Սարուխանով. «Ես իմ ազգի դեսպանն եմ»
Ես թբիլիսցի հայ եմ, իսկ հայ լինելն իրողություն է: Դու այդպիսին ծնվել ես, այդպիսին կաս եւ այդպիսինն էլ կհեռանաս: Ես խորհրդային անձնագրի սյունակի մասին չեմ խոսում: Բնականաբար, յուրաքանչյուր բնակության վայր իր հետքն է թողնում, բայց բուն էությունը չի փոխվում: Ծագմանդ հարցն առավել խորն ուսումնասիրելով`սկսում ես քեզ զգալ ամբողջի մի մաս, փոքրիկ մասունք: Բոլոր հայերը ճանաչելի են ամենուր, թբիլիսցիները` նույնպես:
Թբիլիսին իմ հարազատ քաղաքն է, այդուհանդերձ, չեմ մոռանում, որ ես հայ եմ:
Իմ պապն ու մեծ պապը ծնվել եւ մեծացել են Թբիլիսիում, տատս ծնունդով Կախեթիայից է: Պատմականորեն այնպես է ստացվել, որ 20-րդ դարի սկզբին`դեռ Հայոց ցեղասպանությունից առաջ, Թբիլիսիում մեծ թվով հայեր էին ապրում: Թբիլիսին առեւտրական, մշակութային եւ քաղաքական կենտրոն էր: Այնտեղ՝ ինչպես մի մեծ ձուլարանում, շատ-շատ բան էր եփվում: Հայերը` առեւտրական, գործարար մարդիկ, ձգտում էին դեպի քաղաքային բնակավայրերը: Նրանց համար Թբիլիսին դարձել էր հարմար վայր, որտեղ կարելի էր ապրել, առեւտրով եւ արհեստներով զբաղվել:
Ցեղասպանությունն իմ ընտանիքի վրա ազդել է ոչ անմիջականորեն, բայց զգալիորեն, եթե կարելի է այդպես արտահայտվել: Իմ նախնիներին Թբիլիսիում մեծ տուն էր պատկանում, ընտանիքն աղքատ չէր: 1915 թվականին Մուշ քաղաքից գաղթած չորս ընտանիք բնակություն հաստատեց մեր տանը: Նրանցից երկուսի հետնորդները մինչ օրս այնտեղ են ապրում։ Հիշում եմ նրանց արդեն հասուն երեխաների պատմություններն այն մասին, թե ինչ կարգի սարսափ էր դա: Ինչպես էին փախչում՝ թողնելով ամեն ինչ. տներ, տնտեսութուն, խաղաղ կյանք... պապս նրանց ապաստարան տվեց։
Ի դեպ, հետո, երբ տեղի ունեցավ գույքի ազգայնացումը եւ տունը դարձավ պետության սեփականությունը, այդ փախստականներն եկան իմ պապի մոտ եւ ասացին. «Այդ ինչպե՞ս ստացվեց, որ այստեղ ապրում էինք տարիներով, եւ հիմա մեզնից այստեղ ապրելու համար գումար են պահանջում»: Չէ՞ որ, երբ տունը պապիս էր պատկանում, նրանք այնտեղ ապրում էին առանց վճարի:
Հայաստանը եւ Վրաստանը մոտ են ոչ միայն տարածքային առումով, այլեւ ոգով, հավատքով, ուստի մշակույթների փոխադարձ ներթափանցումն անխուսափելի է:
Գլխավոր ավանդույթները լեզուն եՎ եկեղեցին են:
Հայերենի իմացությունս այդքան էլ չի գոհացնում: Հայրս դեռ հայկական դպրոց է ավարտել, իսկ ես սովորել եմ ռուսական դպրոցում։ Բայց միաժամանակ մկրտվել եմ Սուրբ Գեւորգի հայոց լուսավորչական եկեղեցիում:
Հայերի եւ վրացիների միջեւ հարաբերությունները տարբեր են: Բախտս բերել է՝ իմ շրջապատում նրանք միայն ընկերական եւ մտերիմ են եղել, ճիշտն ասած, ուրիշ կարգի հարաբերությունների ծանոթ չեմ եղել: Միակ պահը, երբ ստիպված էի ընտրություն կատարել, Թբիլիսիի «Դինամո»-ի եւ Երեւանի «Արարատ»-ի միջեւ ֆուտբոլային հանդիպումներն էին, որոնք տարին երկու անգամ էին անցկացվում: Թիմերի դիմակայութունը բավականին սուր էր:
Հայրս միշտ երկրպագում էր Երեւանի թիմին` դա եւս ազգի պատկանելության զգացողություն է, ես եւս «Արարատ»-ին էի երկրպագում: Բայց այն դեպքերում, երբ Թբիլիսիի «Դինամո»-ն խաղում էր մեկ այլ թիմի հետ, ես երկրպագում էի վրացիներին: Տարվա մեջ երկու խաղ ինձ ստիպում էր ընտրություն կատարել։ Մնացած ժամանակ ես երկրպագում էի երկու թիմի։
Ես բավականին ուժեղ եմ զգում իմ պատկանելությունը հայ ժողովրդին եւ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Այնտեղ ապրել է հորեղբայրս, եղբայրս, իսկ ներկայումս ապրում են եղբորս երեխաները, ում հետ ես շփվում եմ։ Ես ինձ հայ եմ համարում՝ ծնունդով Վրաստանից, որն այս պահին բնակվում է Մոսկվայում: Այս ամենը միասին ստեղծում է բավականին յուրօրինակ խառնուրդ:
Մեր բոլոր բարի գործերը միեՎնույնն է ծառայում են ընդհանուր նպատակի:
Մոսկվայում ամեն ինչ մի տեսակ ավելի պարզ է: Ժողովուրդների զանգվածային կուտակումների ֆոնին առաջին պլան են մղվում ոչ թե ազգային հատկանիշները, այլ՝ ուրիշ որակները. մասնագիտական եւ ստեղծագործական: Իմ ընկերների մեծամասնությունը Թբիլիսիից տեղափոխվել է Մոսկվա, եւ մենք առաջվա պես շարունակում ենք սերտորեն շփվել, բայց մեզ դժվար է սփյուռքի մաս անվանել: Իմ կարծիքով` սփյուռքի բացասական կողմը մարդկանց պատմական հայրենիքից, սեփական արմատներից կտրված լինելն է: Բայց ինչ-որ տեղ կան եւ դրական կողմեր. յուրաքանչյուր հայ իր ազգի դեսպանն է աշխարհով մեկ: Ձեռք բերելով բնակության վայրերին բնորոշ հատկանիշներ` նրանք ոչ միայն չեն կորցնում սեփական ազգային հատկանիշները, այլեւ հարստացնում են այն շրջանները, որտեղ հայտնվում են: Տոների թիվն էլ է մեծանում. տոնում են սեփականները` հայկականները, եւ տեղականները:
Իմ երկու դուստրերը երեւի թե իրենց մոսկվացի են համարում, բայց հիշում են, որ հայուհիներ են: Ես մի բավականին պարզ թեստ ունեմ: Եթե ակամայից ուշադրությունդ դարձնում ես դեպի որեւէ հայկական մի բանի կամ պարզապես քեզ որսում ես այն մտքի վրա, որ ուշադիր ես նայում դրան, որ հայացքդ սովորականից փոքր-ինչ ավելի երկար չես կարողանում թեքել դրանից, վերջ`դա իսկ նշանակում է, որ դու հայ ես:
Ես հաճախ հպարտության զգացում եմ ապրում հայ լինելու համար: Բարեբախտաբար, դրա համար մենք բազմաթիվ արժանի առիթներ ունենք: Հայերն այն մարդիկ չեն, որ կարող են աննկատ մնալ, թեկուզեւ դա անհամեստ է հնչում:
Լավ փնտրելու դեպքում ցանկացած բնագավառում անպայման կգտնվի հայկական արմատներով մարդ:
Գուցե հենց դա է մեզ թույլ տվել պահպանվել եւ գոյատեւել մեր ժողովրդի պատմության արյունալի տարիներին:
Ցեղասպանության ողբերգությունը ոչ մեկի չի շրջանցել: Այդ ողբերգության մասին պետք է իմանալ եւ մշտապես հիշել` դա յուրաքանչյուր հայի պարտքն է: Բայց մեր Երկիրը բնակվելու համար փոքր տեղ է: Եւ ոչ ոք այլ մոլորակ չի տեղափոխվի` ոչ մենք, ոչ թուրքերը: Համենայնդեպս, մոտակա հարյուր տարվա ընթացքում: Հետեւաբար, պետք է ինչ-որ կերպ սովորել կողք կողքի ապրել` չնայած նրան, որ պատմության մեջ տեղի են ունեցել այդպիսի ողբերգություններ:
Պետք է քաջություն ունենալ` ինքդ քեզ բացատրելու, թե ինչպես դա կարող էր տեղի ունենալ: Սա վերաբերում է ոչ միայն հայերին եւ թուրքերին: Ինձ թվում է, որ երբեմն բոլորին չի հերիքում հենց ցանկությունը` հասկանալու տեղի ունեցածը, որպեսզի տեսնեն, թե որ ուղղությամբ շարժվեն հետագայում: Իսկ մարդ լինելդ դադարեցնելու ամենապարզ միջոցը Բեռլինի նոր պատեր կառուցելն է:
Հայաստանն արտացոլված է իմ բազմաթիվ նկարների վրա: Հնադարյան եւ միջնադարյան ճարտարապետությունը, իդեալական ձեւերը` ցնցող բնության եւ հայկական խառնվածքի զուգակցությամբ, ներկա են գրեթե բոլոր իմ գործերում: Պարտադիր չէ ինչ-որ կոնկրետ բան, ուղղակի զգացողություններ, որ ցանկանում եմ փոխանցել դիտողին:
Մոտավորապես երկրորդ դասարանում էի, երբ որոշեցի, որ նկարիչ կդառնամ. նկարչության ուսուցիչ Յակով Հովհաննեսի Կոժյանցը տեսնելով իմ մանկական նկարները՝ ասաց. «Քեզ հետ ամեն ինչ պարզ է, դու նկարիչ ես լինելու»: Երեւի թե այդ դրվագն էլ ինչ-որ տեղ որոշեց իմ ձգտումները, երբ որոշեցի այդ ճանապարհով գնալ:
Ես սովորում եւ աշխատում էի Թբիլիսիում: Մինչեւ պրոֆեսիոնալ նկարիչ դառնալը շինարար եւ ճարտապետ էի: Հիմնականում զբաղվում էի այնպիսի գործերով, որոնք գեղարվեստի հետ են կապված` հարթաքանդակներով, զարդատախտակներով, ապակենախշերով: Այս ամենն, այնուամենայնիվ, թույլ էր տալիս հոգուս խորքում ինձ ազատ ստեղծագործող համարել: Այնուհետեւ սկսեցի նկարել երիտասարդական թերթի համար:
Երբ սկսվեցին փոփոխությունները, լրագրողներից շատերը հետզհետե տեղափոխվեցին Թբիլիսիից Մոսկվա` աշխատելու: Նրանց մի մասը` իմ ընկերները, տեղափոխվեցին «Կոմսոմոլսկայա պրավդա», այնուհետեւ` «Նովայա գազետա». Հենց նրանք էլ ինձ հրավիրեցին խմբագրություն: Ճիշտն ասած` չէի կարծում, որ դա այդքան երկար ժամանակ կշարունակվի: Բայց գրեթե քսան տարին աննկատ անցավ: Հուսով եմ, որ վատ չի ստացվում: Անցյալ տարի Ռուսաստանի լրագրողների միությունն ինձ շնորհել է «Ոսկե փետուր» եւ ձեւակերպել իմ գործունեությունը «Նովայա գազետա»-ում որպես նկարահրապարակախոսություն (изопублицистика): Թերեւս սա ամենաճշգրիտ սահմանումն է:
Իմ գեղանկարչական ստեղծագործություններն ու նկարները թերթում լրացնում են միմյանց:
Քեզ ավելի ամբողջական ես զգում, երբ կարող ես ստեղծագործել արտահայտման տարբեր ձեւերում: Ես հաճույքով կզբաղվեի նաեւ քանդակագործությամբ: Բայց դա շատ ավելի շատ ուժ ու ժամանակ է պահանջում, որն ինձ մոտ սուղ է:
Թերթում պատրաստի տեքստերի համար բավականին կարճ ժամանակահատվածում պետք է հասցնեմ իլյուստրացիա նկարել: Ի՞նչ՝ չգիտեմ: Ժամանակը հաստատ չի հերիքի, որ մտածես, թե ինչ է պետք անել եւ ոնց: Հոգեվիճակն անբացատրելի է եւ հուզիչ: Գուցե ոգեշնչումը հենց դա է: Ամենակարեւորն այդ գործընթացին չխանգարելն է, եւ այն անպայման կբերի ինչ-որ բանի: Իսկ ստացվածը գնահատելն արդեն իմ գործը չէ:
Պյոտր Սարուխանով. նկարիչ-հրապարակախոս, թբիլիսցի հայ, որն ապրում եւ աշխատում է Մոսկվայում: