Տարիների փոշով ծածկված հին գինու շշեր մառանում, Երեւան |
Ոչ մի այլ ոգելից խմիչք Հայոց աշխարհում այնքան հին պատմություն չունի, որքան գինին. աշխարհում հայտնի հնագույն գինեգործարանը, որը 6100 տարեկան է, հայտնաբերվել է Արենիում: Նաեւ՝ հայկական ոգելից խմիչքներից ուրիշ ոչ մեկի արտադրությունը նույնպիսի մեծ վերելք չի ապրել վերջին տարիներին:
Խորհրդային տարիներին շեշտը դրվում էր քանակի վրա, որակը երկրորդ պլանում էր, եւ արտադրությունը հաճախ ինքնանպատակ էր: Եվ թեպետ խորհրդային ժամանակաշրջանում Հայաստանում կարմիր գինի էր արտադրվում, սակայն կարեւորվում էր արտադրության գաղափարը, ոչ թե որակի բարելավումը: Անկախության վերահաստատումից հետո Հայաստանը ժառանգեց գինու թերզարգացած արտադրական կարողությունները: Վերջերս, սակայն, հայ գինեգործներին հաջողվեց առաջատար դիրքեր զբաղեցնել խմիչքի արտադրության ոլորտում, եւ իսկապես՝ նրանք հրաշալի գործ են արել:
Կարմիր, սպիտակ եւ վարդագույն
Այսօր արտադրվող գինիների բազմազանությունը մեծ է: Դրանք պատրաստվում են ինչպես խաղողի հանրաճանաչ տեսակներից՝ կաբեռնե-սավինյոն, սիրա եւ մուսկատ, այնպես էլ տեղական հայկական տեսակներից՝արենի, խնդողնի եւ ոսկեհատ: Ներկայում աշխույժ արտադրությունը հայացքն ուղղել է ստեղծարար փորձարարությանը՝ ամենաժամանակակից տեխնոլոգիաները համադրելով հայկական գինեգործության ավանդույթների հետ, երբ գինին խմորվում է կարասներում: Աշխարհագրական առումով նույնպես Հայաստանում գինու արտադրությունը սահմանափակ չէ. գինի արտադրվում է ողջ երկրում՝ Արմավիրից ու Արենիից մինչեւ Արցախ:
Երիտասարդ գինի (մաճառ)
Մաճառը մասամբ խմորված գինին է, որը հիմնականում (բայց ոչ պարտադիր) ստանում են խաղողի սպիտակ տեսակներից: Այն կիսաքաղցր է՝ փոքր-ինչ տտիպ: Մաճառը հազվադեպ է մատուցվում տաք ճաշատեսակների հետ. այն օգտագործվում է թեթեւ ուտեստների հետ կամ առանձին:
Քաղցր գինի
Հայաստանում արտադրվում է քաղցր գինի՝ հիմնականում նռան: Այս գինին սովորաբար վայելում են ճաշից հետո՝աղանդերի հետ, ինչպես պորտվեյնը կամ այլ դիժեստիվներ: