Խոսե Ակյան

Armenian
Intro: 
Լաս Կանիտաս նավահանգստային թաղամասի անկյունում արտասովոր ճարտարապետական ոճով ժամանակակից մի շենք կա, որի մուտքին «Ակյան գրաֆիկա տպագրատուն» ցուցանակն է: Դրա հիմնադիր Խոսե Ակյանը՝ սիրալիր հայացքով բարեհամբույր մարդը, առօրյա աշխատանքը ենթարկում է կյանքի սեփական սկզբունքներին. «Ամենասկզբից ես շեշտը դրել եմ կատարելության վրա: Միջինին հետեւելը նշանակում է դատարկ տեղ լինել, այդ իսկ պատճառով մենք արտադրում ենք բարձր որակի ապրանքներ՝ ինչպես այս երկրի, այնպես էլ արտասահմանի համար»:
Weight: 
-170
Related content: 
Story elements: 
Text: 
Լաս Կանիտաս նավահանգստային թաղամասի անկյունում արտասովոր ճարտարապետական ոճով ժամանակակից մի շենք կա, որի մուտքին «Ակյան գրաֆիկա տպագրատուն» ցուցանակն է: Դրա հիմնադիր Խոսե Ակյանը՝ սիրալիր հայացքով բարեհամբույր մարդը, առօրյա աշխատանքը ենթարկում է կյանքի սեփական սկզբունքներին. «Ամենասկզբից ես շեշտը դրել եմ կատարելության վրա: Միջինին հետեւելը նշանակում է դատարկ տեղ լինել, այդ իսկ պատճառով մենք արտադրում ենք բարձր որակի ապրանքներ՝ ինչպես այս երկրի, այնպես էլ արտասահմանի համար»:
Text: 

Լաս Կանիտասի գեղատեսիլ անկյուն տեղափոխվելուց առաջ տպագրատունը տեղակայված էր Բարակասի թաղամասում, եւ դրա հայտնվելուն նախորդում է ընտանիքի՝ գոյատեւման պայքարի երկար պատմությունը։ «Ակյան գրաֆիկա տպագրատունը» ամենախոշորներից մեկն է տարածաշրջանում։ 1950-ական թվականներին այն հիմնել է Խոսե Ակյանը Բուենոս Այրեսում, եւ դրա արտադրանքը տարբերվում է որակով եւ յուրօրինակ դիզայնով։ 82-ամյա Խոսե Ակյանը ամեն օր գալիս է գրասենյակ՝ ապահովելու ընկերության անդադար ձգտումը դեպի կատարելություն։ 
 

Մարաշից Բուենոս Այրես                                                         

Խոսեի մորական կողմի տատիկը Հերլակյանների տոհմից է՝ ավանդապաշտ եւ հարգված ընտանիք Մարաշում։ Նրա ընտանիքի անդամներն առեւտրականներ եւ խոշոր հողատերեր էին, աջակցում էին տեղի հաստատություններին, այդ թվում՝ տեղի գերմանական հիվանդանոցին։ Հայրենակիցների հետ նրանք 1857թ. օգնում էին Սուրբ Փրկիչ հայ կաթոլիկ եկեղեցու, Մարաշի թեմում կաթոլիկ պատրիարքության նստավայրի կառուցմանը։ Հակոբ Հերլակյանը՝ Խոսեի պապիկի եղբայրը, հայտնի մարդ էր: Նա ծառայում էր սուլթանի արքունիքում եւ իր աշխատանքի համար արժանացել էր կառավարական պարգեւների: Հռոմի Պապ Լեւոն XIII-ը նրան մեդալ է շնորհել՝ ի բարօրություն կաթոլիկ համայնքի ծավալած գործունեության համար: 

Image: 
Text: 

                                                       Հակոբ Հերլակյանը

1915թ. Օսմանյան Կայսրությունը ձերբակալեց ու սպանեց հայկական քաղաքների առաջնորդներին, նրանց ընտանիքները զրկվեցին տներից եւ բռնեցին գաղթի ճամփան՝ հայերին ոչնչացնելու պլանն ուժի մեջ էր մտել: Հերլակյանների ընտանիքն իր կապերի շնորհիվ կարողացել է փրկվել արյունալի սպանդից եւ թաքնվել Հալեպ քաղաքում:

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո ֆրանսիական բանակն այս տարածաշրջանը վերցնում է իր վերահսկողության տակ, եւ արյունահեղությունը դադարում է: Դրանից հետո շատերը, որ ստիպված են եղել լքել հարազատ տները, կարողացան վերադառնալ եւ նոր կյանք սկսել: Սակայն դադարը երկարատեւ չէր: Հայերի դաժան կոտորածները վերսկսվեցին, երբ իշխանության եկավ Քեմալ Աթաթուրքը: «Ընտանիքիս անդամները պատրաստվում էին հետեւել ֆրանսիական զորքին, բայց չեն կարողացել անել դա եւ մնացել են Մարաշում: Բազմաթիվ այլ հայերի հետ թաքնվել են եկեղեցում, որտեղ բացարձակապես սնունդ չկար: Շատերը հենց այնտեղ էլ մահացել են», - հիշում է Ակյանը: Հակոբ Հերլակյանը ձերբակալվել եւ դաժանորեն սպանվել է: «Թուրքերը գլխատել են նրան եւ մարմինը քարշ տվել քաղաքով մեկ», - պատմում է Ակյանը:  

Փրկվելու համար Հերլակյանների ընտանիքն ստիպված էր փախչել եւ կրկին թողնել հարազատ տունը՝ այս անգամ ընդմիշտ: Սկզբում տեղափոխվում են Լիբանան, այնուհետեւ՝ ֆրանսիական Մարսել, իսկ 1923թ.-ին Հերլակյանները նավով ուղեւորվում են Բուենոս Այրես:
 

Ամեն ինչ սկսվեց գունավոր մատիտների վաճառքից

Արգենտինան ներգաղթյալներին գրկաբաց է ընդունել: Մեծ թվով մարդիկ գալիս էին Եվրոպայի տարբեր մասերից, եւ նրանց շարքերում էին հայ գաղթականները: «Մորական կողմի պապս՝ Խոսեն, Կոնստիտուսիոն փողոցի վրա հանրակացարան էր գնել եւ սենյակները վարձակալության էր հանձնում, - պատմում է Ակյանը,- հիշում եմ, որ տանը մի քանի մանղալ կար, որոնց վրա քյաբաբ էր պատրաստվում: Պապս հաճախ պատմում էր դժվարությունների մասին, որ ստիպված է եղել հաղթահարել:»

1930թ. Խոսեի մայրը՝ Անա Սեմիլյանն ամուսնանում է Ֆրանցիսկոս Ակյանի հետ, ով Անկարայից սերող հայ ընտանիքի անդամ էր: Ֆրանցիսկոս Ակյանն աշխատում էր Օնսեում գտնվող ընկերություններից մեկում, որը զբաղվում էր տեքստիլի արտադրությամբ: Դժբախտաբար, Անան երիտասարդ հասակում է մահացել՝ 30 տարեկանում, չորրորդ աղջկա ծննդաբերությունից հետո:

Խոսե Ակյանը մեծացել է մորաքրոջ հոգածության տակ, ու սկսել աշխատել ՝ վաճառելով ստամբուլցի հայրենակցի ներմուծած գրենական պիտույքները: «Հիանում էի այն ժամանակ Արգենտինայում գոյություն չունեցող գունավոր մատիտներով եւ թղթով: Սակայն ինչ-որ պահի այդ մարդը դադարեց ինձ վճարել հասանելիք տոկոսները: Նա շատ ժլատ էր», - հիշում է Խոսեն: Հետագայում նա աշխատանքի է տեղավորվում տպագրական արտադրամասում, սակայն գործունյա երիտասարդը չէր կարող սահմանափակվել միայն կատարողի դերով: Նա մեծ երազանքներ ու պլաններ ուներ:

Մի օր Խոսե Ակյանը տեղական թերթում տեսնում է Բարակասի թաղամասում տպագրական արհեստանոցի վաճառքի մասին հայտարարություն։ «Դրա մասին պատմեցի պապիկիս, եւ նա ասեց, որ կարող ենք առանց խնդիրների գրավադնել հանրակացարանը», - հիշում է Խոսեն։ Այդ ժամանակ Ակյանը 23 տարեկան էր. նա նախաձեռնեց եւ կառուցեց իր հաջող ապագան։

«Մի ասացվածք կա առատաձեռնությունը ծաղկում է, իսկ ագահությունը՝ թառամում։ Պապս միշտ իմ օգտին, իմ «ծաղկելու» օգտին էր ընտրություն կատարում։ Եվ ես երբեք չեմ մոռացել նրա ընտրության մասին։ Նրա շնորհիվ կա այն ամենը, ինչ ես ունեմ, եւ մեր ընտանիքը կարող է նորմալ ապրել», - երախտագիտությամբ ասում է Խոսեն։

Տարիների ընթացքում արտադրությունը կարգավորվեց․ներդրվեցին նոր տեխնոլոգիաներ, ընկերությունը մեծացավ, հեղինակություն ձեռք բերեց եւ դարձավ որակի չափանիշ շուկայում։ Ընկերությունն այսօր էլ տարբերվում է տեխնոլոգիական նորարամուծություններով եւ նորարարական դիզայնով։ «Ամեն ինչի հիմքը բարձր որակն է։ Հիմնականում դա արտացոլում է իմ էությունը․ամեն ինչում սիրում եմ կարգ ու կանոն, մաքրություն եւ կատարելություն», - պնդում է Խոսե Ակյանը։ 

Image: 
Text: 

                                           Խոսե Ակյանն Ալեք Մանուկյանի հետ 

Ակյանը մեծ ջանքեր է գործադրել, որպեսզի Պալերմո նավահանգստային թաղամասի Չարկաս փողոցի վրա Հայկական կաթոլիկ եկեղեցի կառուցի՝ այդպիսով շարունակելով Մարաշում սկիզբ առած ընտանեկան ավանդույթը։ Հրատարակել է Պասկուալ Թեքեյանի կազմած առաջին հայ-իսպաներեն բառարանը, ինչպես նաեւ՝ Հայոց ցեղասպանության մասին դոկտոր Պասկուալ Օհանյանի բազմահատոր աշխատությունն ու հայոց աշխարհի մասին բազմաթիվ այլ գրքեր։ 

Այժմ նա մասնակցում է Հայաստանում ջերմոցների կառուցման նախագծի մշակմանը, այն թույլ կտա մարդկանց գյուղատնտեսությամբ զբաղվել նաեւ ձմռանը։ Խոսե Ակյանը շարունակում է ակտիվ մասնակցություն ունենալ հայ համայնքների կյանքում եւ աջակցել դրանց նախաձեռնություններին։ «Միշտ գործով ենք զբաղված, եւ ես ուժերիս չափով իմ ներդրումն եմ ունենում»,- ասում է նա։

Արգենտինայում հայտնի հրատարակիչն օրական մի բաժակ կոնյակ է խմում, սիրում է համեղ ուտել եւ խոստովանում է․ «Ես ուտեստների լավ գիտակ եմ»։ Հեռավոր Արգենտինայում նա պահպանում է հայկական ավանդույթները եւ հայկական խոհանոցի ուտեստներ է պատրաստում, որոնց թվում են նրա սիրած կաղամբով դոլման ու չի քյուֆթան։ «Շատ կարոտում եմ ամեն հայկականը եւ գիտակցում եմ դա։ Իմ կինը՝ Վիկին, հայ չէ, բայց Հայաստանի մասին բոլորիցս շատ գիտի», - խոստովանում է Խոսե Ակյանը։ 

Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից:

Subtitle: 
Արգենտինայում հայտնի հայ հրատարակիչը
Story number: 
197
Header image: