Հայերը յուրահատուկ կապեր ունեն Եթովպիայի հետ։ Չնայած իրարից հազարավոր կիլոմետրերով հեռու լինելուն ու սեմական լեզվին (հայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքին պատկանող լեզու է)՝ հայերենն ու եթովպական ամհարա լեզուն իրար շատ նման այբուբեններ ունեն։ Երկու երկրների հարաբերությունները երկհազարամյա հնություն ունեն։ Բացի դրանից, հայերը մեծ դեր են կատարել նաեւ Եթովպիայի արդի պատմության մեջ։ Երկրի հայկական գաղութից է Եթովպիայի ազգային օրհներգի հեղինակը՝ Գեւորգ Նալբանդյանը. հիմնի պատվերը ստացել է անձամբ կայսր Հայլե Սելասիեից։ Վերջինս էր, որ Երուսաղեմ կատարած իր այցի ընթացքում Հայոց ցեղասպանության հետեւանքով որբացած եւ Երուսաղեմի հայոց Սուրբ Հակոբյանց տաճարում ապաստանած 40 հայ որբի հրավիրել է իր հետ Ադիս Աբեբա եւ նրանցից կազմել Եթովպիայի կայսերական փողային նվագախումբը։ Այս երեխաները հայտնի են իբրեւ «Արբա Լըջոչ» («Քառասուն մանուկ»)։ Հայ համայնքն իր գործուն մասնակցությունն է ունեցել Եթովպիայի ճարտարապետության, բժշկության եւ անգամ Էթիո-ջազի զարգացման ոլորտներում։ Ահա, թե որտեղ է հայկական ներգաղթյալների երաժշտական տաղանդը մեծ ազդեցություն թողել։
7 վայր, որտեղ «հայություն» գտնելը կզարմացնի
Սուդանում կամ Հնդկաստանում առօրյա զբոսանքի ընթացքում ամենաքիչը կսպասեիք տեսնել հայկական գողտրիկ մի եկեղեցի, բայց իրականում դրա հավանականությունը չափազանց մեծ է։ Ահա, թե ինչու։
Եթովպիա
Հնդկաստան
Հայերն ու հնդիկները մի կարեւոր ընդհանուր բան ունեն՝ հնագույն մշակույթ։ Ուստի բոլորովին էլ զարմանալի չէ, որ հայերն ու հնդիկները վերջին մի քանի հազար տարվա ընթացքում միմյանց հետ որոշակի շփում ունեցած լինեն։ Այս կապերը, սակայն, զուտ պատահական չեն եղել։ Մեծ մոնղոլների կայսր Աքբարն անձամբ է 16-րդ դարում հրավիրել հայերին բնակություն հաստատելու Ագրա քաղաքում։ Հայերը մեծ ու ծաղկուն համայնք են ունեցել Կալկաթայում, որտեղ մինչ օրս էլ կանգուն են հայկական եկեղեցին ու վարժարանը։ 1772թ. նշանավոր վաճառական, Չեննայի (Մադրաս) հայ համայնքի ականավոր ներկայացուցիչ Շահամիր Շահամիրյանը հրապարակել է հայկական պետականության ապագայի մասին իր տեսլականը, որը հաճախ ընկալվում է որպես Հայոց առաջին սահմանադրություն։ Չնայած մայր հայրենիքից իր հեռավորությանը՝ Հնդկաստանում էր, որ Մադրասի հայ համայնքի մեկ այլ ներկայացուցիչ Հարություն Շմավոնյանը 1794թ. տպագրեց հայկական առաջին պարբերականը՝ «Ազդարարը»։ Հայերն իրենց մեծ ավանդն ունեն նաեւ առեւտրի, ճարտարապետության եւ բժշկության ասպարեզներում՝ դարերով շարունակվող գործունեություն իրենց բոլոր նոր հայրենիքներում։
Սինգապուր
Սինգապուրն աշխարհում այսօր մնացած ընդամենը երեք քաղաք-պետություններից մեկն է։ Եվ այստեղ ոչ միայն եղել է եւ կա փոքրաթիվ հայ համայնք, այլեւ հայերն էին, որ կառուցել են երկրի առաջին քրիստոնեական եկեղեցին։ Բացի դրանից, հայերը հիմնել են նաեւ Սինգապուրի դասական Ռեֆլզ հյուրանոցը (Raffles Hotel)։ Հայուհի Աշխեն Հովակիմյանն է (Ագնես Հուակիմ անվամբ) «Միսս Հուակիմ» տեսակի խոլորձը (օրխիդեան), որը ներկայումս Սինգապուրի պետական խորհրդանիշն է։
Վենետիկ
Ադրիատիկ ծովի թագուհին աշխարհի բազում վաճառականների կայանատեղին էր եւ համաշխարհային առեւտրի կենտրոնը։ Սակայն այստեղ ապրող հայերը վաճառականների սերունդները չեն, այլ վանականների։ Հայ Կաթողիկե Եկեղեցու Մխիթարյան միաբանությունը 1717թ. նվեր ստացավ Վենետիկի Սուրբ Ղազար կղզին, որտեղ վանք հիմնեց, ստեղծեց գրադարան, մատենադարան եւ տպագրատուն։ Բայց սա պատմության մի մասն է միայն։ Մխիթարյանների կողմից կղզու վրա գիտամշակութային կենտրոն հիմնելուց դեռ 200 տարի առաջ Հակոբ Մեղապարտ անունով մի մարդ Վենետիկում արդեն հրատարակել էր հայկական առաջին տպագիր գիրքը՝ «Ուրբաթագիրքը»։ Այնպես որ, կարելի է ասել՝ հայերն այստեղ են շատ երկար ժամանակ։ Ներկայումս Մխիթարյանները շարունակում են բնակվել կղզում (լինելով դրա միակ բնակիչները) եւ դեռ ընդունում են ուսանողների եւ զբոսաշրջիկների, ու հատկապես նրանց, ովքեր ցանկանում են համտեսել տեղի վարդի մուրաբան, որը նրանք պատրաստում են կղզում աճող ծաղիկներից։
Ճապոնիա, Սուդան եւ Մեքսիկա
Ճապոնիայում, Սուդանում եւ Մեքսիկայում «հայկականն» իրականում այդքան էլ շատ չէ։ Բայց կա ու փառավոր է. ճապոնահայ մի փոփ-աստղ, Խարթումում մի եկեղեցի եւ այլն։ Իսկ Միացյալ Նահանգներում Մեքսիկայի դեսպանը հայազգի Արտուրո Սարուխանն է՝ Թվիթերում գրանցված առաջին դիվանագետն աշխարհում։