ՀՈՎՍԵՓ ԵՎ ՆՎԱՐԴ ԴԵՅՐՄԵՆՋՅԱՆՆԵՐ

Armenian
Intro: 
Ժակ Դեյրմենջյանը Gaz de France ընկերության միջազգային զարգացման գծով գլխավոր տնօրենի տեղակալն է։ Նրա ղեկավարությամբ տեղի են ունեցել բնական գազի մատակարարման շուրջ Ֆրանսիայի համար կարեւորագույն բանակցություններ։ 1960 թվականին ավարտելով «Էկոլ պոլիտեխնիկը»՝ Ժակը փայլուն աշխատանքային փորձառություն է ունենում՝ համեստ աշխատակցից հասնելով ներկայիս պատասխանատու պաշ¬տոնին։ Նրա հաջողության պատմությունն առաջին հերթին հարգանքի տուրք է ծնողների՝ Հովսեփ եւ Նվարդ Դեյրմենջյանների հիշատակին։
Weight: 
-7 350
Related content: 
Story elements: 
Text: 
Ժակ Դեյրմենջյանը Gaz de France ընկերության միջազգային զարգացման գծով գլխավոր տնօրենի տեղակալն է։ Նրա ղեկավարությամբ տեղի են ունեցել բնական գազի մատակարարման շուրջ Ֆրանսիայի համար կարեւորագույն բանակցություններ։ 1960 թվականին ավարտելով «Էկոլ պոլիտեխնիկը»՝ Ժակը փայլուն աշխատանքային փորձառություն է ունենում՝ համեստ աշխատակցից հասնելով ներկայիս պատասխանատու պաշ¬տոնին։ Նրա հաջողության պատմությունն առաջին հերթին հարգանքի տուրք է ծնողների՝ Հովսեփ եւ Նվարդ Դեյրմենջյանների հիշատակին։
Text: 

Հովսեփը ծնվել է 1910 թվականին Օվաջիկում՝ Իզմիթի ու Պարտիզակի միջեւ տեղակայված քաղաքում։ Նրա պապն ու մեծ պապն ալրաղացպաններ էին. այս զբաղմունքն ընտանեկան ավանդույթ էր։ Հովսեփի մայրը՝ Արշալույս Քեմուրջյանը, մեծացել է շերամապահների ընտանիքում, որը շերամորդի բուծման մեծ տնտեսություն ուներ։ 16 տարեկանում Արշալույսն ամուսնանում է իրենից 15 տարով մեծ Հակոբի հետ։ 1910-1915թթ․ընտանիքում նրանք չորս երեխա են ունենում՝ Հովսեփը, Մարկուհին, Նորայրն ու Արտաքինը։ Հովսեփի ընտանիքը հանգիստ կյանք էր վարում՝ ալրաղացում աշխատելով։

Image: 
Text: 
Դեր Զորի ճանապարհը
 
1915-ի հուլիսի 9-ին, երբ հայ ժողովուրդն ու Դեյրմենջյանների ընտանիքը բախվեցին ճակատագրական իրադարձություններին, ավագ երեխան՝ Հովսեփը, ընդամենը հինգ ու կես տարեկան էր։ Այդ օրն Օվաջիկ եկան զինվորականներն ու ոստիկանները։ Բնակիչներին իրերը հավաքելու կարճ ժամանակ տվեցին, այնուհետեւ նրանց արտաքսեցին հարազատ տներից դեպի անհայտություն:
 
Մղձավանջային ճամփորդությունը ամիսներ տեւեց: Այդ ընթացքում քարավանն անցել է բազմաթիվ գյուղերի ու քաղաքների միջով՝ Աֆյոն-Գարահիսար, Կոնիա... Այստեղ Հովսեփին բաժանեցին ծնողներից. մինչեւ Չամլը ճանապարհը նա շարունակեց հորաքույրներից մեկի հետ: Թարսուսի ճանապարհին փախստականների վրա հարձակվեցին քրդերը, կողոպտեցին եւ ծեծի ենթարկեցին նրանց, սակայն տեղահանվածները շարունակեցին ճանապարհն ու հասան Ադանա, որտեղ նրանց ապաստան տվեցին գթասիրտ հայրենակիցները: Երեք ամիս անց, սակայն, ինչպես Օվաջիկի գաղթականները, այնպես էլ նրանց ապաստան տված մարդիկ ստիպված էին փախուստի դիմել:
 
Օսմանիեում Հովսեփին հաջողվեց վերամիավորվել ընտանիքի հետ: Նա անտանելի տեսարանների ականատես դարձավ: Մի օր հարբած զինվորն սկսեց վիրավորել նրա տատիկին, այնուհետեւ կտրեց ձեռքերը:
Image: 
Text: 

                            Հովսեփը (աջից, առաջին շարքում) Հալեպի որբանոցում                                                                               © Դեյրմենջյանների ընտանեկան արխիվ

Դժոխային երթը շարունակվում էր. տեղահանված հայերի շարքերը շարունակ նոսրանում էին: Հովսեփի աչքի առաջ մահացան նրա հորաքույրը եւ երկու եղբայրները: 1916-ի հունվարի սաստիկ քամիներն ու սովը գրեթե ամբողջությամբ վերացրին Հովսեփի ընտանիքը, սակայն նրա համար ամենասեւ օրը 1916-ի ապրիլի 23-ն էր, երբ նրա ձեռքերի մեջ մահացավ հայրը: Տղան զրկվեց իր հիմնական հովանուց: Նրա հետ մնացին միայն մայրն ու Մարկուհի քույրը: Աղջկան մահից փրկելու համար մայրը շուտով ստիպված էր նրան տալ բաղդադցի ոմն Խաջի Կադուրուին: Հետագայում Հովսեփը մեծ ջանքեր է գործադրել քրոջը գտնելու համար, սակայն Մարկուհու հետքերը վերջնականապես կորսված էին:

Image: 
Text: 

 «Կիլիկյան» տարրական դպրոցը Հալեպում 2009-ին, հետագայում այն ամբողջությամբ քանդվել է     © Դեյրմենջյանների ընտանեկան արխիվ

1916-ի վերջին մայրն ու որդին վերջապես հասնում են Հալեպ: Մինչ Հովսեփը թափառում էր քաղաքում, մայրն աշխատանք էր փնտրում եւ արդյունքում աղախնի գործ է գտնում արաբական ընտանիքում: Ապրելու տեղ չունեին. այդ պատճառով պատերազմի ավարտից հետո Արշալույսն ստիպված էր Հովսեփին մանկատուն հանձնել:

Image: 
Text: 

          Հովսեփը (կանգնած է կրծքին խաչած ձեռքերով)՝ Դեսինի ֆուտբոլային թիմի ավագ                           © Դեյրմենջյանների ընտանեկան արխիվ

 
Ապրել՝ ի հեճուկս ամեն ինչի
 
1919-ի փետրվարի 28-ին կազմակերպվել էր հայ երեխաների «որս»: Նրանց սայլով տանում էին անհայտ ուղղությամբ: Արշալույսն այս մասին տեղեկանում է իր գործատու արաբից եւ վազում փողոց՝ որդուն գտնելու: Նրա բախտը բերում է՝ գրեթե անմիջապես հանդիպում է այն սայլը, որի մեջ որդին էր: Որքան ուժ ուներ ճչում է. «Ցատկի՛ր, Հովսե՜փ, ցատկի՛ր»: Մոր ձայնը լսելով՝ տղան ցատկում է սայլից՝ իր հետեւից քաշելով Թորոսին: Այդպես նրանք փրկվում են, սակայն խեղճ Թորոսը չի կարողանում վերապրել ցնցումն ու մի քանի օրից մահանում է: Այդ պահից սկսած Հովսեփը մի մանկատնից մյուսն էր անցնում:
 
Ինչ-որ ժամանակ ապրում է Երուսաղեմի Սուրբ Հակոբ (Սուրբ Յակոբ) վանքում, այնուհետեւ վերադառնում է Հալեպ եւ հաճախում Կիլիկիայից հայ փախստականների երեխաների Գուլիգյան դպրոցը: Շուտով արեւմտյան երկրների կառավարությունները փրկված հայերին առաջարկում են Սիրիայից տեղափոխվել Հարավային Ամերիկա: Հովսեփը որոշում է օգտվել հնարավորությունից: 1926-ի հունվարի 3-ին նրա նավը հասնում է Մարսել: Շատերի նման՝ Հովսեփն էլ չի շարունակում իր ճամփան եւ մնում է այս քաղաքում: Այստեղ աշխատատեղերի պակաս չկար:
 
Ցերեկը երիտասարդն աշխատում էր, իսկ երեկոյան՝ սովորում: Սկզբում նա աշխատում է Պուզինում, այնուհետեւ՝ Դեսինի մետաքսի արտադրության գործարանում՝ Լիոնի մոտակայքում: Այնտեղից, այլ հայերի թվում, երիտասարդին հեռացնում են՝ Հայաստանի համար դրամահավաք կազմակերպելու պատճառով:
 

 

Image: 
Text: 

         Հովսեփը (առաջին շարքում) ֆրանսիական բանակում ծառայության ժամանակ (1940)                      © Դեյրմենջյանների ընտանեկան արխիվ 

 
Հովսեփը նորից վերադառնում է Պուզին, որտեղ երկու տարի աշխատում է ձուլարանում՝ երեկոյան շարունակելով դերձակի արհեստ ուսանել: Շուտով տեղափոխվում է Փարիզ՝ կատարելագործելու իր հմտությունները, եւ ստանում է կարուձեւ անող արհեստավորի դիպլոմ: 1929-ի հունիսին՝ 19 տարեկանում, սեփական խանութ է բացում Լիոնի 6-րդ շրջանում՝ Լաֆայետ բուլվարի 191-րդ շենքում: Նրա գործը հաջողությամբ զարգանում է, իսկ ինքն ակտիվորեն մասնակցում է հայ համայնքի կյանքին՝ մասնավորապես հայրենակիցներին օգնելով իշխանության հետ հաղորդակցության հարցում, քանի որ այդ ժամանակ հայերից քչերն էին հասցրել ֆրանսերեն սովորել: 1932-ին Հալեպից Լիոն՝ նրա մոտ է տեղափոխվում Արշալույս մայրը:
 
Հանուն Ֆրանսիայի եւ հայերի բարեկեցության
 
«Իրեն բաժին հասած բոլոր դժբախտությունների ծանրությունից կոտրվելու փոխարեն հայրս որոշեց առաջ շարժվել՝ միաժամանակ չմոռանալով անցյալի մասին»,- ասում է Ժակը: 1936-ին իշխանության եկավ Ժողովրդական ճակատը, իսկ Հովսեփը դարձավ «Ի պաշտպանություն զորահավաքի ենթակա հայերի եւ նրանց ընտանիքների» շարժման տարածաշրջանային քարտուղար: Այս շարժման ջանքերով երիտասարդ հայերը հնարավորություն ստացան ծառայելու բնիկ ֆրանսիացիների հետ, այլ ոչ թե օտարերկրացիների գնդերում, որոնք մարտի դաշտերում, որպես կանոն, առաջին շարքերում էին: 1939-ի սեպտեմբերի 3-ին՝ Գերմանիայի կողմից Ֆրանսիային պատերազմ հայտարարելուց հետո, նրան զորակոչեցին բանակ:
 
Image: 
Text: 

                  Հովսեփն ու Նվարդը 1942-ին © Դեյրմենջյանների ընտանեկան արխիվ

Եկան ծառայության երկար ամիսները։ Մի օր նրա գունդը շրջափակում են գերմանական տանկերը, եւ 1940-ի հունիսի 29-ին Հովսեփը հայտնվում է գերության մեջ Դոնոն քաղաքում (Վոգեզներ)։ Նրան տանում են ճամբար, որտեղ Հովսեփն այլ գերիների հետ մի քանի փախուստ է կազմակերպում, այնուհետեւ ինքն էլ է փախչում։ Հասնելով Լիոն՝ միանում է Դիմադրության շարժմանը։

Երկու տարի շարունակ Հովսեփն իր մոտ էր թաքցնում Լեհաստանի հրեաների մի ընտանիքի եւ անգամ աշխատանք գտնում նրանց համար։ Մի քանի փորձից հետո նրան հաջողվում է փրկել մի հայի, որին սպառնում էր նացիստական ճամբարում հայտնվելու վտանգը։ Երեք անգամ Դեյրմենջյանի խանութ են գալիս գեստապոյի ներկայացուցիչներն ու ֆրանսիական ոստիկանությունը։ Չնայած խուզարկություններին, համառ հարցերին, սպառնալիքներին եւ ճակատին ուղղված ատրճանակին՝ Հովսեփը ոչ մեկին չի մատնում, թեեւ հետագայում տառապում էր ծանրագույն նյարդային խանգարումից։ Հերթական նման այցի ժամանակ խանութի օժանդակ սենյակում երկու հրեա հարեւանուհիներ էին թաքնված։ Ողջ կյանքի ընթացքում նրանք անսահման երախտապարտ էին Հովսեփին, որի քաջությունը նրանց փրկել էր մահից։
 
Image: 
Text: 

       Ֆրանսիական զորքերում ծառայած հայ վետերանների ասոցիացիայի պաստառ, 1946թ.                  © Դեյրմենջյանների ընտանեկան արխիվ

1942-ին նա ամուսնանում է Պարտիզակից Ֆրանսիա տեղափոխված Նվարդ Անդոնյանի հետ, որը Հովսեփի խանութում դերձակի օգնական էր։ 1943-ին նորապսակներն ու նրանց նորածին դուստր Համեստուհի-Ժակլինը Ֆրանսիայի քաղաքացիություն են ստանում։

1948-ին ընտանիքում եւս երեք երեխա է ծնվում՝ Ժակ-Արան, Ռենե-Մասիսը եւ Պիեռ-Նորայրը։ Հովսեփի համար երեխաները հաղթանակի խորհրդանիշ էին։ Ցեղասպանությունը չկարողացավ վերացնել Դեյրմենջյանների ընտանիքը եւ դրա ճյուղերից մեկին հաջողվեց ծաղկել։
 
Առաջին հերթին՝ կրթություն
 
Հովսեփը միշտ պահանջկոտ էր երեխաների նկատմամբ եւ ցանկանում էր, որ նրանք ստանան այն կրթությունը, որը ժամանակին անհասանելի էր եղել իր համար։ Ժակը հիշում է. «Մի օր հայրս ասաց մեզնից մեկին. «Բակալավրի աստիճան ստանալը նվազագույնն է։ Անգամ եթե ուզում ես ճանապարհային բանվոր դառնալ, դու բակալավր-բանվոր ես լինելու»։ Նա համարում էր, որ մտավոր կապիտալն անհնար է խլել՝ ի տարբերություն նյութականի»։
 
Image: 
Text: 

 Նվարդը, Հովսեփը, նրանց չորս երեխաները՝ Համեստուհի-Ժակլինը, Ժակ-Արան, Ռենե-Մասիսը, Պիեռ-Նորայրը եւ Արշալույս տատիկը © Դեյրմենջյանների ընտանեկան արխիվ

 
Հովսեփի մարդասեր է եւ մեծ հավատ ուներ արդարության հանդեպ։ Կնոջ՝ Նվարդի եւ մի քանի ընկերների հետ նա Լիոնում ստեղծել է Կարմիր խաչի հայկական կոմիտե: Նրա ղեկավարությամբ այդ կոմիտեն երկար տարիներ օգնում էր հիվանդ եւ դժբախտ հայրենակիցներին, որոնք, ամեն ինչից զրկվելով դեռ 1915-ին, կրկին տուժեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։
 
Մինչեւ վերջ նա մասնակցում էր համայնքի գործունեությանը՝ քարոզելով մարդասիրություն, որը միշտ կենսական էներգիա է տվել նրան։ Դժբախտաբար, 1971-ի փետրվարի 14-ին Հովսեփի երկրային ճանապարհը հանկարծակի ընդհատվեց հիվանդության պատճառով։ Նրա մայրը՝ Արշալույսը, մահացավ չորս տարի անց՝ 1975-ի նոյեմբերի 20-ին։
 
Image: 
Text: 

                     Նվարդն ու Հովսեփը 1968-ին © Դեյրմենջյանների ընտանեկան արխիվ

 
Շարունակելով Հովսեփի գործը
 
Ամուսնու մահից հետո Նվարդն ուշադրությունն ուղղում է Կարմիր խաչում աշխատանքի վրա։ 1988-ի դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած սարսափելի երկրաշարժից հետո նա ստեղծում է որբերի հովանավորության կոմիտե եւ 20 տարուց ավելի գլխավորում այն։ Միաժամանակ նա մասնակցել է բազմաթիվ մշակութային միջոցառումների եւ մինչեւ խոր ծերություն երգել Սուրբ Հակոբ եկեղեցու երգչախմբում։
Image: 
Text: 

                Պարտիզակ, քաղաքային այգի՝ հայկական գերեզմանոցի տեղում։ 2015-ի հունիս                                   © Դեյրմենջյանների ընտանեկան արխիվ

Նվարդին բախտ է վիճակվել գրկել յոթ թոռներին եւ չորս ծոռներին, նրանց համար պատրաստել հայկական ճաշատեսակներ, պատմություններ պատմել եւ երգել իր հարազատ երգերը։ Նա կյանքից հեռացել է 2014-ի օգոստոսի 17-ին։ Իսկ Հովսեփին բախտ վիճակվեց տեսնել, թե ինչպես են երկու ավագ երեխաներն սկսում ակտիվ աշխատել ուսումն ավարտելուց հետո, իսկ երկու կրտսերներն առաջ գնում իրենց երազանքի մասնագիտությունը ձեռք բերելու գործում։

Image: 
Text: 

    Այն ամենը, ինչ մնացել է Օվաջիկի ընտանեկան ալրաղացից ցեղասպանությունից 100 տարի             անց։ Նկարն արվել է 2015-ի հունիսին © Դեյրմենջյանների ընտանեկան արխիվ

Այսօր չորս զավակներն էլ մոտ 70 տարեկան են, շարունակում են աշխատել ի նպաստ համաքաղաքացիների եւ համերաշխ են աշխարհասփյուռ հայերի հետ։ Նրանք Հովսեփ եւ Նվարդ Դեյրմենջյանների սիրո եւ հավատարմության պտուղներն են, կենդանի օրինակներն այն մարդկանց, ովքեր ամբողջությամբ հարմարվել են իրենց երկրորդ հայրենիք Ֆրանսիայում, սակայն միշտ նվիրումով են հիշում իրենց հայկական ծագման մասին։

Subtitle: 
Au service de la France et de la nation arménienne
Story number: 
243
Author: 
Հեղինակ՝ Տիգրան Եգավյան
Header image: