Մարինա Թագակչյան
«Պապս շատ զուսպ մարդ էր, «երկաթյա», խոժոռ, ոչ մի կերպ չեմ կարողանում մտաբերել նրան ժպտալիս կամ ծիծաղը դեմքին, հիշում եմ միայն, որ թղթերի մեջ խառնված, գրիչը ձեռքն ինչ-որ բաներ էր գրում ու «երկաթյա» այս մարդը գրելիս լացում էր, գրում էր ու արցունքները հոսում էին»,- իր սասունցի պապի՝ Շառոյի Ղուկասի մասին պատմում է երգահան Մարինա Թագակչյանը:
Երեխաներն ու թոռները չգիտեին՝ ինչ է այդքան գրում-ջնջում-համարակալում 80-ն անց Ղուկաս Հովհաննիսյանը, ով վաստակաշատ աշխատանքից հետո անցել էր թոշակի ու սիրում էր օրերն անցկացնել ամառանոցում՝ իր տնկած ընկուզենու տակ: Վերջապես մի օր իր գրած ու էջերը համարակալած թղթերը տալիս է տղային ու ասում. «Միակ երազանքս է, տեսնել սա խմբագրված ու տպագրված»:
Ղուկաս Հովհաննիսյանը գրել էր իր ընտանիքի պատմությունը, որքան էլ զուսպ ու ուժեղ մարդ լինես, թերեւս, անհնար է պատմել 27 հոգանոց ընտանիքիդ մասին, երբ միայն դու ես փրկվել, նկարագրել հայրենի եզերքի ամեն մի անկյուն, պատմել թե ինչ է զգում երիտասարդ սասունցին՝ անցնելով սեփական տան ավերակների կողքով. Ղուկաս պապի արցունքների պատճառը վերջապես հայտնի դարձավ բոլորին:
«Գոնե մեր տնից մեկն ազատվի, օջախը վառ մնա»
Ղուկասի հայրը՝ Շառոն ու եղբայրները, ապրում էին Սասունի ամենամեծ գյուղում՝ Գելիգուզանում (քրդական անվանում է, հայերեն` Ընկուզաձոր), որտեղ շատ էին հատկապես ընկուզենիները:
«Հայրս՝ Շառոն, գրագետ չէր, բայց իր շրջապատում շրջահայաց էր ու ճանաչված: Երբ հարեւաններից մեկը գնում էր Մուշ, նրան փող էր տալիս եւ խնդրում լրագիր բերել: Գյուղի ուսուցչին՝ քեռուս, կարդալ էր տալիս եւ ուշիուշով լսում այնտեղ գրվածը: Հայրս շատ էր ուզում , որ ես կրթություն ստանամ: Չնայած մորս հորդորներին՝ թե փոքր է, նա անդրդվելի մնաց, եւ մի արեւոտ օր, ձեռքս բռնած՝ ճանապարհվեցինք դեպի Մուշ: Գեւորգ Չաուշի (բարեկամական կապ կար մեր մեջ) գրությամբ ընդունվեցի Մուշի Սուրբ Կարապետ վանք սովորելու»,- գրում է Ղուկաս Հովհաննիսյանը:
Մարինա Թագակչյանի պապիկը՝ Ղուկաս Հովհաննիսյանը
Լուսանկարը՝ ընտանեկան արխիվից
1915թ. կեսերին Օսմանյան կառավարությունը հայ ժողովրդին ոչնչացնելու նպատակով ոտքի էր հանում քուրդ աղաներին ու բեգերին, որոնք հանկարծակի հարձակումներ էին գործում:
«Տղամարդկանց ու կանանց առանձնացման տեսարանը սրտաճմլիկ ու մորմոքիչ էր: Ամեն կողմից լսվում էր կանանց աղեկտուր լացը, երեխաների ճիչը:
Գիշերը՝ մթության մեջ, շատերը կորցրել էին իրենց հարազատներին, ոմանք էլ քարքարոտ, դժվարանցանելի տեղանքով անցնելիս, հրմշտվում էին ամբոխի կողմից ու հավասարակշռությունը կորցնելով՝ գլորվում անդունդը: Ոմանք էլ 3-4 տարեկան փոքրիկներին կորցրած ճչում ու կանչում էին, ոմանք ողբում էին իրենց զոհված որդիների համար: Կանանց, երեխաների, ծերունիների բազմությունը ժանդարմների հսկողությամբ, ծեծելով, ջարդելով, անասունների նման քշում հասցնում են Մուրադ գետի (Արածանի, արեւելյան Եփրատ) ափը, որոնց թվում էին մեր ընտանիքի 11 անձինք՝ կանայք, աղջիկներ, դրանց թվում 8-10 տարեկան երկու քույրերս, գնդացրային կրակ են մաղում ու լցնում գետը, ոմանք իրենք էին նետվում գետը»,- իր հուշերում պատմում է Ղուկաս Հովհաննիսյանը:
15 տարեկան Ղուկասը տղամարդկանց խմբում էր, որոնց տանում էին Մուշի հայ հարուստների տների բակերի շրջակայքում պեղումներ անելու՝ ոսկեղեն եւ այլ իրեր գտնելու: Զինված քուրդ Թելու Հասանը մոտենալով Ղուկասի հորեղբայր Գրիգորին՝ որպես ծանոթ ասում է. «Ներումը սուտ է, ձեր անձնատուր լինելը՝ անիմաստ, բոլորիդ կոտորելու են, ձեր գլխի ճարը տեսեք»: Հորեղբոր դրդմամբ՝ Ղուկասն ու իր հորեղբոր տղա Սամսոնը կարողանում են փախչել: Փախեփախի ընթացքում բազմիցս հրաշքով փրկվում են ժանդարմներից, հաղթահարում են սովն ու ծարավը՝ հոգեպես ընկճվում լսելով ընտանիքի անդամների մահվան մասին լուրերը, այդուհանդերձ, կարողանում ողջ մնալ մինչեւ ռուսական բանակի՝ Մուշում հաստատվելը, ինչից հետո որոշում են գնալ այնտեղ: Ճանապարհին Սամսոնը հիվանդանում է, քրդերն էլ բռնում են Ղուկասին, ով ոչ մի կերպ չէր ուզում թողնել իր միակ հարազատին՝ Սամսոնին, որը հորդորում էր եղբորը թողնել ու գնալ` ասելով. «Թող ինձ գնա, գուցե փրկվես, գոնե մեր տնից մեկն ազատվի, օջախը վառ մնա»:
Քուրդ Ղազոյի տանը
Ղուկասին բռնած քրդերի մեջ էր Խալըթը՝ Ղազոյի որդին, ով թշնամաբար էր տրամադրված Շառոյի ընտանիքի նկատմամբ, չնայած հետագայում պարզվեց, որ թշնամության որեւէ առիթ չունեին: Խալըթը չի սպանում Ղուկասին, ստիպում է նրան քանդել իրենց տան այգում պահված ունեցվածքն ու տանում է Ղուկասին իրենց տուն: Ղազոն Ղուկասին անասնապահ-ծառա է դարձնում, քանի որ հայերը լավ էին անասուն պահում, իսկ Ղազոն հարուստ չէր, որդին թալանով էր զբաղված ու նրանց ունեցած երկու կովը հալից ընկած էին:
«Գոմի մի անկյունում անկողին սարքեցի ինձ: Նրանք աղքատ էին, երկու կով ունեին, եւ ես պետք է այդ կովերին շատ լավ պահեի, չաղացնեի, որ կարողանային ապրել:
Անցյալը տխուր, ներկան մահվան սպառնալիքով լեցուն, ապագան անհուսալի՝ ապրում էի: Խալըթը ինձ չէր սիրում, ամեն առիթով ծեծում էր: Շարունակ մտածում էի անվնաս հեռանալ այս դժոխային մահվան օղակից»,- հիշում է Ղուկաս Հովհաննիսյանը: Մտածում է ու մի օր կարողանում է փախչել:
Երգահան Մարինա Թագակչյանը
«Պապս այնքան փորձություններ է հաղթահարել այս փախեփախերի ընթացքում, մի անգամ էլ ցորենի պարկի մեջ թաքնվելով է փրկվել մահից: Նա ուղղակի ներքին ինչ-որ ուժով պարտավոր է եղել դիմանալ, ապրել, շարունակել տոհմը,- կարծում է Մարինան, ով հաճախ էր պապի հետ նստում ընկուզենու մոտ,- ես ութ տարեկան էի ընդամենը, երբեմն պապս ինչ-որ բաներ էր պատմում, հիմա մտածում եմ, որ երեխայի հետ զրուցելու համար շատ լուրջ էր ամեն ինչ, ինձ փոքրի տեղ դրած, թերեւս, ինքն իր հետ էր խոսում, հիշում, մտածում»:
Ազատություն
1916-ի հունիսի առաջին օրերին նա, փախչելով Ղազոյի տնից, միայնակ հասնում է Մուշ. «Ռուսական զինվորների հանդիպեցի, հաց տվեցին, շորերս փոխեցին, հարցուփորձ արեցին, թե որտեղից ուր եկա, ուր է ընտանիքս: Ասացի՝ մեր ընտանիքը 27 հոգուց էին, բոլորը սպանվել են, միայն ես… ու հոնգուր-հոնգուր լաց եղա»,-իր հուշերում գրել է Ղուկաս Հովհաննիսյանը: Մուշ մտնելիս նա հանդիպում էր իր Գրիգոր քեռուն: Վերջինս ապրում էր մշեցի մի հարուստ թուրքի երկհարկանի տանը: Տերերը ռուսների գալուց հետո գաղթել էին: Ղուկասը սկսում է ապրել քեռու հետ:
Որոշ ժամանակ հետո սկսում են որբերին հավաքագրել, որոնց թվում՝ Ղուկասին, լինելով ծնողազուրկ, սովորելու ցանկությամբ ընդգրկվում է որբերի ցուցակում: Որբերին տանում են Խնուս, Կարս, ապա Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի). «Հոկտեմբերին արդեն որբանոցում էի, որը կոչվում էր 5-րդ կամ սասունցիների որբանոց եւ գտնվում էր Փրկչի եկեղեցու դիմաց»:
Որբանոցում հանդիպում է Անդրանիկ զորավարին, որի միջնորդությամբ փորձում է շարունակել կրթությունը Թբիլիսիում կամ Էջմիածնում, սակայն չի ստացվում: Նա իր ընկերների հետ տեղավորվում է «Հայաստան» թերթում՝ որպես բանվոր:
«Զորավար Անդրանիկով շատ հպարտ էր, հպարտ էր, որ հանդիպել ու շփվել է նրա հետ: Անընդհատ պատմում էր այդ մասին ու բոլորիս նաեւ կրկնում Անդրանիկի իրեն տված խրատը՝ «այս աշխարհում խեղճ ու թույլ մարդիկ չեն կարող իրենց գոյությունը պահպանել, կուլ կգնան անիրավ ու ուժեղ մարդկանց» ու հորդորում ուժեղ լինել»,- հիշում է Մարինան:
Ղուկաս Հովհաննիսյանն իր հիշողությունները գրի առնելով՝ փորձել է հնարավորինս մանրամասն ներկայացրել է այդ օրերին Սասունում տեղի ունեցող իրադարձությունները: «1915 հուլիսի 21-ից մինչեւ 1916 մարտի 10-ն ահավոր տառապանքներ, զրկանքներ էի կրել, սոված ու անօթեւան, երբեմն խմբովին կամ միայնակ շրջագայել էի անտառներում ու ձորակներում: Վերջապես, թուրք ժանդարմների հսկողության տակ ու քրդերի մեջ գերության ժամանակ ականատես եղա անմեղ զոհերի, անթաղ ու հոշոտված դիակների, տղամարդկանց, կանանց, երեխաների կմախքների կամ նոր սպանվածների կույտերի: Սասունում, Անդոկի, Կելյեսանի, Կռիշիկի լեռնահովիտներում ու անտառներում, Պարպարի կիրճում եւ ամենուր խոշտանգված մարդկանց կմախքների եւ երբեմն նոր սպանվածների մարմինների հանդիպելը սովորական բան էր: Տեսա Սուլուխ գյուղի տներում այրվող հայ շինականների բոցերը: Անհնար է այժմ նկարագրել այդ զարհուրելի տեսարանները: Սակայն գրի առա իրական այն դեպքերն ու իմ տպավորությունները, ինչ որ կարող էի»,- իր վկայություններն ամփոփում է սասունցի Ղուկաս Հովհաննիսյանը:
Մարինա Թագակչյանի տատիկը՝ Աղավնի Գեւորգյանը
Լուսանկարը՝ ընտանեկան արխիվից
Հետագայում Ղուկասն ամուսնանում է Մշո Մանազկերտ բերդի Հազկե Մկրտիչ աղայի որբ մնացած թոռան՝ Աղավնի Գեւորգի Գեւորգյանի հետ, ունենում 7 երեխա, 15 թոռ ու շատ ծոռներ: Նա ստանում է միջնակարգ եւ բարձրագույն կրթություն, զբաղեցնում է մի շարք բարձր պաշտոններ: Ու իր համար ամենակարեւոր գործերից մեկն էլ հասցնում կատարել կյանքի վերջում՝ իր վկայությունները գրի առնելով ու երազելով դրա հրապարակման մասին:
Ամառանոցում տնկած ընկուզենին նրա հանգրվանն էր՝ նրա կարոտի ու հիշողությունների վկայությունը: Հայրենի գյուղի հուշն էր՝ մանկության, ընտանիքի, ծնողների, քույր-եղբայրների, նաեւ՝ նրանց կորստի: Այս ընկուզենու տակ նստած էլ 86 տարեկանում սրտի կաթված ստացավ սասունցի Ղուկաս Հովհաննիսյանը:
Մահվանից մեկ տարի անց՝ 1987թ., իրականացավ նրա ցանկությունը. հրատարակվեց Ղուկաս Հովհաննիսյանի վկայությունները`«Սասունը՝ բոցերի մեջ» գիրքը:
* Գլխավոր նկարում՝ Գյումրիի որբանոցի սաները (Ղուկաս Հովհաննիսյանը՝ երրորդ շարքում, աջ կողմից վեցերորդը)
** Նյութում կան մեջբերումներ «Սասունը՝ բոցերի մեջ» գրքից
Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից: