Սեմ Րագուպյան

Armenian
Intro: 
Սեմ Րագուպյանը հայտնի է ոչ միայն Բեյրութի հայ համայնքում, այլեւ դրանից դուրս։ Նա Լիբանանի առաջին բազմապրոֆիլ բժշկական-ախտորոշիչ կենտրոնի հիմնադիրն է եւ ներկայում հինգ կլինիկա միավորող մի ամբողջ բժշկական ցանցի սեփականատերը։ Այսօր այս ամենը չէր լինի, եթե 1915 թվականին Րագուպյանի հորը՝ Էդուարդին չհաջողվեր ողջ մնալ։ Փրկության հրաշալի պատմությունը ներկայացնում է նրա որդին՝ Սեմը։
Weight: 
-143
Related content: 
Story elements: 
Text: 
Սեմ Րագուպյանը հայտնի է ոչ միայն Բեյրութի հայ համայնքում, այլեւ դրանից դուրս։ Նա Լիբանանի առաջին բազմապրոֆիլ բժշկական-ախտորոշիչ կենտրոնի հիմնադիրն է եւ ներկայում հինգ կլինիկա միավորող մի ամբողջ բժշկական ցանցի սեփականատերը։ Այսօր այս ամենը չէր լինի, եթե 1915 թվականին Րագուպյանի հորը՝ Էդուարդին չհաջողվեր ողջ մնալ։ Փրկության հրաշալի պատմությունը ներկայացնում է նրա որդին՝ Սեմը։
Text: 

Րագուպյան գերդաստանն ապրում էր Սեբաստիայից (Սվազ) ոչ հեռու ընկած Կյուրին (Գյուրուն) ավանում։ Րագուպյանները չափավոր ունեւոր էին եւ ուսյալ, ունեին դեղատուն ու պանդոկ։ Ամեն ինչ համեմատաբար խաղաղ էր մինչեւ 1914թ., երբ երիտթուրքերի` իշխանության գալուց հետո առաջին անգամ Սեբաստիայում հայ բնակչության նկատմամբ բռնաճնշումների սկիզբը։ Այդ տարիներին արտագաղթելու մասին շատերն էին մտածում, այդ թվում՝ Րագուպյանները, բայց վերջիններս ոչինչ չհասցրեցին անել։ 1914թ. վերջին Էդուարդի հորը՝ Արմենակին, զորակոչեցին եւ, շատ չանցած, ինչպես եւ բազում այլ հայ զինծառայողների, զինաթափեցին ու սեւագործ բանվորի կարգավիճակում փոխադրեցին աշխատանքային գումարտակներ։

Արմենակը ողջ մնալու շանս գրեթե չուներ, ինչպես եւ նրա կինը՝ Օվսաննան, ու հինգ երեխաները, որոնց հետեւից թուրքերը եկան հաջորդ տարվա մայիսին։ Օվսաննան որդիների եւ դստեր հետ հասցրեց հավաքել միայն ամենաանհրաժեշտը: Հետո բոլորին քշեցին հրապարակ, որտեղից էլ «մահվան քարավանը» պիտի ճանապարհ ընկներ Սիրիական անապատ։ «Սկզբում 10 հազար էինք, վերջում ողջ մնաց ընդամենը 300 հոգի»,– իր հուշերում հետագայում կգրի Էդուարդ Րագուպյանը։

Image: 
Text: 

                                                        Արմենակ Րագուպյանը

Մահվան կիրճը

Ութ տարեկան Էդուարդն ընտանիքի ամենափոքրն էր։ Եղբայրները՝ Արան, Արամը եւ Հայկազը, մահացան նրա աչքի առաջ՝ ճանապարհին, երկուսը՝ սովից, իսկ մյուսն ինքնասպան եղավ՝ կիրճը նետվելով։ «Ճանապարհին ամեն տեղ դիակներ էին՝ արեւից սմքած, փքված որովայններով դիակներ… »,– սա մի հատված է 50-ականների վերջին Էդուարդ Րագուպյանի հեղինակած «Եղեռնաքաղ որաներ» հուշագրությունից։

Ամբողջ ունեցվածքը թալանվեց, ուտելիքի մասին երազել անգամ հնարավոր չէր։ Հայերը ծարավը կարողացան հագեցնել միայն, երբ հասան Եփրատի ափին. խմում էին անմիջապես գետից, որի հոսանքը բազում դիակներ էր բերում։ Էդուարդի քրոջը՝ Ռոզային, մայրը հանձնեց անծանոթ մի քրդի, որը խոստացավ խնամել նրան։ «Որոշ հայերի հաջողվում էր երեխաներին ինչ-որ տեղ դասավորել։ Հայրս հիշում էր, որ քրդերն ու արաբները մոտենում էին քարավանին եւ ընտրում քիչ թե շատ ուժեղ ու առողջ երեխաներին, որոնք որպես ստրուկներ կարող էին իրենց օգտակար լինել տնտեսության մեջ։ Աղջիկներին տանում էին որպես կին կամ հարճ»,– պատմում է Սեմ Րագուպյանը։ Ինչ-որ մեկի ստրուկը դառնալը փրկության սակավաթիվ հնարավոր տարբերակներից լավագույնն էր։

Էդուարդի բախտը բերեց. նրան վերցրեց մի քոչվոր բեդվին՝ խոստանալով, որ եթե տղան բարեխղճորեն արածեցնի իր հոտերն ու ծառայի տան մեջ, նրան ամեն օր մեկ հաց ու հինգ խուրմա կտա ուտելու։ Նոր տերը Էդուարդից պահանջեց մոռանալ իր անունն ու ազգությունը. մանկահասակ երեխան դառնալու էր բարեպաշտ մուսուլման՝ Աբդալլա անունով, որն արաբերենից թարգմանաբար նշանակում է «աստծո ծառա»։

Image: 
Text: 

                                                              Էդուարդ Րագուպյանը

Թուրքերը հայեր գտնելու համար ժամանակ առ ժամանակ այցելում էին բեդվինների բնակավայրերը։ Այդ օրերին Էդուարդը թաքնվում էր լեռներում ու գիշերում քարանձավներում։ Մի անգամ, թաքնվելով թուրք հեծյալներից, տղան մի սոսկալի վայրագության ականատես եղավ. զինվորականները հարյուրավոր հայերի հրելով նետեցին կիրճը։ Մինչեւ երեկո եղբայրական գերեզմանից լսվում էին մեռնողների հառաչանքները։

Մի անգամ բեդվինը երեխային գործով ուղարկում է շուկա։ Այնտեղ Էդուարդը ծանոթանում է մի հայ վաճառականի հետ, որը հանձն է առնում օգնել նրան եւ տալիս է Հալեպից մի քանի անհրաժեշտ մարդու տվյալներ։ Վերջիններս Րագուպյանին կապում են «Արեւելքի քրիստոնեական շարժում» (Action Chrétienne en Orient) ֆրանսիական բարեգործական ընկերության հետ, որը հայ գաղթականներին օգնություն էր տրամադրում։ Միսիոներների շնորհիվ նա ապաստան է գտնում, ուսում ստանում եւ անցնում աշխատանքի։ Էդուարդի կազմակերպչական ունակությունները նկատելով՝ ֆրանսիացիները նրան են վստահում տնտեսության վարման գործը։ Շուտով նրա մեջ նաեւ գրական տաղանդ է արթնանում։ Րագուպյանը հրատարակում է բանաստեղծությունների մի քանի ժողովածու եւ վերը հիշատակված հուշագրությունը։ «Եղեռնաքաղ որաներ» գրքում նկարագրված կյանքի պատմությունը հետագայում օգտագործել են հոլիվուդյան «1915» ֆիլմի սցենարի հեղինակները։

Image: 
Text: 

                                       Էդուարդ Րագուպյանի հուշագրության կազմը

1929-ին կրկին Էդուարդ դարձած նախկին Աբդալլան, տեղացի քրդերին հարցուփորձ անելով, կարողանում է գտնել քրոջ հետքը։ Այդ ժամանակ Ռոզան վաղուց արդեն մուսուլմանական անուն էր կրում եւ ամուսնացած էր քրդի հետ։ Միջնորդների օգնությամբ Էդուարդը նրան նամակ է ուղարկում։ Ի պատասխան՝ Ռոզան հաղորդում է, որ եթե իր կյանքը նրա համար թանկ է, թող մոռանա իր մասին: Նա բացատրում է, որ եթե ամուսնու ազգականներն իմանան, որ ի հայտ է եկել ինչ-որ հայ եղբայր, որի հետ կապ է պահում, իրեն, անտարակույս, կսպանեն։

Հոր որոնումները եւս արդյունք չտվեցին։ Էդուարդը պարզեց միայն, որ զորակոչված Արմենակ Րագուպյանն աշխատել է քարածխի հանքերում եւ ճանապարհների շինարարության վրա, իսկ 1921թ. անհետ կորել է։ Ահա, թե ինչ է գրում Արմենակը քրոջն ուղղված իր վերջին նամակում. «Ստամբուլի որբանոցներում ես փնտրեցի իմ երեխաներին, բայց ոչ մեկի չգտա։ Այնտեղ Րագուպյան ազգանունով մի տղա կար, բայց թե ում երեխան էր՝ չգիտեմ։ Հրաշք է, որ ես դեռ ողջ եմ։ Բայց կյանքս ոչ մի ուրախություն չունի, որովհետեւ ես կորցրի հարազատներիս ու մերձավորներիս»։

Image: 
Text: 

                                                          Էդուարդ Րագուպյանը

Էդուարդ Րագուպյանն արդեն 50-ն անց էր, երբ որոշեց եւս մի անգամ ոտք դնել Սիրիական անապատ, որտեղ վերջին անգամ տեսել էր մորը։ Նա գտավ նաեւ բեդվինին, որի տանը ծառա էր եղել։ Ու թեպետ նախկին տերն իր նկատմամբ այնքան էլ բարեհաճ չէր եղել, Էդուարդը շնորհակալություն հայտնեց նրան իրեն պահելու համար։ Այդ ժամանակ էլ հենց Րագուպյանը գտավ այն կիրճը, որտեղ թուրք զինվորականները նետել էին հայերին: Այնտեղ գանգեր ու ոսկորներ էին պահպանվել։ Գտնված եղբայրական գերեզմանի մասին տեղեկություններն Էդուարդը հաղորդեց Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրող պատմաբաններին։

Image: 
Text: 

                                           Էդուարդ Րագուպյանն ընտանիքի հետ

Էդուարդի անձնական կյանքը հաջողությամբ դասավորվեց։ 1940թ. նա ծանոթացավ իր ապագա կնոջ՝ Հռիփսիմեի հետ, որը նույնպես գաղթական էր։ Նրանք ամուսնացան եւ բնակություն հաստատեցին Բեյրութում։ Երջանիկ զույգը երեք երեխա ունեցավ եւ նրանց լավ կրթության տվեց։

Ավարտելով Բեյրութի ամերիկյան համալսարանը՝ Սեմ Րագուպյանը դարձավ քիմիկոս՝ մասնագիտանալով լաբորատոր հետազոտությունների ոլորտում։ Շուտով նա սեփական լաբորատորիան ստեղծեց, ապա մասնավոր ախտորոշիչ կենտրոն բացեց: Հետո եւս մի քանի կլինիկա հիմնեց, եւ այժմ այն արդեն մի ամբողջ ցանց է։

Image: 
Text: 

                                                 Սեմ Րագուպյանն ընտանիքի հետ

Ընտանեկան բիզնեսի բժշկական հատվածը վարում է Էդուարդ Րագուպյան կրտսերը՝ հրաշքով փրկված սեբաստացի տղայի թոռը։ Ի պատիվ արեւելյան քրիստոնյաների հովանավոր համարվող առաքյալի՝ Րագուպյաններն իրենց ընկերությունն անվանել էն «Սուրբ Մարկոս»։ Հենց սուրբ Մարկոսին էր աղոթում Էդուարդ Րագուպյան ավագը Սիրիական անապատում։

Ներկայում Սեմ Րագուպյանը հաջողակ գործարար է եւ Լիբանանի հայ բողոքական համայնքի հայտնի գործիչներից մեկը։ Նրա բիզնեսը մարդկանց հնարավորություն է տալիս պահպանելու առողջությունը, իսկ նրա հասարակական գործունեությունը նպաստում է հայկական սփյուռքի ինքնության պահպանմանը։ 20 տարի առաջ Սեմ Րագուպյանի հիմնած «Դիտակ» հայալեզու պարբերականը սփյուռքի պատկերազարդ հրատարակություններից թերեւս ամենահինն է։

Image: 
Text: 

                                                      «Դիտակ» պարբերականը

«Հայրս պատմում էր, որ դժվարությունները հաղթահարել սովորել է մոր խրատների շնորհիվ։ Նրա պատգամը նաեւ ինձ է պարտավորեցնում»,– ասում է Սեմ Րագուպյանը։

Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից:

Subtitle: 
Լիբանանահայ քիմիկոս-գործարար-հրատարակիչը
Story number: 
202
Header image: