Արտո Թունչբոյաջյան
«Մեզ համար ցեղասպանությունը մի օր չէ, դա մեր կյանքն է կամ մեր կյանքի մեծ մասն է: Ինձ համար ապրիլի 25-ն ավելի կարեւոր օր է, եւ մենք` հայերս, պիտի առաջ էրթանք»,- ասում է ավանգարդ ֆոլկ արտիստ, «Գրեմիի» մրցանակակիր Արտո Թունչբոյաջյանը:
Նրա հայրը` Սեդրակ Թունչբոյաջյանը, 10 տարեկան էր, երբ Սեբաստիայում (այժմ` Սվազ, Թուրքիա) սկսվեցին բռնությունները: Ցեղասպանության արհավիրքներն Արտոն ամենաշատը զգացել է հոր լռության մեջ:
Արտոյի հայրական պապը` Հովհաննես Թունչբոյաջյանը, ժամկոչ է եղել Սեբաստիայում: Մայրական պապի անունը նույնպես Հովհաննես էր (ազգանունը` Պտիկյան), ով Չորումի կտորավաճառներից էր: Արտոն պատմում է, որ պապն ամիսներով գյուղից գյուղ էր շրջում` կտոր վաճառելու համար: Իսկ կանայք տանն էին` երեխաներին էին խնամում: Հոր եւ մոր ընտանիքներից 20-29 հոգի սպանել են թուրքերը:
Ջարդերի առաջին զոհերից է դարձել Արտոյի ժամկոչ պապը` Հովհաննեսը: Արտոն ասում է, որ քրիստոնյաներին սպանելու առաջին վայրը հենց եկեղեցին էր, որտեղ հեշտությամբ կարելի էր գտնել նրանց. «Պապիս կողմը փոքր էր, ածելիի պես մաքրեցին նրանց»:
Արտոյի հայրը՝ Սեդրակ Թունչբոյաջյանը
Լուսանկարը՝ Թունչբոյաջյանների ընտանեկան արխիվից
|
«Պապաս տեսել էր, թե իրենց հարեւան քույրերի կոկորդները ոնց են կտրել, ինքը վախից վազել է, ընկել է ջրհորի մեջ, մի չոբան է եկել օգնել նրան»,- պատմում է Արտոն: Հայրական կողմից 11 քույր-եղբայրներից 7-ին սպանել են Սեբաստիայում: Երեք եղբայրներով` Սեդրակը (Արտոյի հայրը), Միսակը, Գագիկը, եւ քույրը` Օվսաննան, հասել են Ստամբուլ: Այդտեղից հնարավորություն չեն ունեցել նավով ուղեւորվել որեւէ երկիր: Ստամբուլը համեմատաբար ապահով էր թվացել նրանց, որովհետեւ ի տարբերություն Սեբաստիայի, այնտեղ բնակվում էին նաեւ եվրոպացիներ:
Արտո Թունչբոյաջյանը՝ օրեր առաջ տեղի ունցած երեւանյան համերգի փորձի ժամանակ ©PAN Photo |
«Արարատ», Armenian Navy Band |
*Գլխավոր լուսանկարը՝ PAN Photo-ի