Առաջատար հայագետները` Մոսկվայում
Մոսկվայի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետում կանցկացվի «Հայկական սփյուռքը եւ հայ-ռուսական հարաբերությունները. անցյալ եւ ներկա» խորագրով միջազգային գիտաժողով:
2016 թվականի սեպտեմբերի 14-ին եւ 15-ին Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Պատմության ֆակուլտետում տեղի կունենա «Հայկական սփյուռքը եւ հայ-ռուսական հարաբերությունները. անցյալ եւ ներկա» խորագրով միջազգային գիտաժողովը, որի նպատակն է համակողմանիորեն քննարկել աշխարհի տարբեր ժողովուրդների հետ հայության շփման պատմական փորձը, ինչպես նաեւ անդրադառնալ այն դերին, որը հայկական սփյուռքը կատարել է Ռուսաստանի, Հայաստանի եւ այլ երկրների պատմության մեջ։
Գիտաժողովը նշանակալի իրադարձություն կդառնա ռուսաստանյան հայագիտության համար, եւ առաջին անգամ այս թեմային անդրադարձ կարվի ակադեմիական եւ համալսարանական մակարդակով՝ միավորելով գիտաճյուղի առաջատար մասնագետներին Մոսկվայի համալսարանի եւ դրա պատմության ֆակուլտետի հենքի վրա։
Քննարկմանը կմասնակցեն հայագիտության եւ հարակից ճյուղերի ավելի քան 100 մասնագետներ աշխարհի 16 երկրների մոտ 50 քաղաքներից: Նրանց թվում՝ նշանավոր պատմաբաններ Սերգեյ Կարպովը (Ռուսաստան, Մ.Վ. Լոմոնոսովի անվան ՄՊՀ), Աշոտ Մելքոնյանը (Հայաստան, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ), Ժերար Դեդեյանը (Ֆրանսիա, Պոլ Վալերի Մոնպելյեի անվան համալսարան), Ռայմոն Գեւորգյանը (Ֆրանսիա, Սեն-Դենիի Փարիզ VIII համալսարան), Կլոդ Մութաֆյանը (Ֆրանսիա), Սեպուհ Ասլանյանը (ԱՄՆ, Լոս Անջելեսի կալիֆորնյան համալսարան) եւ ուրիշներ։
Գիտաժողովի հիմնական թեմաներն են՝ Հայաստանի եւ Ռուսաստանի պատմական ճակատագրերը X–XXI դդ., ռուսահայ սփյուռքի պատմություն, հայկական սփյուռքն աշխարհում, Հայաստանի ու հայկական սփյուռքի արվեստն ու մշակույթը, աղբյուրագիտության եւ պատմագրության հիմնահարցեր։
Հայաստանի, հայկական սփյուռքի եւ հայ-ռուսական հարաբերությունների պատմության մեջ մասնագիտացող երիտասարդ գիտնականները համատեղ քննարկումների հնարավորություն կունենան։
Գիտաժողովը նախաձեռնել են Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Պատմության ֆակուլտետը եւ Սփյուռքի պատմության գիտահետազոտական կենտրոնը՝ «Անիվ» հայագիտական հետազոտությունների աջակցության եւ զարգացման հիմնադրամի հետ համատեղ: Գիտաժողովի ինֆորմացիոն հովանավորն է 100LIVES նախագիծը, որը «Ավրորա» համաշխարհային մարդասիրական նախաձեռնության մի մասն է։
*գլխավոր նկարում՝ Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի մասնաշենքը