«Լիազորված վերադարձ»

Armenian

Ստամբուլի օդանավակայանում զբոսաշրջիկները մեխանիկորեն մեկնում են անձնագրերը ոստիկանին, որը պատուհանի հետեւից ուշադիր իրենց է զննում: Նրա ռետինե կնիքը սեզամի դուռն է, որը բացվում է դեպի երկրի հարավային կողմերի արեւոտ լողափերը: Բայց ցեղասպանությունը վերապրածների ժառանգները, որ մյուսների պես կանգնած են հերթում, միայնակ չեն եկել Թուրքիա. վախը սողոսկել է նրանց ճամպրուկների մեջ:

Վերջին տարիներին Թուրքիայում ցեղասպանության հետ կապված տաբուների վերացումն ավելի դյուրին է դարձրել ճամփորդությունները: Ավելի ու ավելի շատ հայեր են սփյուռքից որոշում այցելել իրենց նախնիների երկիրը: Ավստրալիայից, Շվեյցարիայից, Միացյալ Նահանգներից եւ կամ Ֆրանսիայից է՛լ ավելի շատ հայեր այնտեղ կմեկնեն ապրիլի 24-ին: Թվում է՝ հարյուրամյակով պայմանավորված այնտեղ վերադառնալը հրամայական է դառնում: Դաժանաբարո հանցանքների հետքերը կրող այդ հողերում գտնվելը ֆիզիկական կամքի դրսեւորում է, որը պարտության է մատնում ժխտողականությունը, այն ծանրակշիռ է անգամ միայն ֆիզիկական դրսեւորմամբ. խոսքերի կարիք չկա: Ցեղասպանությունը վերապրածների ժառանգների համար Թուրքիա գնալ նշանակում է ավելի մոտ լինել հարյուր տարի առաջ կոտորված նախնիներին, վերադառնալ դեպի նրանց անցած ճանապարհը: Տարօրինակ է, սակայն, այս ամենը կոչել «վերադարձ»: Այդպիսով ենթադրվում է, որ նրանք արդեն վերադարձած կլինեին: Գուցե այն պատճառով, որ ժառանգներն այնտեղ միայնակ չեն գնում, այլ իրենց հոգով ու մտքով տանում են բոլորին, ում ժամանակին քշել են այնտեղից: Սա,կարծես, ինչ-որ առումով լիազորված վերադարձ լինի:

Ցեղասպանությունից փրկված փախստականների անձնագրերում հաճախ գրված էր «Վերադարձն անհնար է», ինչն էլ դատապարտում էր նրանց մշտական աքսորի: Հարազատների կոտորածը տեսնելու անդիմանալի ցավին գումարվում էր նաեւ նախնիների հայրենիքից հեռու մեռնելու վիշտը: Դրա վկայություն է սփյուռքից մի հայուհու հիշողություն, որն այցելել էր Դիարբեքիր՝ իր տատիկի ծննդավայր, եւ այնտեղից մի փոքր տոպրակ հող էր տարել տատիկի գերեզմանին լցնելու համար, որ նա վերջապես հանգչի խաղաղությամբ:

Ճամփորդության ընթացքում այդ «հայրենադարձները» զբոսնում են Բոսֆորի երկայնքով, զմայլվում են Անի քաղաքի երբեմնի շքեղության մնացորդներով եւ Վանա զուլալ ջրերի մարգարտով՝ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցիով: Այնուհետեւ ուղեւորվում են դեպի Սեբաստիա, Ադանա կամ Սասուն՝ արմատների փնտրտուքով: Նրանք իրենց հետ բերում են մռայլ պատմություններ, հիշողություններ լռության, տարեցների անձայն արցունքների ու տանջանքների մեջ խեղդված հայացքների մասին: Այս հողում ծնվածները շատ ավելի հաճախ նախընտրել են շարժվել առաջ, քան պատմել անպատմելին: Այս կորսված դրախտն ունի խրթխրթան բորեկների համը, նռան գույնը, դարբնի մուրճի աղմուկը, հայ մեղեդիների հոգեթով հնչյունները ... երեւակայական երկիրը գալիս է հակադրվելու մի իրական երկրի, որտեղ ցեղասպանության հետքերը դեռ այնքան տեսանելի են: Եկեղեցիների ավերակները, գյուղերի թրքացված անունները, տեղ-տեղ վերաբնակեցված տները. այդ ամենը հայերի վերացման հետքերն են:

Սակայն ցավը դեռ չափազանց շոշափելի է շատ հայերի համար: Ինչպես ասել էր ֆրանսիացի ռեժիսոր Անրի Վեռնոյը, նույն ինքը՝ Աշոտ Մալաքյանը. «Ես շատ էի վախենում, որ իմ երկրով քայլելիս կլսեմ միայն ոսկորների ճրթճրթոց»:

Բայց նրանք, ովքեր արդեն կատարել են այդ ուխտագնացությունը, հաճախ պատմում են, թե ինչպես են շատ բարեհաճ հանդիպումները պակաս սեւեռուն դարձրել մշտական դահճի՝ թուրքի կերպարը: Այդ հանդիպումներն ավելի են բարդացնում ընդհանուր պատկերացումները: Ուղեւորության ընթացքում ժառանգները նաեւ բազմաթիվ պատմություններ են պատմում նրանց, ովքեր այսօր ապրում են Թուրքիայում: Օգնում են նրանց բացահայտել անցյալը: Այն հայերը, ովքեր վերադառնում են, պատմում են, որ ամեն ինչ կամ գրեթե ամեն ինչ՝ անծանոթ դեմքերի տարօրինակ հարազատությունը, բույրերը, անատոլիական բարձրավանդակների ջերմությունն ամռանը կամ թե գիշերային քամու մեղմությունը Մարդինում... Տուն, գերեզման, քարի վրա որեւէ գրություն գտնելը, այդ ամենը բերում է մի տարօրինակ զգացողություն, կարծես՝ ինչ-որ չափով տանը լինես, ինչ-որ չափով խաղաղվում ես՝ իմանալով վերջապես, թե որտեղից ես դու եկել: Բոլոր այս արմատախիլ սերունդների ինքնության վերագտնման ճանապարհն անցնում է այսօր Թուրքիայի միջով: «Դա իմ կյանքի ճամփորդությունն էր»,- պատմում է Դոնին, ով հաստատվել է Կոնեկտիկուտում եւ արդեն հինգ տարի է, ինչ Խորխոնում` Սեբաստիայի շրջակայքում, գտել է այն եկեղեցու ավերակները, որտեղ 20-րդ դարասկզբին ամուսնացել էր իր պապը:

Լոր Մարշան եւ Գիյոմ Պերյե
 

Լոր Մարշան եւ Գիյոմ Պերյե. լրագրողներ, թուրքագետներ եւ արեւելագետներ, ֆրանսախոս բազմաթիվ լրատվամիջոցների համար Ստամբուլում աշխատող նախկին թղթակիցներ (2004-2014թթ.), «Թուրքիան եւ հայկական ուրվականը» գրքի հեղինակներ:

Weight: 
-2
Image: 
Display type: 
Small
Subtitle: 
Գիյոմ Պերյե եւ Լոր Մարշան