Դավիթ Նալբանդյան
Հաղթանակի ժառանգորդը
Ամեն հաջորդ հաղթանակի հետ Նալբանդյանի անունն ավելի բարձր էր թնդում տեղի լրատվամիջոցներում եւ ամբողջ աշխարհի սպորտային խորագրերում: Նրա խոսքի՝ կորդովացիներին հատուկ շեշտադրումը եւ հայկական դիմագծերը հնարավոր չէ շփոթել, սակայն ազգանվան վերջին երեք տառերն են, որ կապում են նրա ինքնությունը Գեւորգ պապի ժառանգության հետ:
Գեւորգ Նալբանդյանը կամ Խորխեն, ինչպես նրան կոչեցին Արգենտինայում, ծնվել է Արեւելյան Հայաստանի (այն ժամանակ՝ Ռուսական կայսրության մաս) քաղաքներից մեկում մոտ 1909թ.: Նա ընտանիքի միակ երեխան էր եւ ապրում էր մորաքրոջ ու հոր հետ՝ մայրը մահացել էր, երբ Գեւորգը դեռ մանուկ էր: Հայրը զինվորական էր եւ մի օր ռազմի դաշտ մեկնեց ու այլեւս չվերադարձավ: «Վերջին անգամ պապս տեսել է հորս հայկական եկեղեցում՝ պատարագից հետո: Նրանք ստիպված էին հեռանալ եկեղեցուց, քանզի հարձակումն արդեն սկսվել էր»,- պատմում է Դավիթը:
Ռուսական հեղափոխությունից եւ կովկասյան ճակատից ռուսական զորքերի հեռանալուց հետո, Օսմանյան զորքերը հակագրոհեցին՝ իրենց վերահսկողության տակ առնելով Արեւմտյան Հայաստանը եւ Ռուսական կայսրությանը պատկանող Արեւելյան Հայաստանի զգալի մասը:
Ինչպես եւ իրենց հայրենակիցները Օսմանյան կայսրությունում, արեւելահայերը նույնպես ցեղասպանության զոհ դարձան:
«Պապիկիս հաջողվեց փախչել: 12 տարեկան էր, երբ Սեւ ու Միջերկրական ծովերը անտոմս ուղեւորի կարգավիճակում անցնելուց հետո, հասավ Ֆրանսիա»,- պատմում է Դավիթը: Ավելի ուշ Բուենոս Այրեսում ապրող որոշ բարեկամներ հայթայթեցին փաստաթղթեր, որոնք Գեւորգին չափահաս էին ներկայացնում (ինչն իրականում այդպես չէր), որպեսզի կարողանա մուտք գործել Արգենտինա: «Այդ մասին ոչինչ չգիտենք՝ պապս քչախոս էր»,- ասում է Դավիթը: Այնուամենայնիվ, ընտանիքը մինչեւ այսօր հիշում է նրան. «Ընտանեկան խոսակցություններից մեր մեջ տպավորվել է նրա ապրած տառապանքը, սովը, թե ինչպես է ստիպված եղել փախչել առանց գոյատեւելու միջոցների եւ հատել անապատները, ուր զոհվել են հազարավոր մարդիկ: Նա շատ չէր խոսում այդ մասին. ամեն անգամ արտասվում էր ու չէր կարողանում ավարտել իր պատմությունը»,- հիշում է Դավիթը:
Ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի՝ ամեն ապրիլի 24-ին Գեւորգը փակում էր իր խանութը, ասես ոչ աշխատանքային օր լիներ: Նա աղոթում եւ Աստվածաշունչ էր կարդում իր մայրենիով. դա միակ գանձն էր, որ կարողացավ փրկել տնից գնալիս: «Ամեն տարելիցին նա իր զգացածը ներսում էր պահում: Չէր ցանկանում քննարկել ցավոտ թեման՝ չափազանց ծանր կտաներ: Պապս կենսուրախ մարդ էր, ոչ երբեք տրտում կամ տանջված: Չեմ հիշում, որ անգամ այդ հիշողությունների պատճառով նրան վշտահար տեսած լինեմ: Միշտ ուզում էր առաջ շարժվել եւ վայելել կյանքը»,- ասում է Դավիթը:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին Դավիթը մի քանի այլ հայտնի մարզիկների հետ նկարահանվեց տեսահոլովակում, որի նպատակն էր բարձրացնել հանրության իրազեկվածությունը ողբերգական դեպքերի մասին: «Դա ճիշտ պահին ստեղծված եւ նկատելի ազդեցություն ունեցող նախաձեռնություն էր, որի օրինակին հետեւեցին ամբողջ երկրով մեկ: Դա մի մասն է իմ պատմության, մեր պատմության, ուր ձեռք մեկնելը միշտ խրախուսելի արարք է»,- հպարտորեն ասում է Դավիթը:
Արգենտինացին Հայաստանում
Դավիթի պապի տոհմական հողերը բավական երկար էին սպասում իրեն: 2008թ. Դավիթը եկավ Հայաստան ընկերական խաղի մասնակցելու նպատակով. «Իմ կարիերայի ընթացքում շատ քաղաքներ ու մշակույթներ եմ տեսել, սակայն Երեւանում գտնվելը առանձնահատուկ տպավորիչ է: Ուրիշ կերպ ես նայում ամեն ինչին՝ անցյալի, ընտանիքի եւ նորագույն պատմության աչքերով»:
«Շատ սիրեցի Հայաստանը, մի օր անպայման կվերադառնամ»,- վստահեցնում է Դավիթը:
Հայերը մեծ սիրով եւ հյուրընկալությամբ դիմավորեցին պատվավոր հյուրին: «Ամենաշատը ինձ մարդիկ զարմացրին: Նրանք անչափ ուշադիր են, օգնող ու սրտացավ»,- ասում է Դավիթը: Նա հերոս է ընկալվում ոչ միայն իր սպորտային ձեռքբերումների, այլ նաեւ իր արմատների նկատմամբ ունեցած վերաբերմունքի համար. «Անկախ լեզվական պատնեշից երեւում էր, որ նրանք իսկապես անձնվեր ու հավատարիմ են: Միայն հայ լինելը բավական է, որ նրանք քո մեջ տեսնեն իրենցից մեկին, բարեկամի: Սա հայկական համայնքում առկա մտերմության եւ միասնականության ապացույց է»:
Դավիթ Արքա
Առաջին անգամ Նալբանդյանը թենիսի գնդաթին ձեռքն է վերցրել ընդամենը 4 տարեկանում: Մի քանի ընտանիք, ներառյալ Նալբանդյանները, Անքուիլոյում (գյուղ Արգենտինայի Կորդովա նահանգում) փոքրիկ ակումբ ստեղծեցին, ուր կառուցեցին թենիսի երկու մարզահրապարակ: Սկզբում Դավիթը ընտանիքի եւ ընկերների հետ այստեղ էր անցկացնում հանգստյան օրերը, հետո սկսեց այցելել նաեւ շաբաթվա ընթացքում: «Առաջին քայլերն ավելի ժամանցային էին, հիանալի ժամանակ էի անցկացնում: Ժամերով թենիս էի խաղում եւ նույնիսկ չէի էլ մտածում, որ ողջ կյանքս դրան եմ նվիրելու»,- հիշում է Դավիթը:
Փոքրժամանակ նա զբաղվում էր բոլոր հնարավոր մարզաձեւերով. բասկետբոլ, ֆուտբոլ, լող, ձիարշավ, թենիս, հեծանվասպորտ: «Երբ 10-12 տարեկան էի, ավելի շատ ժամանակ ու ջանք դրեցի թենիսի պարապմունքներում: Այսօր էլ առաջին իսկ հնարավորության դեպքում փորձում եմ մի բանով զբաղվել: Խաղում եմ գոլֆ, ֆուտբոլ, գնում ձկնորսության, մեքենա քշում կամ պոլո խաղում: Կանգնած մնալը տարբերակ չէ»,- ծիծաղում է նա, ավելացնելով՝ «դրա ժամանակը դեռ կգա»:
14 տարեկանում Դավիթը Ճապոնիայում աշխարհի չեմպիոն դարձավ, իսկ 1998թ. հաղթեց ԱՄՆ թենիսի բաց առաջնության պատանեկան մրցաշարում: Ընդ որում՝ առավելության հասավ Ռոջեր Ֆեդերերի նկատմամբ, որն ավելի ուշ հաճախ իր մրցակիցն էր մարզադաշտում: Նպատակաուղղված առաջ շարժվելով՝ նա առաջին տեղը զբաղեցրեց արգենտինական եւ լատինամերիկյան վարկանշային աղյուսակներում: Իր բացառիկ տաղանդն եւ գրավչությունն ամեն խաղում ցուցադրելու արդյունքն այն էր, որ հայրենի քաղաքում նրան հռչակեցին «Դավիթ արքա»: Անպարտելի բեքհենդի (հարված ձախից) շնորհիվ նա հաղթել է բազմաթիվ մրցաշարերում, նվաճել 11 տիտղոս եւ հասել համաշխարհային վարկանշային աղյուսակում երրորդ տեղին՝ մրցելով այնպիսի հզոր մարզիկների հետ, ինչպիսիք են՝ Ռաֆայել Նադալն ու Նովակ Ջոկովիչը:
Շանհայի մրցաշարը պատմական էր. Դավիթը հաղթեց այն ժամանակ վարկանշային աղյուսակը գլխավորող Ռոջեր Ֆեդերերին ավելի քան չորսուկես ժամ տեւած խաղում:
Դավիթ Նալբանդյանը Ռոջեր Ֆեդերերին հաղթելուց հետո, Շանհայ 2005թ. |
Դավիթը ճանապարհորդել է ամբողջ աշխարհով, սակայն միշտ վերադարձել է իր հայրենի քաղաք: «Անքուիլոն իմ հանգրվանն է, ուր ես վերադառնում էի ուժերս վերականգնելու ու հանգստանալու համար: Միշտ կարիք ունեի ետ դառնալ ու ժամանակ անցկացնել ընտանիքիս եւ ընկերներիս հետ՝ խաղահրապարակ ավելի ուժեղ վերադառնալու համար»,- ասում է նա:
Առանձնահատուկ անդրադարձի է արժանի Դեւիսի գավաթում նրա ելույթը Արգենտինայի հավաքականի կազմում: Իր երկիրը ներկայացնելիս Դավիթն անմնացորդ տրվում էր յուրաքանչուր խաղին: «Միշտ սիրել եմ խաղալ ազգային հավաքականի հետ: Ամեն անգամ Արգենտինայի մարզաշապիկը հագնելիս այլ զգացողություններ ունեի. դա նույնը չէ, ինչ ինքդ քեզ համար խաղաս: Դու ունես այլ պատասխանատվություն, այլ նպատակ, մարդիկ նույնպես այլ կերպ են նայում դրան»,- ժպտում է նա:
Թենիսի մարզադաշտերից դեպի մեքենաներ
Դավիթը պաշտոնապես ավարտեց իր կարիերան 2013թ.: Նա լքեց պրոֆեսիոնալ խաղահրապարակները, բայց ոչ սպորտը՝ իրեն նվիրելով մեկ այլ կրքի՝ մեքենաներին: «Միշտ սիրել եմ ավտոմրցաշարերը: Համաշխարհային Ռալլիի առաջնության փուլերից մեկն անցնում է Կորդովայում, միշտ ընտանիքով գնում էինք: Ես տարված էի այն ամենով, ինչ ավտոմեքենաների հետ է կապված»,- հիշում է Դավիթը: Այսպիսով, 2014թ. նա սկսեց մասնակցել «Ռալլի Արգենտինային» եւ նույն տարի առաջին անգամ հաղթող դարձավ: Թենիսի մարզադաշտերում հաղթանակները տեղափոխվեցին ավտովազքուղիներ: Մինչ այժմ Դավիթը 5 անգամ հաղթել է «Մաքսի» գավաթում տեղական «Վուելտա դե լա Մանզանա» ռալլիի ժամանակ:
«Դավիթ Նալբանդյան» հիմնադրամ
«Սպորտն օգնում է քեզ զգալ մասնակից, դրա շնորհիվ սովորում ես մրցախաղի, ընկերության եւ մրցակցության կանոնները: Սրանք բոլորը կարեւոր արժեքներ են առօրյա կյանքում, աշխատանքի մեջ եւ ցանկացած սոցիալական համատեքստում ներառելու համար»,- հավատում է Նալբանդյանը:
2007թ. հիմնադրված «Նալբանդյան» հիմնադրամը նպատակ ունի քարոզել սոցիալական ներառականությունն առողջական եւ մարզական ծրագրերի միջոցով: «Մենք փորձում ենք յուրաքանչյուրի համար ճիշտ մարզաձեւ ընտրել եւ քաջալերել, որ մարդիկ օրական մի քանի ժամ զբաղվեն դրանով եւ լավ ժամանակ անցկացնեն»,- նշում է Դավիթը: Հիմնադրամը մտադրված է քարոզել այնպիսի քայլեր, որոնք կնվազեցնեն սոցիալական խտրականության եւ մեկուսացման հետեւանքները: Առողջության եւ սպորտի միջեւ սերտ կապն ընդգծելով՝ հիմնադրամը շատ ծրագրեր է առաջարկում երեխաների զարգացման համար: «Սկսեցինք դրանից, այնուհետեւ հիմնեցինք վերականգնողական կենտրոն: Նկատելով, թե որքան շատ են կարիքները, ընդարձակեցինք մեր հասանելիությունը: Մենք փորձում ենք օգնել՝ որքան կկարողանանք»,- ասում է Դավիթը:
Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից: