ԳԱԳԻԿ ՌՈՒՇԱՆՅԱՆ
Ինձ համար խոստովանանքն ու աղոթքն այն նկարներն են, որ ստեղծում եմ: Իմ հավատքն ու Աստծո իմացության ճանապարհը գեղանկարչությունն է: Մի փիլիսոփա այդպես էլ ասել է. հայտնի չէ, թե ինչն է առաջնային եղել՝ հավատքը, թե արվեստը: Հստակ հիշում եմ այն օրը, երբ որոշեցի նկարիչ դառնալ: Ութերորդ դասարանում էի: Մեզ տարել էին Մատենադարան՝ հին ձեռագրերի պահպանման կենտրոն: Ես տեսա հայկական մանրանկարներն ու գոռացի. «Ուզում եմ նկարել»: Զգացի սերունդների էներգիան: Կարծես թե այդ մանրանկարներում Աստվածն էր ներկա:
Ես ավարտել եմ Մոսկվայի պոլիգրաֆիայի ինստիտուտը: Հիանալի է այն դպրոցը, որտեղ կան տաղանդավոր մանկավարժներ: Իմ ուսուցիչ Անդրեյ Վասնեցովը (Վիկտոր Վասնեցովի թոռը) հանճար է: Նա կարողանում էր մտքերով ու ժեստերով գիտելիք փոխանցել: Նրա հետ շփումը խորհրդավոր էր:
Մի անգամ ես հանդես եմ եկել բնորդի դերում մի քանդակագործի համար: Նա ինձ փողոցում հանդիպեց եւ հրավիրեց իր մոտ: Կարծում էի, որ քանդակագործն իմ կիսանդրին է քանդակելու: Բայց արդյունքում ես բարձրացա պատվանդանի վրա եւ կանգնեցի այնտեղ... մեկ ու կես տարի: Առանց հագուստի: Դա մարտահրավեր էր: Ես նյարդայնանում էի, բայց չէի կարող անքաղաքավարի վարվել մի մարդու հետ, ով ինձանից երեք անգամ մեծ է: Բնորդելու այդ փորձը փոխեց իմ աշխարհընկալումը: Առանց հագուստի կանգնել եմ ինձ քննարկող տարբեր տարիքի կանանց առջեւ, սակայն մերկությունս ինձ չի բացահայտել: Ինձ հաջողվել է պահպանել գաղտնիքը: Նրանք հետաքրքրված էին, քանի որ դադարել էին ինձ մերկ տեսնել: Եվ ես արդեն չէի ամաչում նրանցից: Մերկ բնորդելիս ես հոգեպես ինձ անկանշկանդ էի զգում: Այդ կանանցից շատերը անձնական հանդիպումներ էին փնտրում ինձ հետ: Բայց ես մերժում էի:
Կար ժամանակ, երբ ես ինձ համարում էի մոլի խաղացող: Շնորհակալ եմ ինձ բաժին հասած փորձությանը, այն ինձ թույլ տվեց սեփական անձի հանդեպ վստահություն ձեռք բերել: Խաղատունը մարդուն շրջում է, ցույց է տալիս նրա իրական ցավոտ տեղերը: Այնտեղ հասկացա, որ կարող եմ ժլատ լինել: Ազատվեցի այդ զգացողությունից, հենց որ ճանաչեցի այն: Խաղատանը շահած գումարները քամուն էի տալիս, բաժանում անցորդներին: Խաղատունը սատանայի տարածքն է: Աստվածային աշխարհում քեզ չի հաջողվի բարի նպատակներով օգտագործել այն գումարները, որ վաստակել ես մոլեխաղերով: Խաղատնից անհրաժեշտ է դատարկ գրպանով դուրս գալ: Այնուամենայնիվ, մոլեխաղերով տարվածությանս ժամանակաշրջանը չափազանց պտղաբեր էր ստեղծագործման առումով: Շատ էի նկարում: Այնքան էներգիա կար մեջս: Եղավ մի դեպք, երբ ես նկարեցի 2X2 չափի կտավն ընդամենը երեք ժամում:
Միայն ուժեղ մարդը կարող է փող ունենալ եւ ճիշտ տնօրինել այն: Նման մարդկանց ես ֆինանսական ռեմբրանդներ ու բախեր եմ անվանում: Մի մարդ, որին փողն է կառավարում, վտանգավոր է: Նկարիչը չպետք է շատ փող ունենա: Փողերի կառավարումը շեղում է ստեղծագործելուց: Փողն անհրաժեշտ է նկարչին, որպեսզի ստեղծագործի, գոյատեւի: Պետությունն ապագա ունի, եթե այնտեղ ապրող նկարիչը բարենպաստ պայմաններում է: Ստեղծողը պետության առաջին դեմքն է:
Ես սիրուն չեմ հավատում: Շեքսպիրը Ռոմեոյին եւ Ջուլիետին ներկայացրել է որպես դեռահասներ, որովհետեւ ցանկանում էր, որ սիրո հիմար ելքի համար ներենք նրանց: Կարծում եմ, որ մարդն ավելի բարձր կոչում ունի: Ինձ ոգեշնչում են խաչքարերը՝ ինչպես է մարդը մարմնավորել իր հոգեւոր փորձը քարի մեջ: Այդ էներգիան կարող եմ փոխանցել կողքիս գտնվող կնոջը: Բայց սերն ինձ համար ինքնանպատակ չէ:
Ցեղասպանությունն անդրադարձել է նաեւ իմ ընտանիքի վրա: Պապս՝ Դավիթը, երբ 15 տարեկան էր, իր կրտսեր քրոջ հետ Կարսից փախչել է Արեւելյան (ռուսական) Հայաստան: Այն ժամանակ մարդիկ վախենում էին հայերեն խոսել եւ փոխում էին իրենց ազգանունները: Նա վաղ է մահացել՝ 51 տարեկանում, եւ պարզ է, թե ինչու. ցեղասպանությունը շրջել է նրա աշխարհը, նա զրկվել է հարազատ տնից: Եվ նրա սիրտը այդպես էլ չի կարողացել վերապրել այդ կորուստը:
Եթե ես շարունակեի ապրել Հայաստանում, ապա մինչեւ 30 տարեկան էլ կենդանի չէի մնա: Այնտեղի այրող արեւի տակ մարդ չափազանց զգացմունքային է լինում: Հայ մարդիկ չեն կարողանում սուբլիմացիայի ենթարկել իրենց զգացմունքները: Նրանք նետում են դրանք իրար վրա: Իսկ Ռուսաստանը մի երկիր է, որտեղ զգացմունքներն ու սառը դատողությունը համատեղվող հասկացություններ են:
Գյումրին յուրահատուկ քաղաք է, այն թատրոնի է նման: Հիշում եմ, որ մարդիկ այնտեղ քայլում էին ինչպես բեմում՝ դիմակներով: Տնից դուրս գալիս նրանք հերթական դերի մեջ էին մտնում: Երբ տեղի ունեցավ երկրաշարժը, մարդիկ երեք օրով հանեցին դիմակները:
Գյումրիի երկրաշարժի օրը Մոսկվայում էի: Առաջին իսկ տեղեկատվության հայտնվելուն պես ամեն ինչ թողեցի ու մեկնեցի օդանավակայան: Մեկ օր ինքնաթիռ չկար: Նստած «Վնուկովոյում» գուշակում էի, թե ինչ է տեղի ունեցել հարազատներիս հետ: Երբ ժամանեցի Գյումրի, չճանաչեցի հարազատ վայրերը: Քաղաքն ավերված էր՝ ինչպես ատոմային ռմբակոծությունից հետո: Տուն հասա գիշերով, բոլորը նստած էին սեղանի շուրջ՝ ոչ ոք քնած չէր: Մայրս, որ երկրաշարժի պահին թոռների հետ նստած էր տան բակում, պատմում էր, որ գետինը ծովի ալիքների էր վերածվել: Նրա թոռը կես մետր հեռավորության վրա է եղել, սակայն չէր կարողանում գրկել նրան:
Բոլորը լքում էին մեռած քաղաքը: Մեր տունը մասնակիորեն քանդված էր: Կառավարությունը մեզ նոր կացարան առաջարկեց Երեւանում, բայց մայրս հրաժարվեց տեղափոխվել այնտեղ: Անգամ սարսափելի դժբախտության պահին նա ասում էր. «Սա իմ խաչն է, ես կմնամ այստեղ»: Նման արտակարգ պահերին ի հայտ է գալիս մարդու իրական էությունը:
Ամենացավալին այն պահն է, երբ դու չես կարողանում գոռալ եւ լացել: Քայլում ես քաղաքով, իսկ քո բնույթը փոխվում է: Վերադարձա Մոսկվա, սկզբում վախենում էի մարդկանցից եւ բարձր շենքերից:
15 տարի Հայաստանում չեմ եղել: Կվերադառնայի այնտեղ, բայց բնապատկերի եւ ոչ թե մարդկանց հետ շփվելու նպատակով: Ասում են, որ գրեթե յուրաքանչյուր հայկական ռեստորանում այսօր թուրքական երաժշտություն է հնչում: Ես չեմ կարողանա դա տանել: Դեռ դպրոցական տարիքում ես մարտնչում էի երգերի «ռաբիս» կատարման դեմ:
Հայ լինելն ինձ համար մեծ պատիվ է: Ես հպարտանում եմ հայերի թողած մշակութային ժառանգությամբ: Ամենուր ինձ զգում եմ ինչպես տանը: Հայերը կարող են ապրել ցանկացած պայմաններում, աշխարհի ցանկացած անկյունում: Մենք ագրեսիվ չենք այլ մարդկանց նկատմամբ:
Գագիկ Ռուշանյան. նկարիչ, դիմանկարիչ:19 տարեկանում Հայաստանից մեկնել է Մոսկվա, եղել է Անդրեյ Վասնեցովի աշակերտն ու տեղափոխվել Գերմանիա: Մոսկվա է վերադարձել արդեն որպես եվրոպական հայտնի դիմանկարիչ: