Ռիչարդ Դոնչյան. արժեթղթերի շուկայի նորարար
Submitted by A.Yeghiazaryan on Tue, 12/15/2015 - 11:49
Armenian
«Ոչ ոք դեռ չի կարողացել ցույց տալ ինձ մաթեմատիկական բարդ հավասարում, որն ունակ է կանխագուշակելու՝ շուկայի միտումն աճո՞ղ է, նվազո՞ղ, թե՞ հորիզոնական»։
Ով է նա
Ռիչարդ Դոնչյանը ծնվել է 1905թ. Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ապրանքային առեւտրի միտումների վերաբերյալ նրա հիմնարար վերլուծությունները նրան դարձրել են մինչ այժմ կիրառվող մեթոդների հիմնադիրը։
Ավարտելով Եյլի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը՝ Դոնչյանն սկզբում աշխատել է գորգավաճառության ընտանեկան բիզնեսում՝ զուգահեռաբար զբաղվելով նաեւ արժեթղթերի առքուվաճառքով։ 1929թ. տնտեսական ճգնաժամի հետեւանքով կորցրել է իր կարողությունը, ինչը նրան ստիպել է խորանալ գնարժեքի պատմության ու առեւտրային միտումների ոլորտում։ Իր գործունեությունը նա շարունակել է ֆինանսական սեկտորում՝ աշխատելով Ուոլ Սթրիթում։
Չնայած Երկրորդ համաշխարհային պատերազմի հետեւանքով գործերից կտրվելուն (Ռիչարդը զինվորագրվում է եւ աշխատում իբրեւ վիճակագրության մասնագետ), նա վերադառնում է արժեթղթերի շուկա եւ շարունակում կատարելագործել առեւտրի իր տեխնիկական մեթոդաբանությունը, որը բացառիկ էր նրանով, որ հիմնված էր հստակ կանոնների եւ ուղեցույցների վրա եւ կարգուկանոն էր սահմանում այնպիսի մի ասպարեզում, որը հայտնի էր իր սխալական եւ հաճախ նաեւ իռացիոնալ վարքով։
Կյանքի ընթացքում Ռիչարդ Դոնչյանը տպագրել է տասնյակ հոդվածներ եւ հիմնել Futures, Inc. ընկերությունը՝ առաջին բաց բաժնետիրական ֆոնդերից մեկը։ Իր ժամանակից առաջ ընկած այս մարդն իր մեթոդն ուսուցանում էր կանանց այն ժամանակ, երբ Ուոլ Սթրիթ կանանց մուտքը գրեթե արգելված էր։ Վերահաստատելով նրա գործի հաջողությունն ու հարատեւությունը՝ նրա սկզբունքներից շատերն այսօր էլ կիրառվում են ապրանքային բորսայի ոլորտում։
Հետաքրքիր փաստ
Դոնչյանին անվանել են «թրենդին հետեւելու առեւտրային ուղիների հայր» (The Father of Trend Following) ։
Ավելին
Image:
Display type:
Small
Weight:
0