Յուսուֆ Քարշ. լուսանկարիչ
Յուսուֆ Քարշը կանադահայ մեծանուն լուսանկարիչ էր, որի տաղանդն ու ինքնատիպ ոճը հնարավորություն տվեցին նրան դառնալու 20-րդ դարի ամենանշանավոր անհատներից և առաջնորդներից շատերի լավագույն դիմանկարների հեղինակը։
Ծագումը
Յուսուֆ Քարշը (իսկական անունը՝ Հովսեփ Քարշյան) ծնվել է 1908 թ., Արևմտյան Հայաստանի Մարդին քաղաքում։ Լինելով Ցեղասպանության ականատես՝ նա պատմել է. «Ես տեսա իմ հարազատների սպանությունը. քույրս սովամահ եղավ, երբ մեզ գյուղից գյուղ էին քշում»։ [1]
Ծնողները հաջողացրին նրան ուղարկել լուսանկարիչ հորեղբոր՝ Գևորգ Նաղաշի մոտ,Կանադա, որտեղ էլ նա ապրեց ամբողջ կյանքում։ Հորեղբայրն էր, որ նրան նվիրեց առաջին լուսանկարչական խցիկը և ուղարկեց աշակերտելու հայ մեկ այլ հայտնի լուսանկարչի՝ Ջոն Գարոյին (Բոստոն, Մասաչուսեթս), ումից Քարշը վարպետություն սովորեց և հետագայում բացեց սեփական ստուդիան Կանադայի Օտտավա մայրաքաղաքում։
Ճանաչված է
Ուինսթոն Չերչիլի, Էռնեստ Հեմինգուեյի, Ալբերտ Էյնշտեյնի, Մայր Թերեզայի, Ուոլթ Դիսնեյի, Օդրի Հեփբըրնի, Մուհամմեդ Ալիի, Ֆիդել Կաստրոյի, Դուայթ Էյզենհաուերի և շատ ուրիշների դիմանկարներով։ Հրապարակել է իր գործերի մի քանի ալբոմ։
Նշանավոր մտքեր
-Ես գործ ունեմ մարդկանց ամենահրաշալի հատվածի հետ։
-Կա մի ակնթարթ, երբ մարդու ամբողջ միտքն ու հոգին արտացոլվում են նրա հայացքում, ձեռքերում, շարժումներում։ Հենց այդ ակնթարթն է, որ պիտի որսաս։
Այլոց խոսքով
«Դու մռնչացող առյուծին անգամ կարող ես ստիպել հանգիստ կանգնել լուսանկարվելու համար»,-ասել է Ուինսթոն Չերչիլը լուսանկարվելիս։
«Քարշը հմտորեն լուսավորված և դասական դիրքի ֆորմալ դիմանկարի մեծ վարպետ էր»,- գրել է New York Times-ը։
«Յուսուֆ Քարշն իր հզոր դիմանկարների միջոցով մարդու դեմքը դարձնում է լեգենդ», – նշել է Պետեր Պոլակը, «Լուսանկարչական պատկերի պատմություն» գրքում:
Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում նա գնահատվում է որպես 20-րդ դարի ամենահռչակավոր դիմալուսանկարիչներից մեկը։
Նշանավոր գործեր