Գայանե Մկրտչյան

Armenian
Intro: 
«Արմատներով Վանից եմ: Հայրս ծնվել է 1917 թվականին Վանի վիլլայեթի Բժնկերտ գյուղում, մորս ծնողներն էլ Շատախից են: Այնպես որ, զտարյուն վանեցի եմ ու շատ հպարտ եմ դրա համար: Հպարտ եմ նաեւ, որ նախնիներս կռվել են Վանի համար` մորս ազգականներից է Կայծակ Առաքելը»,- գրում է Գայանե Մկրտչյանը:
Weight: 
-120
Related content: 
Story elements: 
Text: 
«Արմատներով Վանից եմ: Հայրս ծնվել է 1917 թվականին Վանի վիլլայեթի Բժնկերտ գյուղում, մորս ծնողներն էլ Շատախից են: Այնպես որ, զտարյուն վանեցի եմ ու շատ հպարտ եմ դրա համար: Հպարտ եմ նաեւ, որ նախնիներս կռվել են Վանի համար` մորս ազգականներից է Կայծակ Առաքելը»,- գրում է մեր ընթերցող Գայանե Մկրտչյանը:
Text: 
1915 թվականի մեծ գաղթի ճանապարհին պապս՝ Մկրտիչ Խլոյանը, կորցնում է որդուն: Գնում էին դեպի Բաղդադ: Այդ տարիներին, երբ Վանը մի քանի անգամ ձեռքից ձեռք էր անցնում՝ ազատագրվում ու հանձնվում էր, նախնիներս նորից ետ են դառնում ծննդավայր, ապա նորից են գաղթում `այս անգամ Ջուղա։ Կարճ ժամանակ անց մեկ անգամ էլ հետ են դառնում էրգիր, ծնվում է հայրս, ապա ստիպված նորից են բռնում գաղթի ճանապարհը` Իրանով դեպի Հայաստան: Այսքանով վերջ. էրգիրը մնաց Մասիսից այն կողմ, մնաց միայն նրանց մտքերում, սրտերում, հոգիներում: Երազանքներում: 
 
 
 
 

 

Image: 
Text: 
                Գայանե Մկրտչյանի հայրը եւ պապը` Հովհաննես Մկրտչյանն ու Մկրտիչ Խլոյանը
 
Այդպես էլ ապրեց պապս, միամիտ մի մեծ հավատով, որ միեւնույն է, վաղ թե ուշ մի օր ետ կդառնա իր էրգիրը: Այդպես էլ մահացավ` կորած որդու կսկիծը, ֆաշիստական եւ սովետական ճամբարներում տանջված մյուս որդու ցավն ու կորցրած հայրենիքի կարոտը սրտում:
 
Պապս մեռնելուց առաջ պարտավորեցրեց հորս`«երբ բացվի էրգրիս ճամփեն, ոսկորներս կտանես-կթաղես իմ հողում». ներիր որդուդ, պապ, նրան թույլ չտրվեց դա անել: Միայն տարիներ անց մենք կարողացանք Վանից բերված մի բուռ հող լցնել պապիկիս շիրիմին: 
 
Հայրս՝ Հովհաննեսը, անցավ Հայոց ցեղասպանության միջով՝ ապրեց, անցավ ֆաշիստական գերության միջով՝ ապրեց, անցավ սիբիրյան ճամբարներով՝ ապրեց: Ճակատագիրը նրա համար պատրաստել էր եւս մի անակնկալ, այս անգամ հաճելի` 1965 թվականին նա գտավ կորած եղբորը Բաղդադում: 

Հայրս փոխեց մեր ազգանունը՝ վերցնելով պապիս անունը: Հովհաննեսն ու իր ժառանգները դարձան Մկրտչյաններ:

 

Image: 
Text: 
 50 տարի հետո միմյանց գտած եղբայրների միակ կապի միջոցը նամակագրությունն էր. հատված Մելքոնի նամակից՝ ուղղված եղբորը՝ Հովհաննեսին
 

Հորս եղբայրն ուրիշ ազգանուն ուներ. Վանից գաղթելիս՝ դեպի Բաղդադ տանող ճանապարհներին, մի քուրդ էր գտել կորած երեխային եւ հետ վաճառել մի հայի: Ցավոք, երկու եղբայրներին վիճակված չէր հանդիպել: Սովետական օրենքները թույլ չէին տալիս. հայրս բռնադատված էր եղել, գտնված հորեղբայրս էլ դաշնակցական էր: Նրանք կարող էին միայն նամակներ գրել. կարոտի նամակներ` իրար գրկելու անհույս երազանքով, անկատար երազանքով: 1978 թվականին հայրս արդեն չկար`տառապանքի միջով անցած սիրտը էլ չդիմացավ: Վանից բերված մի բուռ հող էլ նրա շիրիմին լցրեցինք։ 1981 թվականին էլ մահացավ եղբայրը`Մելքոն Մելքոնյանը: 

Image: 
Text: 
                                                           Մելքոն Մելքոնյանի ընտանիքը
 

Հայաստան գալով՝ պապս հաստատվեց Աշտարակում, պապիկիս ազգականների մի մասն էլ՝ Արտաշատում։ Մայրիկիս՝ Սիլվա Խաչատրյանի ծնողները եւ ազգականները, որոնք նույնպես Վանից էին գաղթել, հաստատվեցին Ողջաբերդում: Նրանք բոլորն էլ մի անուն ունեին՝ գաղթական:

Image: 
Text: 
         Մկրտիչ Խլոյանի ընտանիքը (ձախից երրորդը՝ Սիլվա Խաչատրյանն է՝ Գայանեի մայրը)
 
Մայրս պատմում է, որ նրանք գիշերներով հավաքվում էին, պատմում իրենց սպանված հարազատներից, իրենց տառապանքներից, իրենց թողած տներից, բայց այնպես, որ երեխաները չլսեն: Հիմա մտածում եմ, որ ենթագիտակցորեն պաշտպանում էին նրանց ցավից, զոհի գիտակցությունից: 
Ինձ համար մեծ նվաճում է այն, որ կարողացանք վերապրել գրեթե անհնար թվացող պայմաններում։ Մի ուրիշ համեստ ու անուղղակի նվաճում էլ ունեմ՝ որդիս զբաղվել եւ հիմա էլ զբաղվում է ցեղասպանության ուսումնասիրությամբ:

*Լուսանկարները տրամադրել է Գայանե Մկրտչյանը:

Իրենց ընտանիքի պատմությունը 100 LIVES-ին փոխանցել է Գայանե Մկրտչյանը:

 

Subtitle: 
«Պապս ապրեց միամիտ մի մեծ հավատով, որ վաղ թե ուշ ետ կվերադառնա իր էրգիր»
Story number: 
160
Header image: