորական թեզ, որը չի հաստատվել՝ հանրապետության էլեկտրաֆիկացիայի ծրագրի իրականացման ընթացքում թույլ տված սխալների չափազանց կոշտ քննադատության պատճառով:

«Պապս իմաստուն մարդ էր: Կարողանում էր ամեն ինչին փիլիսոփայորեն վերաբերվել»,- պատմում է Արման Ոսկերչյանը:

«Նկատում էի, որ թուրքերի հանդեպ ատելություն չուներ՝ անկախ տեղի ունեցածից: Նրանց էլ էր զոհ համարում՝ իշխանության եկած ստահակների հանցագործ քաղաքականության զոհ: Նաեւ մեծ հարգանքով էր խոսում այն մահմեդականնների մասին, որոնց շնորհիվ մեր ընտանիքը փրկվել է,- նշում է նա,- ես էլ եմ նրանց երախտապարտ: Ես գոյություն չէի ունենա, եթե չլինեին այդ մարդիկ»:

Image: 
Text: 

                             Արման Ոսկերչյանի նախապապը՝  Գաբրիել Աղայանը (աջից նստած)

Պողոս Ոսկերչյանն իր ապագա կին Հրանուշ Աղայանի հետ ծանոթացել է դեռ պատանի հասակում: Հրանուշն աշխատում էր հարեւան գյուղի կոմերիտական կազմակերպությունում: Նա էլ էր գաղթական եւ անցել էր սարսափելի փորձությունների միջով: Աղայանները բնակվում էին Վանում՝ Արեւելյան Անատոլիայի ամենախոշոր քաղաքում, Արեւմտյան Հայաստանի կարեւորագույն մշակութային եւ տնտեսական կենտրոնում:

Արման Ոսկերչյանի Գաբրիել նախապապը՝ Հրանուշի հայրը, Վանում հայտնի ոսկերիչ էր: Ոսկի ձեռքերի եւ գործարար ձիրքի շնորհիվ նա մեծ հարստության տեր էր դարձել: Վայելում էր ոչ միայն հարեւան հայերի, այլեւ մահմեդական թաղամասում բնակվող քրդերի հարգանքը:

Քրդերից մեկն զգուշացրել էր Գաբրիելին, որ հենց հաջորդ օրը քաղաքում կսկսվեն կոտորածները: Իրեր հավաքելու ժամանակ չկար, ճամփա են ընկել գիշերը:

Արդեն ճանապարհին Գաբրիելը ձիեր է գնում, որոնց վրա փոխադրվում էին ինչպես նրա ընտանիքի անդամները, այնպես էլ այլ հայ գաղթականներ: Բայց մի քանի օրից ձիերը ուժասպառ եղան: Քուրդ ավազակախմբերը եւ թուրքական բանակի ջոկատները կարող էին ցանկացած պահի փակել քարավանի ճանապարհը: Ձիերին թողնելով՝ գաղթականները շարունակեցին ճանապարհը ոտքով:

«Տատիկս այդ ժամանակ յոթ տարեկան էր,- պատմում է Արման Ոսկերչյանը,- նա հիշում էր, որ մայրն իր կիսաշրջազգեստի փեշը կարել էր սեփական զգեստի փեշին, որպեսզի աղջիկը չկորչի, քանի որ մոր ձեռքերն զբաղված էին»: Ցավոք, փոքրիկ Հրանուշի մայրը մահացել է ճանապարհին՝ սրտի նոպայից: Նրան թաղել են հենց ճամփեզրին:

Image: 
Text: 

 Արման Ոսկերչյանի նախապապ Գաբրիել Աղայանի ստեղծած ոսկերչական մուրճն ու ծխախոտատուփը

Հրաշքով փրկված Գաբրիելն ու նրա դուստրը բնակություն են հաստատում Աշտարակում: Որոշ ժամանակ Աղայաններն ապրում էին Վանից բերված թանկարժեք իրերն ու զարդերը վաճառելով: Աշխատանք գտնելը բարդ էր: Հասկանալի պատճառներով ոսկերչի տաղանդն այդ տարիներին պահանջարկ չուներ: Եթե նախկինում Գաբրիել Աղայանն ստեղծում էր ադամանդե մանյակներ եւ մարգարտյա թեւնոցներ, ապա Խորհրդային Հայաստանում ստիպված էր նավթավառներ ու պղնձե թասեր վերանորոգել: Բայց աշխատանքից չէր վախենում: Ցանկացած գործ այնպես էր անում, որ պատվիրատուի մոտ ցանկություն էր առաջանում պայմանավորված գումարից ավելին վճարել:

«Նախապապիս չեմ տեսել, բայց մեր տանը պահպանվում են նրա ստեղծած հրաշալի գործերը՝ գրքի տեսքով զարդարված ծխախոտատուփը, փորագրված զարդատուփը, դրվագազարդ փետրավոր գրիչը՝ դատարկ պարկուճից,- պատմում է Ոսկերչյանը:- Ընտանիքում սերնդեսերունդ փոխանցվում է թանկարժեք մասունքը՝ փոքրիկ ոսկերչական մուրճը, որով աշխատում էր Գաբրիել նախապապս: Ինձ համար այդ գործիքը կամքի եւ բարդությունները հաղթահարելու ձգտման խորհրդանիշ է»:

«Նախապապս եւ նրա ժամանակակիցները կարողացել են ապացուցել, որ երբեմն փոքրիկ մուրճը կարող է ավելին անել, քան մահաբեր յաթաղանը»: 

 

Image: 
Text: 

                                  Արման Ոսկերչյանի հայրը՝ Էմիլ Ոսկերչյանը, Անիում

Պողոսի եւ Հրանուշի որդին՝ Արմանի հայր Էմիլը, ողջ կյանքում երազել է նախնիների հայրենիքում լինել: Անցյալ տարի նրա երազանքն իրականացել է: Նա մեկնել է Արեւմտյան Հայաստան, այցելել Վանա լիճ, զբոսնել Սասունի սարերում: Գազո քաղաքում 76-ամյա Էմիլը գտել է հայրական տունը: Նա լիովին վստահ չէ, որ հենց այդ տանն են ապրել Ոսկերչյանները: Բայց առանձնատունը շատ նման է Էմիլի հոր նկարագրածին:

 

Image: 
Text: 

                                                           Արման Ոսկերչյանը

«Կյանքի ինչ-որ փուլում սկսեցի մտորել արմատներիս մասին,- պատմում է Արման Ոսկերչյանը,- մեծ որդի ունեմ, որը Հայաստանից հեռու է ապրում: Ոզում եմ, որ նա իմանա, թե որտեղից ենք սերում եւ ովքեր ենք, որ պատասխանատվության զգացում ունենա իր պատմական հայրենիքի հանդեպ»։ Ոսկերչյանը որոշել է տոհմածառ կազմել, որ տղային հեշտ լինի թոռներին նույն ոգով դաստիարակել:

Արմանը դիմել է արհեստավարժ մասնագետների օգնությանը: Փորձագետների խումբը մեկ տարվա ընթացքում հարցազրույցներ է անցկացրել Ոսկերչյանների եւ Աղայանների հեռավոր բարեկամների հետ, աշխատել է Թուրքիայի, Հայաստանի եւ Ռուսաստանի բաց արխիվներում, խորհրդակցել պատմաբանների եւ ազգագրագետների հետ: Արդյունքում կազմվել է լուսանկարներով, քարտեզներովեւ վկայականների պատճեններով ծավալուն ալբոմ: Հաջողակ գործարարի ինչի՞ն էր դա պետք. 

«Պոռթկումիս ամենահեշտ բացատրությունն ինքնապահպանման բնազդն է: Սրանով փորձում եմ պաշտպանել ինձ եւ ժառանգներիս ձուլումից, մեզ սնող արմատների հետ կապի կորստից: Իսկ ո՞վ ենք մենք առանց արմատների»:

Subtitle: 
«Նպատակասլաց եմ ու համառ՝ ժառանգել եմ նախնիներիցս»
Story number: 
229
Header image: