«Հայաստան. տապանի ժողովուրդ»

Armenian

Հռոմի հեղինակավոր «Վիտորիանո» (Il Vittoriano) թանգարանային համալիրում բացվել է «Հայաստան. տապանի ժողովուրդ» խորագրով ցուցահանդեսը՝ միատեղելով հայ հին պատմության եւ մշակույթի արժեքավոր նմուշներ Վատիկանի, Ֆլորենցիայի, Հռոմի, Վենետիկի եւ Երեւանի թանգարաններից։ Յոթ դահլիճներում ներկայացված է հայ ժողովրդի պատմությունը՝ սկսած հնագույն ժամանակներից, երբ, ըստ աստվածաշնչյան առասպելի, Նոյի տապանը կանգ առավ Արարատի գագաթին, մինչեւ ոչ վաղ անցյալի իրադարձությունները։ Ստեղծվել է Հայոց ցեղասպանության մասին մուլտիմեդիա ինստալացիա՝ մանրամասն քարտեզներով, լուսանկարներով եւ ողբերգության ականատեսների պատմությունների ձայնագրություններով։ Ցուցադրված են ներկայումս կործանված հայկական վանքերից հավաքված քրիստոնեական արվեստի եւ ճարտարապետության նմուշներ։ Մի ամբողջ դահլիճ նվիրված է հայոց այբուբենին. ցանկացողները կարող են ոչ միայն մոտիկից դիտել շատերի հայացքին անսովոր թվացող հայերեն տառերը, այլեւ հատուկ տեղադրված ձայնային համակարգի օգնությամբ ունկնդրել դրանց այժմյան արտասանությունը։ Այս ցուցահանդեսից մենք ահա ներկայացնում ենք առավել հետաքրքիր հինգ նմուշ, որոնցից յուրաքանչյուրը երեւան է բերում հայոց պատմության, մշակույթի եւ հավատքի բացառիկ կողմերը։

Image: 
Tags: 
Article items: 

1. Եկեղեցական վարագույր

1. Եկեղեցական վարագույր

17-րդ դարում ստեղծված այս հսկայական, երեք եւ երեքուկես մետր չափսի վուշե վարագույրը Վատիկանի հավաքածուինն է։ Սա, ըստ էության, եկեղեցու Սուրբ Սեղանը ծածկող վարագույր է։ Հինկտակարանային ծեսերի նկարագրություններից մեզ հայտնի այս պարագայի շնորհիվ կարելի է անմիջապես տարբերել հայկական եկեղեցին ցանկացած ուրիշից։
 

Կաթոլիկ եկեղեցիների նմանությամբ՝ հայկական եկեղեցիներում եւս չկա իկոնոստասիս՝ Սուրբ Սեղանը հավատացյալներից փակող պատ։ Այդուհանդերձ, ուղղափառ եկեղեցիների նման, Սեղանը երբեմն ամբողջությամբ ծածկված է լինում մարդկանցից։ Դա իրականացվում է երկու վարագույրի օգնությամբ, որոնք փակվում կամ բացվում են՝ կախված ծիսակատարությունից։
 

Պատնեշի դեր կատարող վարագույրն ասկետիզմով աչքի ընկնող հայ եկեղեցու սակավաթիվ պերճություններից է։ Դրա մակերեսին հաճախ պատկերում են նորկտակարանային տեսարաններ. Վիտորիանոյում ցուցադրվող վարագույրին կարելի է տեսել Երուսաղեմի սրբավայրերը եւ դրվագներ Հիսուսի կյանքից։ Երբեմն հանդիպում են նաեւ զուտ հայկական սյուժեներ, օրինակ՝ Տրդատ Գ Մեծ արքայի մկրտությունը, ում Հայաստանը պարտական է պատմության մեջ առաջին քրիստոնյա երկիրը լինելու պատվով։

2. Խաչքար

2. Խաչքար

Քարից կերտված խաչերի ստեղծման ավանդույթի արմատները հասնում են մինչեւ 9-րդ դար։ Մեզ հասածներից հնագույններն ավելի շատ հիշեցնում են խաչի տեսք ստացած սալաքարեր, որոնց վրա, ասես ի հաստատումն, փորագրված են հավելյալ խաչեր։ Սակայն արդեն 12-13-րդ դարերում քարտաշների վարպետությունը հասել էր այնպիսի բարձունքների, որ հանգեցրել էր խաչի միանգամայն ինքնատիպ մի տեսակի՝ խաչքարի ի հայտ գալուն։ Կոպտատաշ քարի փոխարեն ասպարեզ են իջնում բարձր եւ ուղղանկյուն հորինվածքով քարերը՝ ամբողջությամբ պատված ասեղնագործ նախշազարդերով։
 

Այդպիսին է, օրինակ, այժմ ավերակ Բարձրաքաշ Սուրբ Գրիգորի հնագույն վանքի 13-14-րդ դարերի խաչքարը. կենտրոնում մեծ խաչն է՝ գոտեւորված ավելի մանր խաչերով եւ տերեւներ ու նռներ պատկերող բուսական զարդաքանդակով, որը խորհրդանշում է եկեղեցու կենարար զորությունն ու Հիսուսի հաղթանակը մահվան հանդեպ։ Անկախ ակնհայտ կրոնական բնույթից՝ խաչքարերը հաճախ կիրառվել են նաեւ աշխարհիկ նպատակներով՝ իբրեւ սահմանային կամ ճանապարհային նշաններ։

3. Սուրբ մասունքներով թանկագին խաչ

3. Սուրբ մասունքներով թանկագին խաչ

Ցուցահանդեսում նյութական եւ հոգեւոր իմաստով ամենաթանկագին նմուշներից է Սուրբ Գրիգորի մասունքները պարունակող նշխարատուփը։ Այն պատրաստված է ոսկեջրած արծաթից, զարդարված է զմրուխտ քարով, կորալով, սարդիոնով եւ երկու փորագիր հրեշտակով։ Իր տեսքով այն կրկնում է այսպես կոչված «հունական», այսինքն՝ հավասարաթեւ խաչը, որն այժմ կարելի է տեսնել Շվեյցարիայի, Մալթայի եւ Հունաստանի դրոշներին ու զինանշաններին։ 7-րդ դարում, սակայն, այս խաչն ամենատարածվածն էր հին հայկական եկեղեցիների հատակագծերում։

4. Սկեվռայի ավետարան

4. Սկեվռայի ավետարան

12-րդ դարի այս Ավետարանն արտագրել եւ ծաղկել է Սկեւռայի վանքի՝ Կիլիկյան ժամանակաշրջանի գլխավոր գիտամշակութային կենտրոններից մեկի մանրանկարիչ Կոստանդին գրիչը։ Ամեն բաժնի սկզբում նկարիչը պատկերել է ավետարանիչներից մեկին եւ նրա հետ կապված մի դրվագ Հիսուսի կյանքից ու գործունեությունից։ Հովհաննու ավետարանը, օրինակ, սկսվում է խաչելության պատկերմամբ. նկարին սուրբը պատկերված է խաչի աջ կողմում։
 

Հաճախ նշում են, որ Կիլիկյան Հայաստանի ամբողջ ստեղծագործական եռանդը ուղղվել է մանրանկարչությանը, ինչին երկու պարզ բացատրություն կա։ Առաջինը՝ հայկական եկեղեցական ավանդույթում սրբապատկերներն այնքան էլ հարգի չեն, ուստի նկարիչներին մնում էր ծաղկողի բաժինը եւ նրանք իրենց տաղանդը բացահայտում էին մագաղաթի էջերին։ Եվ երկրորդը՝ ավատատիրական կարգերի հետեւանքով առաջ էին եկել բազմաթիվ նախարարական տներ, որոնք հաճույքով հովանավորում էին տաղանդավոր արվեստագետներին։ Սկեւռայի ավետարանը, օրինակ, պատվիրել է անվանի հասարակական եւ եկեղեցական գործիչ (ինչպես նաեւ հռչակավոր նախարարական տան ներկայացուցիչ), արքեպիսկոպոս Ներսես Լամբրոնացին եղբոր՝ Հեթումի հետ միասին։

5. Վեդուտա

5. Վեդուտա

Հայությունն ամուր պատմական կապեր ունի Իտալիայի հետ։ 17-րդ դարի սկզբում վենետիկցիները հայ կաթոլիկ համայնքին են նվիրում մի ամբողջ կղզի։ Այստեղ թուրքական հետապնդումից Վենետիկում ապաստանած վանական Մխիթար Սեբաստացու առաջնորդությամբ կառուցվում է Սուրբ Ղազարի վանքը։ Ցուցահանդեսին բերված է դրա սխեմատիկ պատկերը, որը պատրաստվել է 17-րդ դարում, փորագրանկարի մեծ վարպետների՝ Ձուկկի ընտանիքի արհեստանոցում։
 

Վեդուտայի վրա պարզորոշ երեւում է վանքի հորինվածքը։ Ավելին, փորագրիչն իր գործն ուղեկցել է հայերենով եւ իտալերենով գրված նշումներով, որոնք ցույց են տալիս, թե որտեղ են եկեղեցին, գրադարանը (այստեղ է, ի դեպ, պահվում վեդուտան), սեղանատունը, վանականների խցերը եւ սենյակները։ Ժամանակին Սուրբ Ղազար է այցելել եւ այնտեղ երկար ապրել Ջորջ Բայրոնը, ով լրջորեն մտադրվել էր ուսումնասիրել հայոց լեզուն եւ պատմությունը։
 

Լուսանկարները տրամադրել է Сomunicare Organizzando-ի մամուլի ծառայությունը։

Display type: 
Big
Subtitle: 
Հայաստանը ներկայացնող ցուցահանդես Հռոմում
Weight: 
-83