«Ձգտեք առավելագույնի»

Armenian

Գուրգեն Ջորջ Դոքմեջյանը, թերեւս, վերջին դարի ամենաազդեցիկ ամերիկահայն է։ Նրա ղեկավարությամբ ծախսվել է 316 միլիարդ ԱՄՆ դոլար՝ որպես Կալիֆորնիայի նահանգապետ կրկնակի պաշտոնավարության ընթացքում: 1991թ.՝ պաշտոնից հեռանալիս, նրա ընդունած քաղաքական որոշումները տարածվում էին Կալիֆորնիայի ավելի քան 30 միլիոն բնակիչների վրա։ Նախագահ Ռոնալդ Ռեյգանին նա համարում է իր ընկերը, իսկ Ջորջ Բուշն իր նախագահական արշավի ժամանակ  նրան դիտարկել է որպես փոխնախագահության հնարավոր թեկնածու։ Սակայն երբ իր նվաճումներից ես հարցնում, 87-ամյա այս մարդը դժկամությամբ է արձագանքում: «Շատերը շատ ավելիի են հասել եւ շատ ավելի ազդեցիկ եղել»,– պատասխանում է նա։

Համեստությունը Դոքմեջյանի արյան մեջ է։ Էրզրումի նրա մորական պապը ճանապարհորդում էր որպես վաճառական, իսկ տատը հոգում էր տան ու երեխաների մասին։ Հայոց ցեղասպանությունը վերապրածների բազում ժառանգների պես՝ նախկին նահանգապետը երբեք չի տեսել իր պապուտատերին եւ ոչ էլ անգամ գիտի նրանց անունները։ «Նրանք ինձ միշտ հետաքրքիր են եղել, բայց ես շատ հարցեր չեմ տվել»,– ասում է նա։

Դոքմեջյանի հայրը՝ ավագ Գուրգեն Ջորջ Դոքմեջյանը, գորգավաճառ էր Այնթաբից (ներկայիս Գազիանթեբ քաղաքը Հարավային Թուրքիայում)։ Միացյալ Նահանգներ ներգաղթելուց հետո նա ամուսնացել է Դոքմեջյանի մոր՝ Ալիս Դոքմեջյանի հետ (օրիորդական ազգանունը՝ Գայրդան)։ Պատմական Հայաստանի տարածքից Դոքմեջյանների ընտանիքի արտագաղթելու մանրամասներն անհայտ են։ «Այդպես էլ լիարժեք բացատրություն չստացա»,– ասում է նախկին նահանգապետը։ Նրա ծնողները գրեթե չէին պատմում Հայոց ցեղասպանությունից.

«Հիշում եմ` ասում էին, որ դա անսպասելի ընկավ իրենց գլխներին։ Խոսակցության մեջ գուցե հիշատակեին ու վերջ։ Երբեք չէին ծանրանում դրա վրա։ Ու երբեք ամբողջությամբ չպատմեցին գլխներով անցածը»։

Դրան հակառակ՝ նախկին պաշտոնյայի կյանքը բավականին լավ է փաստագրված։ Ջորջ Դոքմեջյանը ծնվել է Նյու Յորք նահանգի Մենանդս ավանում, պատանեկության տարիներից հետաքրքրվել է քաղաքական անցուդարձով։ Նախքան թերթերի սպորտային սյունակին հասնելը՝ անցնում էր առաջին էջի կարեւորագույն նյութերով։ 27 տարեկանում տեղափոխվել է ոսկե նահանգի (Կալիֆորնիա) արեւաշատ ափերն ու ամուսնացել Գլորիա Սաաթջյանի հետ։ «Կյանքումս երբեւէ կայացրած լավագույն որոշումն էր»,– ասում է նա։ Ո՞րն է նրանց 58-ամյա երջանիկ ամուսնության գաղտնիքը. «Ընդամենը երկու բառ`«Այո՛, սիրելիս»»,– ծիծաղում է Ջորջը։

Ամերիկայի արեւմուտք տեղափոխվելուց շատ չանցած՝ սկսվեց ընտրություններում նրա հաղթարշավը։ Դոքմեջյանը եղել է Նահանգային խորհրդարանի անդամ, նահանգի սենատոր եւ արդարադատության նախարար։ Որպես Կալիֆորնիայի գլխավոր գործադիր՝ Դոքմեջյանը եղել է նահանգի արդի շրջանի մեծագույն ժողովրդականություն վայելած պաշտոնյան։ Ըստ հարցումներից մեկի՝ նրա վստահության ցուցանիշը երբեք չի ընկել 50 տոկոսից. նա Կալիֆորնիայի հազարավոր հայերի պարծանքն էր. «Ես անչափ գնահատում եմ, որ ունեմ քրիստոնյա արմատներ եւ որ իմ ժողովուրդն ընդհանրապես վայելել է մեծ հարգանք ու պատիվ։ Ես ուրախ եմ, որ տարիների ընթացքում կապ եմ ունեցել քրիստոնյա եւ պատվելի մի ազգի հետ»։ 

Մտորելով այն հարցի շուրջ, թե ներկայիս հայ երիտասարդությունն ինչ կարող է սովորել իր կյանքից՝ ասում է.

«Ամենակարեւորը եռանդուն աշխատանքն է, լավ կրթություն ստանալը եւ քո առավելագույնին ձգտելը։ Ու նաեւ՝ լավ քաղաքացի լինելը. ազնիվ ու պատվարժան»։

Հայկ Շահինյան, ազատ լրագրող

 

Weight: 
-153
Tags: 
Image: 
Display type: 
Big
Subtitle: 
Գուրգեն Ջորջ Դոքմեջյան