Հայաստանը՝ գզրոցում

Հայաստան ունենալ մի գզրոցում. ահա, թե ինչ մտահղացում են ունեցել երիտասարդ, բազմաժանր արտիստներ Աննան եւ Կամիյը՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը յուրովի հիշատակելու համար։

«Մենք անպայման ուզում էինք մասնակիցը դառնալ մի շարժման, մի պահի, որը շատ կարեւոր էր մեզ համար, ինչպես եւ բոլոր հայերի, ու հարգանքի տուրք մատուցել մեր ակունքներին, մեր ընտանիքին եւ մեր մշակույթին՝ Հայաստանի, բայց հատկապես՝ մեր ընտանիքի մշակույթին»,- ասում է 21-ամյա Աննան։

Այդ մի բուռ Հայաստանի անունն է՝ «Մենք ենք մեր սարերը». մի հսկայածավալ կոթողի անունը, որ խոյանում է Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի հյուսիսային մուտքի մոտ, որը նաեւ Հենրիկ Մալյանի ֆիլմի վերնագիրն է։ Ի դեպ, վերջինս է ներշնչել երկու արտիստներին ստեղծելու համանուն գզրոցը, որն իր մեջ ներառում է մի գիրք, մի անկրկնելի ակնթարթային լուսանկար, մի ազդագիր, փոստային բացիկներ, տեղանքի 52 րոպե ձայնագրություն եւ մի բուռ հող՝ Խոր Վիրապի մոտակայքից։ Մեկը մյուսից արժեքավոր փոքրիկ գոհարներով լի մի տուփ։ Մի իսկական զարդատուփ, որից ընդամենը 180 օրինակ է կազմվել։  

«Մենք ցանկանում էինք խորհրդանշական մի բան ստեղծել, որը ժամանակավրեպ չի լինի երբեք, եւ որոշեցինք ստեղծել այս՝ ասես ընտանեկան հուշերի տուփը, դրան ավելացնելով ձայն եւ հող, որը մենք Հայաստանից պետք է բերեինք»,- ասում է 29-ամյա Կամիյը։

«Շատ կարեւոր էր հուշերի եւ այսօրվա Հայաստանի միջեւ այդ հանդիպումը ՝ 2015 թվականին։ Կան բազում իրականություններ՝ այն Հայաստանի իրականությունը, որ վերագտնում ես եւ այն, որի մասին քեզ պատմել են, այն, որն ապրում ես կամ այն, որ տեսնում ես ֆիլմերում։ Հաճելի էր համադրել այն, ինչ լսել էինք, այն, ինչին հավատացել էինք եւ այն, ինչ իրականում տեսանք»,– ավելացնում է Աննան։ 

Armenian
Weight: 
-63
Article items: 

Գլուխկոտրուկ
 

Երկու քույրերը՝ ունենալով հայ տատիկ, ծնվել են բազմապիսի ակունքներով ընտանիքում, որ սփռվել է աշխարհով մեկ՝ կրելով արտագաղթի իրար հաջորդած ալիքների ցնցումները, մեծացել առավել ռուսական, քան հայկական մշակույթում, եւ երբեք չեն հաճախել սփյուռքի ավանդական հաստատությունները, առավել եւս կապ չեն ունեցել հայկական համայնքի հետ։ Չնայած այդ ամենին, կարողացել են շատ անձնական վերադարձ կատարել դեպի իրենց արմատներին: Վերադարձ՝ միահյուսված հազար անգամ վերածնված, փոփոխված եւ փառաբանված ընտանեկան հուշերից, կինեմատոգրաֆիական ու լուսանկարչական հղումներից (Տարկովսկին եւ իր պոլարոիդով արված ակնթարթային լուսանկարները), «անարդարացիորեն» մոռացված պոեզիայից (Խոդասեւիչը. նրանց արտադրանքը ոգեշնչված է նրա պոեմներից մեկով՝  Orpheus Standing Alone) եւ վառ երեւակայությունից։  Իրենց ծագման գլուխկոտրուկը վերակառուցելու եւ հայությունը (այս բառը, բնավ, չեն սիրում կիրառել) կոփելու իրենց յուրատիպ, շատ անձնական եւ փնտրած-գտած ձեւն է:
 

«Ինձ համար հայությունս վերագտնելը ավելի շատ վերակառուցման է նման։ Ես շատ բան չգիտեմ տատիկիս ու նրա քույր-եղբայրների մասին, նրանք մահացել են, երբ ես դեռ շատ երիտասարդ էի։ Ուստի ես ստիպված եմ եղել ի մի բերել այն պատմությունների բեկորները, որ անընդհատ ծամծմվում էին իմ ընտանիքում,- բացատրում է Աննան՝ ավելացնելեվ,- սա ինքնության անհատական որոնում է, բայց նաեւ՝ արտիստական։ Որոնում՝ այն պատմությունների մեջ, որ մեզ պատմել են եւ այն, ինչ ի սկզբանե ունենք մեր մեջ, այն, ինչ անում ենք դրա հետ այսօր եւ ինչպես է դա առնչվում նրա հետ, թե ինչ ենք մենք»։ Այսպիսով՝ ճշմարտության որոնում, որը հնարավորություն է տվել երկու քույրերին գտնել իրենց. «Խոսքը գնում էր որպես անձ կայանալու մասին՝ որպես հայերի թոռնուհիներ, բայց նաեւ եւ հատկապես՝ որպես արտիստներ։ Հարգանքի տուրք մատուցելու այն ազդեցություններին, որոնք ի վերջո ակնհայտորեն հերհատուկ են մեզ։ Այդ ազդեցությունները մեզ հնարավորություն են տալիս առանձնահատուկ մշակույթ ունենալ եւ ավելի ինքնատիպ ճաշակ»։

Կոլաժներ
 

Հավաքել չորս անկյուններում ցիրուցան եղած բեկորները, հավաքել մի ստեղծագործության առանձին մասերը՝ առանց իրապես ճանաչելու դրա նախնական ձեւը. գուցե ինչ-որ տեղ դրանից է գալիս իրենց անսահման սերը Սերգեյ Փարաջանովի հանդեպ, որը հայտնի է, ի թիվս այլ բաների, իր հիասքանչ կոլլաժներով (մի տեխնիկա, որ երկու քույրերը կիրառում են), եւ համարյա ոչնչից ստեղծագործելու իր ունակությամբ։
 

«Մենք խորապես ենք սիրում Փարաջանովին։ Նա ասես նոր հայտնություն լինի, նոր տեսողական մենտոր»,- ոգեւորված պատմում է Կամիյը։ «Հայաստանում ձայներ լսեցի, որոնք արդեն լսել էի նրա ֆիլմերում։ Շատ հուզիչ էր»,- հիշում է Աննան։
 

Այսպիսով, նրանց հրատարակչական ծրագրի ուժը կայանում է անձնականը համընդհանուրի փոխակերպելու ունակության մեջ՝ օգտագործելով, իհարկե, որոշ անխուսափելի արժեքներ, ինչպես նուռը, Արարատ լեռը կամ սրբապատկերներ, սակայն արմատապես ժամանակակից ու շատ ներանձնական կերպով։ Ինչի շնորհիվ «Մենք են մեր սարերը» դառնում է մի իրական ձոն՝ այսօրվա Հայաստանի, ոչ թե՝ առասպելականացված, ժամանակ-տարածության մեջ քարացած-կարծրացած երկրին։ «Հայաստանը, հայերը ծիրանի մուրաբա ու լացակումած դուդուկ չեն, պետք է դադարել պատեթիկ, հնացած, զոհի պատկեր տարածելուց մի ժողովրդի մասին, որը միայն տառապել ու բողոքել գիտե։ Որովհետեւ դա ճիշտ չէ։ Հայկական մշակույթը միայն կշահի, եթե իրապես բացահայտվի. այն հարուստ է, տեսողական հզոր եւ տպավորիչ ճոխություն ունի, որը դժբախտաբար շատ քիչ է ճանաչված, եւ հաճախ այդ մշակույթին մերձենում են՝ կիսելով ցեղասպանության ցավը», - վերլուծում է Կամիյը։
 

«Հայաստանը, օրինակ՝ Փարաջանովն է, պոեզիա է, երաժշտություն, նկարչություն։ Իհարկե, դրախտ չէ, շատ բաներ կան, որ լավ չեն այնտեղ, բայց Հայաստանն արտակարգ երկիր է։ Այդ Հայաստանի մասին է, որ մենք խոսում ենք, եւ այդ առումով, դա է մեր հայեցիությունը»,- եզրափակում են երկու քույրերը։
 

Միքայել Խիմենես-Մաթեոսյան
 

Միքայել Խիմենես-Մաթեոսյան. ֆրանսիական եւ միջազգային բազմաթիվ թերթերի եւ ամսագրերի թղթակցող ազատ լրագրող:

Image: 
Display type: 
Big
Subtitle: 
Վերագտած ինքնություն