Ռաքել Դինք
Ռաքել Դինքի ճակատագիրն ասես Թուրքիայի հայության վերջին հարյուր տարվա պատմության հայելային անդրադարձը լինի: Նրա պատմությունը չափազանց դժվար է պատկերացնել առանց ամուսնու` Հրանտ Դինքի. նրանց կյանքը միաձուլված է լույս ու ստվերի պես՝ մինչ օրս:
Ռաքել Դինքը ծնվել է 1959 թվականին հայկական Վարդո գերդաստանում: Նրա մեծ հայրը` Վարդանը, որի անունից էլ ծագում է ցեղախմբի անունը, վանեցի է եղել: Խուսափելով ջարդերից` Վարդանը հարազատների հետ հաստատվել է Թուրքիայի, Սիրիայի եւ Իրաքի սահմանին գտնվող Ջուդի լեռան լանջերին: Գոյությունը պահպանելու համար գերդաստանը թաքնվում է լեռան խոռոչներից մեկում: «Ասում են՝ այդ խոռոչը չի եղել, բայց Աստված մեզ համար այդ խոռոչը բացեց: Այդպես էին ասում: Շատ երկար ժամանակ այդտեղ են ապրել»,- պատմում է տիկին Ռաքելը բերնեբերան փոխանցված ընտանեկան լեգենդը:
Վան քաղաքի տեսարան, լուսանկարը՝ Հայոց ցեղասպանության թանգարան - ինստիտուտի |
Գերդաստանը կոտորածից փրկվել է արաբական Թայան ցեղախմբի օգնությամբ: Նույնպես լեռան լանջերին հաստատված այս ցեղախմբի անդամները թաքցրել են հայերի` այդ տարածքում գտնվելու փաստը:
«1915-ին, երբ թաքնված են եղել, մեծ մայրիկիս քույրը փոքր երեխա է ունեցել, ու վտանգի ժամանակ երեխայի լացի ձայնը չեն կարողացել կտրել: Սկեսուր մայրիկը երեխային ձեռքից առել է, որպեսզի ձայն չհանի, ու չգտնվեն այդ ձայնի միջոցով, ու... չեմ կարող այդ բառը ասել... մի խոսքով՝ այդ երեխային կորցնում են»,- ընտանիքի ապրած սարսափների մասին պատմում է Ռաքելը Դինքը:
Ռաքելի հայրը` Սիյամենթը, եւ մայրը` Դելալը, վեց երեխա են ունենում: Ընտանիքի երկրորդ զավակ Ռաքելն ութ տարեկան էր, երբ հիվանդության պատճառով մահանում է մայրը: Նրա հայրը կրկին ամուսնանում է եւ ունենում եւս յոթ զավակ: Ընտանիքում ո՛չ հայերեն են իմացել, ո՛չ էլ թուրքերեն՝ խոսել են միայն քրդերեն: Նրանց հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է եղել:
Երբ Ռաքելն ութ ու կես տարեկան էր, Պոլսի Հայոց պատրիարք Շնորհք սրբազանի նախաձեռնությամբ նրանց գյուղ են այցելում մի խումբ հոգեւորականներ (այդ օրերին Պոլսից քրիստոնյա հոգեւորականներ էին շրջում Անատոլիայում` փնտրելու ցեղասպանությունից մազապուրծ հայերին եւ մյուս քրիստոնյաներին): Այդ խմբի մեջ էին նաեւ Հայ բողոքական եկեղեցու ներկայացուցիչներ Հրանտ Գյուզելյանն ու Օրհան Յունքեշը, որոնք մի խումբ տեղացի հայ երեխաների տեղափոխում են Ստամբուլ` կրթություն տալու նպատակով: Երեխաների երկրորդ խմբի մեջ էր նաեւ Ռաքել Դինքը՝ երկու եղբայրների հետ. «Եկանք Ստամբուլ, որ կարողանանք կարդալ-գրել սովորել, հայերեն սովորենք: Մեր գյուղին մոտ դպրոց չկար, ոչ ոք գյուղում կարդալ չգիտեր»: Ստամբուլում խումբը կանգ է առնում Թուզլայի հայ երեխաների ճամբարում` «Քամփ Արմեն»-ում:
Ռաքելն ու Հրանտ Դինքը «Քամփ Արմեն»-ում |
«Քամփի մեջ մեզ մի քիչ «այբ, բեն, գիմ» սովորեցրին, մի քիչ թուրքերեն սովորեցինք: Գյուղում աթոռ ասվածը չէինք տեսել, միայն հնձել, ցանել, հերկել, այդպիսի բաներ էինք տեսել, այդպիսի բաներ գիտեինք»,- Ստամբուլում անցկացրած առաջին օրերն է հիշում տիկին Ռաքելը: Այնուհետեւ Ռաքելը տեղափոխվում է Գետիկփաշայի հայկական եկեղեցու գիշերօթիկ դպրոց` կանոնավոր կրթություն ստանալու, իսկ ամառներն անցկացնում էր «Քամփ Արմեն» ճամբարում: Նա հիշում է, որ դպրոցական տարիներին ստիպված էին անընդհատ օթեւանից օթեւան տեղափոխվել, քանի որ թուրքական պետությունը փակում էր այդ օթեւանները` պատճառաբանելով, թե դրանք անօրինական են: Հետագայում ստիպված Ստամբուլ են տեղափոխվում Ռաքել Դինքի հայրն ու ազգականները, քանի որ Թուրքիայի հարավարեւելյան շրջաններում քրիստոնյաները բռնությունների էին ենթարկվում:
Ճակատագրական հանդիպումը տեղի է ունենում Ստամբուլ տեղափոխվելու հենց առաջին օրերին: Հրանտ Դինքը եւս ամառները «Քամփ Արմեն»-ում էր անցկացնում, իսկ դասերի ժամանակ ապրում էր Գետիկփաշայի գիշերօթիկում (Հայաստանյաց Ավետարանական եկեղեցում գտնվող): «Քամփում սիրահարված էինք արդեն»,- աղջկական ամաչկոտությամբ հիշում է Ռաքել Դինքը:
Ռաքել ու Հրանտ Դինքերի պսակադրության օրը |
1977 թվականի ապրիլի 23-ին նրանք պսակադրվում են: Այդուհետ Ռաքելը դառնում է Հրանտի կյանքի անբաժան ուղեկիցը, խորհրդատուն, գործընկերը: Հրանտ Դինքը կրթությունը շարունակում է Ստամբուլի համալսարանում` ուսումնասիրելով կենդանաբանություն ու փիլիսոփայություն: Նրանք ունենում են երեք երեխա` Պայծառը (Դելալ), Արարատը եւ Սերան:
Հրանտ Դինքի ընտանիքը (ձախից աջ՝ Հրանտը, զավակները՝ Սերան, Արարատը, Դելալը, թոռը՝ Նորան, եւ կինը՝ Ռաքել Դինքը) |
Պսակադրությունից բազում տարիներ անց «Ակօսի» համարներից մեկում Հրանտ Դինքը գրելու էր. «Անշուշտ ապրիլի 23-ները հատուկ են ինձ համար: Այդ օրը նաեւ իմ եւ իմ շատ սիրելի կնոջ ամուսնության օրն է: Ապրիլի 23-ը ապրիլի 24-ին միացնող գիշերը մեր առաջնեկին լույս աշխարհ բերելու գիշերն էր: Ո՛չ ապրիլի 23-ն էր, ո՛չ էլ ապրիլի 24-ը. երեւի այդ պահը ապրիլի 23.5-ն էր»:
Հրանտ եւ Ռաքել Դինքերը «Քամփ Արմեն» ճամբարի երեխաների հետ |
Դրանից հետո Հրանտ Դինքը զբաղվում է գրական գործունեությամբ, գրում Պոլսի «Մարմարա» հայկական օրաթերթում: Քաղաքական հայացքների համար 80-ականներին երեք անգամ բանտարկվում է: 1993-ին ընկերներով հիմնում են «Արաս» հրատարակչատունը: 1996-ին, զգալով Թուրքիայի հանրությանը հայկական խնդիրներին ծանոթացնելու կարեւորությունը, հիմնադրում է Թուրքիայի առաջին հայկական թուրքերեն շաբաթաթերթը` «Ակօս»-ը: «Թուրքիայում փոքր պրոբլեմ երբ լինում էր, անմիջապես ասում էին` «թշնամի հայ»: Հային թշնամի սարքելով` իրենք իրենց քաղաքականությունն էին անում: Սա Հրանտի համար կարեւոր նյութ դարձավ՝ թե պետք է մենք մեզ ցույց տանք, մեզնից պետք է սովորեն մեր խնդիրները, մեր ով լինելը»,- ամուսնու մտորումների մասին հիշում է Ռաքել Դինքը: «Ակօսի» առաջին համարը լույս է տեսնում Սուրբ Զատիկի օրը. «Առաջին էջի գլխագիրն էր` «Ահա ձեզ համար ակոս բացեցինք, ով բարի հունդ ունի, թող բերի, ցանի»: «Ակօսը» դեռ շարունակվում է, բայց ինքը… »:
«Միասին էինք ամեն բանի մեջ: «Ակօս» անունը երբ դնում էին, ասացի` շատ աղվոր անուն է, Հիսուսի առակներում կա, որ բարի մշակը սերմը ցանում է, ակոս է բացում, ինչ լավ կլինի, որ դրա հետ կապես»:
Հրանտի ողջ գործունեության ընթացքում Ռաքել Դինքին չեն լքել մի կողմից՝ հպարտության, մյուսից՝ անհանգստության զգացումները. «Երբեմն մայրիկները կասեին` տղաս, վախենում ենք քեզ համար, այսքան համարձակ մի խոսիր: Բայց մյուս կողմից էլ հպարտանում ու ուրախանում էին, որ իրենց տեղը մեկը խոսում է: Ես էլ էի հպարտանում, ես էլ էի սիրում նրա այդ ազատ խոսքը՝ ինչպե՞ս ես քաջ մարդով հպարտանում, ուրախանում: Ոճիրից հետո երբեմն ինքս ինձ հանցավոր եմ զգում, որ բնավ հետ չքաշեցի, չասացի` բավ է, մինչեւ ե՞րբ... Երանի թե ավելի շատ ասեի…»:
Հրանտ եւ Ռաքել Դինքերը |
2007 թվականի հունվարի 19-ին տեղի է ունենում Հրանտ Դինքի ողբերգական սպանությունը: Այդ օրը անկյունաքարային եղավ Թուրքիայի պատմության մեջ. հարյուր հազարավոր քաղաքացիներ հուղարկավորության ժամանակ փողոց դուրս եկան «Մենք բոլորս հայ ենք, մենք բոլորս Հրանտ ենք» կարգախոսով:
«Հուղարկավորությունից երկու օր առաջ ասացին` Ռաքել, դու պիտի խոսես: Ասացի` կխոսեմ, բայց ի՞նչ պիտի խոսեմ: Աղոթեցի...ասացի՝ ով Տեր, ես քո զավակն եմ, ես ու ամուսինս իրար շատ էինք սիրում, այս սերը պետք է ցոլացնեմ: Ասացի` պիտի ջանամ Թուրքիայի մեջ եղած անիրավությունները բացատրեմ,- հիշում է տիկին Ռաքելը,- այդ նամակը` «Սիրելիին նամակը» գրեցի, եւ այդ օրն այդ ելույթից հետո իմ կյանքն էլ փոխվեց»: Նամակում Ռաքել Դինքը գրում է.
«Ո՞վ կարող է մոռանալ քո գրածներն ու ասածները, սիրելիս: Ո՞ր խավարը կարող է մեզ ստիպել մոռանալ. վա՞խը, ճնշված կյա՞նքը, նյութական աշխարհի հաճույքնե՞րը, մի՞թե մահը: Ոչ, սիրելիս, ոչինչ չի կարող ստիպել մեզ մոռանալ»:
Այդ օրից Ռաքել Դինքն իր կյանքը նվիրել է Հրանտ Դինքի թողած ժառանգության պահպանմանն ու տարածմանը, Թուրքիայում մարդու իրավունքների խնդիրներին: Հենց այդ նպատակներով էլ 2007 թվականին ստեղծվում է «Հրանտ Դինք» հիմնադրամը, որի խորհրդի նախագահն է Ռաքել Դինքը: Հիմնադրամն իրականացնում է մի շարք ծրագրեր` նվիրված Թուրքիայում մարդու իրավունքների խնդիրներին, հայերի եւ մյուս փոքրամասնությունների մշակութային ժառանգության պահպանմանը, ատելություն պարունակող հռետորաբանության ուսումնասիրությանը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը:
Կյանքի դժվար փորձությունների միջով անցած, բայց նաեւ սիրով ու քնքշությամբ շրջապատված Ռաքել Դինքը լավատես է: Նա հավատում է, որ ապագան իր երջանկության հիմնական աղբյուրների` իր թոռնիկներ Նորայի, Նարեի, Սարենի ու Հրանտ Դինք կրտսերի համար լուսավոր է լինելու:
Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից: