Հերնան Կույումջյան-Բերգամալի
Պաշտոնաթող փոխծովակալ Հերնան Կույումջյանն անկեղծ, վճռական ու հյուրընկալ մարդ է, որը հեշտ կյանք չի ունեցել։ Նա ռազմածովային ուժեր է մտել 14 տարեկանում, զբաղեցրել 30-ից ավելի տարբեր պաշտոն եւ իր 44-ամյա կարիերայի ընթացքում եղել է տարբեր նավերի հրամանատար, ռազմածովային ուժերի գեներալ ու ծովակալ։ Որպես խորհդական ծառայել է երեք պաշտպանության նախարարների եւ երկու նախագահների պաշտոնավարության ընթացքում։ Լինելով առաջին հայը Չիլիի ռազմածովային ուժերում՝ նա արժանացել է մեծ թվով շքանշանների։ «Ինձ հիշում են իմ գործերի համար»,– ասում է նա։
Կույումջյանն իր զինվորական կարիերան ավարտել է որպես պաշտպանության պետական շտաբի ղեկավար եւ ներկայում բնակվում է Վինյա դել Մարում։
Նրա այգում Չիլիի դրոշի եւ ծովակալի զինանշանի կողքին ծածանվում է հայկական դրոշը։
Երկու երկրները բաժանող տասնչորս հազար կիլոմետրը խոչընդոտ չէ. «Ես ինձ չափազանց հայ եմ զգում եւ հուզվում եմ այդ դրոշը տեսնելիս»,– հպարտությամբ ասում է Հերնանը։ Եվ այն ամենուր նրա հետ է. ձմռանը հայկական եռագույն շարֆ է կապում. «Քույրս է գործել ինձ համար, ու ես դա կրում եմ ամեն օր եւ ռազմածովային բոլոր արարողությունների ժամանակ»,– ժպտալով ասում է նա։
Հերնան Կույումջյանը ռազմածովային սպայի կոչմանն արժանանալու օրը, ծնողների եւ եղբայրների հետ, 1962թ. դեկտեմբեր |
Մեծ ուղեւորության սկիզբը
Ծովակալն իր նախնիների ծագումնաբանությունը հասցնում է մինչեւ Էքիսլերներ ու ջուղայեցի Բաքրջյաններ։ 1604թ. Շահ Աբասն Արեւելյան Հայաստանից 300 հազար հայերի տեղահանեց՝ ուղարկելով Պարսկաստանի խորքերը, որտեղ նրանք հիմնեցին Նոր Ջուղա քաղաքը։ Շատ տարիներ անց նրանց ժառանգներից ոմանք տեղափոխվեցին Զմյուռնիա (Իզմիր)՝ Փոքր Ասիայի արեւմուտքում։ Հերնանի հայրական կողմի տատն ու պապը՝ Օհան Կույումջյանն ու նրա կինը՝ Մարինա Բաքրջյանը, ղեկավարում էին «Բաքրջյան եղբայրներ» ( Bakirgian Frères) ընկերության տեղական մասնաճյուղը։ Ընկերությունն Անգլիայում այս ընտանիքին պատկանող ֆաբրիկաներից տեքստիլ արտադրանք էր ներկրում եւ բաշխում։ Իզմիրում նրանք ապրում էին եռահարկ տանը՝ ծովի ափին։
Հերնանի հայրական տատն ու պապը՝ Օհան Կույումջյանն ու Մարինա Բաքրջյանը |
Օսմանյան կայսրության ամբողջ տարածքում 1915թ.-ից ի վեր մոլեգնող Հայոց ցեղասպանությունը միառժամանակ շրջանցեց Իզմիրը։ Ավելին, երբ Իզմիրում ափ ելան հունական զորքերը եւ ընդհուպ մինչեւ 1919թ. վերահսկողության տակ պահեցին ամբողջ գավառը, քաղաքն ապաստան դարձավ երկրի տարբեր կողմերից փախչող տասնյակ հազարավոր հայ գաղթականների համար։ «Հայրս՝ Լորիս Կույումջյանը, այդ օրերին ինը տարեկան էր։ Նա իր ընտանիքի հետ տեղափոխվել էր թուրք հարեւանի տուն, որպեսզի իրենց տանը կարողանային ապաստան տալ այլ գավառներից մազապուրծ ավելի քան 200 հայի»,– պատմում է Հերնանը։
Իզմիրը, սակայն, նույնպես չխուսափեց դառը ճակատագրից։ 1922թ. սեպտեմբերին Մուստաֆա Քեմալի հրամանատարությամբ թուրքական բանակը գրավում է քաղաքն ու նոր թափով վերսկսում հայերի բնաջնջումը։
Սեպտեմբերի 13-ին թուրքական բանակը հրդեհում է հայկական եւ հունական թաղամասերը։
Մոտ 100 հազար մարդ է զոհվում, իսկ ողջ մնացածները փախչում են ծովափ։ Որոշ ժամանակ անց նրանք տարհանվում են Դաշնակից ուժերի նավերով։
Ծովի միջոցով փրկված
Կույումջյան-Բաքրջյան ընտանիքը փախչում է հրդեհից մի քանի օր առաջ՝ սեպտեմբերի 8-ին, ամերիկյան «USS Edsall» կործանիչ ռազմանավով։
Փախուստը հնարավոր է դառնում՝ շնորհիվ տարածաշրջանում ամերիկյան նավատորմի գլխավոր հրամանատար, ծովակալ Մարք Բրիսթոլի, որը նաեւ հազարավոր հայ որբերի եւ գաղթականների խնամքն ստանձնած Մերձավոր Արեւելքում ամերիկյան նպաստամատույց կազմակերպության գերագույն հանձնակատարն էր։
«Հորս քեռին, որն ապրում էր Կոստանդնուպոլսում, 20 հազար բրիտանական ոսկե ֆունտ էր նվիրաբերել՝ խնդրելով մեր ընտանիքն անհապաղ տարհանել այնտեղից»,– պատմում է Հերնանը։ Ահա այսպես է նրանց ընտանիքը 671 այլ հայերի ու հույների հետ փրկվում եւ տեղափոխվում Հունաստանի Սալոնիկ (Թեսալոնիկե) քաղաքը։
Հունաստանում եւ Ֆրանսիայում ապրելուց հետո Լորիս Կույումջյանը կրթություն է ստանում Անգլիայում եւ ապա միանում Մանչեսթերում գործող ընտանեկան բիզնեսին։ 1936թ. 23-ամյա Լորիսին ուղարկում են Չիլի՝ տեղի մասնաճյուղը փակելու, քանի որ այն աշխատում էր վնասով։ Լորիսը ժամանում է Հարավային Ամերիկա եւ վերակազմակերպում բիզնեսը՝ տեղափոխելով այն Սանտյագո։ Բուենոս Այրեսում նա հանդիպում է Լոլա Բերգամալի-Մսրյանին, որն ապա դառնում է նրա կինն ու չորս երեխաների մայրը։
Օհան Կույումջյան (կենտրոնում), Մարինա Բաքրջյան-Կույումջյան (նստած), Հակոբ Կույումջյան, Արտուրո Կույումջյան (ձախից), Լորիս Կույումջյան (Հերնանի հայրը, աջից), Ռոզե (փոքրիկ աղջնակը, նստած). Նիս, Ֆրանսիա |
Չիլիացի հայ
Կույումջյանը հաջողությամբ է կրում սփյուռքահայի երկակի ինքնությունը։
«Ես ինձ զգում եմ ինչպես չիլիացի, այնպես էլ՝ հայ, երկուսից էլ ունեմ՝ եւ՛ հողի իրավունք, եւ՛ արյան իրավունք,– ասում է նա,- հայկական ինքնությունս ամենուր է, կյանքիս բոլոր դրսեւորումներում։ Քանի որ տարբերվող տեսանկյուն ունեմ, կարող եմ անաչառ նայել հարցերին»։
2006թ. Հերնան Կույումջյանն ընտրվել է Չիլիի հայ համայնքի նախագահ՝ այսպիսով շարունակելով հոր գործը, քանի որ Լորիսը եղել է տեղի համայնքի առաջին նախագահը 1957թ.-ին։ Հերնանն ստանձնել է «Հայ տունը» վերականգնելու եւ Չիլիում հայության օջախը վերակենդանացնելու մեծ պարտականությունն ու հաջողության հասել։
Պատահական չէ, որ Հերնանը մեծ հետաքրքրություն է դրսեւորում համայնքի գործերում։ Նրա մորական պապը՝ Արմեն Բերգամալին, կարեւորագույն դեր է կատարել Բուենոս Այրեսի հայ համայնքի հիմնադրման գործում, որը եւ ղեկավարել է ավելի քան 30 տարի։ Նրա ջանքերի շնորհիվ է կառուցվել նաեւ Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարը։ Մորական տատն, իր հերթին, մեծապես օժանդակել է Վիսենտե Լոպեսում «Կույումջյան» մանկապարտեզի ստեղծմանը։ Նրա մեծ քեռին՝ Մարկո Բաքրջյանը, եղել է Մանչեսթերի հայ համայնքի նախագահը։ Սերունդները շարունակում են կրել նրա ժառանգությունը։
Հերնանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցում 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. Երեւան, հունվար 2013թ. |
Տնից տուն
2013թ.-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն ամբողջ աշխարհից ծագումով հայ այլ զինվորականների թվում Հերնանին եւս հրավիրում է Հայաստան՝ Ազգային բանակի օրը նշելու։ Այս ուղեւորությունը նրան հնարավորություն է տալիս ավելի լավ ծանոթանալու հայաստանյան հասարակությանը։ «Ես նկատեցի, որ հայ մարդն ինքնիշխանության խոր զգացում եւ ազգային արժեքներ ունի: Վերադառնալուց հետո ես ինձ անչափ հպարտ զգացի հայ լինելուս համար»,– ասում է նա։
Հերնան Կույումջյանը վստահ է, որ թեպետ Հայաստանը դժվարին իրավիճակում է, սակայն հստակ նպատակներ ունի. «Հայաստանը պետք է կայունություն հաստատի իր սահմաններին, վերացնի մշտական պատերազմի քայքայիչ ազդեցությունը։ Այն նաեւ պետք է միջազգային համաձայնագրով դեպի Սեւ Ծով ազատ տարանցման միջանցքի իրավունք ստանա»։ Ինչ վերաբերում է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը. «Ճշմարտության ճանաչման հասնելը բարդ կլինի, քանի որ ճանաչումը ենթադրում է բռնագրավված սեփականության եւ տարածքների վերադարձ։ Հայաստանը պետք է աշխատի արդի թուրք հասարակության իրազեկվածությունը բարձրացնելու ուղղությամբ: Այդ հասարակությունը պատասխանատու չէ ցեղասպանության համար, սակայն քայլ առ քայլ պետք է իմանա ճշմարտությունն ու ճնշում գործադրի իշխանությունների վրա»։
Հայկական արյամբ
Կույումջյանի համար ընտանիքը կյանքի անկյունաքարն է. «Այս տարի մենք մեկնեցինք ընտանեկան ճամփորդության։ Քսանչորս հոգի էինք՝ հինգ երեխաներս եւ տասներեք թոռներս ներառյալ»։ Իր արմատներով հպարտ՝ նա իր ընտանիքի պատմությունը փոխանցել է հաջորդ սերունդներին։ «Չնայած նրանք հայերեն չեն խոսում, բայց բոլորն էլ քաջածանոթ են տեղի ունեցածին եւ լրջորեն են վերաբերվում հայկական խնդիրներին»,– ասում է նա։ Այսպես է Հերնանը կենդանի պահում իր ժառանգությունը։ «Մենք դաստիարակվել ենք մեր պատմությամբ եւ փոխանցում ենք այն մեր երեխաներին ու թոռներին՝ առանց ատելության դեպի այսօրվա թուրք ժողովուրդը, սակայն սուր քննադատության ենթարկելով այդ պետության ղեկավարներին։ Հայկական ամեն ինչ ուժեղ զգացմունքներ է առաջացնում։ Հայկական արյունը պահպանվում է ընտանիքում»։
Հերնան Կույումջյանը ծառայել է որպես հրետանային եւ հրթիռային մասնագետ, տակտիկական սուզորդ, պարաշյուտիստ, շտաբային սպա եւ ռազմական ուսուցիչ, «BE Esmeralda» եւ այլ ռազմանավերի հրամանատար՝ հետագայում դառնալով Ֆրանսիայում Չիլիի դեսպանության ռազմածովային հարցերով կցորդ։ Ծովակալության տասը տարվա ընթացքում նա եղել է սպառազինության գծով վարչության ղեկավար, հետազոտական եւ արտադրական ծրագրերի ղեկավար, ռազմածովային առաջին գոտու գլխավոր հրամանատար եւ ռազմածովային դատախազ, գլխավոր շտաբի տնօրեն եւ ռազմածովային ուժերի գլխավոր շտաբի ղեկավար։ Զինվորական կարիերան ավարտել է որպես պաշտպանության պետական շտաբի ղեկավար՝ խորհրդականի պարտականություններ կատարելով պաշտպանության երեք նախարարի եւ երկու նախագահի պաշտոնավարության ընթացքում։
Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից: