Նինան հայի՝ ոչ միատարր ինքնության կրողն է, որն իրականում թաքնված է հայ ազգի ու դրա պատմության ժամանակակից պատկերացման հետեւում: Նրա հայրը Թուրքիայում ծնված հայ է, մայրը Ֆինլանդիայում ապրող շվեդների մի փոքր խմբի է պատկանում, ինքը՝ ծնված Սթենֆորդում, այժմ բնակվում է Նյու Յորքում: Նինան տիպիկ ամերիկյան անգլերենով է խոսում: Լեզվաբանական հնարագործությունները նրան ոգեշնչեցին իրականացնելու մի նախագիծ, որի ընթացքում նա ուսումնասիրում է առոգանությունների առանձնահատկությունները:
ՎԵՆԵՏԻԿ. ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՂԹԱՐՇԱՎ
Աննա Արությունովա
Դեպի Սուրբ Ղազար հայկական կղզի ուղեւորությունը թվում էր՝ շեղում է բիենալեի ենթադրվող երթուղուց, որի հիմնական ճամփան ձգվում է Ջարդինիով, Արսենալեով ու ջրի վրա կանգնած քաղաքի կենտրոնական փողոցներով: «Վենետիկը կղզի է, ու տեղաշարժման հարցն այստեղ վերջին տեղում չէ, իսկ Սուրբ Ղազարն էլ՝ կղզու կողքին կղզի է. այսինքն՝ ամեն ինչ էլ ավելի է բարդանում», – Հայաստանի տաղավարի բացման նախապատրաստական օրերի մասին ինձ պատմում է Նինա Խաչատուրյանը դեպի կղզի-վանք տանող վապորետոյում: Նա Armenity (Հայություն) ցուցահանդեսի մասնակից է, որն այս տարվա բիենալեի գլխավոր մրցանակն է ստացել՝ «Ոսկե առյուծը»:
Նինա Խաչատուրյանի ինստալյացիան
Հեռուստացույցերի երեք էկրաններից մեզ են նայում Նինան, նրա հայրն ու մայրը: Նկարչուհին ծնողներին է ուղղում նախապես համաձայնեցված ու միտումնավոր կերպով միամիտ հարցեր (կասկած չկա, որ նա ինքն արդեն վաղուց գիտի պատասխանները): «Հայրերի ու որդիների» այդ բեմականացված հարցազրույցի շնորհիվ հանդիսատեսը տեղեկանում է Թուրքիայի տարածքում ապրած հայերի դրամատիկ ճակատագրին. Նինայի ծնողները հանդիպել են Բեյրութում։ Իր հայրենիքում նրա մայրը նույնպես ազգային փոքրամասնություն է համարվում, իսկ հայկական, լիբանանյան, թուրքական, անգլիական ու ֆրանսիական առոգանությունների միախառնումից իր հոր արտասանությունն այնքան անճանաչելի է դարձել կողմնակի անձանց համար, որ բոլորը նրան հունգարացի են համարում: Ինչ-որ պահի երեքն էլ սկսում են միաժամանակ խոսել` հնարավորություն տալով հանդիսատեսին բնորոշող հնչյուններ ըմբռնել նրանցից յուրաքանչյուրի արտասանության մեջ:
Մարդկանց հետեւում եւս երեք հեռուստացույց կա. դրանց էկրաններին Նինա Խաչատուրյանն ու իր ծնողները միասին շփվում են լեզվաբանի հետ, որը խոստանում է օտարերկրացիներին ազատել իրենց առոգանությունից: Սակայն արդյունքը դժվար թե բավարար լինի, չնայած դա կարեւոր էլ չէ. նկարչուհու համար նրա ծնողների ու ընդհանրապես հայկական սփյուռքի պատմությունը ծածկագրված է ձայնային անհարթությունների, արտասանության առանձնահատկությունների ու ոչ կատարյալ առոգանության մեջ:
Նինայի ինստալյացիան, ինչպես եւ մյուս 16 նկարիչների աշխատանքները, տեղակայված է Սուրբ Ղազար վանքի տարածքում, որը հիմնվել է XVIII դարի սկզբին Մխիթար Սեբաստացու կողմից: Կղզի-վանքն արագ դարձավ հայկական մշակույթի կարեւորագույն միջազգային կենտրոն:
Սիլվինա Տեր-Մկրտիչյանի աշխատանքները
Վանքի հավաքածուն ներառում է բնանկարներ (այդ թվում՝ Հովհաննես Այվազովսկու մի քանի կտավներ, ում ազգանունը, ինչպես խանդավառությամբ նշում են էքսկուրսավար վանականները, իրականում Այվազյան է), կրոնական պաշտամունքի արժեքավոր առարկաներ, թանկարժեք մետաղներից պատրաստված դեկորատիվ արվեստի գործեր: Այս գանձերով պահարանների մեջ են սողոսկել նաեւ այլ «գանձեր»՝ պնակներ դեղաբույսերով, հանքային աղերով, անհասկանալի կերպով գրված գրություններով: Դրանք բոլորը Սիլվինա Տեր-Մկրտիչյանի ինստալյացիայի մի մաս են կազմում: Նրա նախատատը, ով ցեղասպանությունից փրկություն գտավ Արգենտինայում, ХХ դարի կեսերին մի գիրք է գրել, որտեղ հավաքել է օսմանյան հայերին հայտնի ավանդական բժշկության հարյուրավոր բաղադրատոմսեր:
Հերա Բույուկթաշջիյանի նախագիծը
XIX հարյուրամյակի սկզբին Ջորջ Գորդոն Բայրոնը հայոց պատմությունն ու լեզուն ուսումնասիրելու համար ժամանել էր հսկայածավալ մի գրադարան, որտեղ հարյուրավոր արժեքավոր հատորներ ու հազարավոր ձեռագրեր են պահպանվել: Նա հայերենն անվանել է «կորուսյալ դրախտի լեզու», եւ հենց այդ արտահայտությունն է խաղարկում ստամբուլցի նկարչուհի Հերա Բույուկթաշջիյանն իր՝ «Տառեր կորուսյալ դրախտից» ինստալյացիայում, որը տեղադրված է բանաստեղծի սենյակում: Նա աշխատանքի անվանումը գրում է հայ-անգլերեն տառադարձությամբ, յուրաքանչյուր տառը տեղադրելով փայտե խարիսխի վրա: Խարիսխները հավաքված են երաժշտական գործիքի պես. մեկ վերեւ են սլանում, մեկ էլ՝ ներքեւ, սուր, ճռճռացող ձայնով:
Ռենե Գաբրիի եւ Այրին Անաստասի ինստալյացիան
Բայրոնի օրինակին է հետեւել Ռենե Գաբրիի եւ Այրին Անաստասի ստեղծագործական դուետը, ովքեր բանաստեղծի պես ընկղմվեցին վանական արխիվային նյութերի ուսումնասիրության մեջ: Նրանց When Counting Loses Its Sense (2015) (Երբ հաշվարկելն իմաստը կորցնում է) ինստալյացիան լուսանկարների, կոլաժների, բացիկների, փաստաթղթերի, նկարների հավաքածու է, որը ստեղծվել է նկարիչների՝ Հայոց ցեղասպանության պատմությունն արվեստին համադրելու արդյունքում: Հղում կատարելով ֆրանսիացի փիլիսոփա Ժիլ Դելյոզին՝ Գաբրին եւ Անաստասն արվեստը դիտարկում են որպես դիմադրելու գործողություն եւ ճշմարտությանը մերձենալու հնարավորություն:
Հրայր Սարգսյանի լուսանկարչական նախագիծը
Ճշմարտությունը դժվար է ըմբռնել: Երբեմն այն ստիպված են լինում թաքցնել. հենց սրան է նվիրված Հրայր Սարգսյանի «Չբացահայտվածները» (2012) լուսանկարչական շարքը, որտեղ խոսքը գնում է ցեղասպանության տարիներին իսլամ ընդունած եւ դրա շնորհիվ մահից փրկված հայերի ժառանգների մասին: Նրանց՝ առ այսօր Թուրքիայում բնակվող թոռներն ու ծոռները, իմանալով իրենց արմատների մասին՝ կրկին մկրտվել են: Սակայն հայտնաբերելով իրենց մոռացված ինքնությունը, կորցրել են նախկին հասարակական կապերը. հայ հասարակությունը նրանց առանձնակի ոգեւորությամբ չի ընդունում, թուրքական մեծամասնությունն էլ պատրաստ չէ կիսել նրանց անձնական պատմությունը: Սարգսյանի լուսանկարած դիմանկարները միայն մասամբ են մեզ ցույց տալիս այդ մարդկանց մարմինները. դրանք խավարի մեջ են ընկղմված եւ ուղղորդված լույսի փայլատակումների ընթացքում երեւում են միայն աչքերը, ձեռքերը կամ ոտքերը:
Անշուշտ, բոլոր աշխատանքներն ու դրանց հեղինակների անձնական ճակատագրերը կրում են ցեղասպանության մասին հիշողություն. «Բոլոր մասնակիցներն այն օրերը վերապրած մարդկանց թոռներն ու ժառանգներն են, - ասում է տաղավարի համակարգող Ադելինա Կյուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգը, - անկախ ծննդավայրից՝ Հալեպ, Բեթղեհեմ, Երեւան, թե Լոս-Անջելես, նրանց միավորում է հատուկ զգայական կապը սահմանների, աշխարհագրության, տարածքային հարցերի նկատմամբ»: Ինչպես նաեւ՝ գոյատեւման, ինտեգրման, պատմական հիշողության ու այն երկրի երազային պատկերների նկատմամբ, ուր շատերն այդպես էլ ապրելու հնարավորություն չունեցան: