«Բացել ակոս»
«Մենք շատ երկար ենք միասին ապրել այս հողերի վրա, մենք ընդհանուր հիշողություն ունենք: Այդ ընդհանուր հիշողությունը բաժանել ենք մենաձայնային հիշողությունների: Մենք, ամեն մեկս, նվագում ենք միայն մեր ճանաչած ակորդները: Մի՞թե չենք կարող մեր ընդհանուր հիշողությունը վերակառուցել` մենախոսությունը երկխոսության վերածելով... Այդժամ ջուրը կրկին համառ, բայց աննկուն կբացի իր ակոսը...»,- 2007 թվականին Ստամբուլում սպանված «հայ ծագումով թուրք» լրագրող Հրանտ Դինքի խոսքերն են: Տարիներ անց 35-ամյա երաժիշտ ու երգիչ Ֆրեդ-Հակոբ Ազիլազյանը փորձում է ուրույն կերպով իրականացնել Դինքի երազանքը` վերադառնալ իր նախնիների հողերը Թուրքիայում: Ցանկություն, որն ավելի ու ավելի հրատապ է դառնում: «Իմ մեջ մի մաս կա, որը շաբաթ շաբաթի հետեւից, ամիս ամսվա հետեւից ինձ ասում է, որ ես Թուրքիայից եմ եկել: Սա աստիճանաբար ուժգնանում է իմ ներսում»,- խոստովանում է թավ սեւ մորուքով երիտասարդը:
Հոգու խորքում
Ֆրեդ-Հակոբ Ազիլազյանը ծնվել եւ մեծացել է Մարսելում: Շատ վաղ հասակից շփվել է հայ համայնքի հետ՝ մասնավորապես միանալով Ֆրանսահայ երիտասարդական միությանը (ԺԱՖ), պայքարելով հանուն Հայոց ցեղասպանության ճանաչման: «Հայ լինելս իմ ինքնության կարեւոր մասն է, նույնիսկ դրա բուն էությունն է: Դրան հավելվում է իմ` ֆրանսիացի եւ եվրոպացի լինելու փաստը, եւ այդ խառնուրդն է, որ կարեւոր է ինձ համար: Հայկականությունն իմ արմատներն են, իմ ներքին խղճի հիմնասյան առաջին աղյուսը»,- ավելացնում է Ֆրեդը:
Նա միշտ պայքարել եւ այսօր էլ պայքարում է հանուն արդարության: Մասնավորապես՝ մասնակցելով Մարսելում երկու տարին մեկ տեղի ունեցող «Միջազգային ամնեզիա» (Amnésie Internationale) փառատոնի կազմակերպմանը: Կամ` տարին երկու անգամ հրատարակելով «Intch’ka ?» ամսագիրը, որի գլխավոր խմբագիրն է, որպեսզի հայերի մշակույթն ու արտիստներին ճանաչել տա աշխարհով մեկ: «Կարծում եմ՝ բավականաչափ չի խոսվում հայ երիտասարդների մասին: Երիտասարդներին նվիրված այլ լրատվամիջոցներ էլ պետք է գոյություն ունենային: Մեզ մոտ հաղորդակցությունը շատ թույլ օղակ է: Պետք է ինչ-որ բան մտածել, ինտերնետային կայքեր ստեղծել, որոնք ցնցող վիդեոներ կունենան... Պետք է ստեղծել աշխարհով մեկ սփռված վիրտուալ համայնքի պես մի բան»,- ոգեւորվում է Ֆրեդը:
Քայլարշավ
Մինչ այդ, Ֆրեդն իր երաժիշտ ու լրագրող ընկերների հետ մի բոլորովին այլ նախագծի շուրջ է մտորում: Ցանկանում է իր «Հակոբ» փոփ խմբով մեծ քայլարշավ կատարել Թուրքիայով մեկ եւ վավերագրական ֆիլմ նկարահանել: Այդ նպատակով առցանց հանգանակության (crowdfunding) արշավ է մեկնարկել «Kiss Kiss Bank Bank» հարթակում: Արդյունքում՝ երեք շաբաթվա ընթացքում արդեն իսկ հավաքել է ավելի քան 10 հազար եվրո:
Ի սկզբանե, նպատակն էր երեք շաբաթով Թուրքիա մեկնել եւ կտրել-անցնել երկիրն արեւելքից արեւմուտք՝ ճամփորդության ավարտին Դերսիմում մասնակցելով հանրահայտ Մնձուրի փառատոնին: Սակայն ծրագրի հանդեպ հանրության ոգեւորությունը եւ փառատոնի հնարավոր չեղարկման վախն ստիպեցին նրանց փոխել պլանները: Որոշվեց ավելի հեռահար ծրագիր մշակել. «Հասկացանք, որ եթե ավելի շատ ժամանակ տրամադրենք, կարող ենք որակական առումով ավելի կարեւոր բան իրագործել՝ միաժամանակ պահպանելով դրա ինքնաբուխ ու անմիջական ոգին»,- ասում է Ֆրեդը:
Մտավախություն
Նախքան ծրագրերի իարգործումը, սակայն, երաժիշտը պետք է հաղթահարի թերեւս անխուսափելի վախերն ու մտավախությունները: Վերադարձը դեպի այն հողերը, որոնց վրա 1915 թ. տեղի են ունեցել հայերի ջարդերը, եւ առերեսումը թուրք «թշնամու» հետ՝ հեշտ առաքելություններից չէ: «Ես ոգեւորված եմ, սակայն իմ մեջ մի մաս կա, որը սարսափում է Թուրքիա գնալու մտքից: Ի՞նչ եմ զգալու: Ինչպե՞ս եմ արձագանքելու, արդյո՞ք լավ կզգամ ինձ, թե՞ կատեմ»,- ինքն իրեն հարց է տալիս Ֆրեդը,- ես բազում ընկերներ ու ընտանիքի անդամներ ունեմ, որոնք հենց այդ վախի պատճառով չեն ուզում գնալ այնտեղ: Վախը թշնամուց... հայի այդ մտավախությունը, որ եթե գնա Թուրքիա, իր հետ տհաճ բաներ տեղի կունենան... Ես ուզում եմ այնտեղ գնալ` այդ սարսափից վեր կանգնելու համար, այդ մտավախությունը հաղթահարելու համար»,- հավատացնում է նա:
Խորապես ազդվելով «Սպի» ֆիլմից, որի ռեժիսոր Ֆաթիհ Աքընի հետ նա հպանցիկ հանդիպում է ունեցել, եւ գիտակցելով, որ Թուրքիայում փոփոխություններ են տեղի ունենում քաղաքացիական հասարակության մակարդակով, Ֆրեդը դանդաղորեն առաջ է շարժվում. «Իմ կարդացածի, իմ տեսածի շնորհիվ ես գիտակցում եմ, որ իրադրությունը, բնականաբար, փոխվել է: Հազարավոր մարդիկ կամուրջներ կառուցելու ցանկություն ունեն, եւ ես ցանկանում եմ միանալ այդ շարժմանը: Ես ցանկանում եմ լինել այն մարդկանցից, որոնք, խոնարհաբար, հնարավորություն կտան, որ երկխոսության, եւ ինչու չէ, հաշտեցման այս գործընթացն ավելի տեսանելի ու ավելի նշանակալի լինի»:
Դրական կողմը
Այսպես, որոշ ժամանակից սկսած, Ֆրեդը հետաքրքրվում է բոլոր այն թուրքերով, որոնք ճանաչում են ցեղասպանությունը, «որոնք նվիրված են արդարությանն ու ազատությանը»: Հավատացնում է, որ ավելի ու ավելի է հետաքրքրվում հենց երկրով, դրա քաղաքականությամբ, արտիստներով... «Ես որոնում եմ արտիստների ու մտավորականների... ես ընկղմվել եմ «ի՞նչ է Թուրքիան» հարցի ուսումնասիրման մեջ: Այդտեղից սերում են իմ մեծ ծնողները...»:
Նրանց մեծ մասը Ստամբուլից էին, մյուսները` Սվազից, որը «երկրի խորքում է, դեպի արեւելք»: Վայրեր, որոնք շուտով կտեսնի՝ դրանց բնակիչներին եւ մասնավորապես երաժիշտների հանդիպելու եւ, ինչու ոչ, նրանց հետ համագործակցելու ամուր մտադրությամբ. «Դա իմ անհատականության մասն է, ինձ համար բնական է դեպի ուրիշները, ուրիշ մշակույթներին հանդիման գնալը՝ փորձելով տեսնել, թե ինչ լավ բան կա, եւ շեշտը դրա վրա դնել, այլ ոչ՝ բացասականի»: Մի ակոս բացել՝ այնտեղ մի քանի հատիկ ցանելու համար... Սա է Ֆրեդ-Հակոբ Ազիլազյանի գեղեցիկ նախաձեռնությունը:
Միքայել–Խիմենես Մաթեւոսյան
Միքայել Խիմենես-Մաթեոսյան. ֆրանսիական եւ միջազգային բազմաթիվ թերթերի ու ամսագրերի թղթակցող ազատ լրագրող