Հայի արյուն

Armenian
Ես հայի անուն ունեմ, որն ստացել եմ հայերի մեծամասնության պես՝ ծնվել եմ դրանով։ Անվան հետ նաեւ պատմություն կա միահյուսված. պապիս պապերը 20-րդ դարասկզբին Արտաշատի՝ Հայաստանի հնագույն մայրաքաղաքներից մեկի հոգեւորականներից էին։ Իմ մեջ, սակայն, այլ արյուն եւս կա, որն անվանս մեջ չի արտացոլվում։ Ես ինչքան հայ եմ, նույնքան էլ հրեա՝ մորական պապիս ընտանիքը սերում էր ներկայիս Բելառուսի Վիտեբսկի շրջանից եւ կենտրոնական Ուկրաինայից։ Ռուսական արյուն եւս ունեմ՝ մորական տատիս կողմից, ով ծագումով Ռուսաստանի հարավ-արեւմտյան Օրյոլ քաղաքից էր։
 
Իմ անունը չի արտացոլում էթնիկ այս համախումբը, ոչ էլ, իհարկե, այն փաստը (ցավով եմ նշում), որ ոչ ես, ոչ էլ հայրս չգիտենք հայերեն. երկուսս էլ ծնվել ենք Մոսկվայում։
 
Իմ անունը չի արտացոլում նաեւ կյանքիս ընթացքում ձեռք բերված այն հիմնական փորձառությունը, որը ձեւավորել է ինքնությունս։ Ծնված լինելով Մոսկվայում՝ ես հասակ եմ առել Միացյալ Նահանգներում, յոթ տարի ապրել եմ Օկլահոմայում, իսկ ապա՝ տեղափոխվել Տեխաս եւ, ի վերջո, հաստատվել Նյու Յորքում։ Միացյալ Նահանգներում ինձ հաճախ էին հարցնում, թե ինչից է, որ անունս ռուսական հնչողություն չունի։ Դրա հայկական լինելու մասին իմ պատասխանն ավելի էր խճճում իրադրությունը։ Այնտեղ, ուր ես մեծացել եմ, ինձ այդ հարցը հաճախ տվողներից ոչ ոք չգիտեր, որ նման երկիր առհասարակ գոյություն ունի։
 
Մյուս կողմից՝ իմ ռուս կամ հրեա լինելը շատ ավելի հասկանալի եւ ընկալելի էր՝ ես ներգաղթել էի Ռուսաստանից, իսկ հոլոքոստի մասին դասավանդվում էր դպրոցներում։ Այսքանով հայկական որեւէ բանի շուրջ մտածելու տեղ այլեւս չէր մնում։ Դեռ պատանեկության տարիներին ցեղասպանության իրողությանն առերեսվելիս ես այն փակում էի մի հեռու տեղում, որ չհիշեմ, չմտածեմ դրա մասին։
 
Ամեն ինչ փոխվեց Մոսկվա վերադառնալուց հետո։ Լրագրող աշխատելիս լուրջ խնդիր ունեցա՝ հասկանալու, թե իմ ինքնությունը որքանով է հայկական։ Ի տարբերություն Միջին Արեւմուտքի ամերիկացիների, ռուսները գիտեին Հայաստանի տեղը։ Եվ դրական կարծրատիպերի հետ հաճախ բարձրաձայնում էին նաեւ բացասականը։ Իբրեւ հայկական անունով լրագրող՝ ես երկուսի հետ էլ ստիպված էի առնչվել։
 
Երբ լույս տեսավ պուտինյան Ռուսաստանի մասին իմ գիրքը, ես հանկարծ հասկացա, որ տհաճություն եմ զգում, որ որոշ ընթերցողներ ինձ հայ հեղինակ են համարում եւ գտնում, որ հայ լինելս ազդել է իմ գրավոր խոսքի վրա։ Բայց ես ի՞նչ հայ, եթե լեզուն չգիտեմ, իսկ Հայաստան էլ հազիվ երկու անգամ եմ այցելել։ Ինչպե՞ս պիտի հայկական որեւէ բան ազդեր կամ աստառ տար իմ գրելու ձեւին ու ոճին։ Սա ոչ հպարտության, ոչ էլ ամոթի հարց էր. ինձ դաստիարակել են հայկական մասնիկիս հանդեպ հարգանքի զգացումով։ Ես պարզապես զգում էի, որ այդ ինքնությանը հավակնելը սխալ է. դա մեծ ջանք պահանջող մի պատասխանատվություն է, ինչի ուղղությամբ ես դեռ որեւէ քայլ չէի արել։
 
Իմ խորքային հայկականությունը դուրս սպրդեց շատ անսպասելի, ասես բխելով երկրի խորքերից, երբ ես 2012 թ. մասնակցում էի Երեւանում անցկացվող գրողների համաժողովին։ Պատահմամբ այդ օրերին ես ավարտում էի գրքիս հատկապես բարդ գլուխներից մեկը, որում խոսում էի իշխանության եւ կրոնի հանդեպ բնազդային հակումների եւ այն մասին, թե պատմությունն ինչպես է ձեւավորում մարդու մտածողությունը։ Չգիտեմ՝ Խոր Վիրապ այցելությունիցս էր, երբ իջա այն փոսը, ուր Գրիգոր Լուսավորիչը բանտարկված մնաց 13 տարի, թե օխրայի գույնի հողի բուրմունքից, թե մարդաբանների ու պոետների հետ տարօրինակ զրույցներից, թե գուցե նրանից, որ գրքիս նկատմամբ հայ հրատարակիչների ունեցած մեծ հետաքրքրությանը հակառակ՝ այն քաղաքական պատճառներով Հայաստանում լույս չի տեսնում, բայց ես հանկարծ զգացի, որ ամբարտակը խորտակվեց, հայտնվեցի արյան ու պատմության ահավոր խորխորատում։ Արյունն ու պատմությունը Հայաստանի յուրահատկությունը չեն. ի վերջո՝ ես երեք կեղեքված ժողովրդի զավակ եմ, որոնցից երկուսին ցեղասպանել են օտարները, իսկ մեկին՝ հենց ինքը։ Բայց այստեղ՝ այրված հողի երկրում, ամեն ինչ մի տեսակ զտվեց ու խտացավ արբենալու չափ։
 
Իմ գործերում այս թեմաները նորից ու նորից վեր են հառնում՝ զանգվածային բռնաճնշումներ, ռազմական կոնֆլիկտներ, կոլեկտիվ հետտրավմատիկ սթրեսային խանգարում։ Իմ ուղեւորությունների ընթացքում ես հասկացա, որ առնվազն միամիտ պիտի լինես՝ կարծելու համար, թե այդ ամենը չի ազդում դրանց մասին գրողի ունեցած ժառանգության վրա, մարդու, ով ի վերջո կրում է մի անուն, որն իր հետ անսահման հետեւանքներ է բերում։ Մենք չգիտենք՝ արյունն ինչպես է ազդում մեր ինքնության վրա։ Բայց մի բան գիտեմ հաստատ՝ այլեւս երբեք չեմ պնդի, թե իբր չի ազդում։
 
Աննա Հարությունյան. լրագրող,գրաքննադատ:
Weight: 
-53
Image: 
Display type: 
Small
Subtitle: 
Անունս հայկական է, դա ինձ դարձնո՞ւմ է հայ