«Ես պարտական եմ Հայաստանին»

Armenian
Ես հիանալի մանկություն եմ ունեցել։ Մեծացել եմ Երեւանում, իսկ Հայաստանն իմ տունն է։ Գրեթե չորս տարի Մոսկվայում եմ, բայց ինձ չեմ համարում բնակության վայրը փոխած մարդ։ Կյանքն ընկալում եմ որպես ինձ հատկացված ժամանակ, որի ընթացքում հնարավոր է որոշակի քանակի գործեր անել։ Կամ ընդհանրապես ոչինչ չանել, այլ շարունակ նախապատրաստվել։
Ամերիկացի բանաստեղծ Ռոբերտ Ֆրոստը մի արտահայտություն ունի, որն ինձ շատ է դուր գալիս. «Ինչ-որ բան մեզ անընդհատ հետ էր պահում եւ ավելի թուլացնում, մինչեւ պարզ դարձավ, որ դա մենք ինքներս ենք»։ Եվ ահա, ես փորձում եմ ինչ-որ բան անել, այդ պատճառով էլ հիմա այստեղ եմ։ 
 
Կարծում եմ՝ շատ ավելի կարեւոր է, թե ինչպես է մարդը տնօրինում իր կյանքը, ինչպես է վարվում դրա հետ, այլ ոչ թե՝ որտեղ է գտնվում ինչ-որ պահի։ Բորխեսի սյուժեներից մեկը երկարատեւ տունդարձի մասին է։ Մոտավորապես այդպես էլ ընկալում եմ իմ այժմ այստեղ գտնվելը։ 
Հայրենիքս, տունս գտնվում են Երեւանի ծայրամասում։ Կան մարդիկ, որ գիտեն եւ երբեք չեն մոռանում, թե ինչ է տվել հայրենիքն իրենց։ Նրանք հասկանում են, թե ինչպես կարող են երախտագիտություն հայտնել եւ օգուտ բերել հայրենիքին։ Սակայն մասնակից լինելու, հայրենիքի հետ կապի զգացումը ոչ բոլորին է հատուկ։ Մարդկանց մեծամասնությունն ապրում է սեփական կյանքով`հոգալով սեփական կարիքները։ Իրենց հաճույքի համար։ Հայրենիքի հանդեպ վերաբերմունքը յուրաքանչյուր մարդու ընտրությունն է։ Որեւէ մեկին որեւէ բանում չի կարելի մեղադրել։ 
 
Հարազատ քաղաքի, երկրի հանդեպ սերն անհնար է մի քանի բառով նկարագրել։
 
Հայրենիքը կենդանի էակ է՝ նրա հետ ձեւավորվում են որոշակի հարաբերություններ 
 
Բացի այդ, ես պարտական եմ Հայաստանին։ Դրա մասին չեմ մոռանում։ Երեւանում լավ աշխատանք, հեռանկարներ ունեի։ 
 
Սակայն մենք (այն ժամանակ դեռ հարսնացուիս հետ) նախատեսում էինք ընտանիք ստեղծել։ Ես բնակվում էի Երեւանում, իսկ նա՝ Մոսկվայում։ Եվ հանկարծ ցանկություն առաջացավ կյանքումս փոխել ամեն ինչ, վերագնահատել այն։ Ամեն ինչ զրոյից սկսել։ Այս ընթացքում, երբ հեռու եմ գտնվում հայրենիքիցս, իմ մեջ մեծ փոփոխություններ են տեղի ունենում։ Եվ ես չեմ զղջում դրա համար։ Մոսկվայում լույս տեսավ առաջին գիրքս։ Այստեղ շարունակում եմ ստեղծագործել։ 
Հայոց ցեղասպանությունը շրջանցել է իմ նախնիներին, քանի որ նրանք Ղարաբաղից են։ Բայց դա իմ ժողովրդի ողբերգությունն է։ Բոլորս ենք քաջատեղյակ, թե ինչ տեղի ունեցավ Կոմիտասի հետ 1915թ. իրադարձություններից հետո։ Կարեւո՞ր է, արդյոք, այժմ, թե նա ում բարեկամն էր։ Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանությունը բոլորիս դժբախտությունն ու հիշողությունն է։ 
Կոմիտասին համարում եմ մեծ երգահան եւ մարդ։ Կարող եմ ասել` երեւույթ։ Երեկոյան, երբ երեխաները գնում են քնելու, կնոջս հետ մի քանի ժամ հարաբերականորեն հանգիստ ժամեր ենք ունենում։ Հաճախ դասական երաժշտություն ենք լսում։ Եվ Կոմիտասի ստեղծագործությունները մեր տանը հաճախ են հնչում։ 
Բազմաթիվ երկրներ պաշտոնապես չեն ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը։ Բայց ուշադրություն դարձրե՞լ եք, թե որքան մարդիկ էին մեզ կարեկցում ապրիլի 24-ին։ Հարյուրավոր միլիոններ։ Մինչեւ հոգուս խորքն ազդված էի այդչափ կարեկցանքից եւ անկեղծությունից։ Չէ՞ որ դա մեծ արժեք է: Այդ մարդկանց պետք է շնորհակալ լինել աջակցության համար։ Բացի այդ, պետք է այդկերպ վերաբերվենք այն ազգերին, որոնց հետ համանման դեպքեր են տեղի ունենում։ 
Մասնակցության հզոր ալիքը չի կարելի մոռանալ
Շատ եմ ցանկանում պահպանել մայրենիս, ընտանիքում խոսել հայերեն։ Ջանում եմ հայրենիքի մասին գիտելիքս, անգամ Հայաստանի հետ կապված շեշտադրումները փոխանցել երեխաներիս։ Դուստրս հաճույքով է լսում Հովհաննես Թումանյանի հեքիաթները, որոնք քնելուց առաջ ընթերցում եմ նրա համար։
Սակայն մի օր դեպք պատահեց, որը մեծ ազդեցություն թողեց ինձ վրա։ Լսում էի Ռոբերտ Ամիրխանյանի երգը, որտեղ շատ գեղեցիկ տողեր կան։ Ցանկացա կիսվել ընտանիքիս հետ։ Բայց երբ փորձեցի թարգմանել հայերեն խոսքերը ռուսերենի, հասկացա, որ ոչինչ չի ստացվում։ Որքան էլ որ ջանաս, չես կարող հաղորդել հայոց լեզվի ողջ հմայքն ու հարստությունը։ 
 
Դուստրս շատ է սիրում Արարատ լեռը։ Անցյալ տարի, երբ Հայաստանում էինք, նա երկու տարեկան էր։ Նա բազմիցս տեսել է Արարատը հորիզոնում։ Ես երբեւէ առանձնապես չեմ գովերգել Արարատը, չէի փորձում դրա հանդեպ սեր սերմանել։ Բայց դուստրս շատ էր հավանել Արարատը։ Նա հաճախ էր կրկնում. «Հայրիկ, ուզում եմ շոյե՜լ Արարատը»։ 
 
Մոսկվայում տանը դուստրս նկարակալ ունի, որի վրա հաճախ նկարում է Արարատ լեռը։ Նա սիրում է մի բռունցքն ամուր սեղմել, մյուսը՝ ոչ այնքան, եւ ասել. «Մեծ եւ փոքր Արարատն է»։ Դա ինձ շատ հաճելի է։ 
 
Արարատը հայերի հավատքի, հույսի, վերածննդի խորհրդանիշն է 
 
Մանկապարտեզում ինձ «կարիքավոր» երեխա էին համարում, քանի որ հայերեն բառ անգամ չգիտեի։ Դաստիարակներն ինձ թույլ էին տալիս անել այն, ինչ այլ երեխաների արգելված էր. ձեռք տալ փափուկ խաղալիքներին, թերթել Լենինի եւ հոկտեմբերիկների մասին գիրքը։ Մի օր նոր բառ լսեցի այնտեղ։ Ամբողջ օրը կրկնում էի այն, որ չմոռանամ։ Աշխատանքից հետո մայրս եկավ իմ հետեւից, եւ ես ուրախության ճիչով դիմավորեցի նրան. «Մայրիկ, ես առաջին հայերեն բա՜ռն եմ սովորել՝ անասուն»: Որոշ ժամանակ անց ես հայերեն խոսում էի այնպես, ինչպես ռուսերեն։ 
Մայրական կողմի բարեկամներս ապրում են Ղարաբաղում: Ամենածանր ժամանակներում զարմիկս ու զարմուհիներս, տատիկս ու պապիկս այնտեղ էին` ռմբակոծման տակ: 1992 թվականին նրանց հաջողվեց Ղարաբաղից տեղափոխվել մեզ մոտ` Երեւան:
Բազմաթիվ բարեկամներ ապրում էին մեր տանը: Շատ դժվար էր: Ոչ լույս կար, ոչ ջեռուցոմ, ոչ հաց: Լինում էին օրեր, երբ մեր փոքրիկ բնակարանում ութից մինչեւ տասնհինգ մարդ էր գտնվում: Բոլոր երեխաները քնում էին մի ննջասենյակում` հատակին:
Շատ ծանր ժամանակներ էին: Տանն անընդհատ մտածում էին, թե որտեղից վառելիք հայթայթեն եւ ինչ պատրաստեն ընթրիքի համար: Սակայն 90-ականների սկիզբը ես մեծ ջերմությամբ եմ հիշում: Ուսանելի ժամանակ էր: Բացարձակապես թափանցիկ: Անգամ՝ միագույն, գորշ: Մարդկային հարաբերությունները շատ ավելի անկեղծ ու շիտակ էին: Ավելորդ, վերամբարձ խոսքեր չկային: Մի նպատակ կար` ապրել: Մարդիկ բացահայտում էին իրենց իրական բնույթը: Ապրում էին կենսական խնդիրներով: 
Մենք հիանալի հարեւաններ ունեինք՝ Գալյան ու Իշխանը: Նրանք ունեին խորհրդային ժամանակների փոքր հեռուստացույց եւ ավտոմեքենա: Մեր հարեւաններն ապրում էին առաջին հարկում եւ հեռուստացույցը միացնում էին ավտոմեքենայի մարտկոցի միջոցով: Ամեն երեկո նրանց տանը հավաքվում էին հարեւան մուտքերում բնակվող բազմաթիվ ընտանիքներ:
Նստում էին կիսաշրջանաձեւ եւ միասին դիտում «Սանտա Բարբարա» կամ «Արեւադարձուհին»  հեռաստասերիալները: Ապրում էինք մեկ մեծ ընտանիքի նման: Հիշում եմ նաեւ, որ մյուս հարեւանուհին առաջարկում էր «բուրժույկայում» կարտոֆիլ խորովել մեզ համար: Եթե հաջողվում էր, դույլի գրեթե մեկ երրորդի չափով կարտոֆիլ էինք հավաքում, եւ հետո ամենքիս մի հատ բաժին էր հասնում: Այդ ժամանակների մասին բազմաթիվ հուշեր ունեմ, կցանկանայի դրանք գրի առնել, ինձ թվում է՝ հետաքրքիր կլինի: 
Հայաստանում կան արժանավոր մարդիկ, որոնք փորձում են փոխել իրականությունը: Սկզբունքային լինելով` նրանք չեն հանձնվում, պատրաստ են մինչեւ վերջ գնալ: Նրանց համար սեփական երկրի բարօրությունն ամեն ինչից վեր է:
Ինձ թվում է՝ ճիշտ չէ հպարտանալ, որ հայ ես ծնվել: Հպարտության առիթ կարող է լինել որեւէ գործ կամ արարք, դիրքորոշում: Կարելի է հպարտանալ անձնական հատկանիշներով, ձեռքբերումներով կամ, օրինակ, որ չես ստում, սրիկա չես, ցավ չես պատճառում, ձգտում ես բարի գործեր անել:
Շատ հաճախ խոսքի մեջ գործածվում է «մենք» դերանունը: «Մենք այսպիսին ենք...», «մենք պարտավոր չենք...», «մենք կարող ենք...»:
Երբեմն ոչ պակաս օգտակար է խոսել միայն սեփական անձի մասին 
 
Սեփական տեղի, դերի, հմտությունների, ձեռքբերումների, ձախողումների, հատկանիշների, զգացմունքների մասին: Բոլորս տարբեր ենք: Եվ երբ ասում ենք «մենք», առանձնապես չի հասկացվում, թե կոնկրետ ում մասին է խոսքը, եւ ինչպիսի անհատական պատասխանատվություն է կրում յուրաքանչյուրն այդ հավաքական եւ անհասկանալի «մենք»-ի համար:
Ռոման Նադիրյան. լրագրող, գրող, երեւանցի, որը վերջին տարիներին ապրում է Մոսկվայում:
Weight: 
-72
Image: 
Display type: 
Small
Subtitle: 
Ռոման Նադիրյան