Նանա Հովհաննիսյան

Armenian

Եթե ինձ հանձնարարեին դեպի Հայաստան ուղեգիր վաճառել, ես զբոսաշրջիկին կնայեի որակավորված բիզնես-վերապատրաստողի աչքերով ու կառաջարկեի այն, ինչ նա կնախընտրեր: Եթե անձը հոգնել է մարդկանցից, ապա նա սարերում կկարողանա հանգիստ գտնել եւ առանձնանալ: Իսկ եթե նրան տանջում է մենությունը, ապա Հայաստանն այն տեղն է, որտեղ նրան չի հաջողվի տխրել ոչ մի վայրկյան: Եթե նա համեղ ուտելու սիրահար է, ապա նրա համար երաշխավորված է ուտեստների դրախտ: Եթե կինն իրեն լիարժեք կայացած չի զգում, ապա կասեմ, որ Հայաստանում նրան սպասում են բազում հաճոյախոս սիրահետողներ: Եթե մարդը պատմություն է սիրում, ապա Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ: Հայաստանում ամեն մարդ կգտնի այն, ինչ փնտրում է:

Ես ծնվել եմ Գյումրիում՝ գիտնականի եւ քիմիայի լաբորատորիայի վարիչի ընտանիքում։ Յուրօրինակ մանկություն եմ ունեցել։ Ծնողներս իմ մեջ ազատություն են դաստիարակել, փոքր տարիքից նախապատրաստում էին ինքնուրույն կյանքին։

Իմ հորական կողմի բոլոր տղամարդիկ քահանաներ էին։ Պապիկիս պարագայում, սակայն, սերնդեսերունդ շարունակվող այդ ժառանգականությունն ընդհատվեց։ Խորհրդային իշխանության հաստատումից հետո նա վախեցավ ճեմարան գնալ։ Եվ շատ էր անհանգստանում այդ առիթով։ Երբ մեծ պապս մահանում էր, պապիկս ներողություն խնդրեց նրանից՝ հոր հետքերով չգնալու համար։ Մեծ պապս հանգստացրեց նրան եւ ասաց. «Մի վախեցիր։ Եթե ոչ երեխաներս, ապա թոռներս կշարունակեն իմ գործը՝ յուրովի»։

Ամբողջ կյանքում պապս թոռների մեջ (փառք Աստծո, յոթ երեխա ուներ) փնտրում էր գործը շարունակողին, սակայն ապարդյուն։ Երբ ես վեց տարեկան էի, չեմ հիշում, թե ինչ ասացի այդ ժամանակ, բայց պապս բացականչեց. «Նա է»։ Հաջորդ տարվա ընթացքում նա ինձ տանում էր բարեկամների մոտ եւ ներկայացնում որպես «հենց այն մեկը»։ Ես չէի հասկանում, թե ինչով եմ ընտրյալ։ Այնուհետեւ պապս հեռացավ կյանքից։

Երբ ստացա հոգեբանի կրթություն եւ մի մասնագիտությունից անցում կատարեցի մյուսին, հասկացա, թե ինչ նկատի ուներ մեծ պապս։ Հոգեբանները եւս մարդկանց հետ գործ ունեն։ Բայց յուրովի։ Մենք եւ քահանաներն ունենք աշխատանքի նույն մեթոդները. խիստ մտերմություն, ներթափանցող անկեղծություն, խոստովանություն: Մեր միակ տարբերությունն այն է, որ քահանաները ռազմավարական առաքելություն են կատարում, իսկ մենք` մարտավարական (կենսական խնդիրներ ենք լուծում): Նրանք սովորեցնում են մարդուն պահպանել հավատքը, ընդունել ճակատագիրը: Մենք`պայքարել դրա համար: 

Ես երկու հայրենիք ունեմ՝ Հայաստանն ու Ռուսաստանը: Շնորհակալ եմ Ռուսաստանին` ինձ ինքնաիրացման հնարավորություն ընձեռելու համար: Այն, ինչպես իմ հայրը, երբեք ինձ «ոչ» չի ասել, չի խոչընդոտել հաջողության հասնելու գործում: Ես սիրում եմ վերադառնալ Հայաստան, բայց ապրել այնտեղ չեմ կարող, քանի որ ինձ պահանջված չեմ զգում:

Երբ Հայաստան եմ ժամանում, կրկին ինձ պաշտպանված եմ զգում: Դա տեղի է ունենում առնվազն տարին երկու անգամ: Հայաստանում շքեղությունն ու աղքատությունը կողք կողքի են: Այնտեղ հակադրությունները շատ սուր են:

Ես երկար տարիներ Մոսկվայում եմ ապրում, բայց ինձ ոչ մի տեղ այդքան չեն ճնշել ըստ ազգային հատկանիշի, որքան Հայաստանում` իմ հարազատ դպրոցում: Այնտեղ սովորում էին ռուս զինվորականների երեխաներ: Դպրոցն ավարտել եմ միայն գերազանց գնահատականներով, սակայն ինձ մեդալ չտվեցին` շարադրությանս մեջ մեկ ստորակետը պատճառ բռնելով: Իմ ավարտական շարադրությունը նվիրել էի Հայաստանի ազատությանը: Երեւի այն չափազանց ազատասեր էր: Հայրս առաջարկեց գործադրել իր կապերը, որպեսզի ես ոսկե մեդալ ստանամ, բայց ես հրաժարվեցի:

Ողջ կյանքի ընթացքում ինձ թվում էր, որ մորս պլաններն եմ իրականացնում: Երկար հյուս ունեի: Առավոտյան մայրս սանրելով հարդարում էր մազերս եւ ասում. «Ես երազում էի, որ աղջիկ կունենամ եւ կհյուսեմ նրա մազերը»: Երբ մայրս սանրում էր վարսերս, սաստիկ ցավում էր: Եւ մտածում էի՝ Աստված իմ, միթե երազելու այլ բան չկար:

Մորս մեկ այլ երազանքը երաժշտական կրթությունն էր: Երաժշտական լսողության բացակայության պատճառով նրան դպրոց չէին ընդունել: Ես գնացի այնտեղ` իրականացնելու նրա պլանը: Հետագայում ընդունվեցի ճարտարագիտական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետ միայն այն պատճառով, որ մայրս հիանում էր այնտեղ սովորող մի օրիորդով: Այժմ հասկանում եմ, որ երաժշտությունը նրա համար ավելին էր, քան երազանքը:

Մայրիկիս պապին կուրացրել են քարավանով ընթանալու ճանապարհին` Արեւմտյան Հայաստանից տեղահանվելիս: Նա մի աղջիկ ուներ, որին կորցրել էր ճանապարհին: Աղջիկը երաժշտությամբ էր զբաղվում: Պատմությունն այնքան ծանր էր, որ մեծ պապս չէր պատմում, թե ինչպես է դա տեղի ունեցել: Մորս պապն ու տատը կարողացել են փրկել չորս որդուն` նրանց Հայաստան տանել:

Հետպատերազմյան սովի շրջանում ընտանիքը կերակրելու համար նրանք կով էին պահում: Մի օր պապս ասել է մորս. «Եթե ուզում ես երաժշտություն ուսանել, կվաճառեմ կովը եւ քեզ համար դաշնամուր կգնեմ»: Մայրս պապիկին շատ էր սիրում, բայց չի կարողացել հանձնել երաժշտական դպրոցի քննությունը: Իմ՝ երաժշտությամբ զբաղվելը մայրիկիս հաշվետվությունն էր պապին: Նրա սիրո արտահայտությունն էր իր պապի եւ երիտասարդ հորաքրոջ նկատմամբ:

Մայրս ինձ խնայում էր: Ցեղասպանության մասին պատմությունները մեծ զգուշությամբ էր պատմում: Ջանում էր չբեռնել ծանր մանրամասներով: Ուզում էր փոխանցել տեղի ունեցածի էությունը: Բայց չէր ուզում փոխանցել ցավը, քանի որ դրա հետ միասին կարող էր փոխանցել իր վախը:

Մայրս ինձ սովորեցրել է զոհ չլինել

Ցեղասպանությունն այն է, ինչ դու կրում ես քո մեջ: Դու դրա մասին ամեն օր չես հիշում, զօրուգիշեր չես մտածում: Դա արյանդ մեջ լուծված փորձ է: Ալեհավաք է, որով կարող ես որսալ օտար մարդու ցավը:

1999թ.-ին, երբ նոր էի սկսել աշխատել որպես հոգեբան, Մոսկվայում ահաբեկչական ակտերի շարք տեղի ունեցավ (բնակելի շենքեր պայթեցվեցին)։ Հանցագործության վայր էին մեկնում ռուս հոգեբանների խմբեր։ Նրանց համար ծանր էր, որ ամբողջությամբ նվիրվում են գործին, բայց չեն կարողանում օգնել մարդկանց։ Այդ ժամանակ որոշում կայացվեց մեր մասնագետների վերապատրաստման համար հրավիրել հայտնի հոգեբան Էլին Հորդվիկին, որը մասնագիտացած է մահվան ելքով դեպքերում հետվնասվածքային վերականգնման աշխատանքում։ Հսկայական մրցույթ էր, սակայն ես ընտրվեցի արտամրցութային հիմունքներով՝ միայն հարցազրույցի հիման վրա։ Էլինն ասաց. «Դուք ցեղասպանություն տեսած ազգ եք, աշխարհին այլ աչքերով եք նայում։ Դուք կարող եք ամենադաժան տեսարաններին ականատես լինել եւ չվախենալ»։

Երկար ժամանակ ես անկախ մասնագետների տասնյակում էի, որոնք մեկնում էին ահաբեկչական գործողությունների վայրեր։ Ես լրջորեն զբաղվում էի հարազատներին կորցնելու վիշտը կրող մարդկանց հետ աշխատանքով։ Երբ մարդուն դժբախտություն է պատահում, նման ապրումները դառնում են նրա ուղեկիցը։ 80-ամյա կինն ամբողջ կյանքում լաց կլինի, եթե երիտասարդ տարիքում զավակ է կորցրել։ Նա ունակ կլինի հասկանալ եւ անգամ ամբոխի մեջ ճանաչել զավակ կորցրած մորը։ Անծանոթ կնոջ տառապանքները ցավով կարձագանքեն նրա սրտում։

Ցեղասպանությունը մեզ կարեկցելու ունակություն է տվել

Ես լուրջ երաժշտական կրթություն եմ ստացել: Ինձ առաջարկում էին դպրոցից հետո ընդունվել կոնսերվատորիա՝ ուսումնարանը շրջանցելով, բայց ես հրաժարվեցի: Երաժշտությունն ինձ սովորեցրել է լսել մարդկանց: Երբ մենք խոսում ենք, մեր ներսում երաժշտություն է հնչում: Այն տարբեր կերպ է հնչում: Երբեմն մարդը ցանկանում է ջազ կամ սիմֆոնիա լսել, բայց փոփ երաժշտություն է ստացվում: Պետք է լավ լսողություն ունենալ` մարդու ներքին երաժշտությանը հասնելու համար:

Գյումրիի երկրաշարժի ժամանակ ես Մոսկվայում էի: Բայց ընտանիքիս անդամներն այնտեղ էին. քույրս դասի էր, հայրս դասախոսում էր ինստիտուտում, մայրս աշխատում էր քիմիական լաբորատորիայում: Ես հույս էի փայփայում, որ նրանցից գոնե մեկը ողջ կմնա, բայց հրաշքով փրկվել էին բոլորը (չնայած բարեկամներիցս շատերն էին մնացել փլատակների տակ): Սարսափելին ոչ թե տեղի ունեցածն էր, այլ իմ մտքերը, թե ինչ կարող էր տեղի ունենալ:

Տոմս չկար: Ես նստած էի Մոսկվայի օդանավակայանում եւ սպասում էի տուժածների բարեկամներին հատկացված ինքաթիռին: Իմ կողքին բանվորների խումբ էր Նալբանդ գյուղից, որը հողին էր հավասարվել: Տղամարդիկ չէին կարողանում զանգահարել բարեկամներին` կապ չկար: Նրանցից մեկի ձեռքին խաղալիք երկաթուղի էր` նվեր որդու համար: Մինչ ինքնաթիռին էինք սպասում, նա որոշեց բացել տուփը, տեղադրել գնացքը, եւ այն ընթացավ շրջանաձեւ: Մենք դյութված նայում էինք, իսկ նա քիչ-քիչ խենթանում էր: Հասկանում էր, որ մենակ է մնացել: Դա իմ կյանքի ամենասարսափելի պատկերներից էր. մանկական գնացքով խաղացող, վշտից սեւացած տղամարդ:

Գյումրիում հայտնվեցի ողբերգությունից երեք օր անց: Այն ծածկված էր փոշու ամպով: Ամբողջ քաղաքում դագաղներ էին: Դրանց քանակը բավարար չէր: Մարդիկ ստիպված էին քանդել պահարանները եւ դրանց մեջ հուղարկավորել բարեկամներին: Մտա հարազատ քաղաք եւ հասկացա, որ չեմ վախենում: Ցավ էի զգում: Դա աշխատանք է`գտնել զոհվածներին եւ նրանց հողին հանձնել: Բոլոր ողբերգական իրավիճակներում գլխավորը ոչ թե սեփական անձի մասին մտածելն է, այլ նրանց, ում պետք է հոգածությամբ հրաժեշտ տալ:

Մի օր Դմիտրի Լիխաչովին խնդրեցին նշել ռուս ժողովրդի ամենամեծ դժբախտությունը: Նա պատասխանեց, որ դա անփութորեն թաղված միլիոնավոր մարդիկ են: Մենք պետք է ավելի զգուշավոր վերաբերվենք մահվանը, հոգուն: Ընդունենք, որ մահվան մեջ իմաստ կա:

Ինձ համար գլխավոր ազգային հպարտությունն իմ ժողովրդի կամքն է, իմաստնությունն ու համառությունը: Արդեն մի քանի ամիս ես «Կենդանի մատյանում» (LiveJournal) բլոգ եմ վարում: Իսկ մի ժամանակ հայրս էր իմ փոխարեն շարադրություններ գրում: Նա կարեկցանքով էր նայում ինձ եւ ասում, թե բնությունը հանգստանում է հանճարների զավակներին կերտելիս: Հայրս ասում էր, որ ես շարադրությունների պարտք եմ կուտակել: Պարտք՝ ոչ թե իրեն, քանի որ երեխաները ծնողներին ոչինչ պարտք չեն, այլ աշխարհին: Երբ սկսվեց տնտեսական ճգնաժամը, ես հասկացա, թե ինչպես զբաղեցնեմ մտքերս ու ժամանակս. բլոգ ստեղծելով: Սկսեցի սեփական փորձից դեպքեր հիշել եւ դրանք փոխանցել ընթերցողներիս: Աշխատանքի երկար տարիների ընթացքում լսված իրական պատմությունները դուրս են գրողների երեւակայությունից: Այդ իրադարձությունները փոխել են նրանց, ովքեր ինձ պատմել են դրանք: Այդ պատմությունները փոխել են ինձ եւս: Ես շատ պատմություններ ունեմ մանկության եւ երեխաների մասին, այն մասին, թե ինչպես նրանց պաշտպանել, որքան կարեւոր է ուշադիր լինել նրանց ապրումների նկատմամբ, երբեմն ինչպիսի ուրախ կամ տխուր դասեր են նրանք մեզ տալիս: Եթե հայրս ողջ լիներ, ես նրան կասեի. չես պատկերացնի՝ որքան շատ մարդիկ են ամբողջ աշխարհից ինձ առաջարկում սեմինար անցկացնել պատմություններ գրելու հմտությունների մասին:

Երկար տարիներ զբաղվում եմ սոցիալական ծրագրերով: Մինչդեռ պաշտոնապես բարեգործությամբ սկսել եմ զբաղվել միայն 2014 թվականի հոկտեմբերից` «Սոցիալական նախաձեռնությունների ռեսուրսային կենտրոնի» գործունեության շրջանակներում: Զարմանալի է, բայց հենց այդ ժամանակ, իրավաբանորեն ձեւակերպելով կազմակերպությունս, ինքս ինձ հաճախ հարցնում էի, թե դա իմ ինչին է պետք: Երբեմն օրը մի քանի անգամ: Գիշերօթիկներ եւ մանկատներ մշտական այցերի ժամանակ սկսեցի հասկանալ հոգեբանի մասնագիտության ողջ հարմարավետությունը. հաճելի աշխատասենյակ, քաղաքավարի ու վճարունակ հաճախորդներ: Այո, ես ինքս եմ կառուցել իմ հաջողությունը եւ հասել այդ ամենին` անցնելով բարդ պայքարի փուլերը: Բայց որքա՜ն մեծ է հակադրությունը գիշերօթիկներում ապրող երեխաների աշխարհի եւ թանկարժեք առանձնասենյակի միջեւ` ասես երկու տարբեր մոլորակ:

Երբ խնդրում ես այդ երեխաների համար,ապա մարմնի յուրաքանչուր բջիջով զգում ես, թե որքան խոցելի, անպաշտպան, անհանգիստ են նրանք, որքան կախված են աշխարհի զորեղներից: Այդ պատճառով կորցնում ես վստահությունը, անհարմար ես զգում: Իմ բարդ երեխաների պես երբեմն ըմբոստանալու, ամեն ինչ «գրողի ծոցն ուղարկելու», դեպրեսիայի մեջ ընկնելու ցանկություն եմ ունենում:

Հավատքս այն է, ինչ ես անում եմ

Սա դիրքորոշում եւ համոզմունք է, որ մարդիկ պետք է միավորվեն ոչ թե ճշմարտության շուրջ, որը գոյություն չունի, այլ բարության եւ արդարության՝ միաժամանակ պահպանելով սեփական արժանապատվությունը:

Նանա Հովհաննիսյան. հոգեբան, «Սոցիալական նախաձեռնությունների ռեսուրսային կենտրոնի» հիմնադիր եւ ղեկավար

Weight: 
-65
Image: 
Display type: 
Small
Subtitle: 
«Հայաստանում ամեն մարդ կգտնի այն, ինչ փնտրում է»