Բեն Բաղդիկյան. լրագրող, գրող եվ մեդիաքննադատ

Armenian

«Երբեք չմոռանաք, որ պատասխանատու եք ժողովրդի առաջ, ոչ թե նրանց, որոնք վճարում են ձեզ, կամ ձեր խմբագիրներն են, աղբյուրները, ընկերները, կամ առաջընթացի հնարավորությունները։ Միա՛յն հանրության առաջ»:

Ով է նա
 

Բեն Բաղդիկյանն ամերիկահայ նշանավոր լրագրող էր, որն իր օրինակելի գործունեությամբ խոշոր հետք է թողել իր ոլորտում՝ արժանանալով Պուլիցերյան եւ Փիբոդի մրցանակներին։

Լինելով Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգ՝ նա ծնվել է Օսմանյան կայսրության հոգեվարքի օրերին, Մարաշում։ Մանուկ հասակում ընտանիքի հետ փրկվել են եղեռնից եւ տեղափոխվել Միացյալ Նահանգներ։ Երբ երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ճապոնացիները հարձակում են գործել Փերլ Հարբորի վրա, նա զինվորագրվել է ԱՄՆ Ռազմաօդային ուժերին՝ ծառայելով մինչեւ պատերազմի ավարտը։

Իբրեւ լրագրող՝ իր գործունեությունը Բեն Բաղդիկյանը սկսել է պատերազմից հետո եւ աշխատանքի անցել  Washington Post թերթում։ Ժամանակի ընթացքում Բաղդիկյանը դարձել է թերթի տեղական նորությունների բաժնի ղեկավար-խմբագրի տեղակալը եւ իր գործունեության տարիներին օգնել է հանրայնացնել Պենտագոնյան Թղթապանակը։

Թողնելով ամենօրյա լրատվության ոլորտը՝ նա կենտրոնացել է ավելի ծավալուն գործերի վրա եւ տպագրել The Media Monopoly (Լրատվական մենաշնորհ) նշանավոր աշխատությունը, որում ցույց է տվել, թե ինչպես են ամերիկյան մի քանի կազմակերպություններ իրենց վերահսկողության տակ առել լրատվական ոլորտի մեծ մասը։ Թեեւ նա հրատարակել է այլ գրքեր եւս, նա այժմ հիմնականում հայտնի է այս եւ դրան հաջորդած «Նոր լրատվական մենաշնորհ» աշխատություններով։

Պրոֆեսիոնալ գործունեության տարիներին Բեն Բաղդիկյանը եղել է նաեւ Կալիֆորնիայի համալսարանի Բերկլիի լրագրության դպրոցի պրոֆեսոր եւ պատվավոր դեկան։
 

Հետաքրքիր փաստ

Բաղդիկյանն ապրել է Ամերիկայի հարավի հասարակ ժողովրդի մեջ, որպեսզի կարողանա ամենայն հավաստիությամբ գրել 1960-ականներին հանուն քաղաքացիական իրավունքների ընթացող պայքարի մասին։
 

Ավելին

Բեն Բաղդիկյանի պաշտոնական կայքը

 
Image: 
Display type: 
Small
Weight: 
0