Նոր՝ գլոբալ մոտեցում հայկական խնդրին
Submitted by s.khandanyan on Fri, 11/04/2016 - 15:02
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Նյու Յորքում ներկայացրել է «Գլոբալ հայեր» նախաձեռնության գաղափարը՝ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության 110-ամյակի եռօրյա միջոցառումների շրջանակում: Բանախոսությունը տեղի է ունեցել է հոկտեմբերի 28-ին՝ «Դառնալով գլոբալ հայեր. մեկ քայլ առաջ» քննարկման ընթացքում: Նախաձեռնության մասին Նուբար Աֆեյանը զրուցել է նաև Բոստոնի հայկական Mirror Spectator պարբերականի հետ: Հոդվածը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
Հեղինակ՝ Ալին Գրեգորյան
Ուրբաթ՝ հոկտեմբերի 28-ին, հայկական աշխարհում սկզբնավորվեց մի նոր շարժում, որը գալիս է վերափոխելու այն ձեւը, որով հայերն ընկալում են իրենք իրենց, եւ որում հայությունը կկարողանա աշխարհով մեկ ձեռք ձեռքի տալ՝ փոխօգնության մի նոր ցանց ձեւավորելով Սփյուռքում եւ Հայաստանում։
«Գլոբալ հայեր» (Global Armenians) շարժման մեկնարկը տրվեց «Նյու Յորք Թայմզ» եւ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթերում զետեղված ու մի ամբողջ էջ զբաղեցնող ծավալուն հայտարարությունների միջոցով, որոնց հրապարակման օրն ընտրվել էր այնպես, որ համընկնի Նյու Յորքում Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության 110-ամյակին նվիրված միջոցառումների հետ։
Հայտարարությունը ստորագրողների թվին են պատկանում Ռուբեն Վարդանյանը, Նուբար Աֆեյանը, Վարդան Գրեգորյանը, Շառլ Ազնավուրը, լորդ Արա Դարզին, դեսպան Էդուարդ Ջերեջյանը, Տիգրան Թեւրիզյանը, Սամվել Կարապետյանը եւ Սալբի Ղազարյանը։
Հոկտեմբերի 31-ի իր հարցազրույցում Աֆեյանը նշել է, որ պարբերականների ընտրությունն արտացոլում է ինչպես աշխարհը, այնպես էլ Երեւանը՝ որպես հայկական աշխարհի մայրաքաղաք։ «Նախաձեռնության հիմքում մեկ աշխարհի գաղափարն է։ Ըստ էության՝ մենք շեշտում ենք, որ եկել է այլ կերպ մտածելու ժամանակը», - ասել է նա։ «Ո՞րն է մյուս քայլը։ Մենք այժմ սկսում ենք լայն քննարկումների շրջան, եւ ես չեմ կարող եմ լիարժեք կանխատեսել դրանց ելքը»։
(Բանախոսն ընդգծեց նաեւ, որ ՀԲԸՄ-ն չի ֆինանսավորել եւ չի աջակցել արշավին)։
Ըստ հայտարարության՝ «Գլոբալ հայեր» շարժումը «Հայկական աշխարհին նոր հնարավորություն է տալիս շարժվելու բարօրությամբ լի ապագայի ուղղությամբ եւ վերափոխելու հետխորհրդային Հայաստանի Հանրապետությունը՝ համաշխարհային ազգի կենսունակ ու եռանդուն, արդիական, անվտանգ, խաղաղ եւ առաջադեմ հայրենիքի»։
«Հայության համար սա ոչ միայն Ցեղասպանությունը վերապրելու, այլեւ վերականգնվելու եւ զարգանալու հնարավորություն է»։
«Սա Հայաստանին թույլ կտա ապահովել սոցիալական եւ տնտեսական երկարամյա զարգացում, ինչպես մեր այսօրվա քաղաքացիների, այնպես էլ մեր երեխաների եւ համաշխարհային մեր ազգի ապագայի համար»։
Հիմնական միտքն այն է, որ մարդիկ սկսեն աշխատել գործող կազմակերպությունների ցանցում, որոնք ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում ունեն մեծ տարածում եւ հարուստ միջոցներ։ Այդպիսիններից են, օրինակ, ՀԲԸՄ-ն կամ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամը (IDeA)։ Երկուսն էլ կարող են վերածվել «ինքնության, մշակույթի ու բարօրության ընդգրկուն հարթակների»։
IDeA բարեգործական հիմնադրամը հիմնադրվել է իբրեւ հարթակ այնպիսի ծրագրերի աջակցության եւ իրականացման համար, որոնք ունակ են օժանդակելու Հայաստանին գոյատեւման մոդելից բարօրության մոդելի անցման գործում։ Հիմնադրամի օգնությամբ իրականացված նախաձեռնություններից են Թբիլիսիի Սուրբ Գեւորգ առաջնորդանիստ տաճարի վերականգնումը, «Տաթեւի վերածնունդը» (Տաթեւեր), «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը եւ UWC Դիլիջան քոլեջը։
«Գլոբալ հայեր» նախաձեռնությունն, ըստ Աֆեյանի, կարող է վերածվել «բազմաթիվ աղբյուրների միջոցով իրագործվող նախագծերի յուրօրինակ մի հարթակի», որին կարող են օժանդակել ամբողջ հայությունը, եւ ոչ միայն ֆինանսական միջոցներով, այլեւ կամավորությամբ։ «Մենք ցանկանում ենք, որ այն լինի ընդգրկուն։ Մեզ անհրաժեշտ են բոլորի գաղափարները»,– հատուկ ընդգծեց նա։
Աֆեյանն ասաց նաեւ, որ հիմնական միտքը ծագում է «Հայաստան-2020» նախաձեռնությունից՝ նախագիծ, որը ստեղծվել էր մի ոչ մեծ խմբի կողմից՝ ներառյալ նաեւ սույն հայտարարությունը ստորագրած Ռուբեն Վարդանյանը: Այն իրականացվում էր 2001-2008 թվականների ընթացքում՝ Հայաստանի կառավարության հետ համատեղ։ Ըստ Աֆեյանի՝ գաղափարն առաջ էր քաշվել դեռ 2005 թվականին, իսկ վերագործարկման մասին քննարկումները վերսկսվել էին անցյալ տարի։ Նա շեշտեց, որ ոչ ինքը, ոչ էլ մյուս ստորագրողները, որոնց թիվն այժմ անցնում է 30 հոգուց, չեն թելադրելու նախաձեռնության անելիքները։
Նոր մոտեցումն այն է, որ սփյուռքահայ կամ հայաստանաբնակ հայ լինելու փոխարեն՝ «յուրաքանչյուրս դառնա համաշխարհային՝ գլոբալ հայ»՝ բառիս ընդլայնված սահմանմամբ։ «Իբրեւ բոստոնահայի՝ իմ սահմանումն անչափ նեղ է ու կաշկանդող։ Երբ մենք որեւէ խնդիր ենք տեսնում Սիրիայում կամ Հայաստանում, տեսնում ենք պայծառ ապագայից զրկված երեխաների, դա պետք է դառնա նաեւ օգնության ձեռք մեկնելու ընդհանուր պատասխանատվության իմ բաժինը»։
Ըստ Աֆեյանի՝ փողը միակ որոշիչ գործոնը չէ։ «Կարեւորը մտայնությունն է։ Երկար ժամանակ է պահանջվելու մարդու տաղանդը, ժամանակը, փորձառությունն ու նվիրումը աշխարհում հայ ազգի բարօրության առաջխաղացմանը ծառայեցնելու համար»։
Բանախոսը հույս հայտնեց, որ ավելի շատ կանայք եւ երիտասարդներ կդառնան այս ծրագրի մասը։
Մեկնարկը փորձում է «ծառայել իբրեւ ազդակ, որպեսզի մարդիկ սկսեն մտածել մեր «խաղը» նոր մակարդակի բարձրացնելու մասին, եւ գիտակցեն, որ բոլորս միեւնույնն ենք»։
Արդյունքում, հայությունը կդառնա ցանցի մի մաս, որն անհամեմատ ավելի արդյունավետ կդարձնի հավաքական նախաձեռնությունների առաջքաշումն ու իրագործումը։ «Մենք խոսում ենք համագործակցության մասին, սակայն նպատակաուղղված կերպով գրեթե երբեք չենք գնում հավաքական քայլերի»,– ասաց Աֆեյանը։
Խմբի տարածած մամուլի հաղորդագրության մեջ Ռուբեն Վարդանյանն ասել է. «Հաջողելու համար Հայաստանին հարկավոր է աշխարհասփյուռ համայնքի աջակցությունը։ Թեեւ տարբեր խմբերի կողմից երկարամյա հաջողությամբ արդեն իրագործվում են բազմաթիվ ծրագրեր, որոնք որոշակի ազդեցություն են թողնում Հայաստանում եւ Սփյուռքում, միեւնույն է՝ հսկայական անելիք կա դեռ։ Մենք խնդրում ենք բոլոր հայերին, որպեսզի միանան մեզ՝ զարգացնելու մեր երկրի մշակույթն ու ենթակառուցվածքները եւ առաջ մղելու Հայաստանը դեպի հաջողակ ու կայուն ապագա»։
Մասնավորապես, ներկայումս դժվարին խնդիրների առջեւ է կանգնել սիրիահայ համայնքը։
«Հաջորդող շաբաթներին եւ ամիսներին մենք նախաձեռնելու են լայն քննարկումներ։ Սա երկարաժամկետ նախագիծ է»,– նշեց Աֆեյանը եւ հավելեց, որ «Հայաստանյան ճակատում լուրջ մարտահրավերներ կան»։ Նա հույս հայտնեց, որ Հայաստանի նոր կառավարությունը, հանձին վարչապետ Կարեն Կարապետյանի, դրական փոփոխություններ կկատարի երկրում։
«[Հայաստանին] սպասվում է բավական դժվարին ճանապարհ։ Գոյություն ունի յուրահատուկ մարտահրավերների մի ամբողջ շարք, քանի որ երկիրը չունի սեփական ռազմավարական ծրագիր»,– ասաց Աֆեյանը։ «Նրանք պետք է կայունացնեն իրավիճակը եւ կառավարեն ճգնաժամը, սակայն միեւնույն ժամանակ պետք է այդ նույն ճգնաժամից դուրս գալու քայլ կատարեն եւ սկսեն ծրագրել ապագային նայելով»։
Հավաքական գործունեության միտքը բավականին օտար է հայության համար, քանի որ շատերը կան, որ հասնում են անհատական մեծ հաջողությունների, սակայն պարտադիր չէ՝ որպես խմբի անդամ։
Ըստ Աֆեյանի՝ «Այս իրավիճակը պատճառն այն է, որ մենք գոյատեւման բազմադարյա մոդելի արդյունք ենք։ Յուրաքանչյուրը հոգում էր սեփական խնդիրները, որպեսզի կարողանար հաղթահարել իր առջեւ ծառացած գոյութենական մարտահրավերները։ Վերջին դարի գոյատեւումն ու գոյապահպանությունը զարգացումից տարբերվող հասկացություններ են»։ Այժմ անհրաժեշտ է որդեգրել նոր աշխարհայացք, քանի որ աշխարհասփյուռ մեր համայնքները հայտնվել են միանգամայն տարբեր իրավիճակներում։
Կոռուպցիան եւս հիմնախնդիր է, որն ի հայտ է գալիս յուրաքանչյուր անգամ, երբ քննարկվում է Հայաստանում կատարվելիք ներդրումների հարցը։ Ըստ Աֆեյանի՝ ավելի հարմար կլինի գործակցել եղած կառույցների հետ, որոնք «տարեկան 50-100 միլիոն ԱՄՆ դոլար են ներդնում՝ շրջանցելով այդ ամենը»։ Դրանցից են, ըստ բանախոսի, ԹՈՒՄՈ-ն, IDeA-ն, եկեղեցին, ՀԲԸՄ-ն, «Հայաստանի երեխաներ» հիմնադրամը, «Հայաստան Ծառատունկ» ծրագիրը եւ այլն։
Հետադարձ հայացք գցելով «Հայաստան-2020» նախագծին՝ Աֆեյանն ասաց, որ աշխարհասփյուռ հայությունը պետք է մտածի այն առաջնահերթությունների մասին, որոնք հարկավոր է իրագործել։ «Պետք է ուսումնասիրել նախագծերը, հասկանալ, թե որոնք են անհրաժեշտ դարձնել ներդրումային սեկտորներ»։
Աֆեյանը նշեց, որ «Գլոբալ հայեր» նախաձեռնության համար իբրեւ օրինակ են ծառայել շոտլանդական (GlobalScot), սինգապուրյան եւ հրեական մոդելները։ Այլ երկրներից Հայաստանի փոխառած հաջող օրինակներից է «Լույս» հիմնադրամը, որը Հայաստանի ուսանողներին օգնում է մեկնել արտասահմանի լավագույն համալսարաններում ուսանելու, ապա՝ վերադառնալու եւ ծառայելու հայրենիքին։
Ներկայումս մշակվում է հանրային հանդիպումների ընթացիկ ժամանակացույցը։ Քննարկումների փուլի ավարտին հանրությանը կներկայացվի նաեւ նախաձեռնության կայքը։
Armenian
Weight:
-13 500
Image:
Display type:
Big