«Պետք է դուրս գալ հայկական գետտոյից»
Հայ միջնադարյան պատմության մասնագետ, պատմաբան Կլոդ Մութաֆյանի անունն անբաժանելի է Կիլիկիայի Հայոց թագավորության ժամանակաշրջանից։ Սեպտեմբերին Մութաֆյանը մասնակցելու է «Անիվ» հայագիտական հետազոտությունների աջակցության եւ զարգացման հիմնադրամի նախաձեռնած «Հայկական սփյուռքը եւ հայ-ռուսական հարաբերությունները. անցյալ եւ ներկա» խորագրով միջազգային գիտաժողովին, որը տեղի կունենա Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանում` «Անիվ» հայագիտական հետազոտությունների աջակցության եւ զարգացման հիմնադրամի հետ համատեղ։ Կլոդ Մութաֆյանի հետ մենք զրուցեցինք Սանկտ-Պետերբուրգի Էրմիտաժ թանգարանի հայկական ժառանգության եւ այնտեղ ցուցադրվող գանձերի մասին։
Ի՞նչն է Էրմիտաժի հայկական հավաքածուի յուրահատկությունը։ Ո՞րտեղից է հավաքվել դրա մեծ մասը։
Դրանք միանգամայն տարբեր ծագում ունեն։ Օրինակ՝ թանգարանի հավաքածուն ներկայացնում է «Ջենովայի ավետարանը», որն արտագրվել ու ծաղկվել է 1330-ական թվականներին։ Ժամանակին այն Էրմիտաժին նվիրել է Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը։ Արժե հիշատակել նաեւ Ղրիմի հայկական վանքերից մեկի դուռը, որի արձանագրությունները վերաբերում են XIV դարին։
Բացի այդ, հայկական հավաքածուում կան նաեւ կնիքներ, որոնցից երկուսը բացառիկ են բոլոր իմաստներով. մեկը պատկանել է Ռուբինյանների Թորոս Բ իշխանին (XII դ.), իսկ մյուսի վրա հունարենով գրված է Մարիա Պալեոլոգենա կայսրուհու անունը, որը Բյուզանդիայի գահաժառանգ Միքայել IX Պալեոլոգոսի կինն էր եւ Կիլիկիայի Հեթում Բ արքայի քույրը՝ ծնված Ռիտա անունով։ Այդ կնիքները ես 1993 թվականին տարել էի Սորբոն, իսկ «Ջենովական ավետարանը»՝ 1999 թվականին՝ Վատիկան։
Սակայն Էրմիտաժի հայկական հավաքածուի ամենակարեւոր նմուշը Սկեւռայի արծաթյա մասնատուփն է, որում պահվում են սրբազան մասունքներ։ Այն ստեղծվել է 1292 թվականին՝ միեւնույն տարում, երբ մամլուքների ճնշման տակ ընկավ Կիլիկիայի կաթողիկոսության աթոռանիտը՝ Հռոմկլա բերդամրոցը։ Սկեւռան Կիլիկիայի Հայոց թագավորության կարեւորագույն վանքերից էր։ Մասնատուփի վերնամասում կարդացվում է երկար արձանագրություն՝ յուրօրինակ մի բանաստեղծություն, որը ողբում է Հռոմկլայի անկումը։ Այս ապշեցուցիչ առարկան գտնվել է XIX դարում Իտալիայում եւ վաճառվել մի ռուս կոմսի։ Վերջինիս մահից հետո Էրմիտաժը գնել է նրա ամբողջ հավաքածուն, այդ թվում՝ մասնատուփը։ Երկար ժամանակ նմուշներից շատերը պահվում էին թանգարանի պահոցներում, եւ դրանց մեծամասնությունը դուրս չէր բերվում ցուցադրության։ Բարեբախտաբար, մոտ տասը տարի է արդեն, ինչ Էրմիտաժում բացվել է առանձին դահլիճ, որում հավաքված են հայ արվեստի ու մշակույթի բազմաթիվ նմուշներ։
Ի՞նչպես էր զարգանում հայագիտությունը ցարական, իսկ ապա՝ խորհրդային Ռուսաստանում։ Ինչպիսի՞ն էր դրա կայացման ընթացքը։
Պետք է ընդունել, որ ԽՍՀՄ օրոք հայագիտությունը բավականին ակտիվ էր զարգանում։ Կարող եմ նշել մեծ գիտնականների, եւ առաջին հերթին՝ Էրմիտաժի ներկայիս տնօրեն Միխայիլ Պիոտրովսկուն ու նրա հորը՝ Բորիսին, որի ղեկավարությամբ Հայաստանում հնագիտական պեղումներ էին կատարվում։
Հայոց պատմության նկատմամբ հետաքրքրությունը ծնունդ առավ XIX դարասկզբին, երբ Ռուսաստանը նվաճեց Հարավային Կովկասը։ Ռուսներն առերեսվեցին հայկական ճարտարապետությանը եւ բազում հուշարձանների ավերակներին։ Հայագիտությամբ առաջին հետաքրքրվողներից է Նիկողայոս Մառը՝ Անիի պեղումներում։ Ռուսներից բացի, մեծ գործ են կատարել նաեւ ռուսաստանաբնակ հայերը։ Ամենահայտնիներից էր պետերբուրգցի գիտնական Կարեն Յուզբաշյանը, ով մեծածավալ գործ է արել՝ հայ պատմիչների երկերը ռուսերեն թարգմանելով։ Որպես Հայաստանի նկատմամբ հետաքրքրության մեկ այլ ապացույց կարելի է բերել Լազարյան ճեմարանի գործունեությունը, որում ակտիվորեն դասավանդվում էր հայոց լեզուն։ Ճեմարանը հետագայում դարձավ Մոսկվայում Հայաստանի դեսպանի նստավայրը։
Եկատերինա Բ-ի իշխանության օրոք հայերին ռազմական նկատառումներով հաճախ էին տեղափոխում կայսրության հեռավոր գավառներ։ Այդ գաղափարի հեղինակը ռուսահայոց թեմի առաջնորդ Հովսեփ արքեպիսկոպոս Արղությանն էրրն ով արքունիքին խորհուրդ տվեց ղրիմահայերին տեղափոխել կայսրության սահմաններին մոտ։ Այդպես հիմնադրվեց երկու նոր քաղաք՝ Նոր Նախիջեւանը Ռուսաստանում եւ Գրիգորիուպոլիսը Բեսարաբիայում (ներկայիս Մոլդովա)։ Այս իրադարձություններն իրենց արձագանքն են ստացել Հաղպատի մասնատուփի վրա, որն այժմ պահվում է Հայաստանի պատմության թանգարանում (Երեւան)։
Մեկուկես տարվա ընթացքում անհատական ու անանուն վկայությունների հավաքման շնորհիվ մենք աշխարհի համար բացահայտեցինք հայոց պատմության մի ամբողջ շերտ։ Իբրեւ պատմաբան՝ ի՞նչ կարծիք ունեք 100 LIVES նախաձեռնության եւ «Ավրորա» մրցանակի մասին։
Ձեր գործը շատ կարեւոր է։ Ես միշտ սկզբունքորեն աջակցել եմ այն գաղափարին, որ մեզ անհրաժեշտ է դուրս գալ սեփական գետտոյից եւ դիմել ոչ հայերին, ինչն ինքս շարունակ փորձում եմ անել։ Եւ դա ինձ բոլորովին չի խանգարում պատշաճ ժամանակ հատկացնել երիտասարդ սերնդին։ Ես հաճախ եմ դասախոսում հայկական դպրոցներում։ Երեխաներին պետք է պատմություն պատմել, եւ այսօր իմ այդ խնդիրը հեշտացել է նոր տեխնոլոգիաների շնորհիվ, որոնք թույլ են տալիս ասելիքն ուղեկցել պատկերներով։ Նման պարապմունքների ժամանակ ես ամեն անգամ, ըստ կարեւորության, փորձում եմ այնպես անել, որ աշակերտներն իրադարձություններին նայեն նաեւ ոչ հայի աչքերով, անգամ եթե դա առաջին հայացքից անիմաստ թվա մեզ՝ հայերիս, որ այդքան էլ լավ չգիտենք սեփական պատմությունը։
Ի դեպ՝ եւս մի հետաքրքիր նկատառում. ընդհուպ մինչեւ XX դարի վերջը Փարիզի Արեւելյան լեզուների ինստիտուտի (Langues’O) հայագիտության բաժնի շրջանավարտները գրեթե առանց բացառության այլազգիներ էին (Ժորժ Դյումեզիլ, Անտուան Մեյե, Ժան-Պյեռ Մահե, Ֆրեդերիկ Ֆեյդիտ եւ ուրիշներ), ինչը հրաշալի էր։ XIX դարի խոշորագույն հայագետներից մեկը՝ ֆրանսիացի Մարի-Ֆելիսիտե Բրոսեն, ժամանակի այլ առաջատար մասնագետների՝ Շառլ Վիկտոր Լանգլուայի եւ Ժակ Դյուլորյեի հետ միասին աշխատում էր Սանկտ-Պետերբուրգում։
Զրուցեց՝ Տիգրան Եգավյանը