Սիրիահայեր. չգովաբանված փրկիչներ
Սիրիայի Հալեպ քաղաքը Հայոց ցեղասպանության ընթացքում տեղահանության ճանապարհների խոշորագույն հանգույց-խաչմերուկներից էր։ Մահվան քայլարշավում կենդանի մնացածները 1915թ. մայիսին մոտեցան քաղաքի մերձակայքին։ Հունիսի 5-ի իր զեկույցում Հալեպում ԱՄՆ-ի հյուպատոսը գրում է. «Հայերի կենդանի հոսքը շարունակում է շրջակա բնակավայրերից լցվել քաղաք... կառավարությունը նրանց որեւէ կենդանի չի տվել, եւ ով բավարար միջոցներ չունի, ստիպված է ամբողջ ճանապարհը կտրել ոտքով»։
Շատերը որեւէ ապաստան չունեին։ Տասնամյակներ անց հրապարակված հուշերում Սեբաստիայից տեղահանված Ջոն Մինասյանը պատմում է, որ կարճ ժամանակով օթեւան էր գտել գերապատվելի Հովհաննես Էսքիջյանի տան բակում, «ուր արդեն ծվարել էր մոտ 20 ընտանիք, որոնք սովից ու խնամքի բացակայությունից դանդաղ մեռնում էին իրենց ցնցոտիներում։ Մահվան շեմին՝ նրանք այստեղ գրեթե անպաշտպան էին, սակայն ի դեմս գերապատվելի հոր՝ ձեռք էին բերել ընկերոջ»։ Ըստ ականատես Հայկ Թորոյանի՝ «Հալեպի հայերը տարագրվածներին ընդունեցին գրկաբաց եւ տեղ տվեցին իրենց տներում... Բայց փողոցները, դաշտերն ու քաղաքի մոռացված անկյունները լի էին հազարավոր տարաբախտներով, ում հարազատ օջախն այլեւս չկար»։
Հալեպի 10,000-անոց հայ համայնքը օգնության ձեռք մեկնեց գաղթականներին։ Տեղի Հայ Առաքելական Եկեղեցին անմիջապես քայլեր ձեռնարկեց նոր եկածներին օժանդակելու համար։ Մայիսի 24-ին եկեղեցին համակարգեց իր ջանքերը՝ հրավիրելով տեղի համայնքի ղեկավարներին կազմելու Գաղթականների խորհուրդը (այսուհետ՝ Խորհուրդ), որի նպատակն էր լինելու ժամանող հայերի «ֆինանսական, բարոյական եւ առողջական խնդիրների հոգսը տեղում ստանձնելը»։
Իրենց ջանքերով քաղաքի Հայ Ավետարանական եւ Կաթոլիկ եկեղեցիները սեփական նպաստամատույցները ձեռնարկեցին։ ԱՄՆ-ի հյուպատոս Ջեքսոնն ամենասկզբից արդեն հիշատակում է այս մեծածավալ օժանդակության մասին եւ հունիսի 5-ին հաղորդում իր վերադասներին՝ նշելով, որ գաղթականները «տեղում օգնություն են ստանում քաղաքի սրտացավ հայ բնակչության կողմից»։ Մեկ այլ զեկույցում նա նշում է, որ «յուրաքանչյուր կրոնական համայնք ունի սեփական նպաստամատույցը»։
Խորհուրդն անմիջապես նախապատրաստում է Հալեպում ու մերձակա բնակավայրերում ժողովված գաղթականության ցուցակն ու փորձում նրանց համար տանիք, կերակուր եւ բժշկական օգնություն հայթայթել։ Սկզբից ի վեր Խորհուրդն իր ջանքերը չսահմանափակեց միայն Հալեպ քաղաքով եւ օգնություն ու պատվիրակների ուղարկեց մինչեւ Դեր Զոր ու քանի որ այստեղ Հայ Առաքելական Եկեղեցին ներկայություն չուներ, Դեր Զորի Հայ Կաթոլիկ առաջնորդարանը դարձավ նրանց գործընկերը։ Կապն ապահովվում էր Հալեպի Հայ Կաթոլիկ առաջնորդարանից Դեր Զոր ուղարկվող հեռագրերի միջոցով։ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Սահակ Բ Խաբայանը, ով Ադանայից Հալեպ էր հասել մայիսի 28-ին, կարեւորագույն դեր խաղաց այս նախաձեռնություններում։
Հալեպի հայ համայնքը 1915թ. մայիս եւ հունիս ամիսներին նույնիսկ փորձեց փոխել տեղահանության վերաբերյալ կառավարության ծրագիրը՝ սկզբից դիմելով Օսմանյան կայսրության ծովային նախարար եւ Չորրորդ բանակի հրամանատար Ջեմալ փաշային՝ խնդրելով խնայել քաղաքում ապաստանած հայ գաղթականներին եւ նրանց վերստին չքշել անապատ։ Պատասխան չստանալով՝ համայնքի ղեկավարությունն այս անգամ արդեն դիմեց վարչապետին, ռազմական նախարարին եւ ներքին գործերի նախարարին՝ աղաչելով դադարեցնել իրենց հրամանների իրագործումը։ Կրկին պատասխան չստանալով՝ Խորհուրդը եւս մի խնդրագիր ուղարկեց, այս անգամ արդեն սուլթանին՝ տեղահանված մի հայուհու ստորագրությամբ։ Ինչեւէ, տեղահանությունը չդադարեցվեց։
Կաթողիկոսը շատ արագ հասկացավ, որ օսմանյան իշխանություններին խնդրագրեր ուղարկելով մեծ բանի չես հասնի։ Պոլսո Հայոց Պատրիարք Զավեն Տեր-Եղիայանին ուղղված հուլիսի 19-ի իր նամակում նա գրում է. «Ժողովուրդը խելագարծ է, չ'ըմբռներ ցաւին չափն ու տեսակը, կը կարծե, որ անտարբեր են Կաթողիկոսարան եւ Պատրիարքարան. կ'ստիպեն, որ դիմումներ ընեմ, Կայսեր եւ Աւագանիին, կ'ստիպեն որ անօթիին հացագինը հեռագրի տամ, բայց գիտեմ թէ ամէն դիմում, ամէն աղաչանք ու պաղատանք անօգուտ են, եւ աւելի նոր խստութեան ու չարիքներու դուռ կը բանան»:
Իշխանությունները շուտով կտրուկ միջոցներ ձեռնարկեցին Հալեպի հայ համայնքի նպաստամատույցների նկատմամբ՝ ղեկավարների մի մասին ձերբակալելով, մյուսին՝ աքսորելով։ Անմասն չմնացին նաեւ հոգեւորականները, այդ թվում՝ Կիլիկիո կաթողիկոսը, ով հարկադրված եղավ ապաստանելու Երուսաղեմում։ Հաջորդող ամիսներին տասնյակ հազարավոր հայեր իրենց մահկանացուն կնքեցին Օսմանյան Սիրիայի համակենտրոնացման ճամբարներում, հատկապես՝ Եփրատի ափերին եւ Ռաս էլ-Այնում։ 1916թ. ամռանն արդեն Դեր Զորում կոտորվեց մոտ 200.000 վերապրող։
Այդուհանդերձ, Հալեպում ձեւավորված մարդասիրական ցանցի շնորհիվ հազարավոր գաղթականներ հաստատվեցին քաղաքում։ Գործի դրվեցին տարբեր մարտավարություններ. մասնավորապես, գաղթականներին անվարձահատույց աշխատանքի ընդունեցին բանակին սպասարկող արտադրամասերում ու հիվանդանոցներում, տեղի իշխանություններից թույլտվություն ձեռք բերեցին որբանոցներ բացելու եւ ընդլայնելու համար, որոնք իրենց հերթին ապաստան տվեցին հազարավոր հայ երեխաների։ Այս ցանցին, որի կորիզը հայ համայնքի հոգեւոր եւ աշխարհիկ առաջնորդներն էին, հավելյալ օժանդակություն ցուցաբերեցին միսիոներները, տեղում բնակվող արտասահմանյան քաղաքացիները եւ երբեմն անգամ արեւմտյան դիվանագետները։
Ընդհուպ մինչեւ Առաջին աշխարհամարտի ավարտը եւ նույնիսկ դրանից հետո, նպաստամատույց ցանցը շարունակեց օգնություն տրամադրել հազարավոր տարագիրների, որոնք հաջողեցին մերվել քաղաքի կտավին կամ ապաստան գտնել որբանոցներում՝ խուսափելով վերստին անապատ քշվելու ճակատագրից։ Հալեպահայության ջանքերի շնորհիվ հազարավոր հայեր փրկվեցին ցեղասպանությունից եւ նոր կյանք սկսեցին սփյուռքում։
Խաչիկ Մուրադյան
Խաչիկ Մուրադյան. Ռաթջերսի համալսարանի Ցեղասպանագիտության եւ Մարդու իրավունքների ուսումնասիրության կենտրոնի Հայոց ցեղասպանության գծով ուսումնասիրությունների համակարգող։ Դասավանդում է Պատմության եւ Սոցիոլոգիայի ֆակուլտետներում։
*Գլխավոր լուսանկարում Հայր Հարություն Եսայանն է (կենտրոնում), որը մինչեւ օսմանյան իշխանությունների կողմից բանտարկվելը գլխավորում էր Խորհուրդը։ Լուսանկրաի աղբյուրը՝ ՀԲԸՄ Նուբարյան գրադարան, Փարիզ: