Էմիլ Լահուդ

Armenian
Intro: 
Լիբանանի 11-րդ նախագահի նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէ իր իսկ երկրում։ Ոմանք գեներալ Էմիլ Լահուդին մեղադրում են Սիրիայի նկատմամբ չափազանց մեծ համակրանքի համար, ոմանք պնդում են, որ նա բավարար ուշադրություն չէր դարձնում տնտեսական խնդիրներին՝ չափազանց տարված լինելով պաշտպանության հարցերով։ Բայց մի հարցում բոլորը համաձայն են՝ մեծ մասամբ հենց Լահուդի շնորհիվ է հաջողվել 1990-ի հոկտեմբերին վերջ տալ արյունալի քաղաքացիական պատերազմին։ Երախտապարտ հայրենակիցները խաղաղապահ գեներալի անունով են կոչել Բեյրութի կենտրոնական պողոտաներից մեկը։
Weight: 
-153
Related content: 
Story elements: 
Text: 
Լիբանանի 11-րդ նախագահի նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէ իր իսկ երկրում։ Ոմանք գեներալ Էմիլ Լահուդին մեղադրում են Սիրիայի նկատմամբ չափազանց մեծ համակրանքի համար, ոմանք պնդում են, որ նա բավարար ուշադրություն չէր դարձնում տնտեսական խնդիրներին՝ չափազանց տարված լինելով պաշտպանության հարցերով։ Բայց մի հարցում բոլորը համաձայն են՝ մեծ մասամբ հենց Լահուդի շնորհիվ է հաջողվել 1990-ի հոկտեմբերին վերջ տալ արյունալի քաղաքացիական պատերազմին։ Երախտապարտ հայրենակիցները խաղաղապահ գեներալի անունով են կոչել Բեյրութի կենտրոնական պողոտաներից մեկը։
Text: 

Լիբանանյան քաղաքականության 79-ամյա վետերանը երբեք չի թաքցրել իր հայկական արմատներն ու դրանցով հպարտանում է մինչ օրս։ Էմիլ Լահուդի մայրը՝ Ադրինե Կարաբաջակյանը, հինգ տարեկան էր, երբ նրա ծնողներ Հովհաննեսն ու Ռեբեկան ցեղասպանությունից փախել են Սիրիա։ 
 

Սկսել զրոյից

Մինչեւ 1915-ի ապրիլ ամիսը Կարաբաջակյաններն ապրում էին Ադաբազարում։ Ինչպես եւ տեղի հայերի մեծ մասը, Լիբանանի նախկին նախագահի նախնիներն զբաղվում էին արհեստներով ու առեւտրով։ Հովհաննես Կարաբաջակյանը կաշեգործական արհեստանոց եւ սեփական խանութ ուներ։ Զանգվածային կոտորածից մեկ ամիս առաջ քաղաքի հայկական թաղամասում վերահաս աղետի մասին լուրեր տարածվեցին։ «Ընտանեկան խորհրդի ժամանակ որոշվեց, որ Հովհաննեսն ու Ռեբեկան փոքր երեխաների հետ պետք է անհապաղ լքեն քաղաքը,- պատմում է Էմիլ Լահուդը,- հարազատները համոզեցին, որ փոքրիկների հետ նրանք չեն կարողանա արագ քայլել, այդ պատճառով էլ պետք է հնարավորինս շուտ ճամփա ընկնեն։ Ընտանիքի մնացած անդամները մի քանի օրից պետք է հետեւեին նրանց։ Բայց ընտանիքին այլեւս վիճակված չէր ի մի գալ»։ 

 

 

Ադրինեն այդ ժամանակ հինգ տարեկան էր, իսկ նրա ավագ քույրը՝ վեց։ Կրտսեր դուստրը, որը դեռ մեկ տարեկան էլ չկար, սովից մահանում է ճանապարհին. թերսնման պատճառով Ռեբեկան չէր կարողանում կերակրել փոքրիկին։ Երբ Կարաբաջակյանները մեծ դժվարությամբ հասան Հալեպ, նրանց սկսեցին լուրեր հասնել, թե ինչ է տեղի ունեցել իրենց մեկնելուց անմիջապես հետո։

«Մեր գրեթե բոլոր բարեկամներին կոտորել էին,- ասում է նախկին նախագահը,- տատիկիս հաշվարկով՝ սպանվել էր շուրջ 100 մոտ ու հեռավոր բարեկամ։ Եվ սա միայն մեր ընտանիքն է։ Իսկ ընդհանուր որքան են եղել…»

Նոր վայրում Հովհաննես Կարաբաջակյանին հաջողվում է կիրառել կաշվե իրերի վաճառքի ոլորտում իր գիտելիքն ու փորձը․ Հալեպում նա կարողանում է զրոյից նոր բիզնես կառուցել։ Շուտով ընտանիքը տեղափոխվում է Դամասկոս, որտեղ Հովհաննեսին վստահվում է սիրիական բանակի կարիքների համար կաշվի մատակարարման գործը։ Նրա ներմուծած հումքից զինվորական կոշիկ էին կարում, ձիերի համար թամբ պատրաստում։ 

Image: 
Text: 

                                                        Ջամիլ եւ Ադրինե Լահուդները

Գործի բերումով Կարաբաջակյանը շփվում էր սիրիական բանակի երիտասարդ սպա Ջամիլ Լահուդի հետ, որը հաճախ գալիս էր Կարաբաջակյանի խանութ, երբեմն էլ՝ տուն։ Շուտով Հովհաննեսը գլխի ընկավ, որ սպան գործերի համար չէր այդչափ հաճախ գալիս իր մոտ՝ Ջամիլը չէր թաքցնում իր զգացմունքները Կարաբաջակյանի դուստրերից մեկի նկատմամբ։ Մարոնիտ կաթոլիկ ընտանիքի զավակ այդ պատանին մի քանի տարի փորձում էր շահել գեղեցկուհի Ադրինեի համակրանքն ու հասնել նրա ծնողների օրհնությանը։ Հարսանիքը նշեցին 1933-ին։ 

Ամուսնությունից մեկ տարի անց ընտանիքում ծնվեց առաջնեկը՝ Նասրին, որը հետագայում գլխավորեց Լիբանանի արդարադատության գերագույն խորհուրդը, եւս երկու տարի անց ծնվեց Էմիլը, որին վիճակված էր դառնալ երկրի նախագահ։ 

Image: 
Text: 

                               Ջամիլ եւ Ադրինե Լահուդները՝ որդիներ Նասրիի եւ Էմիլի հետ 

Քաղաքական գործիչների ընտանիքը

Ջամիլի ռազմական կարիերան սրընթաց առաջ էր գնում։ Բարձրացնելով կոչումը՝ Ջամիլին նախ ուղարկեցին Լեռնային Լիբանանի նահանգ։ Ադրինեի ծնողները տեղափովեցին Բեյրութ, որ մոտ լինեն դստերը։ Երբ Ջամիլը նույնպես տեղափոխվեց Բեյրութ, ընտանիքը բնակվում էր Կարաբաջակյանների տանը, որը Հովհաննեսը կառուցել էր հայկական Սուրբ Նշան եկեղեցու դիմաց։

«Հայրս քաղաքականությամբ էր զբաղվում։ Նա նախարար էր եւ այդ պատճառով մեզանով զբաղվելու շատ քիչ ազատ ժամանակ ուներ։ Մայրս նույնպես զբաղված էր՝ տարբեր ընդունելությունների ժամանակ նա մշտապես ուղեկցում էր ամուսնուն։ Մեր դաստիարակությամբ զբաղվում էր Ռեբեկա տատիկը: Նա մեզ տվել է այն ամենն, ինչ կարող էր, ինչ ուներ։ Մենք նրան սիրում էինք խելագարի պես»,- պատմում է Էմիլ Լահուդը։ 

Image: 
Text: 

                                              Լահուդների ընտանիքը (Ռեբեկան՝ աջից)

Երբ Ջամիլն ու Ադրինեն նոր տուն գնեցին, Էմիլը շարունակեց տատիկի հետ ապրել։ Ռեբեկան առաջարկեց տղային ուղարկել հայկական տարրական դպրոց։ Ծնողները համաձայնեցին։ Մինչ այդ նա արդեն թոռներին հայերեն գրել-կարդալ էր սովորեցրել։ Նախկին նախագահն այժմ էլ մի քիչ խոսում է մոր հարազատ լեզվով։ Ճիշտ է՝ գրեթե բոլոր տառերը մոռացել է։

«Հայերեն գրել-կարդալն անգամ ավելի շուտ եմ սովորել, քան արաբերեն։ Ցավոք, տատիկի մահից հետո այլեւս չկար այնպիսի վայր, որտեղ կարող էինք հայերեն խոսք լսել, ուստի սկսեցի մոռանալ բառերից շատերի նշանակությունը։ Բայց երբ հանդիպեցի Հայաստանի նախագահին, եւ նա հայերեն էր խոսում, շատ բաներ հասկանում էի»,- հիշում է գեներալ Լահուդը։

Փայլուն ռազմական կրթություն ստանալով Եվրոպայում եւ ԱՄՆ-ում՝ Էմիլ Լահուդն սկսում է ծառայել նավատորմում։ Պարեկադեսանտային նավի վայելչակազմ ու հետաքրքիր կապիտանը գրավում էր բազմաթիվ աղջիկների ուշադրությունը, բայց հայ կին ընտրեց: «Էմիլի մայրը երջանիկ էր, երբ իմացավ, որ նա մտադիր է հայուհու հետ ամուսնանալ։ Իմ ծնողներն էլ էին շատ ուրախ,- պատմում է գեներալ Լահուդի կինը՝ Անդրե Ամատունին,- մեր հարսանիքն ավանդական չէր, բայց այն լիովին կարելի էր հայկական համարել»։

Լիբանանի նախկին առաջին տիկինը նույնպես գաղթածների դուստր է։ Նրա պապը՝ Կիլիկիայից հայ բժիշկ Զարեհ Ամատունին, հայտնի իշխանական տոհմի ժառանգ է։ 1915-ին կոտորածից փրկվել է ֆրանսիացիների շնորհիվ, որոնք նրա ընտանիքին օգնել են տեղափոխվել Սիրիա։ Նրա երեք եղբայրները զոհվել են։

Image: 
Text: 

                                                                   Էմիլ Լահուդը

Գեներալ Լահուդն ու նրա տիկինը երեք երեխա ունեն։ Թեեւ նրանք հայերեն գրեթե չգիտեն, բայց ազգային արմատներին մեծ հարգանքով են վերաբերվում։ «Նրանք նույնքան հայ են, որքան ես եւ իմ տիկինը,- ասում է նախկին նախագահը,- նրանք հայկական մտածողություն ունեն, հպարտանում են իրենց արյամբ, հատկապես՝ աղջիկս, որի անունը Կարինե է։ Տանը նա հայոց պատմության բազմաթիվ գրքեր ունի։ Մեր երեխաները երազում են Հայաստան այցելել։ Եղբորս որդիները նույնպես հայրենասեր են՝ զարմիկներիցս մեկն անգամ հայաստանյան քաղաքացիություն է ստացել»։

Ինքը՝ Էմիլ Լահուդը, Հայաստանում միայն մեկ անգամ է եղել։ Ի լրումն պաշտոնական եւ աշխատանքային հանդիպումների՝ երկօրյա պետական այցի ընթացքում Լիբանանի առաջնորդը հասցրել է զբոսնել Երեւանում, ինչպես նաեւ ծաղկեպսակ դնել Հայոց ցեղասպանության զոհերի հուշամալիրի անմար կրակի մոտ։ Սա այն դեպքն էր, երբ արտասահմանյան բարձրաստիճան հյուրի այցը Ծիծեռնակաբերդ սոսկ տուրք չէր պաշտոնական արարողակարգին։ 

«Երբ մոտեցա անմար կրակին, զգացի, թե ինչպես են աչքերս արցունքով լցվում,- պատմում է Լահուդը,- այդ պահին մտածում էի Ռեբեկա տատիկի մասին, որի ողջ ընտանիքը կոտորել էին։ Հիշում էի նրա խոսքերը․ «Ոչ մի դեպքում մի մոռացիր մեր նախնիների հետ տեղի ունեցածը։ Թե չէ կստացվի, որ այդ բոլոր մարդիկ իզուր են մահացել»»։

Դեռ Լիբանանի բանակի գլխավոր հրամանատարի պաշտոնում Էմիլ Լահուդը մեծ ջանքեր է գործադրել, որպեսզի երկրի խորհրդարանը դատապարտի երիտթուրքերի ոճրագործությունները։ 1997-ի ապրիլի 3-ին Լիբանանի Ազգային ժողովն ապրիլի 24-ը հռչակեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։ Չորս տարի անց խորհրդարանը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ «Լիբանանի քաղաքական գործիչներից հայրս առաջինն էր, որ կառավարությունում բարձրացրեց Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը,- պարզաբանում է նախկին նախագահը,- ես, իհարկե, համարում էի, որ պարտավոր եմ սկսած գործն ավարտին հասցնել։ Իմ քաղաքական հակառակորդները փորձում էին դա իմ դեմ օգտագործել։ Պնդում էին, որ ես, կիսով չափ հայ լինելով, առաջնորդվում եմ ոչ թե երկրի, այլ հայ համայնքի շահերով։ Բայց հասարակությունն ինձ սատարեց։ Լիբանանի ժողովուրդը գիտի, որ հայերի պահանջներն արդարացի են»։

Էմիլ Լահուդի կառավարման ինը տարիների ընթացքում Լիբանանի եւ Հայաստանի հարաբերությունները նոր մակարդակի հասան։ Պաշտոնական Բեյրութն սկսեց ավելի ակտիվ աջակցել Երեւանին միջազգային ասպարեզում։ Նախկին նախագահի խոսքով՝ լիբանանցիները հայերին ճանաչում են որպես աշխատասեր եւ բարեխիղճ մարդկանց։ Մարդիկ հիշում են, որ անգամ ցեղասպանությունից հետո Բեյրութի փողոցներում մուրացկանությամբ զբաղվող հայեր գրեթե չկային։ 

«Մինչ ուրիշները ողորմություն էին խնդրում, հայերը քրտնաջան աշխատում էին: Կարող եք չկասկածել. Լիբանանում յուրաքանչյուրն, ում մեջ գոնե մի քիչ հայի արյուն կա, հպարտանում է դրանով: Եվ ես նրանցից մեկն եմ»,- եզրափակում է Լիբանանի տասնմեկերորդ նախագահը: 
 

Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից:

Subtitle: 
Լիբանանի նախկին նախագահը հպարտ է իր հայկական արմատներով
Story number: 
204
Header image: