Աղի նոտան. Ստամբուլի XIV բիենալեն
Ստամբուլի 14-րդ բիենալեն՝ վերջին Documenta-ի հեղինակ, հռչակավոր Կարոլին Քրիստո-Բակարջիեւի ղեկավարությամբ, ընդգրկել է ողջ Ստամբուլը՝ եվրոպական ու ասիական, Սեւ ծովից՝ Մարմարա: Ցուցահանդեսի լեյտմոտիվներից մեկը հայկական թեման է՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը (հայկական նախագծերին աջակցել է Ռուբեն Վարդանյանի եւ Վերոնիկա Զոնաբենդի Dilijan Art initiative նախագիծը): Եվ հայկական ենթատեքստը Ստամբուլի 14-րդ բիենալեն դարձնում է ամենաարմատական ժեստը քաղաքականապես սուր այս բիենալեի ողջ պատմության ընթացքում:
Որպես բիենալեի խորագիր՝ « Saltwater. մտապատկերների տեսություն», ծառայում էր Ֆրանսիս Ալյուսի՝ ինչ-որ տեղ, ստամբուլյան կղզիներից մեկում արված լուսանկարը՝ կիսաբաց տնակի դռնից, որին դիպչում են ծովի ալիքները, ծովին նայող տեսարան՝ ֆրիդրիխյան մելամաղձոտությամբ լի: «Saltwater» նշանակում է ծովային, աղի: Saltwater-ը Բոսֆորի աղի ջրերն են, աղի արցունքներն են, Բոսֆորի ափերով փռված Ստամբուլն է: Պաշտոնական Ստամբուլում չեն սիրում հիշել 1915-ին հայերի եւ 1955-ին հույների թափած արցունքները, սակայն շատ նկարիչ-պարտիզանների միտքն անդրադառնում է Բոսֆորի ջրերին խառնված այդ արցունքներին, եւ դա երբեմն ընդունում է շատ կոնկրետ ձեւ. չէ՞ որ Թուրքիայի սահմաններին այսօր էլ արյան ու արցունքի ծովեր են թափվում: Մտածելակերպի տեսությունը՝ սկիզբ առած 20-րդ դարի արշալույսին, աստվածաբաններ Աննի Բեզանտի ու Չարլզ Լեդբիտերի գաղափարն է: Նրանք հավատում էին, որ մտքի ուժով հնարավոր է փոխել իրականությունը: Թվում է՝ այդ միտքը հավատ է ներշնչում նաեւ Կարոլին Քրիստով-Բակարջիեւին, սակայն նա չի ապավինում լոկ արվեստին եւ, սովորության համաձայն, արվեստը միախառնում է գիտնականների աշխատանքային նյութերին, այս անգամ՝ Դարվինի, Լականի եւ Շտերմերի: Իսկ արվեստի եւ գիտության սահմանը չափազանց զգայուն է: Դրա վկայությունը հոգեվերլուծաբան ֆեմինիստուհի Բրահա Լիխտենբերգ-Էտտինգերի օրագրային նկարներն ու հրաշալի կտավներն են, որոնք իր իսկ լաբորատոր փորձերն են՝ ներկայացված «Arter» մշակութային կենտրոնում:
Որպես կամերտոն էր ծառայում Ֆրանսիս Ալյուսի «Անիի լռությունը» վիդեոն՝ «Depo» արվեստի կենտրոնում: Ցուցադրված ռեկվիզիտի մեջսուլիչների հավաքածու էր, Անիում բնակություն հաստատած թռչունների ատլասներից նկարներ, եւ հայկական այդ հնագույն մայրաքաղաքի, «1001 եկեղեցիների քաղաքի» քարտեզը. երբեմնի հարուստ ու ծաղկուն, Բաղդադի ու Դամասկոսի հետ ոտք մեկնող, այժմ երկրի երեսից ջնջված՝ ժամանակի, երկրաշարժերի, հարձակումների ու պահպանված հուշարձանները միտումնավոր աչքաթող արած Թուրքիայի քաղաքականության հետեւանքով: Ֆրանսիս Ալյուսը դարձյալ աշխատում է, ավելի ստույգ՝ խաղում է տեղացի փոքրիկների հետ. Անիի ավերակների մեջ ցրված՝ նրանք սուլում են՝ կարծես թռչուններին հորդորելով վերադառնալ քաղաք: Ֆիլմի վերջում պատկերն անհետանում է, դահլիճի մթության մեջ մնում են միայն ձայները: Կարոլին Քրիստով-Բակարջիեւը քաղաքական պաստառներ չի սիրում. «Անիի լռությունը» շատ նուրբ ու բազմիմաստ գործ է, սակայն դժվար է այն չընկալել իբրեւ թուրքահայերի ողբերգության այլաբանություն. նրանց հետքերը ջնջվել են, սակայն հիշողությունները պահպանվել են շշուկներում ու ճիչերում, բանավոր փոխանցված կիսաձայն պատմություններում:
Ծովային ու արցունքոտ բիենալեն այն մասին է, թե ինչպես է ձայնը վերարտադրում պատկերը: Անգամ մամուլի ասուլիսը վերածվեց համերգի, որի ժամանակ հրաշալի երգում էին նկարիչներ Տիստեր Գեյթոսը ու Ադրիան Վիլյար Ռոխասը: Երգը հնչում էր նաեւ խմբային լավագույն ցուցասրահում, որը հունական Գալաթա քաղաքի նախկին դպրոցում էր: Բեյրութում ծնված, լիբանանյան սփյուռքը ներկայացնող նկարիչ Հայկ Այվազյանը Բոյօղլուի հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցու երգչախմբի հետ, իբրեւ պատարագ, կատարում էր թուրք փոփ-կուռք Ուդի Հրանտի ամենահայտնի գործերից մեկը: Ուդի Հրանտը, Ստամբուլի այդ հայը, հրաշքով էր փրկվել ցեղասպանությունից: Նա ուդը դարձրել էր ջազային գործիք: Եվ դա ձոն էր կրեոլիզացիային եւ աշխարհով մեկ սփռվածությանը: Նույն տրամաբանության մեջ էին նաեւ անսելմկիֆերյան (Անսելմ Կիֆեր, գերմանացի նկարիչ) ինստալյացիաները՝ ներկայացված դպրոցի դահլիճում: Դրանց հեղինակը Կահիերում ծնված, վտարանդի-կոսմոպոլիտ Աննա Պողիկյանն էր. դա ճայերի ճիչերի տակ աղի ալիքների վրա լողացող հսկայական առագաստ էր: Saltwater-ը, ինչ խոսք, նաեւ ալիքներ են:
Պատկերները (մենք դա տեսնում ենք այսօր նաեւ Պալմիրայում) անհետանում են, հնչյունային ալիքները (ամեն դեպքում, ցանկանում ենք դրան հավատալ) գլորվում են դեպի Տիեզերքի եզրերը: Ստամբուլի ժամանակակից արվեստի թանգարանում, ուր բացվել է բիենալեի ամենախոշոր խմբային ցուցահանդեսը, ներկայացված է Նիկիտա Կադանի փիլիսոփայական ինստալյացիան՝ Լուսավորության բնույթի մասին. վերեւում պատերազմից ոչնչացած էքսպոզիցիան է՝ եղջերուների խրտվիլակներից ու բարիկադներ դարձած անվադողերից՝ ակնարկելով Դոնեցկի երկրագիտական թանգարանի կործանումը: Ներքեւում, դրա տակ՝ ռմբապաստարանն է՝ նառ-մահճակալներով, իսկ գետնի տակից արդեն նշմարվում են կանաչ ծիլերը: Մշակույթը վերարտադրվում է իր ողջ բազմազանությամբ՝ գեղարվեստական մշակույթից մինչեւ բռնության մշակույթ: Նախկինում շքեղ, ներկայումս կիսաքանդ իտալական վիլլան՝ Բյույուկադա կղզում, լցվում է Սյուզան Ֆիլիպսի աուդիոհեռարձակման համահունչ կաթկթոցով: Կարծես Մարկոնին է ասել, որ մեր արձակած յուրաքանչյուր ձայնն ինչ-որ տեղ դեռեւս հնչում է:
Ձայնը ժամանակ է, եւ բիենալեն շատ ժամանակ կպահանջի. իրեն ամբողջությամբ ընկալելու՝ Հին քաղաքից մինչեւ Բեյօղլու, Քադըքյոյից՝ Շիշլի, սեւծովյա ափերից մինչեւ Իշխանաց կղզի: «Դուք շատ ժամանակ կանցկացնեք աղի ալիքների վրա,- «թունոտ» զգուշացնում է ուղեցույցը,-դա օգտակար է առողջության համար, թոքերի համար եւ նյարդերի համար, դուք հնարավորություն կունենաք մտածել արվեստի մասին»: Բիենալեի ուղեցույցը հրաշալի է քաղաքով շրջելու համար, սակայն նրա գուգլ-քարտեզները կույր են ու դժվարընթեռնելի: Փոխարենն՝ ամեն էջում մանրամասն նկարագրված է՝ ինչպես հասնել երթուղու հաջորդ կետին. շրջվեք աջ, գնացեք 100 մետր… Գրված է այնպես, որ եթե հարցնես պատահական անցորդի, կպատասխանի՝ մանրամասն ու ձեռքերը թափահարելով: Ինչո՞ւ, որովհետեւ ձայնը պատկերից վստահելի է, իսկ երեւակայությունը (գանք խորագրին՝ մտածելակերպը) նախընտրելի է տեսողությունից, առավել եւս, որ հրապարակների մի մասը մտացածին է, ավելի ստույգ` Գարիբալդիի տունը կամ ֆրանսիական որբախնամ տունը Ստամբուլում կա, սակայն ոչ մի էքսպոնատ, բացի, թերեւս, տվյալ տեղին բնորոշ ոգուց, չկա:
Ստամբուլի մասով՝ Կարոլի Քրիստով-Բակերջիեւի գլխավոր խորհրդատուն դարձավ Օրհան Փամուկը. դպրոցներից, դրամատներից, հյուրանոցներից եւ մասնավոր տներից շատերը, ինչպես նաեւ թանգարաններն ու մշակութային կենտրոնները, որտեղ հյուրընկալված էր բիենալեն, պատկանում են հույներին, հայերին, իտալացիներին կամ էլ թե կառուցվել են իտալացի, հույն կամ հայ ճարտարապետների կողմից, ինչը, հասկանալի է, պատահական չէ:
Նույն այդ Հունական դպրոցում է Մայքլ Ռակովիցն ամբողջացնում է ֆրոտաժների իր հավաքածուն ու Ստամբուլի նորագույն շինությունների գիպսե պատճեները. դրանց անհրաժեշտ դեկորները պատրաստվում են հայկական, մեծ ճանաչում ունցող մի արհեստանոցում: Ինստալյացիան լրացնում է Սիվրիադա կղզու շների ոսկորների հավաքածուն. 1910 թվականին անմարդաբնակ այդ կղզում իջեցրին Ստամբուլի բոլոր թափառող շներին՝ քաղցից սատկելու, միմյանց հոշոտելու: Պատմական այս սեւ էպիզոդն այսօր ընկալվում է իբրեւ ցեղասպանության նախաբան: Ու Ստամբուլի շների հիշատակին է նվիրված Պիեռ Յուիգայի ստորջրյա անտեսանելի ինստալյացիան Սիվրիադայի ափերին:
Օրհան Փամուկը, որ բիենալեին մասնակցում է որպես նկարիչ ՝ իր պատանեկության շրջանի նկարներով (նա պատրաստվում էր գեղանկարիչ դառնալ) եւ «Անմեղության թանգարանի» տոտալ ինստալյացիաներով, ուր ներկայացված են հայ հանճար Արշիլ Գորկու կտավները, հասցրեց իր մանկության կղզի՝ Բյուկադա: Բյուկադան՝ ժամանակին մեծահարուստ հույների, հայերի ու հրեաների առանձնատներով, այսօր արդեն բնակեցնում են պատմության ուրվականները. ու այդ ուրվականներից ամենահայտնին՝ Լեւ Տրոցկու ուրվականն է. այստեղ նա անց էր կացրել իր աքսորի առաջին չորս տարիներ: Անհայտությունից ուրվականներին ոգեկոչել են Ուիլյամ Քենթրիջը եւ Ադրիան Վիլյար Ռոխասը: Կղզու ամենաշքեղ «Splendid Palace» հյուրանոցում ցուցադրվում է քենթրիջյան «Օ,սենտիմենտալ մեքենա» վիդեոինստալյացիան՝ որպես էկրաններ օգտագործելով հյուրանոցի համարների դռները. կինոքրոնիկայի կադրերը միահյուսված են վոդեւիլի եւ ռոմո-վերտովյան ոճով, ուր Քենթրիջը ներկայանում է պերմանենտ հեղափոխությունների կրակոտ տրիբունի կերպարով, որի գլուխն աստիճանաբար վեր է ածվում լոզունգներ արտանետող բարձրախոսի: Ադրիան Վիլյար Ռոխասը բերում է մեզ Տրոցկու տուն. անցնելով վիլլայի ավերակներով ու թավուտներով՝ մենք կիջնենք ծով, որպեսզի տեսնենք խիմերաներին. ճերմակ, ինչպես ճենապակի, գազանները դուրս են գալիս ալիքներից՝ իրենց մեջքին բերելով մահացած եղբայրներին ու նաեւ բուսական եւ մշակութային աղբ: Եվ ծովը նվիրում է իր բնական ու հավերժական նվագակցությունն այս շքեղ, սյուրռեալիստակ ու, ավաղ, ժամանակավոր նկարին:
Հոդվածի հեղինակ՝ Աննա Տոլստովա: Այն առաջին անգամ հրապարակվել է ռուսական «Կոմերսանտ» պարբերականում:
Լուսանկարը՝ Ալեքսանդր Գուսեւի