Նատալի Արոյան
Համաշխարհային ճամփորդություններով ու բեմական հաջողություններով լի իր կյանքում նա շարունակում է հետաքրքվել իր հայկական արմատներով:
Նատալի Արոյանի «Հայկական ուղեւորություն» ստեղծագործությունը
Մահվան մատնված
Բազմաթիվ այլ հայերի նման Արոյանի ընտանիքը նույնպես տուժել է Օսմանյան կայսրության վերջին տարիներին իրականացված Հայոց ցեղասպանությունից:
Մայրական կողմից նրա մեծ տատը՝ Պայծառ Ներսեսյան-Դեմիրճյանն ընդամենն ութ տարեկան էր, երբ կոտորածն սկսվեց։ Մի քանի օրվա ընթացքում նա կորցրեց ծնողներին, հարազատ եղբայրներին ու քույրերին, որոնք ոչնչացվեցին օսմանյան թուրքերի ձեռքով: Ավելի ուշ Պայծառին գետն են նետել ու լքել, որ ջրասույզ լինի։ «Բարեբախտաբար, ինչ-որ մեկը լսել է նրա օգնության կանչերը ու փրկել»,- պատմում է Արոյանը: Կարճ ժամանակ անց Պայծառին տեղավորում են որբանոցում: Շատ չանցած՝ ամերիկացի միսիոներները նրան տեղափոխում են Հունաստանի մանկատներից մեկը:
Պայծառ Դեմիրճյանը որբանոցում՝ սեւ խաչի նշանով
Հունաստանից՝ Կահիրե
Պայծառը մի քանի տարի մնում է Հունաստանում, բայց երբ Կահիրե տեղափոխվելու հնարավորություն է ընձեռվում, մեկնում է հայկական մի ընտանիքի հետ, որը տնային աշխատանքներում օգնելու դիմաց նրան սնունդ ու ապաստան էր տրամադրում: «Թե՛ Պայծառը, թե՛ իմ մեծ պապը՝ Մկրտիչ Աշճյանը, Եգիպտոս էին հասել 1920-ական թթ. վերջին: Հենց այնտեղ են իրար հանդիպել ու երեք դուստր ունեցել: Նրանք Կահիրեում էին հայտնվել սահմռկեցուցիչ հանգամանքների բերումով, բայց կարելի է պնդել, որ նրանց պատմությունը երջանիկ ավարտ ունեցավ»,- համոզված է Արոյանը:
Մկրտիչ եւ Պայծառ Ներսեսյաններն իրենց դուստրերի հետ
Սարսափի ուղին
Այդ նույն ժամանակ Արոյանի հայրական պապն ու տատը՝ Ներսես եւ Խաթուն Արոյանները, պայքարում էին իրենց ընտանիքի ապագայի համար: Իրենց երեխաների հետ նրանք լքում են Ռումկալեի մոտ (ներկայիս Թուրքիայի Սանլիուրֆա նահանգում) գտնվող իրենց տունը:
Օսմանյան թուրքերի ահագնացող սպառնալիքի պայմաններում խումբը ոտքով անցնում է ողջ սիրիական անապատը եւ կենաց ու մահու պայքարի ընթացքում հարկադրված իրենց զավակներից մեկին քնած վիճակում թողնում մի ծառի տակ: «Բարեբախտաբար, մեկ այլ գաղթական երեխային վերադարձնում է ընտանիքին՝ մինչ նրանք առաջ էին ընթանում դեպի Հալեպ»,-ասում է Արոյանը:
Հալեպում նրանք անմիջապես տեղական եկեղեցուն պատկանող հայկական ճամբար են ուղեւորվում: Այդպիսով սկսվում է նրանց երկարամյա կեցությունը Սիրիայում, որտեղ նրանք եւս վեց երեխա են ունենում: «Պապիկս աշխատում էր որպես դարբին, սակայն նա եւ տատիկս երբեք չմոռացան իրենց առաջինն ապաստան տրամադրած համայնքի գթասրտությունը: 1955 թվականին հիվանդության հետեւանքով տատիկս մահանում է՝ ամուսնու խնամքին թողնելով յոթ երեխաներին»,- հիշում է Արոյանը:
Նատալիի պապիկն ու տատիկը՝ Ներսես եւ Խաթուն Արոյանները
Նոր կյանք Ավստրալիայում
1968-1974 թվականների ընթացքում Ներսեսն իր յոթ երեխաների հետ արտագաղթում է Ավստրալիա: Ընտանիքն արագորեն է հարմարվում ավստրալական կյանքին, իսկ Արոյանի հայրը՝ Սարգիսը, անալիտիկ քիմիայի ոլորտում հաջող կարիերա է սկսում: Տեղափոխվելուց անմիջապես հետո նա նաեւ հանդիպում է Նատալիի մորը՝ Լյուսիին: «Ծնողներս ինձ շատ են պատմել ցեղասպանության մասին, եւ գիտակցումը, թե ինչի միջով են անցել ընտանիքիս երկու կողմերն էլ, որպեսզի ստեղծեն այն կյանքը, որը ես ունեմ Ավստրալիայում, չափազանց կարեւոր ու տպավորիչ է»,- ասում է Արոյանը:
Ներսես Արոյան, Ավստրալիա
«Կարիերայիս ընթացքում շատ եմ շրջագայել, հետեւաբար տունդարձը դեպի Ավտրալիա միշտ հաճելի զգացողություն է պարգեւում:
ԲԱՅՑ ԵՐԲ ԱՅՑԵԼԵՑԻ ՀԱՅԱՍՏԱՆ ՈՒ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ ՏԵՍԱ ԱՅԴ «ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՏՈՒՆ» ՑՈՒՑԱՆԱԿԸ, ԻՆՁ ՀԱՄԱՐ ՉԷՐ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ԴՐԱՆԻՑ ԱՎԵԼԻ ԶՈՐԵՂ ԿԱՊՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ:
Հայերեն խոսող մարդկանցով մշտապես շրջապատված լինելը շատ հուզիչ ու պարտավորեցնող փորձառություն էր, որն ստիպեց ինձ զգալ պատկանելությունս: Պատկանելությունս երկրին, պետությանը, որն այդքան հեռու է գտնվում այժմյան իմ տնից, բայց երբեք չի մոռացվում,-ասում է Նատալի Արոյանը,- մեր ժողովրդի անցյալը երբեք չպետք է մոռացության մատնվի, սակայն մենք պետք է ուղիներ փնտրենք՝ մեր երկրի համար կառուցելու դրական ապագա, որպեսզի այն ծաղկի»:
Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից: