Վիրո Առնոլդ

Armenian
Intro: 
Վիրո Առնոլդը (ծն. Վիրաբ Խաչատրյան) Գերմանիայի ամենահայտնի դիմանկարիչներից է: Իր աշխատանքի շնորհիվ ծանոթացել է սպորտի, երաժշտության եւ հեռուստատեսության բազմաթիվ աստղերի հետ: Պատկերել է այնպիսի հանրաճանաչ մարդկանց, ինչպիսիք են երաժիշտներ Սնուփ Դոգն ու Այս Քյուբը, ֆուտբոլիստներ Մարիո Գոմեսն ու Ռոբերտո Հիլբերտը, բռնցքամարտի չեմպիոններ Արթուր Աբրահամն ու Ռեգինա Հալմիխը, ինչպես նաեւ հայտնի գերմանացի հաղորդավար Շտեֆան Ռաաբը եւ Գերմանիայի նախկին նախագահ Յոհանես Ռաուն:
Weight: 
-308
Related content: 
Story elements: 
Text: 
Վիրո Առնոլդը (ծն. Վիրաբ Խաչատրյան) Գերմանիայի ամենահայտնի դիմանկարիչներից է: Իր աշխատանքի շնորհիվ ծանոթացել է սպորտի, երաժշտության եւ հեռուստատեսության բազմաթիվ աստղերի հետ: Պատկերել է այնպիսի հանրաճանաչ մարդկանց, ինչպիսիք են երաժիշտներ Սնուփ Դոգն ու Այս Քյուբը, ֆուտբոլիստներ Մարիո Գոմեսն ու Ռոբերտո Հիլբերտը, բռնցքամարտի չեմպիոններ Արթուր Աբրահամն ու Ռեգինա Հալմիխը, ինչպես նաեւ հայտնի գերմանացի հաղորդավար Շտեֆան Ռաաբը եւ Գերմանիայի նախկին նախագահ Յոհանես Ռաուն:
Text: 

Վիրոն ծնվել է Հայաստանում 1969-ին, սակայն արդեն 20 տարի է՝ բնակվում է Գերմանիայում:  Սկսելով որպես փողոցային նկարիչ՝ նա աստիճանաբար հեղինակություն ձեռք բերեց արվեստի աշխարհում: Այսօր առաջատար քննադատները նրա տեխնիկան նկարագրում են որպես տպավորիչ եւ ռեալիստական՝ ընդգծելով յուրօրինակ շնորհը, որը նրան թույլ է տալիս խիստ առանձնահատուկ վարպետությամբ փոխանցել բնորդի անհատականությունը:

Վիրոն ինքը համարում է, որ այդ ոճն իրեն է փոխանցվել հայ նկարչական ավանդական դպրոցից: Նա 1984-1988թթ. սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան ուսումնարանում, որն  ավարտել է գերազանցությամբ: Երբ ղարաբաղյան պատերազմի բռնկումից հետո Հայաստանում տնտեսական եւ քաղաքական իրավիճակը վատթարացավ, Վիրոն 1991-ին տեղափոխվեց Ռուսաստան եւ դիմեց Իլյա Ռեպինի անվան Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա: Հոր մոտ քաղցկեղ էր հայտնաբերվել, եւ Վիրոն վստահ էր, որ դա նրա բուժման համար անհրաժեշտ միջոցներ հայթայթելու լավագույն հնարավորությունն էր: Գիշերը նկարում էր, իսկ ցերեկն իր աշխատանքները ցուցադրում Կազանի Մայր տաճարի հարեւանությամբ գտնվող Նեւսկի պողոտայում: Ժամանակ առ ժամանակ որեւէ նկար վաճառելով՝ կարողանում էր գոյատեւել, մինչեւ որ հանդիպեց Տիգրան Սահակյանին` հայրենակից, որը ոչ այլ ոք էր, քան Կրոնի պատմության թանգարանի փոխտնօրենը (նախկինում թանգարանը գտնվում էր Կազանի Մայր տաճարում):

«Հարցրեց` կուզե՞մ նկարներս ցուցադրել այնտեղ: Լրագրողներ հրավիրեց: Ցուցադրեցի 20-30 կտավ, այդ մասին «Երեկոյան Լենինգրադ» թերթը նույնիսկ հոդված գրեց»,- հիշում է Վիրոն: Այնուհետեւ Սահակյանն առաջարկեց ցուցահանդես կազմակերպել Գերմանիայի «Ettlingen» թանգարանում, որը համագործակցում էր Կրոնի պատմության թանգարանի հետ:

Image: 
Text: 
                                                              Վիրո Առնոլդը
 

Կյանքում առաջին անգամ Վիրոն գնաց Գերմանիա եւ ամիսներ անց բնակություն հաստատեց Շտուտգարտում: Այստեղ նույնպես նրա առաջին քայլերը հավակնոտ չէին. փողոցում անցորդների դիմանկարներ էր անում: Մինչեւ որ մի գեղեցիկ օր նա ստացավ բիլիարդի սրահը չեմպիոն մարզիկների նկարներով ձեւավորելու պատվեր. «Այդ աշխատանքը սրտովս էր, երբեք ոչ մի նման բան չէի արել»:
 

Հաջողված փախուստ

Վիրոն նկարիչ էր դարձել նախեւառաջ մոր` Սեդա Մուրադյանի շնորհիվ, ում ծնողները Հայոց ցեղասպանությունը վերապրածներ էին: «Մորական կողմի պապս` Մուշեղ Մուրադյանը, անկողնուն էր գամված: Արդեն շատ ծեր էր, երբ ծնվեցի, իսկ երբ 5 տարեկան էի, ցավոք, մահացավ: Նա ծնվել էր Բիթլիսում մոտ 1902-ին: 12 տարեկան էր, երբ ցեղասպանությունն սկսվեց: Իր 7-ամյա եղբոր հետ հրաշքով կարողացավ փախչել Բիթլիսից: Իրենց ունեցած ոսկին եւ այլ արժեքավոր իրերը բարձել էին ավանակների վրա եւ մթնով հեռացել քաղաքից: Ցավոք, իրենց հետ վերցրածի մեծ մասը կորցրեցին, երբ, գետն անցնելիս, բեռնված ավանակներից մեկը փախավ: Հետագայում մայրս պատմում էր, որ ընտանեկան հավաքույթների ժամանակ իր հորեղբայրը կեսկատակ հարցնում էր, թե արդյոք պապս չէր հաջողացրել փրկել ոսկու գոնե մի մասը: Սա Բիթլիսից Երեւան նրանց փախուստը հիշատակելու եզակի դեպքերից  էր»,- ասում է Վիրոն։

Մուշեղի պապը հրազեն էր պատրաստում եւ վերանորոգում հայկական ինքնապաշտպանական ջոկատների համար: Իր մարագում էր, երբ թուրքերը հրդեհեցին այն՝ նրան փակելով ներսում: «Ինչ-որ մեկը պետք է որ մատնած լիներ նրան: Իսկ մորը նետեցին թոնիրը, որի կրակներին կուլ գնաց...»,- պատմում է Վիրոն:

Վիրոյի մայր Սեդան աշխատում էր «Հայրենիքի ձայն» հայտնի հայկական թերթի խմբագրությունում: Նա շփվում էր ժամանակի լավագույն եւ ամենատաղանդավոր նկարիչների հետ: «Նրանք հաճախ էին այցելում մեզ եւ ներկեր ու վրձիններ բերում. դա ինձ այնքան հետաքրքրեց, որ որոշեցի իմ ճանապարհը սկսել»: Վիրոյի՝ մանկական ամսագրում տպագրված առաջին գործը ջրաներկով էր արված՝ դրանում կիթառ նվագող երաժիշտ էր: Այդ ժամանակ ընդամենը 6 տարեկան էր: Հետագայում ծնողները վաճառեցին Վիրոյի պապիկի ժառանգած տունը, որպեսզի կարողանան վճարել երկու որդիների ուսման վարձը:

«Հավերժ պարտք եմ նրանց»,- ասում է Վիրոն:

Մայրական կողմի տատը` Մարուսյան, եկել է Մարաշից: Ընտանիքի հետ հասցրել էր ժամանակին լքել Օսմանյան կայսրությունը եւ խուսափել սպանդից: Հորական կողմի տատը` Սաթենիկ Բուդաղյանը, Բիթլիսից էր եւ ընտանիքում միակն էր, որին հաջողվել էր փրկվել: Մեծացել էր որբանոցում: «Ցավոք, երբ վաճառեցինք մեր Երեւանի տունը եւ տեղափոխվեցինք Ռուսաստան, կորցրինք պապերիս եւ տատերիս լուսանկարները»,- տխրում է Վիրոն:
 

Փողոցներից մինչեւ պատկերասրահ

2000 եւ 2001 թվականներին Վիրոն ցուցահանդեսներ ունեցավ Նյու Յորքում եւ Լոս Անջելեսում: Universal Music-ի ստեղծագործական մենեջեր Ուլլի Կյուներտը (Ulli Kühnert) նրան հանձնարարեց աստղերի դիմանկարներ անել: 2001-ին Վիրոն իր աշխատանքները ցուցադրեց նաեւ Լաս Վեգասի «Կախարդական շոուին» եւ հանդիպեց բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերին, որը ցանկացավ դառնալ հաջորդ դիմանկարի «հերոսը»: Վիրոյի աշխատանքների համբավն արագորեն տարածվեց ԱՄՆ հայտնի մարդկանց շրջանում: Շուտով Սնուփ Դոգը եւ շատ ուրիշներ ցանկացան ունենալ Վիրոյի ձեռքով արված իրենց սեփական դիմանկարը: 

Image: 
Text: 
                                      Վիրո Առնոլդն ու Սնուփ Դոգը. Լոս Անջելես, 2004թ.
 

Որոշ ժամանակ անց Գերմանիայում Վիրոյի տաղանդը բացահայտեց ոչ այլ ոք, քան Ալեքս Գերնանդտը` տեղի ամենահայտնի պատանեկան ամսագրի` «Բրավոյի» (Bravo) գլխավոր խմբագիրը: Արդեն երրորդ անգամ պատահական հանդիպումը Վիրոյին մասնագիտական թռիչքի հնարավորություն տվեց։ Հաջորդ 7 տարվա ընթացքում նրա դիմանկար-պաստառները հայտնվեցին Գերմանիայի ամենավաճառվող, շաբաթական ավելի քան 250 հազար ընթերցող ունեցող ամսագրում: «Բրավոյից» հետո Վիրոն սկսեց աշխատել գերմանական Բունդեսլիգայի «Վերդեր Բրեմեն» (Werder Bremen) թիմի հետ. նրա նկարները տպագրվում եւ վաճառվում էին որպես գեղարվեստական պաստառներ:

«Միշտ երազում էի, որ ինձ հրավիրեն Շտեֆան Ռաաբի հեռուստաշոուին,- պատմում է Վիրոն,- երբ հաղթանակներից մեկից հետո Արթուր Աբրահամը մրցահարթակում պարզեց իմ արած դիմանկարը, Շտեֆանը տեսավ դա եւ կատակեց, թե կցանկանար, որ գործընկերներն իր համար էլ նման դիմանկար պատվիրեին: Որոշ ժամանակ անց հեռախոսիս զանգ ստացա, եւ ինձ հրավիրեցին եթեր: Ցանկացած մեծ հաջողություն բաղկացած է փոքր հաջողություններից»,- վստահեցնում է Վիրոն: 

Image: 
Text: 
                                                Վիրո Առնոլդը Շտեֆան Ռաաբի հետ
 

Այսօր Վիրոն ունի իր սեփական ստուդիան եւ կնոջ` Հասմիկ Մանուկյանի ու 7 տարեկան որդու` Ռուբենի հետ ապրում է Ֆելբախ քաղաքում, որը գտնվում է Շտուտգարտի հյուսիսարեւելյան մատույցներում: Վերջին տարիներին նրա գործունեությունը նոր ոլորտներ է ընդգրկել, սակայն դիմանկարներ անելը շարունակում է մնալ նրա սիրելի ստեղծագործական աշխատանքը:

Subtitle: 
«Մեծ հաջողության բերում են փոքր հաջողությունները»
Story number: 
239
Header image: