Սեզեդե Թերզյան

Armenian

Սեզեդե Թերզյանը ծնվել է 1981թ. Գերմանիայի Նորդենհամ փոքր ափամերձ քաղաքում: Թատերական արվեստին հմտացել է Բեռլինի Էրնստ Բուշ դերասանական արվեստի քոլեջում: Նա գերմանական «Բեռլին» եւ «Մաքսիմ Գորկի» թատրոնների հիմնական դերասանական կազմում է ընգրկված: 2005թ. Բեռլինի «Այգենրայխ» փոքր թատրոնի համահիմնադիրն է: 2010թ. գլխավոր դերակատարումներով հանդես է եկել Նուրկան Էրպուլատի «Lö Bal Almanya» եւ «Verrücktes Blut» (Խենթ արյուն) պիեսներում: 2011թ. Theater heute (Թատրոնն այսօր) ամսագրի կողմից առաջադրվեց՝ որպես տարվա դերասանուհի: 

Սեզեդե Թերզյանը գլխավոր դերակատարումներով նաեւ հանդես է եկել ֆիլմերում, որոնք արտադրվել են թե՛ փոքր էկրանի համար, օրինակ՝ քննադատաբար ընդունված «Tatort» (Ոճրագործության վայրը) գերմանական ոստիկանական սերիալի մի քանի դրվագում, որի համար նա արժանացավ Amnesty International-ի կողմից սահմանված մրցանակի, եւ թե՛ մեծ էկրանի համար` «Almanya, Einmal Hans mit scharfer Soße» (Տվեք ինձ սոուսով Հանս) ֆիլմը եւ Ֆաթիհ Աքինի ամենավերջին աշխատանքը՝ «Սպին»: 

Սեզեդեն 2013-2014թթ. թատերաշրջանի ընթացքում «Մաքսիմ Գորկի» թատերական ընկերության անդամ է հանդիսացել: Նրա վերջին աշխատանքներից են «Der Kirschgarten» (Բալի այգին), «Der Untergang der Nibelungen» (Նիբելունգների անկումը), «Kinder der Sonne» (Արեւի զավակներ), «Կոմիտասը» եւ «Zement» (Ցեմենտ):  

100 LIVES. Սեզեդե, այսօր դուք հաջողակ դերասանուհի եք: Ինչպե՞ս եք բացահայտել Ձեր սերը դերասանության հանդեպ: 

Ես միշտ ինքնարտահայտման բուռն ցանկություն եմ ունեցել, մի բան, որ ընտանիքիցս խլել էին: Դեռ երեխա ժամանակ սկսեցի երաժշտություն գրել, երգչախմբում երգել ու կլարնետ նվագել: Պատանեկության տարիներին սկսեցի նաեւ դերասանությամբ զբաղվել, ինչն ինձ մշտապես գերագույն հաճույք էր պատճառում: 16 տարեկանում պրակտիկա եմ անցել մի փոքր քաղաքի թատրոնում, որտեղ դպրոց եմ հաճախել: Ինձ համար այն միակ տեղն էր, բացի տնից, որտեղ ես կարող էի լինել այնպիսին, ինչպիսին կամ: Որեւէ մեկին հետաքրքիր չէր, թե ես որտեղից եմ եկել, ինչ դավանանք ունեմ, ինչ լեզվով եմ խոսում, ինչու ունեի այն տեսքը, որն ունեի: Ես իմ իրական էությունն արտահայտելու հնարավորություն ունեի: 

100 LIVES. Ինքնության հարցերին երբեւէ բախվե՞լ եք:

Երբ մենք մեր փոքր ծովափնյա քաղաքից տեղափոխվեցինք դեպի ծով ելք չունեցող Բադեն-Վյուրտեմբերգ, դեռ նոր էի ընդունվել տարրական դպրոց: Իմ նոր դպրոցում ինձ ներառեցին մի դասարանում, որտեղ աշակերտներ կային 36 տարբեր երկրներից: Հենց այդ ժամանակահատվածում էր, որ ինքնության եւ որպես հետեւանք՝ բացառման հարցն առաջին անգամ անցավ մտքովս:  

100 LIVES. Արդյո՞ք Ձեզ համար դժվար էր այդ տեղափոխությունը:

Այո՛, դժվար էր: Իմ նոր քաղաքում ինձ անվանում էին «fischkopf»՝ ձկան գլուխ: Ես միակ երեխան էի, ով հյուսիսին բնորոշ ստանդարտ գերմաներեն էր խոսում: Սկզբում բառ անգամ չէի հասկանում տեղական շվաբիական բարբառից: Դրան գումարվում էր այն, որ ես շրջապատված էի օտարերկրյա աշակերտների շատ տարբեր խմբերով: Դրանք կազմված էին պորտուգալացիներից, իտալացիներից, թուրքերից ու հույներից, ու ես նրանց մեջ կորած-մոլորված ու միայնակ մեկն էի՝ հայ-անատոլիական արմատներով փոքր մի աղջնակ, ով ստանդարտ գերմաներեն էր խոսում տարածաշրջանում գերիշխող բարբառի փոխարեն: Փոքր մի աղջնակ, ով այս խմբերից որեւէ մեկի հետ ընդհանրություն չուներ:  

100 LIVES. Արդեն փոքր չէիք, երբ իմացաք Ձեր ընտանիքի պատմությունը:  

Ծնողներս ինձ բավականաչափ տեղեկացրել են, երբ 16 ու 17 տարեկան էի: Երբ հորս հարցրեցի, թե ինչու ինձ որեւէ բան չի պատմել ավելի վաղ տարիքում, նա պատասխանեց. «Եթե ավելի շուտ քեզ պատմեի, չէիր կարողանա մի լավ մշակել այդ ամբողջ տեղեկատվությունը: Որեւէ պատճառ չկա ատելություն ունենալու այն մարդկանց նկատմամբ, ովքեր վերջում կարող է պարզվել, որ անմեղ են: Նրանք հավանաբար մի աղքատ սոված մարդու են վճարել, որ կրակի տա այն կինոթատրոնը, որն այն ժամանակ մեր տնօրինության տակ էր Թուրքիայում: Ես չեմ կարող նրան մեղադրել»: 

100 LIVES. Ի՞նչ ազդեցություն է ունեցել Ձեր նախնիների պատմությունը Ձեզ վրա: 

Այո~, ունեցել է: Հայրս արվեստի սիրահար է: Ես հավանաբար կինոյի, գրականության, արվեստի ու մշակույթի նկատմամբ հետաքրքրությունս իրենից ու պապիկիցս՝ Արամից եմ ժառանգել: Հենց դա էր ուզում հայրս, երբ մեզ Գերմանիա տեղափոխեց: Նա ուզում էր, որ մենք մեր սեփական ինքնությունը ձեւավորենք, պայմանականություններից  զերծ ինքնություն: Ամենավաղ տարիքից հայրս ինձ սովորեցրել է կասկածի տակ առնել ամեն բան, երբեք չբավարարվել իրերի միայն արտաքին տեսքով: Ես անչափ շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ նա արեց: Կան մարդիկ, ովքեր պնդում են, թե ինքնությունս սերում է իմ լեզվից կամ կրոնից, ու ես երկուսն էլ ժխտում եմ: Երբեմն ցանկանում եմ, որ հենց դա լիներ պատճառը, քանի որ դա շատ կհեշտացներ ամեն ինչ, սակայն միայն մակերեսային մակարդակի վրա: Ես գիտեմ, որ այդ ամենը կարելի է խլել, գիտեմ, որ վաղն իմ լեզուն կարող են ինձնից խլել: Այնուամենայնիվ՝ «ես կամ»:

100 LIVES. Դուք բավականին երկար ճամփորդություն կատարեցիք դեպի Անատոլիա ու մի քանի հարցազրույցներ արեցիք: Ի՞նչ փորձառություն էր դա

Շատ բարդ հարց է պատասխանելու համար: Շատերը Թուրքիայում ոչինչ չգիտեն հայերի ցեղասպանության մասին, որովհետեւ թուրքերը հաջողությամբ նոր պատմություն գրեցին: Երբ նրանց ասում եմ, որ Անատոլիայից մի հայ կին եմ, տարակուսում են: Վերջին 100 տարվա ընթացքում գերիշխել է տգիտությունը: Տգիտություն, որը նաեւ իմ սեփական ծագումն է խավարի մեջ մխրճել: Երբ սկսում եմ իմ մասին խոսել, շատերին սա հուշում է իրենց իսկ ուղղված հարցադրում անել. «Մի վայրկյան, բա ե՞ս, բա ի՞մ արմատները, ինչո՞ւ ես իմ սեփական ծագման մասին տեղյակ չեմ: Երբ մտածում եմ տոհմածառի մասին, լավագույն դեպքում կարող եմ նշել պապիկներիս ու տատիկներիս»: Անցյալի մասին նրանց հուշերն սկսում են Թուրքիայի Հանրապետության հիմնադրման օրվանից: 

Ես ուղեւորվեցի Անատոլիա արմատներիս մասին ավելի շատ բան պարզելու նպատակով: Առաջին մարդիկ, ում դիմեցի, իմ ընտանիքի անդամներն էին, ովքեր առ այսօր բնակվում են Ստամբուլում՝ մայրական պապս նրանց թվում: Սկզբում մտահոգվում էի, որ կարող եմ մի հին վերք բացել ու անհարգալից թվալ, սակայն պապիկիս քույրերը եւ պապս ուրախ էին, որ ինչ-որ մեկը, վերջիվերջո, եկել ու հարցեր է տալիս: 

100 LIVES. Դուք ինքներդ Ձեզ նկարագրում եք, որպես հյուսիս-գերմանական աղջիկ՝ անատոլիական հոգով: Ի՞նչ նկատի ունեք «անատոլիական հոգի» ասելով: 

Անհուն տխրություն եւ արդարության անհագուրդ ծարավ: Ես մեջս կրում եմ թափառականության այն դրոշմը, որով իմ ընտանիքը տառապել է ամբողջ մի դարի ընթացքում: Ես մեծացել եմ, լսելով. «Իմ սիրելի զավակ, միշտ համոզված եղիր, որ քո ունեցվածքը մեկ ճամպրուկի մեջ կտեղավորվի, քանի որ անցումային ալիքը կարող է ստիպել քեզ հավաքել բոլոր իրերն ու ցանկացած պահի այս երկիրն էլ լքել»: Ես ինչ-որ համակարգում եմ ապրում, ես նաեւ այդ համակարգի մի մաս եմ, սակայն ես, առհասարակ,  չեմ հավատում որեւէ համակարգի:  

100 LIVES. Արդյո՞ք Հայաստան երկրի գոյությունը Ձեզ համար կարեւոր է: 

Սա շատ հետաքրքիր հարց է: Կարծում եմ՝ շատ կարեւոր է, որ Հայաստան երկիրը գոյություն ունենա, որովհետեւ այն կարող է միացնող հանգույց ու տուն ծառայել մի այնպիսի համայնքի համար, ինչպիսին հայ համայնքն է, որը ցրված է աշխարով մեկ: Ինձ համար Հայաստանը նման է Նոյյան տապանի: Ես հավատում եմ, որ եթե գոյություն չունենային ո՛չ Հայաստան երկիրը որպես այդպիսին եւ ո՛չ էլ հայ եկեղեցին, հայկական ինքնությունը չէր դիմակայի: Այն խարիսխի նման է: Ու չնայած իմ նշած այս ամենի, ես հաճախ երազում եմ առանց սահմանների, առանց դրոշների, առանց ազգերի աշխարհի մասին: Բազմազան մի աշխարհի, որն ի սկզբանե բնորոշ է բոլորիս: Այլեւս առանց որեւէ պատկանելության տարբերանշանների: Մի՞թե լիովին անմիտ չէ աշխարհը սահմաններով բաժանել: Ի՜նչ անհեթեթ աշխարհ ենք մենք ստեղծել մեզ համար:

100 LIVES. Դուք դեռ չեք եղել Հայաստանում: Ինչպիսի՞ն է այդ երկիրը՝ Ձեր պատկերացմամբ: 

Պատրաստվում էի մեկնել Հայաստան մոտ չորս տարի առաջ, սակայն ստիպված էի հետաձգել ճամփորդությունս: Հայրս էր հիվանդացել: Հայաստանը մի քիչ ուտոպիայի է նման ինձ համար, միեւնույն ժամանակ այն մի երեւույթ է, որն իր մեջ կենտրոնացնում է վախերս: Ժամանակին անգամ մտածում էի. «Սեզեդե, դու հայերեն չես խոսում. ինչպե՞ս են այնտեղի մարդիկ քեզ ընդունելու: Նրանք, հավանաբար, կասեն՝ դու թուրք ես, ոչ թե՝ հայ»:

100 LIVES. Վախենում էիք, որ տապանի վրա Ձեզ համար տեղ չի՞ գտնվի:  

Այո, երբեք չգիտես՝ ինչ կարելի է ակնկալել, ես վախենում ձախողումից: Այդ ամենով եմ մեծացել: Ոմանք ինձ «գյավուր» էին կոչում, ինչը թուրքական ստորացուցիչ պիտակ է անաստվածների համար: Գերմանացիների մեջ դու օտար ես, հայերի մեջ էլ մեկը, ով բոլորովին այլ կերպ է անցել սոցիալականացման փուլերը: Անցյալ տարի ամռանը ես ճամփորդեցի դեպի թուրք-հայկական սահմանը՝ Անիում մեր «Կոմիտաս» նախագծի համար, եւ բնությունն զգում էի որպես երաժշտություն ականջներիս մեջ: Թվում էր, թե կարող եմ քամու մեջ դուդուկը լսել: Երբեք չեմ մոռանա այդ պահը, այդ անդադար խաղաղության պահը. Հայաստանի մասին առաջին տպավորությունս, եթե ուզում եք:   

100 LIVES. Թատրոնի մասին խոսելիս փայլում եք՝ դա՞ է Ձեր իրականացած երազանքը: 

Այո, այդպես է: Խորապես շնորհակալ եմ, որ հայրս մեզ՝ իր երեխաներին, հնարավորություն ընձեռեց կանխակալ մտքերից ազատ մեծանալ: Նա մեզ երջանկության բանալին տվեց, որը ես, վերջիվերջո, գտա: Վերջերս ավելի ու ավելի շատ մարդկանց եմ հանդիպում, ովքեր ճիշտ ինձ պես են մտածում եւ ովքեր կիսում են նվիրումս նույն գաղափարներին: Նրանք իրենց արվեստով այնպիսի պատմություններ են պատմում, որոնք երբեւէ չէին պատմվել, քանի որ դրա տեղն ու ժամանակը չէր: Հիմա տեղը բացվել է, մի քիչ էլ արդարություն է կա, ահա այդպես եմ զգում: 

Այլեւս միակը չլինելու զգացողությունն ինձ լացելու աստիճան հուզում է: Նախկինում երբեք այս տեսակ տխրությունը որեւէ մեկի հետ կիսելու հնարավորություն չունեի: Ես իմ ընտանիքից զատ մի համայնք էլ գտա, որտեղ մենք միմյանց ուժ ենք հաղորդում: Ես շատ եմ ուզում, որ բավարարվածության այս զգացողությունը դեռ երկար ժամանակ ուղեկցի ինձ եւ այլոց:   

Հարցազրուցավար՝ Իրենա Լեմփ

Սեզեդե Թերզյանի ընտանիքի պատմությունը՝ այստեղ:

Weight: 
-63
Image: 
Display type: 
Small
Subtitle: 
Անատոլիական հոգով դերասանուհին