Հրաչ Կապրիելյան

Armenian
Intro: 
Շվեյցարիայում բնակվող հայազգի բարերար եւ գործարար Հրաչ Կապրիելյանը «Արցախբանկի» տնօրենների խորհրդի անդամ է եւ շվեյցարական շքեղ ժամացույցներ արտադրող «Ֆրանկ Մյուլլեր» (ԱՄՆ) ընկերության գործադիր տնօրենը: Փոքր-ինչ հանդուգն տոնով՝ Հրաչը հայտարարում է, որ բնիկ պոլսեցի է. այս հայտարարությունն արտացոլում է թե՛ քաղաքի բազմազանությունը, թե՛ այն ընտանիքի հպարտությունը, որի վերապրումի պատմությունն սկսվել է դեռեւս միջնադարից:
Weight: 
-306
Related content: 
Story elements: 
Text: 
Շվեյցարիայում բնակվող հայազգի բարերար եւ գործարար Հրաչ Կապրիելյանը «Արցախբանկի» տնօրենների խորհրդի անդամ է եւ շվեյցարական շքեղ ժամացույցներ արտադրող «Ֆրանկ Մյուլլեր» (ԱՄՆ) ընկերության գործադիր տնօրենը: Փոքր-ինչ հանդուգն տոնով՝ Հրաչը հայտարարում է, որ բնիկ պոլսեցի է. այս հայտարարությունն արտացոլում է թե՛ քաղաքի բազմազանությունը, թե՛ այն ընտանիքի հպարտությունը, որի վերապրումի պատմությունն սկսվել է դեռեւս միջնադարից:
Text: 

Հրաչի ընտանեկան պատմությունը միաժամանակ թե առաջ է մղում նրան, թե տանջում: Գրասենյակային գիտնական չէ. իմպուլսիվ է ու պայքարի պատրաստ, գործի, այլ ոչ թե խոսքի մարդ: Իսկ անունը նշանակում է «հուր աչք». այն, ըստ հավատալիքների, կարող է թափանցել մինչեւ մարդու հոգու խորքը: Շարունակ մտորումների աշխարհում նրան առաջնորդում են ճիշտ ու սխալի, պատասխանատվության եւ կարեկցանքի հարցերը: 

 

Image: 
Text: 
                                   Փոքրիկ Հրաչը ծնողների հետ, 1950-ականների կեսին
 

Մարտական մանկություն

Հրաչը ծնվել է 1953-ին Ստամբուլի Կումկապի (Գում Գափու) հայկական թաղամասում: «Փոքր ժամանակ խաղում էինք հարեւանի երեխաների հետ: Մենք հայ զինվորներն էինք, իրենք՝ թուրքերը: Երբեմն հաջողվում էր նրանց մի լավ դնգստել, սակայն քանակով գերազանցում էին, ինչի հաշվին ավելի հաճախ էին հաղթում»,- հիշում է Հրաչը: 

Ծնողների բաժանումը խոցելի դարձրեց նրան: «Իր ժամանակին դա պարզապես անհավանական բան էր: Մի գիշերվա մեջ ես անցանկալի դարձա ընկերներիս տանը»,- հիշում է Հրաչը: Նա դեռ վաղ տարիքից սկսել է հասկանալ, թե ինչ է քաղաքականությունը, իսկ նրա հայացքները կյանքն էլ ավելի են դժվարացրել: «Երիտասարդների մեծ մասը կոմունիստների եւ սոցիալիստների ազդեցությունն էր կրում: Հավասարություն, խաղաղություն, արդարություն. սրանք էին մեր արժեքները»,- նշում է նա:
 

Ոսկե ժառանգություն

Հրաչի մորական պապը ոսկերիչ էր, ծնվել էր Բուլղարիայի Վառնա քաղաքում: «Ժիրայրը ուժեղ, բայց զգայուն ու պարկեշտ մարդ էր,- հիշում է Հրաչը,- մարդիկ վստահում էին պապիս իրենց ոսկեղենը, նա էլ հալեցնում էր ոսկին, զտում եւ էլ ավելի գեղեցիկ մի բան պատրաստում»: Հրաչի հայրը՝ Գեղմեսը, նույնպես ոսկերիչ էր: Մանկուց տանը ոսկի, արծաթ եւ թանկարժեք քարեր տեսած Հրաչն ընդամենը 13 տարեկանում արդեն հմայիլներ ու թալիսմաններ էր վաճառում՝ դռնեդուռ շրջելով:

5 տարի անց մեկնեց ԱՄՆ՝ ապրելու Նյու Ջերսիում բնակություն հաստատած պապի ու տատի՝ Ժիրայրի ու Աղավնիի հետ:

«23 տարեկան էի, երբ սկսեցի իմ սեփական գործը: Սկզբում ադամանդի արհեստավոր էի, բայց շուտով սկսեցի ինքս թանկարժեք զարդեր նախագծել եւ պատրաստել: Առաջին միլիոնը վաստակեցի դեռ 30 տարեկանը չբոլորած»,- ասում է նա:

1989-ին Հրաչը եկավ Հայաստան: «Երկրաշարժից հետո միայն մի բան էինք ցանկանում՝ օգնել»,- ասում է նա: Այն ժամանակից Հրաչը ֆինանսավորել է մարդասիրական օգնության բազմաթիվ ծրագրեր եւ դարձել 50-ից ավելի երեխաների հոգատար կնքահայրը: Բանկից ու շինարարական ընկերությունից բացի, նա իր գործընկերների հետ Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում ունի ագարակներ ու գյուղտնտեսություններ: Լայն հանրությանը հայտնի է նաեւ որպես Երեւանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի նախագահ, սակայն դեռ պետք է տեսնել, թե արդյո՞ք թիմը երբեւէ կվերականգնի իր նախկին փառքը: 

 

Image: 
Text: 
Հրաչ Կապրիելյանը (ձախից 5-րդը) Երեւանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի մարզիկների եւ մարզիչների հետ
 

Տատի խոսքով

Իր ծննդավայր Թուրքիայում Հրաչը չի եղել ավելի քան 45 տարի: «Վստահ չեմ, որ կկարողանամ կառավարել զայրույթս»,- ասում է նա: Զգացմունքները կարող են շատ ուժեղ լինել, եւ միշտ չէ, որ հնարավոր է դրանք տրամաբանորեն բացատրել. ցավը, անզորությունը, հուզմունքը, սերը, լուռ կսկիծը, անհասցե ցասումը եւ շատ այլ ապրումներ են այսօր Հրաչին տանջում: Այս ամենն արդարացված են, եթե հաշվի առնենք նրա երկրի եւ ընտանիքի փոթորկահույզ պատմությունները:

XIV դարում երկրաշարժերն ու քոչվոր ցեղերի հարձակումներն ավերակների վերածեցին Հայաստանի մայրաքաղաք Անին: Հրաչի նախնիները վերաբնակվեցին Ղրիմի թերակղզում, որտեղ այսօր սփյուռքի հնագույն համայնքներից մեկն է: Մոտ 1700-ին նրանք որոշեցին վերադառնալ: «Ընտանիքի մեր ճյուղն ուղեւորվեց Անկարայի մոտակայքում գտնվող Կալեցիկ քաղաք: Այդպես է ինձ պատմել Գյուլիզար տատս՝ կին, որի հետ անցկացրել եմ կյանքիս մեծ մասը»,- ասում է Հրաչը: 

 

Image: 
Text: 
                                 Հրաչ Կապրիելյանի տատը՝ Գյուլիզարը, 1960-ականներին
 

Ցեղասպանության մասին նույնպես Հրաչին նա է պատմել, այլ ոչ թե ծնողները: «Ընդամենը 7 տարեկան էի, իսկ նա՝ 80: Կյանքից դառնացած էր: Շատ էր ծխում, երբ կիսում էր հետս իր հիշողությունները: Ձեւացնում էի, թե ես էլ եմ ծխում, որպեսզի իրեն ավելի լավ զգա»,- հիշում է նա: Ահա թե ինչ էր պատմում նրա Գյուլիզար տատը.

«Մարդիկ քո Ներսես պապին «աղա» էին ասում՝ ի նշան մեծ հարգանքի: Խաղողի այգիներ, արհեստանոցներ ու շատ տներ ուներ: Մի գիշեր 4 թուրքեր մեզ 15 նժույգ բերեցին եւ սկսեցին համոզել, որ անհապաղ փախչենք. հաջորդ օրը վատ բաներ էին սպասվում: Սակայն Ներսեսը չլքեց իր ընտանիքը:

Հաջորդ առավոտյան գյուղ եկած վարձկաններն առեւանգեցին ընտանիքի 17 տղամարդկանց եւ գնդակահարեցին ածխահանքում․ այս ճակատագրին արժանացան մյուս բոլոր հայ տղամարդիկ: Միակ փրկվածը 13-ամյա Մինասն էր, որն ականատես եղավ այդ ոճրագործությանը:

Սպաներից մեկը հրամայել էր խնայել նրան, քանի որ դեռ երեխա էր: Այդ մարդն ի վերջո 28 տղայի կյանք փրկեց եւ թիկնապահ նշանակեց նրանց պաշտպանելու համար: Ճանապարհին հանդիպեցին այլ մարդիկ էլ, որ ցանկանում էին գնդակահարել տղաներին, սակայն թիկնապահն ասում էր, որ ունի հրաման՝ նրանց անվտանգ տուն հասցնելու: Նա հասկացրեց բոլորին, որ պատրաստ է մեռնել, բայց հարձակվողներից մի քանիսին սպանելուց հետո միայն: Գյուղում Մինասը դեռ երկար ուշքի չէր գալիս ցնցումից: Հին ավանդույթի համաձայն նրան ստիպեցին շան քոթոթների արյուն խմել. հավատում էին, որ դա կվերականգնի նրա ուժը՝ անասելի ոճիրը տեսնելուց հետո: 

Image: 
Text: 
                                Հրաչ Կապրիելյանի մոր ծնողները՝ Աղավնին եւ Ժիրայրը
 

Պապդ եւ ես 13 երեխա ունեինք, հայրդ՝ Գեղմեսը, ամենափոքրն էր: Նա ծնվեց ճանապարհին, երբ մեզ տեղահանում էին: Չունեինք ոչ ջուր, ոչ ուտելիք: Փոքրիկը տառապում էր դիզենտերիայից, եւ ես վստահ էի, որ կմեռնի: Հուսալով, որ նրա մասին հոգ կտանեն բարի մարդիկ, պատրաստվում էի լքել նրան, քանի որ իմ կարիքն ունեցող եւս 12 երեխա ունեի: Սակայն հարսս հասցրեց նրան մինչեւ քրդական գյուղ, որտեղ նրան շաքարով խաղողի հյութ տվեցին: Մարդիկ ասում էին՝ «Ներսես աղայի տղան է»: Ահա այսպես նա փրկվեց, մինչդեռ մնացած զավակներիցս ութը մահացան»:
 

Երկու դար՝ բուժվելու համար

Ողջ կյանքում Գեղմեսին տանջում էր սեփական հորը տեսած չլինելու անամոք վիշտը: Փրկվածները վերադարձան իրենց գյուղ: Մի օր էլ Գյուլիզարն այլ մարդու ձեռքին տեսավ Ներսեսի մատանին եւ ուշաթափվեց: Հոգու ամենախորքում նա հրաշքի հույս էր փայփայել:

Կապրիելյանների ընտանիքի որոշ անդամներ ստիպված էին մահմեդականություն ընդունել եւ փոխել իրենց անունները: Գյուլիզարը մի քանիսի հետ միասին տեղափոխվեց Կոստանդնուպոլիս, մինչդեռ մի խումբ ավելի հաջողակներ փախել էին Ռուսաստան: 10 տարի էր անցել, երբ Ռուսաստանից վերադարձան՝ իրենց ազգականների հետքերով. Կամչատկայում բրդի հաջողակ վաճառականներ էին դարձել ու ցանկանում էին, որ ընտանիքը միանա իրենց: Անհետ կորած անձանց մասին հայտարարություններ տարածեցին հայկական թերթերում, սակայն ոչ ոք չարձագանքեց՝ Գեղմեսը դեռ փոքր էր, իսկ կանայք միայն թուրքերեն կարդալ գիտեին:

Օր օրի՝ Գյուլիզարն այս երկար, էպիկական պատմությունը մաս առ մաս փոխանցում էր Հրաչին: Չէր բարձրաձայնում, բայց պարզ էր՝ Հրաչից ակնկալում էր վրեժխնդիր լինել ոճրագործությունների համար: «Ուղեղի լվացման էր նման,- այսօր խոստովանում է Հրաչը,- սակայն հայկական ինքնությանս համար նրան եմ պարտական»:

Հնարավո՞ր է, արդյոք, վրեժ լուծել չարիքի համար՝ առանց ավելի մեծ չարիք գործելու: Հրաչն արդեն հասկացել է, որ այդ հարցին չկա միանշանակ պատասխան: Նա կարողացել է մնալ նվիրյալ Կապրիելյան՝ առանց իրեն մեղավոր զգալու: «Փրկվածների ժառանգները չեն կարող հանգիստ ապրել,- վստահ է նա,- դա կարծես հիվանդություն լինի, որը բուժելու համար երկու դար է անհրաժեշտ»: 

Image: 
Text: 
                                                Հրաչ Կապրիելյանի պապը՝ Ժիրայրը
 

Հրաչի հայրենասիրությունը Հայաստանին նրա նվիրվածության շարժիչ ուժն է, եւ ժամանակ առ ժամանակ նա նույնիսկ թույլ է տալիս, որ իր մեջ բոցկլտա Կումկապիի այն ճարպիկ պատանին: Միաժամանակ, Հրաչը խելամտորեն զուսպ է. «Կարո՞ղ եմ ատել մեկին միայն նրա համար, որ թուրք է: Չեմ կարող եւ չեմ ատի»,- ասում է նա:

Subtitle: 
Տատի հիշողությունները մտքում
Story number: 
43
Header image: