Ռումինական խորհրդարանի Վարուժանները

Armenian

Աշխարհի 11 միլիոն հայերից Ռումինիայում բնակվում է ընդամենը 1800-ը, որը շատ փոքր թիվ է՝ Ամերիկայի եւ Ռուսաստանի երկու միլիոնանոց համայնքների համեմատ։ Բայց պարադոքս է, որ Եվրոպայի գրեթե ամենափոքր հայ համայնքը լինելով՝ Ռումինիայի հայերը քաղաքականության մեջ հասել են մեծ բարձունքների։ Բավական է ասել, որ խորհրդարանում ներկայումս երկու հայ կա, իսկ Ռումինիայի հայ համայնքի ղեկավար Վարուժան Ոսկանյանը երկար տարիներ կառավարությունում երկրորդ մարդն էր։

Այժմ Ոսկանյանը սենատոր է։ Երբ նա զբաղեցնում էր ֆինանսների եւ տնտեսության նախարարի պաշտոնը, նրա աշխատասենյակում Ռումինիայի դրոշի կողքին դրված էր նաեւ Հայաստանի դրոշը։ «Իմ թիկունքում գտնվող հայկական դրոշը ոչ մեկին չէր նյարդայնացնում, քանի որ ռումինացիները միշտ հատուկ վստահությամբ են վերաբերվել հայերին։ Միշտ այդպես է եղել։ Պատահական չէ, որ 1877թ.՝ անկախության համար պատերազմի ժամանակ, ջախջախված օսմանյան զորքի հրամանատարն, ի նշան սեփական պարտության, իր յաթաղանը հանձնել է Չերքեզ անունով ռումինացի հրամանատարին, որը հայ էր»,- ասում է Ոսկանյանը։ Դեռ 13-րդ դարում Ռումինիայում բնակություն հաստատած հայերի ժառանգների նկատմամբ վերաբերմունքն այնտեղ ներկայում էլ չափազանց հարգալից է։ Հետաքրքիր մի փաստ՝ չնայած խորհրդարանական ընտրություններին մասնակցում է առավելագույնը 1000 հայ, հայկական համայնքի առաջադրած թեկնածուն երբեմն 22 հազարից ավելի ձայն է հավաքում։ Այսինքն՝ ռումինացիները վստահ են, որ հայն իրենց շահերը հայրենակցից ավելի լավ կպաշտպանի։ Հենց այդպես էլ եղել է Վարուժան Ոսկանյանի դեպքում՝ նա հինգ անգամ ընտրվել է օրենսդիր մարմնի պատգամավոր։

Կրայովա քաղաքում ծնված Ոսկանյանը Էրզրումի Զաքար գյուղից գաղթածների ժառանգ է։ Չաուշեսկուի կառավարման տարիներին գարեջրի գործարանում հաշվապահի համեստ պաշտոն էր զբաղեցնում։ Բռնապետի տապալումից հետո խորացել է քաղաքականության մեջ։ Սկզբում հիմնել է Ռումինիայի հայերի միությունը։ Այնուհետեւ 1995թ. հիմնել է Ռումինիայի այլընտրանքային կուսակցությունը, որը ղեկավարել է հինգ տարի։ Դրանից հետո Վարուժան Ոսկանյանը դարձել է Աջ ուժերի միության առաջնորդ։ Ներկայումս իշխող կոալիցիայի մաս կազմող Ազգային լիբերալ կուսակցության փոխնագահն է։ Կարիերայի տարբեր փուլերում հայազգի գործչի զբաղեցրած պետական պաշտոնների ցանկը բավականին ծավալուն է։ Ստորին պալատում գլխավորում էր ազգային փոքրամասնությունների խմբակցությունը։ Սենատում Բյուջեի եւ ֆինանսների հանձնաժողովի նախագահն էր։ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Ռումինիայի պատվիրակության ղեկավարն էր։ Տարբեր տարիների զբաղեցրել է ֆինանսների, տնտեսության, էներգետիկայի եւ առեւտրի նախարարների պաշտոնները, Բնակչության զբաղվածության եւ սոցիալական ապահովության պետական հանձնաժողովի նախագահն էր։ 2006թ.՝ ԵՄ-ին Ռումինիայի անդամակցությունից հետո, իշխող կոալիցիան Ոսկանյանի թեկնածությունն առաջադրել է եվրոպական հանձնակատարի՝ միավորված Եվրոպայի կառավարության անդամի պաշտոնի համար։ Միայն Թուրքիայի հակադրությունը խանգարեց նրա թեկնածության հաստատմանն այդ պաշտոնում։ Անմիջապես դրանից հետո «փոխհատուցման կարգով» Ոսկանյանը նշանակվեց ֆինանսների նախարար, որը կառավարության երկրորդ դեմքն է համարվում։

Տնտեսական գիտությունների դոկտոր Վարուժան Ոսկանյանը հաջողությունների է հասել ոչ միայն քաղաքականությունում։ Նա նաեւ գիտնական է։ Հայ համայնքի ղեկավարը Տնտեսական հետազոտությունների ակադեմիայի պրոֆեսոր է, Ռումինիայի տնտեսական միության հիմնադիր, Քաղաքական հետազոտությունների եվրոպական կենտրոնի փորձագետ, Կանխատեսումների ազգային ինստիտուտի գիտական խորհրդի անդամ, մի շարք եվրոպական համալսարանների պատվավոր դոկտոր։ Բացի այս ամենից, Ոսկանյանը նաեւ հայտնի արձակագիր է։ Ռումինիայի գրողների միության նախագահի առաջին տեղակալն է.

«Ինձ հաճախ հարց են տալիս, թե ստեղծագործ մարդ լինելով՝ ինչպես եմ կարողանում քաղաքականությամբ զբաղվել։ Անշուշտ, վեպեր եւ պատմվածքներ գրելը պետական բյուջե կազմելուց շատ ավելի հետաքրքիր է։ Բայց չէ՞ որ բյուջե կազմելուն էլ կարելի է ստեղծագործաբար մոտենալ։ Ի վերջո, ինչ-որ իմաստով քաղաքականությունը նույնպես արվեստ է»:

Չնայած Վարուժան Ոսկանյանը կատարյալ է տիրապետում հայերենին՝ բանաստեղծություններն ու արձակ գործերը գրում է ռումիներեն։ Նրա ամենահայտնի ստեղծագործությունը Հայոց ցեղասպանությանը նվիրված «Շշուկների մատյան» գիրքն է։ 2010թ. վեպը ճանաչվել է Ռումինիայի տարվա լավագույն գրական գործ եւ արժանացել Ռումինիայի ակադեմիայի գլխավոր գրական մրցանակին։ Գրքի հիման վրա հեռուստաֆիլմ է նկարահանվել։ 2013թ. Ռումինիայի, Հայաստանի եւ Իսրայելի գրողների միությունները վեպն առաջադրել են գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակին։ Չնայած Թուրքիայի ակտիվ հակազդեցությանը՝ գիրքը տպագրվել է բազմաթիվ երկրներում, թարգմանվել անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն, եբրայերեն, շվեդերեն, գերմաներեն, լեհերեն, չեխերեն, հունգարերեն, բուլղարերեն, արաբերեն, թուրքերեն։ «Շշուկների մատյանը» 1915 թ. ողբերգությանը նվիրված գրական գործերի թվում ամենամեծ տպաքանակ ունեցողներից մեկն է։

«Ես Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգ եմ։ 100 տարի առաջ երիտթուրքերը կոտորել են իմ նախնիներից շատերին։ Բայց իմ մեջ ատելություն չկա։ Ընթերցողը դա կնկատի։ Ես չեմ սովորեցնում ընթերցողին, ոչ մի բանում չեմ համոզում։ Ընդամենն առաջարկում եմ նրան ինքնուրույն հասկանալ, թե ինչն է ճիշտ՝ վրե՞ժը, մոռացությո՞ւնը, թե՞ ներելը»,- ասում է Վարուժան Ոսկանյանը։

Բացի Ոսկանյանից, ռումինական քաղաքականությունում հայտնի է եւս մեկ հայ, եւ կրկին՝ Վարուժան։ Հայ համայնքի փոխնախագահ Վարուժան Փամբուկչյանը խորհրդարանի պատգամավոր է։ Նա արդեն չորրորդ անգամ է ընտրվել խորհրդարանի կազմում, որտեղ ներկայումս գլխավորում է Տեղեկատվական տեխնոլոգիաների հանձնաժողովը, ինչպես նաեւ ղեկավարում է ազգային փոքրամասնությունների խմբակցությունը։ «Ոչ ոք չի հավատում, որ ընդամենը 1800 հայ կա Ռումինիայում, քանի որ հայկական ազգանուններն ամեն օր հանդիպում են թերթերում։ Ոչ մի այլ էթնիկ համայնք չի կարող պարծենալ քաղաքականության, ֆինանսների, բժշկության, լրագրության ոլորտներում նման քանակի բարձրակարգ մասնագետներով։ Բոլորին թվում է, որ մեր թիվն առնվազն 300 հազար է»,- ասում է Փամբուկչյանը։ Մի քանի տարի առաջ, երբ Ոսկանյանը դեռ կառավարության անդամ էր, Վարուժան Փամբուկչյանին առաջարկել էին տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պորտֆելը։ Բայց նա հրաժարվել է. «Երկու հայ մի կառավարությունում շատ կլիներ»,- կատակում է պատգամավորը։

Արտյոմ Երկանյան

Լուսանկարում՝ Վարուժան Ոսկանյանը եւ Արտյոմ Երկանյանը
Լուսանկարը՝ Ե
րկանյանի անձնական արխիվից

Արտյոմ Երկանյան. լրագրող, հեռուստամեկնաբան, վավերագրող: Նա հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող վավերագրական ֆիլմաշարի հեղինակ է, «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան, «Աշխարհի հայերը» հաղորդաշարի հեղինակ, «Նովոյե վրեմյա» թերթի քաղաքական մեկնաբան:

Weight: 
-88
Tags: 
Image: 
Display type: 
Big