Հայաստանի դրոշը բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվել իր գոյության ընթացքում։ Կարծիք կա, որ Հայաստանի Հանրապետության դրոշի հեղինակը մխիթարյան հայր Ղեւոնդ Ալիշանն է, ով դրա նախնական տարբերակը ստեղծել է դեռեւս XIX դարում։ Ներկայիս դրոշն ուղղակիորեն կրկնում է Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920թթ.) եռագույնը՝ կարմիր-կապույտ-ծիրանագույնը:
Կարմիրը խորհրդանշում է հայկական լեռնաշխարհը, հայ ժողովրդի դարավոր գոյամարտը, քրիստոնյա հավատքը, Հայաստանի ազատությունն ու անկախությունը։ Կապույտը նշանավորում է հայ ժողովրդի՝ խաղաղ երկնքի տակ ապրելու ցանկությունը, իսկ ծիրանագույնը՝ Հայաստանի ժողովրդի ստեղծագործ ոգին եւ աշխատասեր էությունը։