Ալեքսանդր Մանթաշեւ (Մանթաշյան). գործարար, մեկենաս
«Այստեղ է, սկսեք փորել»
Ով էր նա
Ալեքսանդր Մանթաշեւը (Մանթաշյան) 20-րդ դարասկզբի ամենահարուստ մարդկանցից մեկն էր, խոշոր նավթարդյունաբերող եւ մեկենաս։ Բաքվի նավթարդյունաբերության ոլորտում առաջնության պայքար է մղել իր հզոր ժամանակակիցների՝ Ջոն Ռոքֆելլերի եւ Նոբել եղբայրների հետ։ Մեծապես օժանդակել է Բաքվի նավթային արդյունաբերության ստեղծմանն ու զարգացմանը։
Ծնվել է Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսում (ներկայիս Թբիլիսի), սակայն կյանքի մեծ մասն ապրել է Թավրիզում (Իրան) եւ Մանչեսթերում (Անգլիա)։
Իր ժամանակաշրջանում Մանթաշեւն այնքան հզոր է եղել, որ բանկիր Օթթո Ջեյդելսը գրել է. «Նավթի համաշխարհային շուկան մինչեւ օրս դեռ բաժանված է երկու խոշոր ֆինանսական խմբերի միջեւ, որոնք են Rockefeller’s American Standard Oil Co.-ն եւ Rothschild and Nobel-ը՝ Բաքվի ռուսական նավթահորերը վերահսկող շահառուները։ Այս երկու խմբերը մերձավոր կապեր ունեն։ Բայց մի քանի տարի շարունակ նրանց միանձնյա իշխանությանն սպառնում էր 5 հակառակորդ՝ ամերիկյան նավթահանքերի սպառումը, Բաքվի Մանթաշեւի ընկերության մրցակցությունը, Ավստրիական նավթահանքերը, ռումինական նավթահանքերը եւ անդրծովյան, մասնավորապես՝ Դանիական գաղութների նավթային պաշարները (չափազանց հարուստ Samuel եւ Shell ընկերությունները, որոնք եւս կապված են բրիտանական կապիտալի հետ)»։
Իբրեւ մեկենաս, նավթային մագնատ եւ ֆինանսիստ՝ Մանթաշեւը մեծ ներդրում է ունեցել Թբիլիսիի եւ Բաքվի՝ կովկասյան այս երկու քաղաքների զարգացման գործում։ Նա կառուցել է Թբիլիսիի՝ ապագայում Ռութավելու անունը կրած թատրոնը եւ դրել Բաքվի նավթարդյունաբերության հիմքերը՝ ֆինանսավորելով նաեւ Բաքու-Բաթում նավթամուղի կառուցումը 1907 թ.։ Իր ունեցած մեծ կապերի շնորհիվ՝ նա նաեւ միջնորդ է ծառայել Գալուստ Գյուլբենկյանի (հայ մեկ այլ նավթային մագնատի) եւ բազմաթիվ ազդեցիկ անհատների միջեւ։ Ֆրանսիայում ծավալած իր մարդասիրական գործունեության համար երկրի նախագահը նրան պարգեւատրել է պետության բարձրագույն՝ Պատվո Լեգիոնի Շքանշանով։
Հետաքրքիր փաստ
Մանթաշեւը ֆինանսավորել է հայ մեծանուն կոմպոզիտոր Կոմիտասի կրթությունը։
Ավելին