«1915». գրախոսություն

Armenian

Կարին Հովհաննիսյանի եւ Ալեք Մուհիբյանի «1915» ֆիլմը կոչված էր դառնալու Հայոց ցեղասպանություն թեմայով հիմնական կինոնկարը, եթե նայելու լինենք համատեքստին։ Միայն անվանումն արդեն այն կապում է աշխարհով մեկ 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին, իսկ Հովհաննիսյանի բնորոշումը, թե «ֆիլմը ժխտողականության մասին է», տեղափոխում է այն քաղաքական համատեքստ։ Սա մի ֆիլմ էր, որ փորձում էր լինել ամեն ինչ՝ Եղեռնի էպիկական ոգեկոչում, ներկայիս դերասանների «պահարանում պահված կմախքները» երեւան հանող հոգեբանական թրիլեր եւ ժխտողականության փաստարկում՝ թուրքական պետությունը որպես թիրախ։ Ֆիլմի կայքը նույնիսկ կոտրվել էր Turkey Cyber Army (Թուրքական կիբերբանակ) հակերների խմբի կողմից։ Սա ֆիլմ էր, որն ուղղակի չէր կարող աննկատ մնալ։

Առաջին հայացքից ֆիլմը, կարելի է ասել, բաց չի թողնում թրեյլերում ներկայացրած ոչ մի կետ։ «Birdman»-ին նմանվող հոգեբանական այս դրաման (թրիլեր բառը երեւի թե ճիշտ չի լինի օգտագործել) ծավալվում է թատերական ղեկավարի եւ նրա ոչ այնքան փայլուն դերասանների խմբի շուրջ, որոնք ցեղասպանության մասին ներկայացում պատրաստելիս փորձում են լուծել ժխտողականության հետ կապված սեփական խնդիրները։ Լոս Անջելեսում աշխատող թատերական ղեկավար Սիմոնի (Սիմոն Աբգարյան) համար այս միանվագ ներկայացումը որոշիչ դեր ունի՝ այն պիտի դուրս բերի իր թատրոնը յոթնամյա պարապությունից, ընկճախտի զոհ դարձած կնոջը՝ Անժելային (Անժելա Սարաֆյան) ուժ տա առերեսվելու եւ հաղթահարելու իրենց մանկահասակ որդու մահը եւ կարեւոր ուղերձ լինի Հայոց ցեղասպանության մասին։
 

Դեռ բեմ դուրս չեկած՝ ներկայացումն արդեն իսկ վտանգի է ենթարկվում հայ եւ թուրք ցուցարարների, մահվան անանուն սպառնալիքների (որոնք, պարզվում է, մերժված դերասաններից մեկի կողմից էին) եւ կոլեկտիվի անհաշտության պատճառով։ Սցենարը հյուսվում է մի հարցի շուրջ՝ կարո՞ղ է Անժելան առերեսվել իր յոթնամյա անցյալի՝ մանուկ որդու հանկարծակի մահվան հետ, եթե կարողանա միաձուլվել իր դերի հետ, որի համաձայն ինքը պիտի քաջություն գտնի եւ փախչի իր ընտանիքը ձերբակալելու եկած թուրք սպայի հետ՝ սիրահարվելով նրան մահվան քարավանում։

Եթե անգամ վերջին նախադասությունն այնքան էլ իմաստալից չի թվում, ապա այն պատճառով, որ այս պատմությունը ֆիլմում մեծ դեր, իրականում, չունի։ Հանդիսատեսին մատուցվում է մի քանի ֆիլմի արժանի հարցադրումների մի ամբողջ փաթեթ՝ ժխտողականություն, սիրահարություն թշնամուն, պատմական տրավմա։ 82 րոպեում  բոլոր այս հարցերին համակողմանի պատասխան տալն անհնար կլիներ, առավել եւս, որ ֆիլմը փորձում է պատմել ցեղասպանության մասին։ Ինչո՞ւ է դերասան Անժելայի համար այդքան դժվար խաղալ թուրք սպայի հետ փախած տարագիր հայուհու դերը։ Ի՞նչ կապ ունի սա իր որդու կորստյան ցավի հետ։ Ինչո՞ւ է իր ռեժիսոր ամուսինը դիմում հիպնոսի՝ իր առանց այդ էլ տրավմա տանող կնոջը ներշնչելու, որ ինքն ու ներկայացման հերոսուհին ,ում դեըր խախում է, նույն մարդն է։

Իրականում սրանք բոլորը չափազանց հետաքրքրաշարժ հարցադրումներ են, որոնք կարող էին հիմք դառնալ Հայոց ցեղասպանության մասին մի մեծ եւ բովանդակալի ֆիլմի համար։ Դրանք բոլորն առնչվում են պատմական հիշողությանը եւ անձնական ժխտողականությանը, այն խնդրին, թե հավաքական տրավման ինչպես կարող է գործել սերունդներ շարունակ։ Ցավոք, այս բոլոր խնդիրները մնում են լոկ հարցադրում, իսկ ֆիլմն ինքը վերածվում է դրանց մասին 82 րոպեանոց թրեյլերի։

Մերթընդմերթ, «1915»-ը կարող է թվալ նմանատիպ այլ ֆիլմերից քաղված թեմաների մի շփոթ։ Ատոմ Էգոյանի 2002թ. «Արարատ» ֆիլմը եւս, «1915»-ի պես, ցեղասպանության մասին ֆիլմ նկարելու դրաման միահյուսում է գործող անձանց ներկայիս կյանքի անձնական ժխտողականության վայրիվերումներին։ «Արտույտների ագարակը» ֆիլմը (2007թ., ռեժիսորներ՝ Պաուլո եւ Վիտորիա Տավիանի) պատմում է երիտասարդ հայ տարագրի մասին, որը գաղթի ճանապարհին սիրահարվում է նախ՝ թուրք սպայի, ապա՝ թուրք ժանդարմի։

Մի շարք հարցերում «1915»-ի անլիարժեքության հիմնական պատճառներից մեկը ոչ այնքան ռեժիսորի կամ դերասանների թերացումն է, այլ այն, որ այս թեմայով ծանրակշիռ ֆիլմ նկարահանելու նախորդ բոլոր փորձերն ըստ էության մատնվել են անհաջողության։ Հայերը տարիներով փորձել են հասնել նրան, որ Սթիվեն Սփիլբերգը Հայոց ցեղասպանության մասին «Շինդլերի ցուցակը» ֆիլմի նման փառավոր ու ազդեցիկ ֆիլմ նկարահանի։ Եվ չնայած Հայկական ազգային կինոկենտրոնի 2012 թ. որոշ հայտարարությունների՝ այս հարցում որեւէ առաջընթաց դեռ չկա։

Ուստի, դժվար է մեղադրել ռեժիսորներ Հովհաննիսյանին եւ Մուհիբյանին, քանի որ Հայոց ցեղասպանության մասին մասսայական կինոնկար ստեղծելու խոչընդոտները շատ են։ Ինչպես դիպուկ ասված է «Արտույտների ագարակը» ֆիլմի մասին Variety պարբերականի գրախոսականում՝ Թուրքիայի շուրջ քաղաքական տարաձայնությունները «ցեղասպանության թեման հեռու են պահում Հոլիվուդի ծրագրերից»։

Այնուամենայնիվ, նման ֆիլմի հաջողության գլխավոր մարտահրավերներն առավել չափով կապված են արեւմուտքում Հայոց ցեղասպանության ընկալման հետ, քան՝ Թուրքիայի։ Չմոռանանք, ի վերջո, որ երբ 1993թ. «Շինդլերի ցուցակը» բարձրացավ էկրան, Հոլոքոսթը երկար տարիներ ի վեր ուսուցանվում էր ամերիկյան դպրոցներում։ Հակառակ դրան՝ Հայոց ցեղասպանության մասին ցանկացած ֆիլմ նվազագույն հաջողության հասնելու համար ժամանակի ուղիղ կեսը, «Արարատ» ֆիլմի նման, պիտի ծախսի հանդիսատեսին Հայաստանի տեղը ցույց տալու եւ ցեղասպանության մասին նախնական գիտելիք հաղորդելու վրա։ Իսկ դա «1915»-ը, իր բոլոր հավակնություններով հանդերձ, անել չէր կարող։

Աննա Հարությունյան

Աննա Հարությունյան. լրագրող,գրաքննադատ:

 

Weight: 
-27
Tags: 
Image: 
Display type: 
Big
Subtitle: 
Ինչո՞ւ «1915»-ը հայկական «Շինդլերի ցուցակը» չէ