Սուրեն Մանուկյան

Armenian
Weight: 
-65
Related content: 
Story elements: 
Text: 

Ընթերցողի պատմություն. Սուրեն Մանուկյանը գրել է իրենց ընտանիքի պատմությունը

1914թ. Էրզրում: Ավելի քան 100 տարի առաջ Էրզրում քաղաքում ապրում էր Լապչինջյանների ընտանիքը՝ աղա Մանուկը, կինը` Զաբելը, եւ 6 երեխաները՝ Ազնիվը, Վերգինեն, Եսթերը, Մարիամը, Նվարդը եւ որդին Հովհաննեսը: Չնայած ժամանակները շատ լարված էին եւ վտանգավոր հայ բնակչության համար, բայց Էրզրումի բնակիչները՝ թե՛ թուրքերը, թե՛ հայերը դեռ պահպանում էին մարդկային հարաբերությունները: Զգալով սպասվող վտանգը՝ Մանուկ աղայի թուրք հարեւանն առաջարկում է չփոխելով կրոնը դնել թուրքի ֆես (արեւելյան գլխարկ՝ գլանաձեւ, վերևում կախ ընկած ծոպիկով)՝ խուսափելու մահվան վտանգից, սակայն, չցանկանալով դավաճանել սեփական անձը, կրոնը եւ ազգությունը նա հրաժարվում է առաջարկից:

Լապչինջյանների երեք աղջիկներն ու որդին ամուսնացած էին եւ ունեին զավակներ, իսկ կրտսեր դստրերը հաճախում էին ամերիկյան կոնսուլ դոկտոր Սթեբոլդի կողմից բացված դպրոցը եւ նրա կողմից կառուցված Բողոքական ավետարանչական եկեղեցին: Մանուկի որդի Հովհաննեսը, որը իմ նախապապն էր եւ իր կինը` Սիրանուշը, ունեցել են երկու որդի` Խորենը, Սուրենը եւ մի դուստր` Սուսանան: Ամուսնության ժամանակ Հովհաննեսը որպես ազգանուն վերցնում է հոր անունը՝ դառնալով Մանուկյան, որը մենք կրում ենք առ այսօր: Հիվանդության պատճառով Հովհաննեսը վաղաժամ մահանում է եւ քույրերն իրենց վրա են վերցնում եղբոր երեխաների խնամքը:
 

Image: 
Text: 
        Մանուկի աղջիկները՝ եղբոր՝ Հովհաննեսի զավակների՝ Սուրենի ու Սուսաննայի հետ

Ապրիլյան արյունոտ իրադարձությունների ժամանակ, երբ հայերին տեղահանում էին եւ սպանում դոկ. Սթեբոլդը, վտանգելով սեփական կյանքը, ութ ամիս շարունակ իր երկհարկանի տանն է թաքցնում Մանուկի երկու դստրերին (Նվարդը շատ խելացի էր, գիտեր վեց լեզու, նվագում էր եւ արդեն աշխատում էր դոկ. Սթեբոլդի մոտ) եւ Հովհաննեսի որդուն ու աղջկան: Այնուհետեւ դոկ. Սթեբոլդը Մանուկ աղային առաջարկում է երկու աղջիկներին եւ թոռներին ռուսական բանակի հետ բերել Հայաստան: Մանուկ աղային ոչինչ չէր մնում, քան համաձայնվելը, քանի որ հասկանում էր՝ այդպես փրկում է նրանց կյանքը: Մանուկը բաժանվում է նրանցից՝ տալով աղջիկներին 30-ական, իսկ Սուրենին` տղա թոռանը, 60 ոսկի եւ Աստվածաշունչ, որպեսզի նրանք պահպանեն իրենց կրոնը:

Արդեն Հայաստանում Մանուկյաններն ապրում էին ամերիկացի դոկ. Աշըրի կողմից բացված որբանոցում, ով էլ Ամերիկա վերադառնալիս առաջարկում է Սուրենին եւ Սուսաննային` Մանուկի թոռներին, տանել իր հետ, սակայն Մանուկի աղջիկները հրաժարվում են՝ ցանկանալով եղբոր զավակներին պահել իրենց մոտ` Հայաստանում, պահպանելով արդեն իսկ մասնատված ընտանիքի մասունքները:

Ցանկանալով նորից վերամիավորվել Էրզրումում թողած իրենց հարազատների հետ՝ նրանք ամեն անգամ հույսով գնում եւ դիմավորում էին ներգաղթող հայերով լի գնացքներն ու փորձում հանդիպել թեկուզ մի ծանոթ հայացք.ցավոք, ամեն բան ապարդյուն էր: Նրանք բնակություն են հաստատում Աշտարակում, ինչից հետո Սուրենը` պապս, տեղափոխվում է Գյումրի, ապա հանդիպելով տատիկիս` Ցողիկին, գալիս է Երեւան, ունենում երկու զավակ` հորեղբայրս` Հովհաննեսը, եւ հայրս` Ֆելիքսը:

2015թ. Երեւան: Ես` Սուրեն Մանուկյանս, հիմա ապրում եմ ավելի քան 70 տարի առաջ պապիս կողմից կառուցած տանը՝ Երեւանում: Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ Մանուկյան եմ՝ Հայոց ցեղասպանությունը վերապրողի չորրորդ սերունդ: Շատ կուզեի գտնել եւ ծանոթանալ իմ նախնիներին փրկող ամերիկայի դեսպան Ռ.Ստեբոլդի հետնորդների հետ:

Իրենց ընտանիքի պատմությունը 100 LIVES-ին փոխանցել է Սուրեն Մանուկյանը: 

Subtitle: 
Լապչինջյան-Մանուկյանների ընտանիքը
Story number: 
122
Header image: